10 ամենապոպուլյար ֆիլմերը դասական երաժիշտների մասին

10 ամենապոպուլյար ֆիլմերը դասական երաժիշտների մասին

Եկեք այս անգամ հենց երաժշտության կամ, ավելի ստույգ, դասակա՛ն երաժշտության ու այն ստեղծողների մասին ֆիլմեր դիտենք: Ընտրությունը, իհարկե, Ձերն է, բայց անձամբ ես կառաջարկեի հենց այս տասնյակը:

newmag 54 print«Մեծ վալս» («The Great Waltz»), 1938, ԱՄՆ

Շտրաուսի արևային երաժշտությամբ լուսավորված ֆիլմ, որը 20-րդ դարի կեսերին մեծ հռչակ էր վայելում: Ռեժիսոր Ժյուլիեն Դևիվիեի ֆիլմն այնքան էլ կենսագրական չէ, չնայած հիմքում մեծ կոմպոզիտորի կյանքն է:

Կոչենք երաժշտության կենսագրություն, ֆիլմ այն մասին, թե ինչպես է այն ծնվում, ապրում, տարածվում ու անմահանում:

Հարցրե՛ք Ձեր՝ 70-ն անց հարազատներին, որոնք լավ վերհուշ ունեն այս ֆիլմից՝ կարողացե՞լ են արդյոք զսպել արցունքները վերջին էպիզոդում, երբ ծերունազարդ կոմպոզիտորին ողջունում է ամբողջ Վիեննան:

 

 

 

3446584_ori«Մալեր» («Mahler»), 1974, Մեծ Բրիտանիա

Ի՞նչ է կատարվում հանճարեղ կոմպոզիտորի նուրբ հոգում և լարված ուղեղում, ինչպե՞ս են այս երկուսն իրար հետ լեզու գտնում` համատեղելով անսահման սերն ու այրող խանդը, մեկուսացման մոլուցքն ու մենության ֆոբիան, աստվածային փառքն ու մարդկային թուլությունը:

Քեն Ռասելի՝ «Ոսկե արմավենու» դափնեկիր ֆիլմի հիմքում 20-րդ դարասկզբի ավստրիացի կոմպոզիտոր Գուստավ Մալերի կյանքն ու գործունեությունն է՝ համեմված սիրային, ընտանեկան դրամատիզմով: Բուն սյուժեի հիմքում գլխավոր հերոսի հիշողություններն են ու երևակայության շղթան:
 

verdi«Վերդի» («Verdi»), 1982, Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Շվեդիա

70-րոպեանոց 9 սերիա, և Ջուզեպե Վերդիի ամբողջ կյանքն ու ստեղծագործությունը, համենայն դեպս, այդ ամենի մասին ամենակարևոր հիշատակումները կդառնան Ձեր մտավոր սեփականության անքակտելի մասը:

Ֆիլմը տևողության հաշվին այնքան մանրակրկիտ կենսագրական դետալներ է պարունակում, որ մենք ոչ միայն մարդու, այլև մի ամբողջ դարաշրջանի կենսագրություն ենք դիտում՝ համեմված տարատեսակ ինտրիգներով՝ սիրայինից մինչև քաղաքական:

Սա թերևս 80-ականների երիտասարդության ամենասիրելի սերիալներից մեկն էր, որովհետև նաև հաճախ ցուցադրում էին հեռուստատեսությամբ:

 

 

 

paganini«Նիկոլո Պագանինի» («Николо Паганини»), 1982, ԽՍՀՄ, Բուլղարիա

Եվս մեկ սերիալ (որ խորհրդային տարիներին անվանում էին բազմասերիանոց ֆիլմ)՝ նույնքան տաղանդավոր ու մեծանուն կոմպոզիտոր-երաժշտի մասին, որ նաև մեզ՝ հայերիս է հպարտանալու հնարավորություն տալիս:

Նիկոլո Պագանինիի դերն այս 4 սերիաներում մարմնավորում է հայ բեմի երախտավոր Վլադիմիր Մսրյանը: Նա հրաշալի մարմնավորել է և՛ երիտասարդ, և՛ ծերացող երաժշտին: Ֆիլմը կարծես հյուսված լինի երաժշտությունից, այնպես որ Պագանինիի ու Մսրյանի արվեստի երկրպագուներն այս ֆիլմը թող անպայման դիտեն:

