Անհետացող սերունդ

Անհետացող սերունդ

Ո՞ր մասնագիտություններն են անհետացման եզրին և որոնց է տեխնո աշխարհը հավակնում խժռել: newmag-ի ֆոտոխցիկը լուսանկարել է ձեր թաղի կոշկակարին, ժամագործին կամ էլ կարբյուրատորշչիկին:

Մեր կողքին վաղուց չկան ամռան տապին սափորով սառը ջուր վաճառող ու զնգուն ձայնով երգող պատանիներ, գալիֆե շալվարով ու պլպլան սապոգներով, կեռման բեղ-մորուսով կառապաններ, ամերիկյան «Ունդերվուդ» գրամեքենայի վրա բարալիկ մատիկներով վարժ կտկտացնող մեքենագրուհիներ, խցկված տրամվայի մեջ տիրական ձայնով ու անհողդողդ տեսքով տեղաշարժվող տոմսավաճառներ, հասարակական բաղնիքներում մարդու մարմնի հետ հրաշքներ գործող հաղթանդամ քիսաչիներ… Նրանք անհետացել են իրենց մասնագիտությունների պես ու իրենց մասնագիտությունների հետ: Այժմ հերթը մյուսներինն է:

Ռուբեն Մարտիրոսյան, 41 տարվա ժամագործ

– Ամեն նոր ժամացույց, որ ընկնում է ձեռքիս տակ, միանգամից սկսում եմ կարդալ. մարդու ներքին մշակույթ, ճաշակը, ձևը… Իսկ մասնագիտությունս երևի թե ամենատեսանելին է ու ամենաանկեղծը: Անխափանության համար պատասխանատու եմ միայն ես:

serund-6

 

Սարիբեկ Սարիբեկյան, 46 տարվա կոշկակար

– Դերձակ, կոշկակար թե վարսավիր. սրանք հանրային ծառայություններ են: Ես ծառայում եմ բոլորին՝ առանց ազգային, սեռական ու ռասայական խտրականության:

serund-8

 

Վաչագան Հայրապետյան, 43 տարվա պաստառանկարիչ

– Ես սիրում եմ իմ՝ նորից շունչ առնող գործը: Վերջիվերջո, մարդիկ հասկացան, որ երբ մատներով ու ձեռքերով հոգի էիր դնում ամեն մի պլակատի մեջ, դա դառնում էր կյանք ունեցող մի բան… Իսկ հիմա շա՜տ անշունչ են, անկյանք են պաստառները:

serund-7

 

Նորայր Ենգիբարյան, 45 տարվա տպագրիչ

– Հը՜մ… Կարդալուց լավ բան կա՞:

serund-4

Վիլհելմ Բեկյան, 10 տարվա կինոմեխանիկ

– Ավել կամ պակաս ոչինչ չկա: Եթե չլիներ կինոմեխանիկը, չէին լինի կինոն, կինոթատրոն գալու կուլտուրան, մարդկանց շփումը ու ժպիտները մութ դահլիճում մինչև սեանսի սկսվելը երաժտության ներքո:

serund-3

Համլետ Ավետիսյան, 34 տարվա կարբյուրատորշչիկ

– Դե՜, եթե մարդիկ ունեն տեղափոխման ու տրանսպորտի կարիք, եթե էդ տրանսպորտն էլ ունի շարժվելու հնարավորություն, շարժիչից բացի՝ կարբյուրատորն է համար մեկ կարևորագույն մասերից մեկը… Իսկ դրան շունչ ենք տալիս մեկ-մեկ հենց մենք կամ ես:

serund-5

Գրել կարծիք