Անցած դարաշրջանի երանելի իրերը. Կոմունիզմի հիթերը՝ 1980-ականներ. TOP 10

Անցած դարաշրջանի երանելի իրերը. Կոմունիզմի հիթերը՝ 1980-ականներ. TOP 10

«Կոմունիզմի կառուցման յուրաքանչյուր տասնամյակ» ուներ իր «հիթերը» ՝ նյութական արժեքներ, որոնք չկային, բայց որոնց ձգտում էին բոլորը:

1. Վիդեոմագնիտոֆոն

Առաջինը ծանր և քառակուսի հայրենական «էլեկտրոնիկան» էր: Ֆիլմերով և համերգներով կասետները քիչ էին. մի կասետը պտտվում էր ամբողջ քաղաքով: Հիմնականում դիտում էին Բրյուս Լիի ֆիլմերը: Վիդեո ունեցողների տանը կազմակերպվում էին իսկական կինոերեկոներ՝ հարևանների, բարեկամների, ընկերների մասնակցությամբ:

electronica_23 (1)

2. «Վարյոնկա» ջինս

«Պերեստրոյկայի» տարիների մոդայի գլխավոր ատրիբուտը «վարյոնկա» ջինսերն էին՝ մաշվածության էֆեկտով, սպիտակեցրած ջինսե կտորից: Հաճախ հասարակ ջինսերը թելերով կապկպած եփվում էին ժավելի մեջ, մաշացվում քարերով, որպեսզի դրանք ստանան «վարյոնկայի» տեսք:

 

3. Стенка կահույք

Տիպական բնակարանի մի պատ զբաղեցնող պահարանների կոմպլեկտ: Ներմուծվում էր Մերձբալթիկայից կամ Ռուսաստանից: Շատերը հատուկ մեկնում էին՝ կահույք գնելու: Ուղարկվում էր բեռնատար մեքենաներով կամ օդանավով, հասնում էր կիսաջարդված վիճակում:

4. Փլեյեր (պորտատիվ մագնիտոֆոն)

Իսկական հրաշքը «բաբինային» մագնիտոֆոններ տեսած սերնդի համար: Աշխատում էր մարտկոցներով, որոնք խնայելու համար կասետի ժապավենը ետ կամ առաջ էին տալիս մատիտով:

1424766439

5. «Բուրդա» և «Վերենա» ամսագրեր

Պատրաստի միանման հագուստի ճգնաժամի պայմաններում փրկում էր կարուձևը: «Բուրդայի» ձևվածքով կարված կամ «Վերենայի» մոդելով գործված հագուստը հավասարազոր էր ֆիրմային ապրանքին: Ձևվածքները հարյուր անգամ արտանկարվում էին: Բնօրինակին տիրանալու միակ տարբերակը կիոսկի վաճառողին առատորեն կաշառելն էր:

091983

6. «Չուկ ի Գեկ» սահնակ

Այս կառավարվող սահնակը ձմեռային սեզոնի արքան էր: Հասարակ մահկանացուները Ծաղկաձորի բարձունքներից սահում էին կարտոնի վրա նստած, մինչդեռ սակավաթիվ հաջողակները հպարտորեն «վարում» էին երկտեղանի «Չուկ ի Գեկը»:

7. «Բանան» տաբատ

Այս ուղիղ տաբատները հասնում էին ոտքի կոճին, այնտեղ հավաքվում մանժետով ու ստանում էին բանանի տեսք:

8. Դեֆիցիտային գրքեր

Գրախանութներում գոյություն չունեցող Մորիս Դրյուոնի, Դյումայի վեպերը, հանրագիտարաններն ու դեֆիցիտային գրականությունը կարելի էր ձեռք բերել՝ տասնյակ կիլոներ մակուլատուրա հանձնելով (1 գրքի համար՝ 5 կգ թուղթ):

 

9. Զուգարանի թուղթ

Այս խիստ անհրաժեշտ կենցաղային հաճույքն էլ էր մեծ դեֆիցիտ, փոխարինվում էր հիմնականում հին թերթերով, Բրեժնևի հատորներով, հիմնարկների հաշվապահական բլանկներով:

10. Բուրումնավետ գրիչներ/ռետիններ

Արտասահմանյան կապերի առկայության ցուցանիշ: Կապիտալիստական դրախտից ուղարկվող վառ գույների գրենական պիտույքները տարածում էին սինթետիկ հոտ՝ ելակի բուրմունք:

Շարունակելի…

newmag #14

Գրել կարծիք