Անցած դարաշրջանի երանելի իրերը. Կոմունիզմի հիթերը՝ 1970-ականներ. TOP 10

Անցած դարաշրջանի երանելի իրերը. Կոմունիզմի հիթերը՝ 1970-ականներ. TOP 10

«Կոմունիզմի կառուցման յուրաքանչյուր տասնամյակ» ուներ իր «հիթերը» ՝ նյութական արժեքներ, որոնք չկային, բայց որոնց ձգտում էին բոլորը:

1. Ջինս

Ջինս, ջինս, ջինս: Ջինսե շալվար, ջինսե պայուսակ, ջինսե զգեստ, ջինսե բաճկոն: Երկիրը ջինսի բում էր ապրում: «Իսկական» ամերիկյան ջինս կարելի էր գնել «ձեռքից» կամ «սպեկուլյանտներից»՝ խորհրդային ինժեների միջին աշխատավարձից բարձր գնով: Դասատուները հոգնում էին բղավելով, որ ջինսը կապիտալի աշխարհում բանվորական սպեցովկա է, բայց Levi’s ջինսը 70-ականների երիտասարդների միասնական երազանքն էր:

12

2. Գունավոր հեռուստացույց

Նորահայտ Темп-ը և ФОТОН-ն իսկական աչքի լույս էին: Մեծ, ծանր, կոպիտ այս սարքերը ծառերը ցույց էին տալիս կանաչ, երկինքը՝ կապույտ, կյանքը՝ վարդագույն: Պետք էր ընդամենը երբեմն բռունցքով հարվածել հեռուստացույցի գլխին, բայց շատ որոշակի կետի:

3. «Կլյոշ» և «հոլիդեյ» շալվարներ

Բերվում էին արտասահմանից, գնվում «ախպարի տնից» կամ կարվում թանկ ձևվածքներով: Փողփողվող «կլյոշ» կամ «հոլիդեյ» շալվարով աղջիկը փողոցով աննկատ չէր անցնի, կանայք աչքերով ուտում էին հագուստը, տղամարդիկ՝ աղջկան:

22

4. «Պլատֆորմ» կոշիկներ

Ի՞նչ հոլիդեյ՝ առանց պլատֆորմի: Հաստաբարձրակրունկ այդ կոշիկները կրում էին թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ: Այս մոդան հատկապես տարածվեց «Բրեմենյան երաժիշտները» մուլտի շնորհիվ: «Ռաբիզին նվիրված» և «գողական գնացող» երիտասարդները միահամուռ ջանքերով ծեծում էին «հիպիակաև գնացող»՝ պլատֆորմ կոշիկ հագած տղաներին:

1

5. «Ռոջերս», «Լյուդովիկ» կահույք (փափուկ կահույք և պահարաններ)

Շարքային սովետական քաղաքացու անիրական երազանք: Ճոխ և հարմարավետ, թանկ և «պրեստիժային» այս կահույքը ձեռք բերելը բացառիկ հնարավորությունների և ծանոթությունների հարց էր: Կար միայն ռայկոմի քարտուղարների, մինիստրների տներում: Ցեխավիկներն ու տաքսիստները բավարարվում էին հնդկական «Գանգայով»:

6. «Դուբլյոնկա» (դաբաղած կաշվից բաճկոն)

Տասնամյակի ձմեռային շիկը: Էլիտար համարվելու ամենաշոշափելի ապացույցը: Ապահով կյանքի ցուցանիշ: Վաճառվում էր «չեկի» խանութներում, առևտրային բազաներում, ուր ամեն մեկին ներս չէին թողնում՝ միայն «արժանի» ծանոթներին:

7. «Ժիգուլի» և «ԳԱԶ 24» ավտոմեքենա

33

Վաճառվում էին հիմնարկային հերթագրությամբ, շահում էին վիճակախաղով: Շուկայում վաճառելիս ձևակերպում էին կոմիսիոն գներով՝ պետականին մոտ, սակայն իրական գինը շատ ավելի բարձր էր՝ 6.000-9.000 ռուբլի («Ժիգուլի») և 7.000-12.000 ռուբլի («Վոլ գա»):

8. Բյուրեղապակե

Չեխական բյուրեղապակու շողուն փայլը զարդարում էր այս տասնամյակը: Իրեն հարգող ամեն հայ պետք է ունենար մի քանի բյուրեղապակե ծաղկաման և սկուտեղ՝ հպարտ դասավորված բաց պահարանում: Հատուկ հմտացած առևտրականներն իրականացնում էին «խռուստալակրաց արշավանքներ» Չեխոսլովակիա:

2

9. Ֆրանսիական կոսմետիկա/օծանելիք

Այս անհրաժեշտ դեֆիցիտային ապրանքը ժամանակ առ ժամանակ անսպասելի հայտնվում էր խանութներում: Վայրկենապես գոյացող հերթն ակնթարթորեն «սրբում էր» եղած-չեղած շրթներկը, կրեմները, օծանելիքը: Քիչ անց սկսվում էր «տակից» վաճառքի գաղտնի և միաժամանակ հանրաճանաչ պրոցեսը: Lancome և Louis Philippe սրբազան անվանումներն ընդմիշտ դաշված են 70-ականներում ապրած հայ կնոջ սրտում:

10. Ֆիրմային ծխախոտ

More, Kent, PallMall, Chesterfield, Camel… Կապիտալիստական ծուխն սկսեց լցնել ստախանովականների թոքերը: Այս ֆիրմային ծխախոտը վաճառվում էր «մասնագիտացած» հատուկենտ կետերում, որոնցից ամենահայտնին Փուրթուլի կրպակն էր՝ Սայաթ-Նովա փողոցում:

Շարունակելի…

newmag #14

Գրել կարծիք