[ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ` ԳՐՔՈՒՄ ] Դաթո Տուրաշվիլի. Ջինսի սերունդը

[ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ` ԳՐՔՈՒՄ ] Դաթո Տուրաշվիլի. Ջինսի սերունդը

Վիպակը հայերեն լույս է տեսել առաջին անգամ: newmag-ը բացառիկ իրավունքով հրապարակում է գրքից մի հատված: Թարգմանությունը վրացերենից՝ Էսմերալդա Երիցյանի:

Dato

Սոսոյի հայրը

Նա հայտնի պրոֆեսոր էր՝ իր ժամանակի ամենալավ գիտնականներից մեկը, բայց դա սովետի ժամանակն էր, որն ուներ իր կանոնները: Նախորդ դարի 60-70-ականներին պրոֆեսորներին և գիտնականներին արդեն չէին գնդակահարում, փոխարենը ստիպում էին համագործակցել սովետական կայսրության հետ: Մեծամասնությունը համագործակցում էր պետության հետ, քանի որ հակառակ դեպքում նրանցից ոչ ոք չէր կարող գնալ արտասահման և մասնակցել թեկուզ մի գիտաժողովի: Կառավարության հետ այդ համագործակցությունը մի կողմից ոչ մի յուրահատուկ բան չէր պարունակում իր մեջ, և երբեմն նրանցից արտասահման գործուղելու փոխարեն ոչինչ էլ չէին պահանջում, բայց դա միայն առաջին հայացքից:

Իրականում նրանցից խլում էին ամենակարևորը՝ խոսքի և սեփական կարծիք արտահայտելու իրավունքը, նրանք չէին կարող հասարակության մեջ բարձրաձայնել իրենց քաղաքական հայացքների մասին և անհրաժեշտության դեպքում (իրականում՝ միշտ) պետք է լինեին կառավարության կողմից: Այդպես էլ լինում էր, և սովետի գիտնականների մեծամասնությունը ենթարկված ստեղծում էր մի մեծ սովետական կեղծիք սովետի կառավարության հետ միասին:

Իհարկե, կային նաև բացառություններ, որոնց պետության կողմից պետք չէին առավելություններ՝ տներ և մեքենաներ չէին ուզում (կամ էլ պետությունը չէր ուզում նրանց խթանել), բայց այդպիսիք քիչ էին և իրենց «խռուշչովկաների» խոհանոցներում էին նստում՝ այնտեղ էին աշխատում, այնտեղ էին խմում և միայն այնտեղ՝ խոհանոցում էին արտահայտում բացասական մտքեր սովետական ռեժիմի մասին: Ճիշտ է, նրանցից մի քանիսը (այդ թվում՝ նաև գիտնականները), բանտում էին նստած (այլ ոչ թե խոհանոցում), բայց նրանք արդեն այլախոհներ էին…

jinsi_serund@-cover-for-webՍոսոյի հայրն էլ Սովետական Վրաստանի ամենալավ գիտնականներից մեկն էր՝ ակադեմիկոս, ում այն ժամանակվա Ցեկայի առաջին տեղակալը (փաստացի՝ Վրաստանի ղեկավարը) առանձին հարգանքով էր վերաբերվում: Իսկ Սոսոյին հենց դա դուր չէր գալիս՝ այդ մոտիկությունը և ջերմ հարաբերությունը, որը նրա հայրը տածում էր բոլշևիկյան իշխանության նկատմամբ, քանի որ այն ժամանակվա հակասովետական և ազատամիտ տրամադրվածությամբ թբիլիսցի երիտասարդության համար Էդուարդ Շևարդնաձեն ընդհանրապես անընդունելի անձնավորություն էր՝ մի հասարակ կարիերիստ բոլշևիկ:

Չնայած սովետական հիերարխիայում առաջընթացի համար շատ խելք և կրթություն պետք չէր, բայց ինչ-որ ուրիշ բան էր պետք, հենց այն, ինչը, օրինակ, Շևարդնաձեն ուներ, մարդ, ով Գուրիայի մի հեռավոր գյուղից հասել էր մինչև սովետական կարիերիայի ամենաբարձր աստիճանին: Այդ գյուղական համառ առաջընթացի արդյունքում 70-ականների սկզբին Շևարդնաձեն դարձավ Սովետական Վրաստանի առաջին դեմքը (Թբիլիսիի մրցակիցների հետ պայքարից հետո) և շատ արագ, շատ հեշտ կարողացավ Սովետական Վրաստանի ինտիլիգենցիայի ուշադրությունը սևեռել իր վրա: Չնայած այդ վերջինը ավելի շատ շնորհիվ սովետական մտավորականության, քան առաջին տեղակալի, քանի որ դա տասնամյակների ընթացքում, բարոյապես, սովետական մտավորականության մտածելու կարողությունը հետևանք էր:

