Դի Դիկովսկի. Ջազը՝ ճամպրուկում

Դի Դիկովսկի. Ջազը՝ ճամպրուկում

Ինչո՞ւ է ջազային հայտնի երգչուհին ցանկանում Բաքու մեկնել և ինչո՞ւ մի օր որոշեց հավաքել իրերն ու հեռանալ Հայաստանից:

Didikovski

Նրա ձայնը աշխարհում համարվում է կանացի եզակի ձայներից մեկը՝ կոնտրալտո: Նրա ելույթի ժամանակ ռուսական հայտնի նախագծերից մեկի ժյուրին ապշահար հետևում էր երգին, ոտքի էր կանգնել և հանդիսատեսին խնդրում էր քվեարկել հայտնության օգտին: Այնինչ նա վաղուց հայտնի Դիանա Դիկովսկին էր կամ ռուսական շոու բիզնեսի շուկայում հայտնի Դի Դիկովսկին: Նա հայտնի Իգոր Բուտմանի ակումբի ռեզիդենտն է, ջազային ակումբների ցանկալի արտիստը, միջազգային մրցույթների հայազգի դափնեկիրը: Բաքվից տեղափոխվեցին Երևան. դեմ գնաց ծնողներին ու հրաժարվեց բժշկական ինստիտուտ ընդունվելուց: Տարիներ անց, երաժշտական դպրոցի ուսուցչի խորհուրդը հիշելով, ընդունվեց կոնսերվատորիայի ինստիտուտ: Նրա կյանքի ժամանակագրության մեջ պատահականությունը ունի իր մեծ չափաբաժինը, իսկ թե ինչպես ու ինչու, ամեն ինչ՝ հերթով: Ինչպես ինքն է ասում, ջազը՝ ճամպրուկում: Մի օր՝ Մոսկվայում, մի օր՝ Երևանում:

Բաքու, Սամեդ Վուրղուն Խագանի, 24

– Մենք ապրում էինք Բաքվի գլխավոր փողոցներից մեկում՝ այգու մոտ, որտեղ մենք մշտապես զբոսնում էինք: Հիմա գիտեմ, որ այդ այգուց ոչինչ չի մնացել, հիշողությունները ջնջել են: Երբ երաժշտական դպրոց էի գնում, մի օր ուսուցիչը կանչեց մայրիկիս և ասաց՝ Դուք Ձեր աղջկան ինչ-որ հայրենասիրության դասեր եք տալիս. եկել է, ասում է՝ եթե ինձ Արամ Խաչատրյան չտաք, ես չեմ նվագի:

– Կուզեի՞ք հետ գնալ և կրկին տեսնել:

– Ես ամեն տարի եմ ուզում հետ գնալ և տեսնել: Չգիտեմ՝ ինչպես նկարագրել, թե ինչ ցավ եմ ապրում: Ես չեմ համարում, որ Բաքուն միայն ադրբեջանցիներինն է: Շատ ինտերնացիոնալ քաղաք էր այդ տարիներին: Ես ծնվել եմ այնտեղ, հաց կերել, ջուր խմել: Հայի ու նրանց միջև տարբերությունը միշտ է եղել: Տատս միշտ ասում էր՝ նայի՛, հա, քոռ լինի, թոփալ լինի՝ հայ լինի… Իսկ Երևան միշտ էինք ցանկանում տեղափոխվել, մեր բոլոր բարեկամներն այստեղ էին: Միշտ ուզում էինք փոխանակել մեր տունը: Այդպես անընդհատ տուն էինք փնտրում…

3

Երևան, Հարավարևմտյան թաղամաս, Ա-1

– 11 տարեկան էի, երբ եկանք Երևան: Փոխանակում արեցինք և շատ անհաջող. Սիսիանում՝ ուղղակի մեր տունը չկորցնելու համար: Հետո կարողացանք գնել բնակարան և ապրել Երևանում:

– Ե՞րբ կարողացաք տանը համոզել, որ պետք չէ ֆիզիկա պարապել բժիշկ դառնալու համար, այլ գնալ կոնսերվատորիա:

– Ես հումանիտար ինստիտուտ էի ընդունվել, բայց հասկանում էի, որ լեզուներ սովորելն իմը չէ: Երբ սովորում էի, փողոցում պատահաբար հանդիպեցի մի մարդու: Մոտեցավ, հարցրեց, թե ինչպես կարող է Շախմատի տուն գնալ: Ասացի՝ ես այդ կողմ եմ գնում, եկե՛ք, ցույց կտամ: Ճանապարհին պարզվեց, որ դաշնակահար է, Բաքվից է, աշխատում է կոնսերվատորիայում: Ընկերացանք: Եվ երբ ասաց, որ կոնսերվատորիայում է, պատմեցի, որ ուզում եմ ձայնս ստուգել, քանի որ Բաքվում միշտ ուսուցիչներս մայրիկիս ասում էին, թե ձայն ունեմ, պետք է վոկալի տանել ինձ: Մայրս համոզված էր, որ ես բժիշկ եմ դառնալու ու… Նա խոստացավ մի քանի օր անց զանգել ու հրավիրել լսումների: Հանդիպեցինք: Ինձ լսեց Օլգա Գաբայանը ու ասաց՝ ոչ թե պետք է ընդունվես, այլ պետք է հենց հիմա դիմես…



dian

Սայաթ-Նովայի պողոտա. երազանքի փողոցը

– Պարզվեց, որ ես ունեմ աշխարհում եզակի ձայն, բայց սկզբում ինձ ասացին, որ ես մեցցո-սոպրանո եմ, չասացին, որ կոնտրալտո եմ, որը աշխարհում հանդիպող կանացի եզակի ձայն է համարվում: Մեկ տարի անց ես ընդունվեցի դասական վոկալի բաժին: Սկսվեց քրտնաջան աշխատանքի փուլը: Ես արեցի այն, ինչ ուզում էի անել. ծնողներիս դեմ գնացի: Անհնարին ոչինչ չկա, ուզում ես՝ հասնում ես: Իմ բնակարանը, գնել եմ առանց գումարի: Ձեռքս անգամ մի դրամ չկար, բայց մեծ ցանկություն կար առանձին տուն ունենալ: Ու ստացվեց, հաջողությունը ինքնին եկավ այս բնակարանի հետ…

