Love story. 10 ֆիլմ` արտասովոր սիրո մասին

Love story. 10 ֆիլմ` արտասովոր սիրո մասին

Կան նաև մարդիկ, որոնք պեղում, հայտնաբերում են սիրո ու սիրային հարաբերությունների տարօրինակ դրսևորումներ, դրանց մասին գրքեր ու սցենարներ գրում, ռեժիսորներն էլ էկրանավորում են: Այստեղ այդպիսի ֆիլմերի իմ լավագույն տասնյակն է:

57 PRINT«Անցած տարի Մարիենբադում» («L’année dernière à Marienbad»), Ֆրանսիա, Իտալիա, 1961

Ալեն Ռենեի այս գլուխգործոցը հիշողության ու սիրո, իրականության ու մտացածինի հատման կետում ապրող զգացմունքների մասին հրաշալի պատմություն է: Մի շքեղ հյուրանոցում երիտասարդ տղամարդը փորձում է համոզել աղջկան, որ նրանք արդեն նույն տեղում հանդիպել են նախորդ տարի:

Ավելին, աղջիկը պատրաստվում էր տրվել նրան, բայց վերջին պահին միտքը փոխել է:  Ու նրանք պայմանավորվել են նորից հանդիպել մեկ տարի անց՝ ստուգելու համար, թե որքան ամուր են իրենց զգացմունքները: Զարմանալին այն է, որ աղջիկն ընդհանրապես չի հիշում այդ տղամարդուն, չնայած նա պատմում է իրենց հանդիպման բոլոր մանրամասները:

 

 

only_lovers_left_alive_ver3_xlg«Ողջ կմնան միայն սիրեկանները» («Only Lovers Left Alive»), Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Հունաստան, 2013

Ջիմ Ջարմուշը ստեղծել է թերևս վերջին տարիների ամենառոմանտիկ ֆիլմը՝ որպես հիմք օգտագործելով «հավերժական սիրո» գաղափարը: Ի՞նչը կարող է դրա լավագույն արտահայտչամիջոցը լինել, եթե ոչ անմահ վամպիրների սերը: Ադամն ու Եվան ապրում են արդեն հազարավոր տարիներ:

Նրանք կարծես միմյանց հակապատկերները լինեն: Մեկը ծանր ռոքի սիրահար է, մյուսը՝ արևելյան էկզոտիկայի, մեկը դեպրեսիայի ու ապատիայի մարմնավորում է, մյուսը՝ լավատեսության ու լույսի: Ու այս երկուսի իդեալական համադրությունն է միակ հնարավորությունը կենդանի մնալու:

 

 

book-2«Սիրեկանները Նոր կամրջից» («Les amants du Pont-Neuf»), Ֆրանսիա, 1991

Երկու տարօրինակ մարդկանց տարօրինակ սիրո պատմություն՝ էլ ավելի տարօրինակ միջավայրում: Դենի Լավանի ու Ջուլիետ Բինոշի մարմնավորած հերոսներն այնքան թերարժեք են, բարդութավորված ու այնքան արտառոց են իրենց պահում, որ երբեմն հետ են մղում խելագար սիրո հանդեպ հանդիսատեսի տածած համակրանքը:

Երկուսն էլ թափառաշրջիկ են՝ առողջական լուրջ բարդություններով, մեկը կուրանում է, մյուսը չի կարողանում քնել: Սիրո՞ւմ են այս մարդիկ իրար, թե՞ ուղղակի միմյանց կարիքն ունեն դժվարություններին դիմագրավելու համար: Եվ ի՞նչ կլինի, եթե նրանցից մեկն ազատվի իր թերությունից:

 

 

 

4«Դառը լուսին» («Bitter Moon»), Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, 1992

Ռոման Պոլանսկու կամ, ինչպես ընդունված է նրան անվանել, «կինեմատոգրաֆի փչացած երեխայի» այս ֆիլմը շատ կինոքննադատների կարծիքով իր անվան պես դառն է: Բայց մարդիկ ընդունում են՝ կյանքն է այդպիսին: Օսկարն ու Միմին պատահաբար հանդիպում են ավտոբուսում, ու այդ հանդիպումը փոխում է նրանց կյանքը:

Ռոմանտիկան նրանց հետաքրքիր չէ, նրանք ուզում են փորձարկել, թե ինչպես է արտահայտվում կիրքը: Ֆիլմի առաջին հատվածը դիտելիս կարող է տպավորություն ստեղծվել, որ քաղցրահամ մելոդրամա եք նայում: Համբերե՛ք, Պոլանսկին այդքան կանխատեսելի չէ:

 

 

 

5«Ցերեկային գեղեցկուհին» («Belle de jour»), Ֆրանսիա, Իտալիա, 1967

Կինեմատոգրաֆում սյուրռեալիզմի ամենավառ ներկայացուցիչներից մեկի՝ Լուիս Բունյուելի այս ֆիլմն արդեն կարելի է քրեստոմատիկ համարել: Կատրին Դենյովի մարմնավորած ամենահայտնի դերերից մեկը՝ Սևերինան՝ նույնպես:

Ամուսնուն իսկապես սիրող կինը դիմում է իր համար արտասովոր մի փորձարկման. ցերեկները սկսում է աշխատել հասարակաց տանը, իսկ երեկոյան վերադառնում պարկեշտ կնոջ պարտականություններին:

