Անցած դարաշրջանի երանելի իրերը. Կոմունիզմի հիթերը՝ 1950-ականներ և 1960-ականներ. TOP 10-ը

Անցած դարաշրջանի երանելի իրերը. Կոմունիզմի հիթերը՝ 1950-ականներ և 1960-ականներ. TOP 10-ը

«Կոմունիզմի կառուցման յուրաքանչյուր տասնամյակ» ուներ իր «հիթերը» ՝ նյութական արժեքներ, որոնք չկային, բայց որոնց ձգտում էին բոլորը:

1950-60-ականներ

1. Սարի ծամոն/խունկի ծամոն

Արժեքը՝ 5-10 կոպեկ: Վաճառում էին բոշաները՝ ջրով լցրած բանկայում: Դառնահամ, մանրմունր քարերով, ծամվում էր դժվարությամբ և երկար, մինչև փափկելը: Փափկելուց հետո փոխանցվում էր ձեռքից ձեռք, ծամում էին հերթով, ժամով, գրաֆիկով, բարձրաձայն ճտտացնելով: Կպցնում էին ականջի բլթակին կամ սեղանի եզրի տակ: Եթե երկար էր մնում կպցրած, չէր պոկվում, քարանում էր:

1

2. Գնդիկավոր գրիչ

Շատ հազվագյուտ իր: Այդպիսի թանկ նվեր ստանալը մեծ պատիվ էր: Հայտնվեցին չորս գույնով գրիչներ՝ սև, կապույտ, կարմիր, կանաչ: Ամենաամենացնցողը մերկացող աղջիկներով գրիչներն էին: Ազիզբեկովի (Սախարովի) հրապարակում կար մի կրպակ, որտեղ վերջացած միջուկի մեջ կրկին թանաք էին լցնում շպրիցով: Դրանից հետո թանաքը թափվում էր, շորերը կեղտոտում, բայց գրիչն, այդուամենայնիվ, չէր կորցնում իր արժեքը:

3. Բոլոնյայից թիկնոց

Ամենամոդայիկ պարագաներից մեկը: Գնվում էր «ձեռքից»՝ աստղաբաշխական գումարներով: Առավել հազվագյուտ ու արժեքավոր էին վառ գույների թիկնոցները՝ կարմիր կամ դեղին:

4. Սև սուրճ

Եկավ փոխարինելու սովորական թեյին ու կակաոյին: Ճարվում էր մեծ դժվարությամբ: Ամենանախանձելի հյուրասիրությունն էր և ամենաթանկ նվերը: Վաճառվում էր հատիկներով, չբոված: «Արաբիկա» տեսակը լավագույնն էր համարվում:

2

5. Սրճաղաց

Հայտնվեց սուրճի հետ: Սովորաբար մի ամբողջ բակում կամ նույնիսկ թաղամասում մեկ-երկու ընտանիք էին ունենում այդ արժեքավոր սարքը: Հարևանները հերթով բերում էին իրենց սուրճն աղալու: Սրճաղացի մաշվող ատամները սրում էին ոչ բոլոր դանակ-մկրատ սրողները: Սիրողներն էլ դա անում էին մեծ զգուշությամբ և փնթփնթոցով:

6. Գունավոր թաղանթ

«Ռեկորդ» մակնիշի հեռուստացույցի փոքրիկ էկրանի համար նախատեսված էր խոշորացույց՝ ջրով լցվող ուռուցիկ ապակեմաս: Կար նաև սևսպիտակ հաղորդումները «գունավոր» դիտելու շանս՝ կանաչ, դեղին, կապույտ հորիզոնական շերտերով թաղանթ: Այդ թաղանթը պետք էր դնել հորիզոնական, մեծագույն անգրագիտություն էր համարվում ուղղահայաց դնելը: Էկրանը միշտ ծածկված էր ՍայաթՆովայի պատկերով սփռոցով:

7. Կաշվե չարուխներ

Բարակ կաշվից, ծայրերը ռետինապատ, կցկված կաշվե գնդի տեսքով, ոտքի վրա նրանք ստանում էին նուրբ պարային մասիկների տեսք (ժամանակակից մոդայիկ կոշիկների նախատիպը): Կարվում և վաճառվում էին Թբիլիսիում:

DIGITAL CAMERA

8. Հեծանիվ

Школьник, Орленок և ХВ311 հեծանիվները յուրաքանչյուր դպրոցականի երազանքն էին: Բակում լավագույն դեպքում մի երեխա էր հեծանիվի երջանիկ տեր լինում: Այդ միակ հեծանիվը կարելի էր նաև քշել մի քանի հոգով՝ երջանիկ տիրոջը ծեծելով, նրա համար պոնչիկ առնելով կամ խոստանալով ծանոթացնել կողքի բակի աղջկա հետ:

9. Բաբինային մագնիտոֆոն «Ցաուզա»

Ուներ նաև լարով միացող միկրոֆոն, որի մեջ մեթոդիկ բղավում էին տան փոքրերը՝ իրենց գոռոցները ձայնագրելով երգերի վրա: «Յաու զայով» ձայնագրվում էին հիմնականում կինոների երգերը կամ «01 99», «Շրթներկ №4» կարճամետրաժ ֆիլմերն ամբողջությամբ:

10. Փիրմային վինիլային սկավառակներ

Beatles, Led Zeppelin, Jesus Christ Superstar 1՝ այս բոլոր արգելված սկավառակները ձեռք էին բերվում «ֆարցովշիկների» միջոցով և ձեռքից ձեռք անցնում:

Շարունակելի…

newmag #14

Գրել կարծիք