 

 

 

518C2FPS61L«Էքսպրոմտ» («Impromptu»), 1991, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա

Ժորժ Սանդի կյանքում թերևս մի քանի մեծ սեր է եղել, որոնցից մեկը Ֆրեդերիկ Շոպենն էր: «Էքսպրոմտը» հենց այս սիրո պատմության մասին է: Կարծիքներ կան, որ ֆիլմը նման անուններ օգտագործելու համար շատ թեթև է, և ռեժիսոր Ջեյմս Լեպինն այնքան էլ չի կարողացել փոխանցել այդ դարաշրջանին բնորոշ հարաբերությունները՝ իրենց կրքով ու ռոմանտիզմով:

Եկեք, առանց ֆիլմը դիտելու, չհամաձայնենք այս կարծիքների հետ, մանավանդ որ «Էքսպրոմտը», անկախ ամեն ինչից, դիտարժան ֆիլմ է և բազմաթիվ արժանիքներ ունի:

 

 

 

0102557«Կապույտ նոտա» («La note bleue»), 1991, Ֆրանսիա, Գերմանիա

Նույն՝ Ժորժ Սանդի ու Ֆրեդերիկ Շոպենի սիրային պատմության մասին է նաև այս ֆիլմը, բայց ի տարբերություն իր տարեկից «գործընկերոջ»՝ սրա «ծանրակշռությունը» կասկած չի հարուցում:

Ռեժիսոր Անջեյ Ժուլավսկին մի ամառանոցում է հավաքել Սանդին, Շոպենին, Տուրգենևին, Դյումա Կրտսերին, Դելակրուային, Վիարդոյին և նրանց զրույցների ու փոքր-ինչ գրոտեսկային իրականության ֆոնին պատմում է Սանդի ու Շոպենի բաժանման պատմությունը:

 

 

 

vkayutyun«Վկայություն» («Testimony»), 1988, Դանիա, Նիդերլանդներ, Շվեդիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա

Ռեժիսոր Թոնի Փալմերն այս ֆիլմը նկարահանել է Դմիտրի Շոստակովիչի գրքի հիման վրա, որտեղ նա հերքում է, թե եղել Ստալինի խամաճիկը: Մի կոմպոզիտորի, որի կյանքն անմիջականորեն կապված է իր երկրի բոլոր դրամատիկ իրադարձությունների հետ՝ հեղափոխություն, ռեպրեսիաներ, պատերազմ:

Ուստի այն ամենը, ինչ այստեղ ցուցադրվում է, կարելի է արժանահավատ համարել այնքան, որքան արժանահավատ է համարել ինքը՝ Շոստակովիչը: «Վկայության» մեջ մեծ կոմպոզիտորին հոյակապ մարմնավորել է օսկարակիր Բեն Քինգսլին:

 

 

 

chronik-der-anna-magdalena-bach-crocc81nica-de-ana-madalena-bach-1968-de-jean-marie-straub-e-daniecc80lle-huillet«Աննա Մագդալենա Բախի քրոնիկները» («Chronik der Anna Magdalena Bach»), 1968, Գերմանիա, Իտալիա

Ֆիլմի ռեժիսորը ֆրանսիական կինեմատոգրաֆի ականավոր ներկայացուցիչ է. Ժան-Մարի Շտրաուբ: Յոհան Սեբաստյան Բախի մասին ֆիլմը Շտրաուբն իր գործընկերուհու՝ Դանիել Հույեի հետ նախապատրաստել է ոչ ավելի, ոչ պակաս 10 տարի:  Այս կինոէքսպերիմենտում Բախի դերը խաղալու է հրավիրվել ոչ թե դերասան, որին պետք կլիներ բացատրել մեծ կոմպոզիտորի երաժշտությունը, այլ այդ երաժշտության երկրպագու հրաշալի երգեհոնահար, որն ամենևին կապ չուներ դերասանության հետ:

Այն, ինչ ստացվել է` մինիմալիստական պատկերներով սյուրռեալիստական իրականությունը, կարող է ապշեցնել նույնիսկ ամենակոփված կինոգուրմանին:

 

 

 

anmah«Անմահ սիրեցյալը» («Immortal Beloved»), 1994, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ

Բրիտանացի ոչ այնքան հաջողակ ռեժիսոր Բերնարդ Ռոուզն այս ֆիլմի միջոցով, այնուամենայնիվ, կարողացավ մի կերպ խցկվել կինովարպետների պլեադա՝ ստեղծելով   բավական տպավորիչ դետեկտիվ խճապատկեր: Որպես հիմք՝ օգտագործվել է Լյուդվիգ վան Բեթհովենի մեծ սիրո պատմությունը: Սնոբ կինոգուրմանները փորձում էին այն աղբանոցի բաժին դարձնել: Այնուամենայնիվ, նման գնահատականները չափազանցված են, հատկապես Գարի Օլդմանի խաղի ֆոնին: Նա կարողացել է այնպիսի Բեթհովեն կերտել, ինչպիսին, իմ համեստ կարծիքով, դժվար թե որևէ մեկին հաջողվի: Այս դերի համար պայքարում Օլդմանը հաղթել է անձամբ սըր Էնթոնի Հոփքինսին: Թերևս նշանակություն է ունեցել նաև այն, որ դաշնամուր նվագելը դերասանի հոբբին է, ու Օլդմանը կադրում ոչ թե դաշնակահար է խաղում, այլ իսկապես (ու բավական վիրտուոզ) նվագում է: Նրա մարմնավորած Բեթհովենը ոչ թե հանճար է, այլ սովորական մարդ՝ իր կոտրված ճակատագրով, հիվանդությամբ ու հուսահատությամբ: Բեթհովենը իր ամբողջ ունեցվածքը կտակում է իր «անմահ սիրեցյալին», որի անունը մենք իմանում ենք ֆիլմի վերջում: Ամբողջ ֆիլմը նվիրված է հենց այդ կնոջ փնտրտուքին, որով զբաղվում է Բեթհովենի քարտուղարն ու մտերիմ ընկեր, փաստաբան Անտոն Շինդլերը: Նույնիսկ եթե ընթացիկ ձանձրույթ առաջանա, ֆիլմն արժե դիտել մինչև վերջ. ավարտն այնքան հուզիչ է, որ կարդարացնի բոլոր սպասումները:

 

amadeus«Ամադեուս» («Amadeus»), 1984, ԱՄՆ

Միլոշ Ֆորմանի այս գլուխգործոցը թերևս դուրս է ժանրային որևէ մրցակցությունից: Երբևէ ամենաշատ «Օսկար» ու «Ոսկե գլոբուս» վաստակած այս ֆիլմին արժանի գնահատական են տվել նաև Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի կինոակադեմիաները: Թոմ Հալսը (Մոցարտ) և Ֆ. Մյուրեյ Աբրահամը (Սալիերի) «Օսկարի» էին առաջադրված տղամարդու լավագույն դերի անվանակարգում: Ցավոք, արձանիկը մեկն էր, ու այն բաժին հասավ Աբրահամին՝ մասամբ ստվերելով Հալսի աստեղային ժամը: Դերասանն ինքը նույնպես հետագայում մնաց իր խաղացած ամենահանճարեղ դերի ստվերում, կարելի է ասել՝ դրանից հետո նրա կերպարանափոխություններից ոչ մեկն այդքան լուրջ չեղավ (ի տարբերություն Աբրահամի), որ մարդկանց մոռանալ տար Հալս-Մոցարտ ասոցիատիվ կապը: Կինոմանին խորհուրդ տալը՝ դիտել «Ամադեուսը», միայն հեգնական ժպիտ կարող է առաջացնել: Մոցարտ-Սալիերի լեգենդար հարաբերություններին նետած ֆորմանյան հայացքը՝ Պիտեր Շեֆերի հիանալի սցենարի հիման վրա, այնքան թարմ ու ցնցող էր, որ «Ամադեուսը» մինչև օրս համարվում է համաշխարհային կինոգլուխգործոց ու անխախտ տեղավորվել է լավագույն 100 ֆիլմերի ցուցակում: Անձամբ ես երևի մի հարյուր անգամ դիտել եմ այն դրվագը, երբ երկուսով «Ռեքվիեմ» են գրում: Այդ դրվագից հաճույք ստանալու համար այն անպայման պետք է դիտել բնօրինակով:

 

Գրել կարծիք