Ֆիլմը վաղուց բուրժուականությունը ձաղկող լավագույն աշխատանքների ցուցակում է: Ու ամեն ինչ այդքան պրիմիտիվ չէ, ինչպես նկարագրեցի երկու տողով. դիտել է պետք:

 

 

 

images«Նե» («Her»), ԱՄՆ, 2013

Անցած տարվա «Օսկարին» լավագույն սցենարի անվանակարգում արժանիորեն հաղթած ֆիլմն է: Ավելի տարօրինակ սեր դժվար է պատկերացնել՝ համակարգչի ու մարդու միջև: Դժվար է, բայց հնարավոր. Սփայք Ջոնսը դա նկարագրել  ու պատկերել է այնպես, որ այդ սերը բազմաթիվ սրտեր է հուզել:

Իդեալական սիրային հարաբերությունների մասին երազելն անիմաստ է, նույնիսկ եթե դրանք քո սեփական ռոբոտի հետ են, ու թվում է՝  քո հսկողության ներքո: Ցանկացած բան, որ զարգանում է ժամանակի ընթացքում, նույն տրամաբանությամբ նաև մաշվում է:

 

 

 

7«Դաշնակահարուհին» («La Pianiste»), Ավստրիա, Ֆրանսիա, Գերմանիա, 2001

Միխայել Հենեկեի այս ֆիլմը Կաննի փառատոնի բազմակի դափնեկիր է: Սա պատմություն է Վիեննայի կոնսերվատորիայի մի կին պրոֆեսորի մասին, որի համար ներդաշնակության միակ դրսևորումը Շուբերտի կատարյալ երաժշտությունն է:

Անձնական կյանքի փորձ ընդհանրապես չունեցող, իր անկողինը փոքրիկ աղջկա պես մոր հետ կիսող ու այդ անկողնու տակ սադոմազոխիստական հավաքածու պահող կնոջը հանկարծ սիրահարվում է նրա ռոմանտիկ աշակերտը, ու մենք տեսնում ենք, թե ինչպես է սեքսուալության՝ տարիների քողարկված կուտակումը ծնունդ տալիս անմշակ ու բռի հրեշի:

 

 

 

 

8«Երազողները» («The Dreamers»), Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, 2003

Բերնարդո Բերտոլուչիի այս ֆիլմը Միացյալ Նահանգներում ամենակոշտ վարձութային վարկանիշը ստացավ՝ NC-17, այսինքն՝ մինչև 17 տարեկանների մուտքը ցանկալի չէ: Որոշ դերասաններ էլ հրաժարվեցին նկարահանվել ֆիլմում բաց տեսարանների առատության պատճառով:

Դրանից ֆիլմի գեղարվեստական արժեքը, սակայն, չտուժեց: Այն երեք պատանիների մասին է, որոնք փարիզյան ուսանողական ցույցերի օրերին փակվում են տանը ու ֆիլմեր դիտում: Դիտումները վերածվում են քննարկումների, հոգեբանական զրույցների, սեքսուալ խաղերի:

 

 

 

 

poster03v77v«Էլվիսն ու Անաբելը» («Elvis and Anabelle»), Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, 2007

Չկա ավելի տարօրինակ սեր, քան մեռած ու վերակենդանացած մարդու հանդեպ սերը: Անաբելը զոհվում է գեղեցկության մրցույթի ժամանակ: Դիահերձարանում նրա մարմինը պետք է ուսումնասիրի կյանքից դժգոհ մի երիտասարդ, որը Անաբելին գեղեցկությամբ հիացած՝ համբուրում է նրան: Աղջիկը վերակենդանանում է, ու երիտասարդների միջև զգացմունքներ են առաջանում:

Միմյանց օգնությամբ նրանք սկսում են հասկանալ, թե ինչ է իսկապես ապրելը, ու թե հանուն ինչի է դա պետք անել: Բայց մի բան է այն, ինչ կա նրանց միջև, այլ բան, թե ինչ են տեսնում նրանց շրջապատող մարդիկ: Իսկ շրջապատը խնդիր է դրել նրանց բաժանել մեկընդմիշտ:

 

 

 

 

10«Կտոր մը երկինք», Հայաստան (ԽՍՀՄ), 1980

Ու, դե՛, ինչու՞ ոչ: Օբյեկտիվորեն լավ ֆիլմ, լավ ռեժիսուրա, հրաշալի դիալոգներ ու դերասանական խաղ: Չնայած Մանսուրյանը չի սիրում, որ գովում են իր սաունդթրեքները, բայց նաև անկրկնելի երաժշտական ձևավորում: Անսահման սիրելի ֆիլմ՝ տարօրինակ սիրո մասին, որը ժամանակակից աշխարհում սովորական երևույթ է, բայց այն տարիների ու միջավայրի համար ամպրոպ էր մի կտոր երկնքում:

Արդարության սեփական պատկերացումները հանրային կարծրատիպերին հակադրող մարդու մասին այսպիսի պատմություններ վերադիտելու, վերընթերցելու ու վերապատմելու կարիք այսօր շատ է զգացվում:

Գրել կարծիք