– Դուք դեմ գնացիք նաև երևանյան ռեստորաններում երգելուն, մի շրջան երգեցիք ու դադար տվեցիք ու հեռացաք Մոսկվա:

– Ամեն ինչի միջով անցել եմ: Չէի պատկերացնում, որ այդքան դժվար է լինելու: Ես մեկ-մեկ մտածում էի՝ գուցե սխա՞լ եմ արել, գուցե պետք էր բժի՞շկ դառնալ: Երգում ես, բայց հասկանում ես՝ քոնը չէ, կարծես հաց ես ուտում, բայց համով չէ, սակայն ստիպված ես, քանի որ փող է պետք: Ես աշխատանքի առաջարկ ստացա մի ռեստորանից, որի տնօրենն ասաց՝ երգի՛ր այն, ինչ դու ես ուզում, ոչ մեր ճաշակով: Դա իմ բացահայտումն էր:

– Ու հետո՞:

– Ես հասկացա, որ պետք է պայքարեմ, որ չեմ անելու այն, ինչ իմ դուրը չի գալիս: Մի քանի տարի աշխատելուց հետո հասկացա, որ ճանապարհներ, միջոցներ գտնելու իմ ոճը, տեղը, որտեղ ես կարող եմ դրսևորել իմ տաղանդը, սովորական ռեստորանը չէ, հատկապես երբ ես նրանց կողքին կորչում էի, որովհետև ինձ թելադրում էին՝ ինչ երգել, իսկ ես այդպես չէի ուզում: Ես միշտ կոնֆլիկտի մեջ էի ինքս ինձ հետ: Ասացի՝ վերջ, գնում եմ՝ փնտրելու իմ երաժշտությունը. ես ինձ գտա ջազում, որտեղ կար ազատություն:

diannn

Մոսկվա. բազմաթիվ փողոցներ

– Կուզե՞ք՝ ես վաղը գնամ ու երգեմ այն, ինչի տակ պարում են: Ես չեմ քննադատում նրանց, ովքեր երգում են ռեստորանում, ակումբում: Նորմալ է: Ոչ մի վատ բան չկա ակումբում, ռեստորանում երգելու մեջ: Ուրիշ որտե՞ղ փորձ ձեռք բերեն:

– Ի վերջո գնացիք Մոսկվա այդքան պայքարելուց հետո: Ի՞նչն էր պակասում, որ այդպես մեկ օր վեր կացաք ու ասացիք՝ վերջ, գնում եմ. ինչ կլինի, կլինի:

– Այն ժամանակ միջակ երաժիշտներին էին բում անում: Աստված ինձ տվել էր տաղանդ, աշխատասիրություն, ես չէի կարող շողոքորթել ու լինել… Երբ մեկնեցի Մոսկվա, կրկին պատահաբար հանդիպեցի իմ «հայրիկին»: Ընկերուհիս՝ Նատաշան, խորհուրդ տվեց իր երաժիշտ ընկերուհուն գրել սոցցանցով, որ ծանոթանանք, շփվենք, գուցե ինչ-որ բան առաջարկի: Եվ մի օր գրում է, որ Սերգեյ Մանուկյանի համերգն է լինելու մի ակումբում, հրավիրում է լսել: Գնացինք ակումբ: Հիացած լսում եմ հայտնի մեր հայ ջազմենին, մեկ էլ ընդմիջմանը Սերգեյ Մանուկյանն է մոտենում ու ասում՝ աղջի՛կ ջան, կերգե՞ք ինձ հետ: Ես ասում եմ՝ ե՞ս… Ասում է՝ այո՛, արի միասին «Georgia»-ն երգենք: Ինչ-որ մեկն ասել էր, որ ես Մալխասի ակումբից եմ եկել, ու այնտեղ հենց այս երգը ամենապահանջվածն էր: Երգում եմ, ու հետո ինձ մոտենում է Սիմոն Էյլենկրիգը՝ Իգոր Բուտմանի ակումբի արտ տնօրենը: Առաջարկում է՝ երիտասա՛րդ աղջիկ, կաշխատե՞ք մեր ակումբում: Ես պատասխանում եմ, որ երեք ամիս է՝ այստեղ եմ, ո՛չ խումբ ունեմ, ո՛չ ծրագիր, ո՛չ երաժիշտ եմ ճանաչում: Ասում է՝ կլուծենք: Հաջորդ օրը կանչում է փորձի: Անընդհատ հսկում էր ինձ. գալիս էր, զանգում, հարցնում՝ փորձ արեցի՞ք, հանդիպե՞լ եք, երգերդ ընտրե՞լ ես: Հաջորդ օրը զանգում էր ծնողի պես: Մի քանի օր անց՝ համերգդ մայիսին է, վերջ: Ժամանակ չկա Մոսկվայում, պետք է ամեն ինչ հասցնել. սա ինձ լավ կոփել է: Այդպես դարձա Իգոր Բուտմանի ակումբի ռեզիդենտը ու երգում եմ այն, ինչն իմ հոգուն է հարազատ: Նաև դասավանդում եմ վոկալ և, կարևորը, ես ինձ ջազի ճամպրուկում եմ զգում…

Գրել կարծիք