Երբ Շևարդնաձեն, իշխանություն մուտք գործելով, սկսեց բռնել ընդհատակ անցածներին՝ վրացի մտավորականներն ի սրտե ուրախացան, քանի որ մտածում էին, որ Օթար Լազիշվիլիի ձերբակալությունը ևս մի պայքար էր կոռուպցիայի դեմ: Նրանք չգիտեին, որ այն էլ այդքան տանջված մասնավոր սեփականատերը, ով ընդհատակյա գործունեություն էր ծավալում, բոլոր այլ նորմալ երկրներում կարևոր հիմք էր, որի վրա էր հենվում երկրի տնտեսությունը: Բացի այդ, սովետի ժամանակվա ընդհատակյա գործարարները շատ հանդուգն մարդիկ էին և հենց իրենք կարող էին ստեղծել նորմալ պետության ողնաշարը՝ հասարակության միջին շերտը:

Մեծերին խաբելն ավելի հեշտ է, քան փոքրերին, և ի տարբերություն հայրերի՝ որդիները զգացին, որ Շևարդնաձեն շատ վտանգավոր մարդ է. ձերբակալվածներից մեկը նրա ընկերն էր, ում շուտով գնդակահարեցին: Վրաստանում ընկերն ավելին էր, քան ընկերը, Վրաստանում ընկերոջից ավելի ընկեր էլ կա (ոչ միայն Ռուսթավելիի[1] պատճառով), և այն ժամանակվա Վրաստանի երիտասարդությունը գլխի ընկավ, որ Վրաստանի Կենտրոնական կոմիտեի տեղակալը ավելի շատ կարիերիստական մղումներ ուներ: Եվ դա Մոսկվան էր, իսկ Մոսկվային միայն այն վրացիներն էին դուր գալիս, ովքեր յուրայինների նկատմամբ միշտ յուրահատուկ վերաբերմունք ունեին: Այդ պատճառով էլ նրանք Շևարդնաձեին ատում էին, հատկապես Սոսոն, ով Շևարդնաձեի պատճառով հոր հետ անհաշտ էր, քանի որ չէր հասկանում՝ ինչո՞ւ իր հոր նման բարի գիտնականը պետք է համագործակցեր այդպիսի չար կառավարության հետ (այդուհանդերձ, Սոսոն, ի տարբերություն շատ սովետական մարդկանց, ընդհանրապես չէր մտածում, որ խնդիրը ոչ թե ղեկավարի, այլ սովետական համակարգի մեջ է):

Սոսոն Գեղարվեսի ակադեմիայի ուսանող էր և ակադեմիան ավարտելուց հետո ուզում էր ֆինանսապես այնքան անկախ լինել, որ առանձին ապրեր, այլ ոչ թե ծնողների հետ, որովհետև դա արդեն նորմալ ընտանիքի նման չէր: Սոսոն այլևս չէր խոսում հոր հետ և համարյա չէր խոսում մոր հետ էլ, ով միշտ ձգտում էր պահպանել հանգիստ և լավ հարաբերություններ ընտանիքում, ինչը հեշտ չէր, քանի որ Սոսոն արդեն խղճում էր հորը:

Նա արդեն չէր խոսում հոր հետ և միայն մեկ-մեկ պատասխանում էր նրա հարցերին, և երբ Ամերիկա գիտական սեմինարի գնալուց առաջ հայրը հարցրեց՝ ինչ բերեմ, դրան ի պատասխան Սոսոն միայն ժպտաց:

Ոչ մի բան,– ասաց շատ հանգիստ, բայց հայրը, ում մանկուց խելագարության աստիճանի սիրում էր, այժմ իսկապես մեղք էր, և դրա համար էլ երկու կարևոր բառ ավելացրեց:– Շատ շնորհակալ եմ:

Գրել կարծիք