Վարակիչ, բայց ոչ վտանգավոր. ինչո՞ւ ենք հորանջում, ինչո՞վ է այն օգտակար (ՖՈՏՈՇԱՐՔ)

Վարակիչ, բայց ոչ վտանգավոր. ինչո՞ւ ենք հորանջում, ինչո՞վ է այն օգտակար (ՖՈՏՈՇԱՐՔ)

Բավական է՝ մեկը հորանջի կամ նույնիսկ խոսի այդ մասին, անկախ քո կամքից, սկսում ես հորանջել: Դո՞ւք էլ վարակվեցիք…

Մերիլենդի համալսարանի հոգեբան Ռոբերտ Պրովինն է փորձել մեկնաբանել անմեկնելին: Գիտնականը փորձերն անում է հենց իր ուսանողների վրա: Հորանջողներից չի նեղանում, պարզապես ցուցումներ է տալիս՝ ինչպես հորանջել:

«Շրթունքները հավաքե´ք կամ օդը նե´րս քաշեք սեղմած ատամների արանքից կամ հորանջե´ք՝ քիթը պահած»,- ուղղորդում է հոգեբանը:

1

Այս ամենը՝ միայն գաղտնիքը բացահայտելու համար. ինչո՞ւ ենք հորանջում, ինչո՞վ է այն օգտակար: Այսպիսի ուսումնասիրությունները սկսվում են Հիպոկրատի ժամանակներից՝ 2500 տարի առաջ: Հույն բժիշկն ասում էր, որ հորանջելն օգնում է օրգանիզմին ազատվել վնասակար օդից հատկապես բարձր ջերմության դեպքում:

19-րդ դարի Եվրոպայում էլ կարծում էին, թե հորանջելն օգնում է շնչառությանը, թթվածին է ուղարկում արյունատար համակարգ՝ խթանելով ածխաթթու գազի ելքն այնտեղից:

3

Հոգեբան Ռոբերտ Պրովինն օգտվեց կասկածելու իր իրավունքից և կամավորներին գազերի խառնուրդ տվեց, որ շնչեն: Բայց սա ոչ մի կերպ չազդեց նրանց հորանջելու հաճախականության վրա:

Մենք հորանջում ենք ոչ միայն այն ժամանակ, երբ հոգնած ենք կամ քնել ենք ուզում: Մենք հորանջում ենք նաև սթրեսի ժամանակ: Մարզիկները հանկարծ սկսում են հորանջել վազքից առաջ, իսկ երաժիշտները՝ բեմ դուրս գալուց առաջ: Ահա թե ինչու որոշ հետազոտողներ, նաև Պրովինը, կարծում են, որ հորանջելու ընթացքում ծնոտի մկանները լարող շարժումները կարող են նպաստել ուղեղի վերաբեռնավորմանը: Երբ ուզում եք քնել, այդ շարժումները Ձեզ թարմացնում են, իսկ երբ ինչ-որ բան շեղում է Ձեզ, օգնում են կենտրոնանալ:

4

Նյու Յորքի համալսարաններից մեկում աշխատող Էնդրյու Գելափը նոր բացահայտում արեց. հորանջելու ժամանակ սառում, թարմանում է ուղեղը: Որպես կանոն՝ քնելուց առաջ և հետո մարմնի ջերմաստիճանը բարձրանում է: Ուղեղի սառեցումը օգնում է կենտրոնանալ. այն արթնացնում է մեզ, երբ ձանձրանում ենք կամ շեղվում: Իսկ երբ հորանջելը փոխանցվում է մյուսներին, ամբողջ խմբին է օգնում կենտրոնանալ:

2

Պրովինը տարօրինակ զուգահեռներ է տանում նաև հորանջելու և սեքսի միջև: Նա պնդում է, որ երկու դեպքում էլ մարդու դեմքի արտահայտությունը շատ նման է: Դրանք երկուսն էլ, ինչպես և փռշտոցը, նախապատրաստական փուլ են ենթադրում, որն ավարտվելու է հաճելի լիցքաթափմամբ: Բայց վարակի գործոնի մասին չկա որևէ հստակ բան: Իսկ եթե ուզում եք հորանջել այս պահին, մի՛ զսպեք Ձեզ…

6

Լուսանկարները՝ Ավետիս Ավետիսյանի

newmag#54

Գրել կարծիք