Հայտնի են Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի հաղթողները

Նախագծերը կիսելու են հաղթողներին տրամադրվող 10,000 դոլլարի համարժեք գումարի դրամաշնորհը:

Արդեն հայտնի են Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի (ՀԹԿՊ) 2015թ. Երևանյան աշխատաժողովի հաղթողները: Նրանք այս տարի երկուսն են՝ թուրք ռեժիսոր Սենեմ Գյոքչեի  «Ք’աՐ» պարային կարճամետրաժ ֆիլմը և հայ համահեղինակներ Մարինե Քոչարյանի և Սոնա Քոչարյանի «Մուրատ» վավերագրական ֆիլմը: Նախագծերը կիսելու են հաղթողներին տրամադրվող 10,000 դոլլարի համարժեք գումարի դրամաշնորհը: Բացի այդ, ժյուրիի անդամ Գեղամ Մանուկյանը, ով Երկիր Մեդիա հեռուստաընկերության լրատվական և քաղաքական ծրագրերի տնօրենն է, հայտարարեց, որ իր ընկերությունը պատրաստ է աջակցել երկու նախագծերին էլ հետարտադրական ամբողջ գործընթացում:

Այս տարի ՀԹԿՊ աշխատաժողովն անցկացվեց Ոսկե Ծիրան Երևանյան միջազգային 12-րդ կինոփառատոնի շրջանակներում՝  հուլիսի 13-14-ին: Աշխատաժողովին ընտրվել էին 10 նախագծեր՝ հինգը Հայաստանից, հինգը Թուրքիայից:

Բացման արարողությունը տեղի է ունեցել հուլիսի 13-ին և հյուրընկալել է կինո-փառատոնի մի շարք հյուրերի և խոսնակների: Հաջորդող երկու օրերի ընթացքում մասնակիցները ներկայացրեցին իրենց նախագծերը, ապա անհատապես հանդիպումներ ունեցան ժյուրիի անդամների հետ՝ տալով ավելի մանրամասն տեղեկություններ իրենց ապագա ֆիլմերի մասին: Իսկ հուլիսի 14-ին բոլոր մասնակիցների համար տեղի ունեցավ Բարս Մեդիա վավերագրական ֆիլմերի ստուդիայի հիմնադիր Վարդան Հովհաննիսյանի ոգեշնչող և ինֆորմատիվ վարպետության դասը:

Աշխատաժողովի ժյուրիի անդամներն էին Չիգդեմ Մաթերը (Անադոլու Քյուլթյուր, Թուրքիա), Մելեք Ուլագայ Թայլան (պրոդյուսեր և վավերագրական ֆիլմերի ռեժիսոր, Թուրքիա), Ադելինա վ. Ֆյուրսթենբերգ (մշակութային միջազգային համադրող և անկախ կինոպրոդյուսեր, Շվեցարիա), Գոզդե Օնարան (կինոքննադատ, կինոամսագրի խմբագիր, Թուրքիա), Գեղամ Մանուկյան (ռեժիսոր, պրոդյուսեր, Երկիր Մեդիա հեռուստատեսության նորությունների և քաղաքական հաղորդումների ղեկավար, Հայաստան), Իննա Սահակյան (ռեժիսոր, պրոդյուսեր, Բարս Մեդիա վավերագրական ֆիլմերի ստուդիայի փոխտնօրեն Հայաստան), և Սուսաննա Հարությունյան (կինոքննադատ, Ոսկե Ծիրան Երևանյան Միջազգային Կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար, Հայաստան):

Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմն իր գործունեությունը սկսել է 2008 թվականին` Ոսկե Ծիրան միջազգային կինոփառատոնի (Հայաստան) և «Անադոլու Քյուլթուր» կազմակերպության (Թուրքիա) համատեղ նախաձեռնությամբ: Այն կապեր է ստեղծում երկու երկրների կինոգործիչների միջև, խրախուսում և աջակցում է համատեղ կինոարտադրությունը: Կինոպլատֆորմն արդեն ֆինանսավորել է 17 կինոնախագիծ` Հայաստանից և Թուրքիայից:

Գրել կարծիք