[ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ` ԳՐՔՈՒՄ ] Էռնեստո Սաբատո. «Թունելը»

[ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ` ԳՐՔՈՒՄ ] Էռնեստո Սաբատո. «Թունելը»

Վիպակը հայերեն լույս է տեսել առաջին անգամ: newmag-ը բացառիկ իրավունքով հրապարակում է գրքից մի հատված: Թարգմանությունը իսպաներենից՝ Ռուզաննա Պետրոսյանի:

ernesto

Գլուխ 4

Մի անգամ, վերջապես, նրան տեսա փողոցի մյուս մայթով անցնելիս. քայլում էր այնպիսի վճռականությամբ, կարծես թե պիտի լիներ ճիշտ պահին ճիշտ տեղում: Ես միանգամից ճանաչեցի նրան. նույնիսկ հսկայական ամբոխի մեջ նրան կճանաչեի: Աննկարագրելի հուզմունք ապրեցի: Այս ամիսների ընթացքում այնքան էի մտածել նրա մասին, այնքան բաներ պատկերացրել, որ հիմա նրան հանդիպելով` չգիտեի` ինչ անել:

Ճիշտն ասած բազմիցս պատկերացրել էի մեր հանդիպումը, մանրամասն ծրագրել անելիքս: Կարծեմ թե արդեն ասել եմ, որ ես բնույթով ամաչկոտ եմ. դա էր պատճառը, որ ստիպված էի կշռադատել մտքումս ծրագրած հանդիպման յուրաքանչյուր էլեմենտ. ամենադժվարը խոսակցություն սկսելն էր: Ես շատ տղամարդկանց եմ ճանաչում, որոնց համար դժվար չէ որևէ անծանոթ կնոջ հետ խոսակցություն սկսել, պետք է խոստովանեմ, որ այդ պահին ես նախանձեցի նրանց, չնայած որ երբեք կնամոլ չեմ եղել, այդ պահին ափսոսանք զգացի, քանի որ ընդունակ չեմ կանանց հետ խոսակցության սկսելու, հատկապես այն հազվադեպ դեպքերում, երբ չես ուզում համակերպվել այն մտքի հետ, որ այդ կինն այլևս երբեք քո կյանքում չի լինի. ցավոք, ես ինքս էլ միշտ դուրս եմ մնացել կանանց կյանքից:

Անծանոթուհուն հանդիպելու հնարավոր բոլոր տարբերակները հավասարապես վերլուծության էին ենթարկվել իմ կողմից. այդպիսին է իմ բնույթը, անորոշ և անսպասելի իրադրություններում շփոթվում եմ և կորցնում մտածելու ունակությունս, այդ պատճառով ստիպված էի ինձ համար նախապատրաստել մի քանի եթե ոչ տրամաբանական, ապա գոնե հնարավոր տարբերակներ (երբ մոտ ընկերդ քեզ ուղարկում է վիրավորական խոսքերով լեցուն անանուն մի նամակ, եթե նույնիսկ տրամաբանական չէ, ապա գոնե հնարավոր է):

Պարզ երևում էր, որ աղջիկը ցուցահանդես էր գնում: Հանդիպելով նրան սրահներից մեկում` ես կմոտենայի նրան և հետևաբար նրա հետ ինչ-որ նկարի շուրջ զրույցի բռնվելը դժվար չէր լինի:

Ամեն ինչ կանխամտածված էր. պետք էր գործի անցնել: Ես երբեք չեմ այցելում գեղանկարչության ցուցահանդեսներ, ինչը կարող է տարօրինակ հնչել նկարչի շուրթերից, բայց դա իր բացատրությունն ունի, և դուք բոլորդ կհամաձայնեք ինձ հետ, չնայած, բոլորը ասելով, ես երևի չափազանցնում եմ. փորձը ցույց է տալիս, որ այն, ինչն ինձ համար ակնհայտ է և պարզ, միշտ էլ, որ պարզ է մյուսների համար: Այնքան եմ տուժել դրանից, որ հիմա մի լավ կմտածեմ այս կամ այն տեսակետը մարդկանց բացատրելուց կամ արդարացնելուց առաջ. համարյա միշտ լռում եմ ինքնամփոփվում ինքս իմ մեջ: Հենց այդ պատճառով երկար ժամանակ չէի կարողանում իմ մեջ ուժ գտնել և պատմել սպանության մասին, չգիտեմ արժի արդյոք հիմա բացատրել, թե հատկապես ինչու են ինձ համար տհաճ ցուցահանդեսները, բայց վախենամ, որ եթե չբացատրեմ, ապա դուք կկարծեք, թե դա պարզապես ինչ-որ մոլուցք է, չնայած որ իրականում ցուցահանդեսների հանդեպ տածած իմ տհաճությունն իր խորը պատճառներն ունի:

tunnel-cover-for-webԴրա համար, իրականում, բավականին հիմքեր կան. առաջին հերթին պետք է ասեմ, որ ինձ համար զզվելի են ցանկացած տիպի խմբավորումները, կազմակերպությունները, ընկերությունները և նմանատիպ այլ սողունների խմբավորումները, որոնք միավորվում են մասնագիտության, ճաշակի կամ նմանատիպ այլ մոլուցքների կապերով: Նման խմբավորումներին հատուկ են այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են` տեսակի կրկնությունը, ժարգոնը, մյուսների նկատմամբ իրեն ավելի ավելի բարձր կարծելու սնապարծությունը:

Ինչպես տեսնում եք, խնդիրն էլ ավելի բարդացավ, չգիտեմ` ինչպես գնալ դեպի պարզը, չնայած, ովքեր այլևս չեն ցանկանում շարունակել կարդալ, ապա թող այդպես էլ անեն. ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ նրանք դրա իրավունքն ունեն:

Ի՞նչ է նշանակում «տեսակի կրկնությունը», արդյոք, երբևէ ձեզ բախտ վիճակվել է շփվել այնպիսի մարդկանց հետ, ովքեր մեկ ակնթարթում և’ աչքով են անում և’ փոխում դեմքի արտահայտությունը, նրանց որևէ ակումբում պատկերացնո՞ւմ եք, իմիջիայլոց, նման ծայրահեղությունների կարիք չկա, բավական է հետևել որևէ մեծ ընտանիքի, որտեղ կրկնվում են առանձնահատուկ գծեր, ժեստեր, խոսելաոճի հնչերանգներ: Մի անգամ ես սիրահարվել էի (բնականաբար, գաղտնի) և ես սարսափում էի այդ աղջկա քրոջ հետ ծանոթությունից, քանի որ նախկինում արդեն մեծ հիասթափություն էի ապրել. ես հիացած էի մի կնոջ դեմքով, որն ինձ գրավել էր իր անկրկնելիությամբ, բայց, տեսնելով նրա քրոջը, ես շփոթվեցի և հուսահատվեցի. ինձ անկրկնելի թվացած առաջին կնոջ դիմագծերը ցայտուն կերպով արտացոլված էին մյուս քրոջ դեմքին, ես ինձ մի տեսակ մեղավոր զգացի այն ստվերի պատճառով, որ ընկնում էր մեկ քրոջից մյուսի վրա: Հնարավոր է, որ այս ամենի հիմքում ընկած է իմ մասնագիտությունը, չէ՞ որ մարդիկ սովորաբար նման նրբություններ չեն նկատում, զզվանքի պես մի բան եմ զգում` նայելով այն նկարիչների աշխատանքներին, որոնք փորձում են նմանակել մեծ արվեստագետներին, օրինակ ինչպես այն խղճուկ անհաջողակները, որոնք փորձում են նկարել ճիշտ և ճիշտ Պիկասոյի նման:

Նրանց մյուս որակներից է ժարգոնի օգտագործումը, ինչը ես տանել չեմ կարողանում, բավական է անդրադառնալ կոմունիզմին, հոգեվերլուծությանը, ֆաշիզմին, լրագրությանը և կնկատեք դրա լայն գործածությունը: Ես դրանցից և ոչ մեկին նախընտրություն չեմ տալիս. ինձ համար դրանք հավասարապես զզվելի են, վերցնենք նույն հոգեվերլուծությունը. տաղանդավոր բժիշկ Պրատոն, որին ընկերս էի համարում (հետագայում նա էլ միացավ ինձ հալածող մարդկանց ոհմակին, բայց հիմա չեմ ուզում խոսել այդ մասին), երբ մի անգամ գնացի նրա մոտ խորհրդատվության, ասաց, որ դուրս է գալիս և ինձ առաջարկեց ընկերակցել իրեն:

– Ո՞ւր,– հետաքրքրվեցի ես:

– Դեպի միությունը,– պատասխանեց:

– Ո՞ր միությունը,– թաքուն հեգնանքով հարցրեցի ես, որովհետև նրանց` որոշյալ հոդերով խոսելու շեշտված ձևը կատաղեցնում է ինձ, միությունը Հոգեվերլուծողների միության, Կուսակցությունը Կոմունիստական կուսակցության փոխարեն, յոթերորդը` Բեթհովենի յոթերորդ սիմֆոնիայի փոխարեն և այլն:

Գրել կարծիք