[ ԷԼ ՆԵՐՎ ՉԿԱ ] Ահա թե ի՞նչ հաշվի չի առել «Գելափ»-ը

[ ԷԼ ՆԵՐՎ ՉԿԱ ] Ահա թե ի՞նչ հաշվի չի առել «Գելափ»-ը

Ինչքանո՞վ է իրատեսական «Գելափ»-ի ներկայացրած ինդեքսը, որի համաձայն՝ Հայաստանը 9-րդն է այն երկրների ցանկում, որտեղ կյանքն ապահով է և մարդիկ գիշերներն այստեղ միայնակ են շրջում:

Հայկական սնապարծության ջրաղացին ջուր լցնողն այս անգամ աշխարհահռչակ «Գելափ» կազմակերպությունն էր: Ավելի ճիշտ՝ հանրային կարծիքի ուսումնասիրության համաշխարհային առաջատարներից մեկի ներկայացրած՝ «Gallup Law and Order-2015» զեկույցը:

Հաղորդագրության «թանաքը չչորացած», զանգվածային լրատվամիջոցներն սկսեցին տարփողել հանկարծահաս «ավետիսի» մասին, ու լծվել գլոբալացող աշխարհին ոչ թե մեր արևահամ ծիրանով ու «ընդամենը» Սան Ֆրանցիսկոյին զիջող քաղցրահամ ջրով, այլև՝ մեր երկրի «խախանդությամբ» զարմացնելու «սուրբ գործին»:

Նորից նույն «երգն» ու բարոյական հաղթանակների ընտել անհիմն ցնծությունը:

«Գելափ»-ի ներկայացրած ինդեքսի համաձայն՝ Հայաստանը 9-րդն է այն երկրների ցանկում, որտեղ կյանքն ապահով  է այնքան, որ մարդիկ գիշերներն այնտեղ միայնակ են շրջում:

Համաձայն նույն զեկույցի, գիշերային ժամերին մեզանից ավելի անվտանգ են քայլում Սինգապուրում, Հոնկոնգում, Նորվեգիայում, Իսպանիայում ու «հույս ներշնչող» նմանատիպ էլի մի քանի երկրներում: 2014 թվականին 141 երկրում անցկացված հարցումներն են կազմակերպության փորձագետներին նման եզրահանգման բերել:



Պարզվել է, որ մեր երկրում իրեն ապահով է զգում հարցման մասնակիցների 78, անապահով՝ 19-ը տոկոսը:  Պատկերացնում եք, հայաստանցիների չափ իրենց երկրում գիշերը շրջելիս նույնքան ապահովեն զգում մեկ էլ շվեյցարացիները: Ինչպես կասեր սիրված կինոհովիվը՝ կարևորն այս դեպքում՝մենք ու, չէ, այս անգամ Ավստրիան չէ, Շվեյցարիան ենք:

Տեսե՛ք, տեսե՛ք, թե ինչ անվտանգ երկիր է Հայաստանը: Էտ էլ հո մենք չէ, «Gallup»-ն է ասում, փրփուրն ի բերան կարող են պնդել «անհույս լավատեսները»:

Չէ, էլ ներվ չկա, հարկադրված եմ վերջիններիս հիշեցնել պապենական ճշմարտությունն այն մասին, որ լավատեսները՝ դրանք վատ տեղեկացված վատատեսներն են: Իրատեսները, այսինքն… «Արդյոք ապահով զգո՞ւմ եք ձեր երկրում գիշերը միայնակ շրջելիս» հարցման «գիշերը» բառը, եթե ասենք փոխարինվի «ճրագաալույսով», կամ ասենք՝ «ցերեկվա ժամերին» բառակապակցությամբ, իսկ հարցախույզի մասնակիցներն էլ «ցերեկվա ժամերից» տեղյակներ լինեն, ապա համոզված եմ,  ստացված պատասխանները «Գելափ»-ի  փորձագետներին այլ եզրահանգման կմղեն:

Ու որպեսզի իմ կողմից արված «աննշան» ուղղորդումը մերկապարանոց չթվա, հարկադրված եմ հենվել գերհամառ փաստերի վրա: Մալաթիա-Սեբաստիա համայնքի՝ Սեբաստիա- Տիչինա փողոցների խաչմերուկում հնչած՝ իբրև թե հասցեական կրակոցները, խլեցին նաև երեք անչափահասների հացի գումարը պաղպաղակի վաճառքով ապահովող երիտասարդ Կարինե Սարգսյանի կյանքը:

Աշտարակի խճուղում էլ քրեական հեղինակություն Ալեքսանդր Գիվոևի հետ այն աշխարհ ճանապարհվեց դավին անտեղյակ, խճուղու վրա խնձոր վաճառող գյուղացի կինը:

Վերնիսաժի մոտ էլ աքլորակռվին հետևած ցերեկային կրակոցներից տուժեցին ոչ թե վեճի բուն մասնակիցները՝ յուվեցի կարոների տղաներն ու չգիտեմ էլ ում փեսաները, այլ միանգամայն անմեղ քաղաքացիներ:

«ՏԷՑ-իկռուգի», թե դավիթաշենյան ցերեկային կրակահերթերի մասին հիշեցնեմ: «Գելափ»-ն, անշուշտ, սխալվելու հիմք չունի, բայց այ, ցերեկային հարցումների վրա հիմնված հերթական զեկույցի եզրահանգումը ներկայացնել, հրաշքով կենդանի մնալու դեպքում, իհարկե, «Գելափ»-ի փորձագետները պարտավոր են…:

Գրել կարծիք