Քանի՞ Բեզոարյան այծ է մնացել երկրում. Սեփական փորձով

Քանի՞ Բեզոարյան այծ է մնացել երկրում. Սեփական փորձով

«Սեփական փորձով»-ի խումբն այս անգամ էլ որոշել է անձամբ համոզվել, թե բեզոարյան քանի այծ է մնացել երկրում և արդյո՞ք Մաշիկի քարանձավում կհաջողվի տեսանկարահանել հազվադեպ հանդիպող այծերի խմբին:

Այս անգամ որոշեցի սեփական փորձով համոզվել, թե բեզոարյան քանի այծ է մնացել երկրում: Այս կենդանիներին կարելի է տեսնել Հայաստանի ամբողջ տարածքում, սակայն նրանց գտնելը բարդ է, երբեմն էլ՝ անհնար:

Այս կիրճում մարդիկ սկսել են բնակվել անհիշելի ժամանակներից: Հենց այստեղ են գտնվում Մաշիկի (կամ Արենի-1) քարանձավն ու Մագիլինը, Մոզրովինն ու Արջերինը, Նորավանք ու Սուրբ Աստվածածին եկեղեցիները: Այսինքն՝ բոլոր ժամանակներում այս վայրերը եղել են մարդաբնակ: Դարերի ընթացքում շատ բան է փոխվել, սակայն այստեղ կան նաև դարավոր տեղա- բնակներ: Սա բեզոարյան այծի բնակության վաղեմի արեալն է:

Լեռները կարելի է բարձրանալ և՛ ոտքով, և՛ ամենագնացով: Ու քանի որ չգիտենք կենդանիների գտնվելու վայրը, որոշում ենք մեքենայով բարձրանալ, որքան հնարավոր է, որից հետո ոտքով կանցնենք կածաններով:

57-PRINT-239

Առաջին օրն է, ու ավելի շատ հետազոտելու ենք, ուսումնասիրելու, որ հասկանանք, թե կենդանիները ո՛ր կածաններով ու դեպի ո՛ւր են շարժվել: Հասնում ենք մինչև գագաթ ու սկսում ոտքով շրջել: Մեկ ժամից գտնում ենք այն, ինչը հուշում է, որ ճիշտ արահետի վրա ենք: Կղանքը թարմ է: Նշանակում է, որ կենդանին մոտերքում է: Եթե բախտը մեզ ժպտա, հենց առաջին օրը կկարողանանք տեսնել բեզոարներին: Բացի այդ՝ հետքերը տանում են դեպի ձորակ: Մենք էլ գտնվում ենք ձորակի պռնկին: Ավելի լավ դիտակետ անհնար է պատկերացնել:

Շունչներս պահած ու կուզեկուզ մոտենում ենք ժայռի բերանին: Հասնում ենք ծերպին ու զգուշորեն նայում ներքև. ոչինչ չկա:

Ա՛յ, այսպես. թվում էր՝ կենդանին մի քանի մետրի վրա է, բայց այդպես չէ: Սուր հոտառության ու տեսողության շնորհիվ քարայծը մոտեցողներին նկատում է մեկ կիլոմետրից ու անհետանում վայրկենական: Պետք է աննկատ մնալ, իսկ նման տեղանքում դա բարդ ու գրեթե անիրագործելի խնդիր է, քանի որ ոտքերի տակ բեկորավոր ժայռեր են, ու ամեն քայլափոխի կարող է փոքրիկ քարաթափում լինել: Դա էլ բավական է, որ քարայծը չքվի:

Untitled-111

Անցնում ենք մի քանի լեռ ու կըրկին՝ ապարդյուն: Համատարած մթությունն ու անմատչելի ժայռերը ճանապարհը դարձնում են անանցանելի: Որոշում ենք հաջորդ առավոտյան շարունակել որոնումը: Երկրորդ օրը վերկացը վաղ առավոտյան է: Հենց այդ ժամին բեզոարներին հաճախ նկատում են գետի մոտ:

Կրկին ամենագնացով ենք փորձում հասնել լեռնագագաթ, հետո՝ նորից ոտքով: Մեքենան տեղ-տեղ քիչ է մնում շրջվի:

Անցյալ դարի 90-ականներին, երբ կատաղի մարտեր էին ընթանում Արցախի ազատագրման համար, մոտակա գյուղերում գրեթե սով էր: Մարդիկ ուտում էին այն, ինչ կարողանում էին որսալ: Ու հենց այդ տարիներն էլ քարայծերի քանակն արագ կրճատվեց: Բայց, բարեբախտաբար, քարայծի որսը շուտով որակվեց քրեորեն հետապնդելի արարք:

57-PRINT-240

Դիմացի ժայռերի վրա ինչ-որ շարժ է նկատվում: Ուշադիր զըննում ենք ու տեսնում, որ քարայծեր են: Սակայն ուղիղ գծով մոտ 2 կիլոմետր հեռավորությունից անհնար է կենդանիներին նկարահանել: Տեսախցիկի հնարավորությունները թույլ չեն տալիս պետք եղածի չափ մոտենալ: Մեզ ու նրանց երկու սար ու մեկ ձոր են բաժանում: Եթե ուշադիր լինենք, կստացվի:

