Մարկ Գրիգորյան. Հենակմախքային սահմանադրություն

Մարկ Գրիգորյան. Հենակմախքային սահմանադրություն

BBC-ում աշխատած հայ լրագրողը քաղաքական վեճեր չի սիրում, բայց այս անգամ այլ ելք չուներ, տաքսիստը ստիպեց նրան խոսել Հայաստանի նոր սահմանադրության նախագծի շուրջ:

– Դուք լրագրո՞ղ եք,- հարցրեց ինձ տաքսու վարորդը:

– Այո՛:

– Շատ լավ,- ասաց նա` կանգնելով կարմիր լույսի տակ:- Ուրեմն մի հարց ունեմ:

Անկեղծ ասած` զարմացա: Տաքսիստները սովորաբար իմանում են բոլոր հարցերի պատասխանները և վստահ խորհրդածում են քաղաքականության, տնտեսության, արվեստի ու ճարտարապետության մասին:

– Դե՛, ասե՛ք, – շարունակեց նա,- մարդկանց ինչ կտա նոր սահմանադրությունը:

Ես առանձնապես չեմ սիրում տաքսիստների հետ զրուցել քաղաքականության մասին: Ավելի ստույգ` քաղաքական վեճեր չեմ սիրում ընդհանրապես: Բայց այս անգամ այլ ելք չունեի:

– Օրինակ` այս մեքենան,- զգույշ սկսեցի ես,- ինչի՞ վրա է հիմնված: Ի՞նչն է, որ պահում է շարժիչը, թափքը, ներսի մարդկանց:

– «Ռաման»՝ հենակմախքը:

– Ա՛յ, պետության կառուցվածքի համար էլ սահմանադրությունն է «ռամայի»՝ հենակմախքի դերը կատարում: Մեր երկրի հենակմախքը հնացել է, պետք է փոխել:

Տաքսիստը սիգարետ կպցրեց: Ակնհայտորեն փորձում էր հասկանալ, թե ինչ ասացի: Նույնիսկ մազերը պրկվեցին լարումից: Հենակմախքը հավանաբար չէր տեղավորվում նրա քաղաքական պատկերացումներում:

– Սահմանադրությունը լավը կլինի, եթե նոր աշխատատեղեր ստեղծվեն, մարդիկ աշխատեն ու փող ստանան…



Պարզ էր, որ այս տաքսիստը չի վստահում իշխանությանը: Կամ էլ այլ կերպ ասենք: Հայաստանում ստեղծվել է մարդկանց մի զգալի խավ, որը չի վստահում ո´չ իշխող և ո´չ ընդդիմադիր կուսակցություններին ու ո´չ էլ քաղաքականությանն ընդհանրապես: Իմ վարորդը հավանաբար հենց այս խավից էր: Ու թերևս ցանկանում էր, որ ես հաստատեի իր թեզը. «Չարժե որևէ մեկին վստահել»: Մինչդեռ ես ասում էի բաներ, որոնք նրա գիտակցության մեջ չէին տեղավորվում:

– Սահմանադրությունը նոր աշխատատեղեր չի բացում,- հակաճառեցի ես,- այլ միայն պայմաններ է ստեղծում դրա համար: Չէ՞ որ նույն հենակմախքի վրա կարելի է և´ շքեղ մեքենա հավաքել, և´ հասարակ:

– Բայց ես ի՞նչ իմանամ` այդ հենակմախքը լա՞վն է, թե՞ վատը:

– Պետք է նայել, թե այլ մեքենաների վրա ինչպես է ստացվել:

Դադար: Սիգարետը ծխելուց ու կոթուկը պատուհանից դուրս նետելուց հետո նա վստահ վրա բերեց.

– Մեր իշխանավորները դժվար ինքնուրույն գլխի ընկնեն: Պուտինն ասած կլինի կամ Օբաման: Արաբական շեյխերն էլ են դրանց խելք սովորեցնում: Իրենք միայն կատարողներ են:

Ամեն բան իր տեղն ընկավ: Տաքսիստն ունիվերսալ պատասխան ուներ բոլոր հարցերի համար: Ամեն ինչում մեղավոր են Պուտինը, Օբաման, արաբական շեյխերը: Մեղավորներն ուրեմն հայտնի են, իսկ Հայաստանի իշխանությունները պարզապես օտարների կամքը (և, անշուշտ, չար կամքը) կատարողներ են:

Կիսանախագահականից խորհրդարանական կառավարման անցումը լուրջ գործ է իրականում: Հետխորհրդային երկրները քառորդ դարում տարբեր մոդելներ փորձարկեցին:

Ուկրաինան մեկ այս մոդելն է ընտրում, մեկ՝ այն: Վրաստանը մի քանի անգամ փոխել է իր կառավարման համակարգն ու այժմ փորձում է նախագահի լիազորությունների սահմանափակմամբ խորհրդարանական դեմոկրատիան: Ադրբեջանն ու Միջին Ասիայի երկրները, Ղրղզստանից բացի, կայուն նախագահական են:

Պարզվում է, որ Հայաստանի նոր սահմանադրության նախագիծը շատ նման է ղրղզականին, որի մայր օրենքով նախագահն ընտրվում է 6 տարով (մերն առաջարկում է 7 տարի), խորհրդարանի գործառույթներն ընդլայնված են, վարչապետն էլ ներկայացնում է իշխող խորհրդարանական կուսակցությունը կամ կոալիցիան:

Վենետիկի հանձնաժողովը, որի կազմում Եվրոպայի խորհրդի երկրների փորձագետներ են, բարձր է գնահատել ղրղզական սահմանադրությունը: «Գովեստի է արժանի»,- ասված է հանձնաժողովի եզրակացության մեջ, որում հատկապես գնահատված է այն, որ օրենսդիր մարմնի դերն ամրապնդված է, և իշխանության 3 թևերի ու նախագահի լիազորություններն ավելի հստակ են տարանջատված:

Սա նշանակում է, որ մեր պետական մեքենայի «հենակմախքը» պետք է որ արդարացնի իրեն: Բայց Վենետիկի հանձնաժողովը ղրղզականի համար դա գրել է 5 տարի առաջ: Եվ ինչպե՞ս է այդ սահմանադրությունն իրեն դրսևորել այս ընթացքում:

Եվ ես տուն մտնելուց հետո զանգեցի Բիշքեկ: Ուզում էի զրուցել լրագրող, փորձագետ-քաղաքականագետ Այազատբեկ Բեշովի հետ: Նա պառլամենտարիզմի դրական կողմը համարեց որոշումներ կայացնելու մեխանիզմը. «Առաջ որոշումները կայացվում էին կուլիսներում՝ նախագահի շրջապատում: Քչերը գիտեին, թե կարևորագույն որոշումներն ինչպես և ինչու են կայացվում: Այժմ խորհրդարանում միմյանց են բախվում ֆրակցիաները, ամեն բան կատարվում է բաց, ավելի թափանցիկ»:

Օգնում է նաև այն, որ այդ երկրի խորհրդարանում 6 կուսակցություն կա (նույնքան էլ Հայաստանում է), ընդ որում որևէ մեկը չունի բացարձակ մեծամասնություն: Ի տարբերություն Հայաստանի՝ Ղրղզստանում որևէ քաղաքական ուժ չի կարող ունենալ 65 մանդատից ավելի (պատգամավորները 120-ն են): Օրենսդիրներին սա հարկադրում է փոխզիջումներ փնտրել, կոալիցիաներ կազմել, ստեղծել ու քանդել ալյանսներ: Մի խոսքով` քաղաքական ակտիվ կյանք վարել: Ղրղզականում կանայք էլ քվոտաներ ունեն: Պատգամավորների ոչ պակաս, քան մեկ քառորդը պետք է կին լինի: Տեսնես սրան ի՞նչ կասեն մեր տղամարդ օրենսդիրները:

Ղրղզստանում գոհ չեն համամասնական ընտրակարգից և մտածում են փոխել այն ու դարձնել 50:50, այսինքն՝ ինչպես այժմ Հայաստանում է: Ղրղզներն ուզում են, որ պատգամավորների մի կեսն ընտրվի կուսակցական ցուցակներով, մյուս կեսը` մեծամասնական օկրուգներով: Իսկ մենք անցնում ենք համամասնական ընտրակարգի: Այլ զուգահեռներ էլ կան, որոնք շատ հետաքրքիր են:

Բայց խնդիրը ո՛չ նմանությունն է, ո՛չ էլ տարբերությունը: Աշխարհի բոլոր սահմանադրություններն էլ գուցե վատն են: Նկատի ունեմ, որ յուրաքանչյուր սահմանադրության մեջ էլ կա որևէ բացթողում, թերություն:

Խնդիրը, կարծում եմ, միայն դա չէ: Նաև այն, որ մենք պետք է հարգանք տածենք մեր օրենքների հանդեպ, ձգտենք կատարել դրանք: Մինչդեռ ես տպավորություն ունեմ, որ հենց որևէ օրենք ենք ընդունում, անմիջապես սկսում ենք մտածել, թե ինչպես խախտենք այն, ինչպես շրջանցենք ու խաբենք: Իսկ չէ՞ որ ժամանակակից հասարակությունը կառուցվում է ճիշտ հակադիր սկզբունքով, և մենք պետք է վարժվենք ոչ թե ոտնահարել օրենքը, այլ կատարել այն: Կարծում եք` հե՞շտ գործ է: Հարցրե՛ք ցանկացած տաքսիստի:

 

Գրել կարծիք