Սկսում ենք դանդաղ տեղաշարժվել: 3-4 ժամում 8-9 հարյուր մետր հազիվ անցած լինենք: Սա վերջին բլուրն է, որից հետո պետք է երևան քարայծերը: Ու նորից չհաջողվեց: Նորից փախան: Գրեթե մոտեցել էինք…

Մինչև երեկո թափառում ենք լեռներով ու երեկոյան ձեռնունայն վերադառնում ճամբար: Քարայծի համար հեշտ է ժայռերով վազվզելը, սակայն մարդու համար դա անիրագործելի է: Միակ տարբերակն աննկատ լինելն ու այդպես մնալն է: Սակայն դա դեռ չի հաջողվում:

Երրորդ օրը վերելքը սկսում ենք Նորավանքի դիմացի ժայռից: Ռիսկային է, տեղանքն էլ՝ բարդ: Սակայն փորձել է պետք: Կատարին հասնելուն պես պարզ է դառնում, որ «այստեղով քարայծն է անցել»: Հետքերը թարմ են շատ ու հստակ: Հասկանալի է դառնում հոտի մեծությունը: Գուցե 30, հնարավոր է՝ 40 գլուխ կենդանի է անցել այստեղով: Հանկարծ համատարած անդորրը խախտում է այծի մկկոցը: Անհավատալի է, բայց հենց մեր ձորակից է ձայնը: Նշանակում է՝ մեզ ընդամենը մի քանի մետր է բաժանում: Նետվում ենք առաջ, ու կրկին՝ ոչինչ: Կարծես կենդանին չի ցանկանում, որ իրեն տեսնենք: Ամեն անգամ, երբ մենք մոտենում ենք ու մտածում, որ այս անգամ նկատելու ենք, կրկին հուսախաբություն ենք ապրում: Որոշում ենք գնալ ռիսկային քայլի ու առանց քնապարկերի գիշերն անցկացնել լեռներում:

Արշավախմբին հատկացված 4 օրից 3-ն սպառված են: Ու ոչ մի արդյունք: Հարկավոր է անել հնարավորն ու անհնարը: Պետք է գտնել ու սեփական փորձով նկարահանել կենդանիներին: Դեռ լույսը չբացված՝ ճանապարհ ենք ընկնում:

15 կմ քայլելուց հետո ուղիղ մեր դիմաց ընկած սարի լանջին նկատում ենք բեզոարներին: Այժմ պետք է շատ զգույշ լինենք: Վերջին օրն է ու վերջին շանսը: Պառկում ենք խոտի վրա ու անշարժանում: Կես կիլոմետրը հեռու է. հարկավոր է ավելի մոտենալ: Ուղիղ գծով չենք կարող շարժվել, տեսանելի տարածքով էլ անհնար է աննկատ մոտենալ: Պետք է գտնել շրջանցիկ ուղի: Հարկավոր է երկու սար շրջանցել ու դուրս գալ նրանց դիմաց: ւղիղ գծով չենք կարող շարժվել, տեսանելի տարածքով էլ անհնար է աննկատ մոտենալ: Պետք է գտնել շրջանցիկ ուղի: Հարկավոր է երկւ սար շրջանցել ու դուրս գալ նրանց դիմաց:

57-PRINT-242

Սողեսող ու շունչներս պահած մոտենում ենք: Ու վերջապես բախտը մեզ ժպտում է, ու հնարավոր է դառնում անել այն, ինչի համար հասել ենք քաղաքակրթության եզրագծին: Գիտնականների մեծ մասի կարծիքով հենց այս կենդանին է համարվում բոլոր ընտանի այծերի նախահայրը: Ու պատահական չէ, որ Հայկական բարձրավանդակի ժայռապատկերներում ավելի հաճախ հանդիպում են հենց քարայծերի պատկերները: 1,5 մետր երկարությամբ իրանով ու առավելագույնը 85 կիլոգրամ քաշով կենդանիներն ապրում են դժվարհասանելի ժայռերում ու չորային նոսրանտառներում: 130 սանտիմետր թրաձև եղջյուրներով նոխազները, այսինքն՝ որձ քարայծերը, տպավորիչ են ու ոգեշնչող: Որպես կանոն՝ բուրդը շիկագույն է՝ մոխրագույն երանգներով, իսկ առանձին մասերում՝ մուգ կամ սև։ Որսագողությունը, հողերի յուրացումը, լեռնային արդյունաբերությունը, բիոտոպների քայքայումն ու ընտանի անասունների արածեցումը բեզոարներին ստիպում են բարձրանալ ավելի ու ավելի վեր, ապավինել անմատչելի լեռներին:

Մի փոքր շարժում նկատելով՝ կենդանիներն անհետանում են նույն արագությամբ, ինչ հայտնվեցին: Չենք շարժվում կենդանիների հետևից, քարայծերին թողնում ենք իրենց ծանոթ, բայց օր օրի անճանաչելի դարձող արեալում ու հեռանում:

Գրել կարծիք