«Ջեբկիրը». Գեորգի Հովակիմյան

«Ջեբկիրը». Գեորգի Հովակիմյան

Արդեն ահագին ժամանակ է՝ ուղեղս տակնուվրա է լինում, խառնվում եմ, չեմ կողմնորոշվում՝ գրե՞լ, թե՞ չգրել: Ահա՛, խնդրեմ. դեռ մի տող չգրած՝ կարծես դարձա Շեքսպիր:

Untitled

Արդեն ահագին ժամանակ է՝ ուղեղս տակնուվրա է լինում, խառնվում եմ, չեմ կողմնորոշվում՝ գրե՞լ, թե՞ չգրել: Ահա՛, խնդրեմ. դեռ մի տող չգրած՝ կարծես դարձա Շեքսպիր: Ի՞նչ է, ծիծաղելի՞ է: Բայց չէ՞ որ Շեքսպիրն էլ ինձ նման մարդ է եղել: Լավ, ինչ որ է. որոշեցի գրել: Գրել մի պատմություն, որը կարող էր պատահել յուրաքանչյուրիս հետ, բայց, դե՛, կներեք, հենց ինձ հետ պատահեց: Ուրեմն այդպես էր պետք: Ի վերուստ հասցեատերը ես էի:

Դեպքը կատարվել է Թիֆլիսում: Տփխիս, Թիֆլիս, Թբիլիսի. այս երեք անվանումները կրող քաղաքում է կատարվել այս պատմությունը: Այսպես, ուրեմն. իմ ապրած ժամանակահատվածում և ինձնից առաջ քաղաքը կոչվում էր Թիֆլիս, հետևաբար քաղաքացիներն էլ` թիֆլիսցիներ: Թիֆլիսը քաղաք էր, Թիֆլիսը մայրաքաղաք էր նաև մեզ համար՝ հայերիս: Թիֆլիսը թատրոն էր, Թիֆլիսը… է՛ր, ինչքան էլ ցավալի է: Կկարողանա՞մ արդյոք իմ ընթերցողին ապացուցել այս պատմության իսկությունը, այսինքն` կհավատա՞, թե՞ ոչ: Կհավատա` ավելի լավ իր համար, չի հավատա` «հանդամը» հավատա, ինչպես մայրս կասեր:

Մա՛յրս. ա՛յ, հենց մորիցս էլ սկսվում է իրական և ինչ-որ տեղ առեղծվածային այս պատմությունը: Պատմություն, որ սկիզբ է առնում… ավելի ճիշտ` որի հիմքը դրվեց 1952 թվականի հունվարին: Թե ինչ եղանակ է եղել այդ ժամանակ` չգիտեմ, տեղեկություն չունեմ: Հատկապես այն օրը, երբ ծնողներս գիշերով, տաք անկողնում պառկած, չգիտես ինչով էին զբաղված: Կարող ենք ենթադրել` ինչով, բայց չարժե խորանալ, մանավանդ որ իրենց անձնական գործն է: Ինչևէ, ուզում եմ հուսալ, որ ինձ համար այդ բախտորոշ գիշերն իրենց համար ջերմ է եղել` չգիտակցելով, իհարկե, թե ինչ պատմության հիմք են գցում:

Ահա այդ տարվա և ամսվա ջերմ գիշերից հետո սկսվեց այսպես ասած` իմ կայացումը: Գտնվելով մորս արգանդում, սկզբնական շրջանում ո՛չ հասկանում էի, ո՛չ էլ գիտակցում, թե ով եմ և ինչ եմ, մինչև անցավ որոշ ժամանակ: Հետո՝ օրերից մի օր, մայրս գլխի ընկավ, որ ինքը մենակ չէ. ինձ հետ է:

Տեղավորված լինելով աստվածային այդ տարածքում՝ մի քանի շաբաթ անց՝ մոտավորապես չորս ամիսս լրանալուց հետո, սկսել էի կամաց-կամաց զգալ, տեսնել, լսել… Անկեղծ ասած` կարիք չկա պատմելու՝ այդ չորս ամսվա ընթացքում ինչեր թափվեցին գլխիս: Բայց մի դեպքի վրա ուզում եմ կանգ առնել: Ես, ուրեմն, ապրում էի իմ տանը` մորս արգանդում, մայրս էլ հորս, եղբայրներիս և քույրերիս հետ ապրում էր շենքի արգանդում: Այո՛, այո՛, սխալ չհասկացաք: Այսպես ասած` մեր բնակարանը շենքի տակ էր, և տուն մտնելու համար իջնում էինք ութ աստիճան: Այդ ներքնահարկ բնակարանին ասում էինք «պադվալ»: Մեզ հարազատ դարձած պադվալը Կազարմի թաղի սրտում էր, Կազարմի թաղն էլ` Հավլաբարի սրտում, Հավլաբարն էլ` Թիֆլիսի սրտում, Թիֆլիսն էլ` իմ սրտում: Դե՛, հիմա եկեք պատկերացնենք, թե խեղճ մայրս պադվալի այդ աստիճաններով քանի՜ անգամ է իջել, բարձրացել` իր մեջ կրելով ինձ, ինձնից առաջ էլ` եղբայրներիս ու քույրերիս:

1952 թվականի գարունը տարերքի մեջ էր` իր հետ բերելով և՛ ջերմություն, և՛ ծաղկած ծառեր: Մայրս, գարնանային տրամադրությունը սրտում, բարձրանում էր աստիճաններով, երբ հանդիպեց մեր շենքի առաջին հարկի հարևանուհուն` Օֆիկ տոտային: Երևի կարծեցիք՝ անգրագետ եմ, եթե «տոտա» եմ ասում: Բա ի՞նչ ասեի, «ծյոծյա՞» (հորաքույր-մորաքույր): Ի՞նչ է, ուզում եք, որ Կազարմի թաղը հետևիցս սուլե՞ր, ձե՞ռ առներ: Իբր ի՞նչ. տեսե՛ք-տեսե՛ք՝ գրագե՞տ եմ: Ոչ մի դեպքում. Օֆիկը տոտա էր, ու բոլոր ծյոծյաներն էլ տոտա էին: Մայրս էլ Օֆիկ տոտայի համար էր տոտա: Մի խոսքով, բարև-բարի լույս փոխանակելուց հետո զրույցի բռնվեցին: Բամբասում էին անցած օրվա անցուդարձից, որովհետև ո՛չ իրենք, ո՛չ Կազարմի թաղը, ո՛չ Հավլաբարը, ո՛չ էլ Թիֆլիսը չէին կարող չբամբասել. այդպիսին էր նրանց ներսում հոսող արյունը, ոնց որ Քուռ գետը` Թիֆլիսի ներսում:

Էս մեր առաջին հարկի Օֆիկ տոտան մտավ անցած օրվա ներսը և ինչ կար-չկար, դուրս թափեց ու բամբասանքներով այնքան թափ տվեց, որ էլ ոչ մի թեմա չմնաց: Հետո մի պահ դադար առավ ու զարմացած նայեց մորս, կարծես նա էր մեղավոր, որ ինքը մոռացկոտ է: Բայց, դե՛, Օֆիկ տոտան չէր լինի Օֆիկ տոտա, եթե պահեստավորած թեմաներ չունենար: Նրա միջի հրաբուխը անմիջապես ժայթքեց, և լավայի նման դուրս եկավ պետքական թեման: Հիշեց երկու շաբաթ առաջ մորս հայտնած լուրը. մայրս ասել էր նրան, որ հղի է: Ու էս Օֆիկ տոտան, ո՛չ դես, ո՛չ դեն, էնպես գոռաց, էնպես մուննաթ եկավ մորս վրա, որ խեղճ մայրս վախից ցնցվեց ու գրկեց փորը: Երևի զգաց, որ ես իրենից պակաս չվախեցա:

Ասեմ, որ մորս անունը Փառանձեմ էր: Գեղեցիկ անուն է, ես շատ եմ սիրում: Չնայած մարդիկ մի տեսակ խուսափում են իրենց աղջիկներին շնորհել այդ անունը, որովհետև կոպիտ են արտաբերում, մի տեսակ չսիրելով: Այնինչ պետք է նուրբ ասել, ու անմիջապես կզգան անվան մեղեդին` Փա-ռան-ձեմ: Հա՛, էն էի ասում, որ էս մեր առաջին հարկի հարևանուհի Օֆիկ տոտան մի լավ ամոթանք տվեց մորս. «Ա՜յ Փառանձեմ տոտա, չե՞ս ամաչում: Հլա քե՛զ նայի, քո տարիքի՛ն նայի, քառասունն անց ես, չէ՞…»: Մայրս շվարած գլուխը տմբտմբացրեց: «Բա որ քառասունն անց ես, ինչո՞վ ես մտածում, հը՞… Էտենց բան ե՛ս անեի՝ հասկանալի է. ջահել եմ: Էդքանից հետո ե՛ս ռիսկ չեմ անում: Ուրեմն դու էս մեր Կազարմի թաղում, այ՛, ըսենց պիտի ման գաս, հա՞»,- ու ձեռքերը կոնքերին դնելով, փորը առաջ ցցելով` սկսեց բնության պարգևած դերասանական շնորհքով ցուցադրել հղի կնոջ քայլքը: Այսինքն` ձեռ առնել մորս: Օֆիկ տոտայի գոռոցից և մուննաթից խեղճուկրակ մայրս, սփրթնած ու մի քիչ էլ վախեցած, նայում էր ելույթին` չհասկանալով խաղացած դերի ասելիքը: Այդպես էլ չընկալելով Օֆիկ տոտայի ասածը, բայց բարձր գնահատելով նրա խաղը` մայրս դեմքին գողտրիկ մի ժպիտ տվեց, ոնց որ Մոնա Լիզայինը: Հետո ժպիտը փոխվեց ծիծաղի: Իսկ ծիծաղից մորս փորը վերուվար էր անում, ու դրանից մարմինս սկսեց խուտուտ գալ, ես էլ իմ հերթին ծիծաղեցի, չնայած դրա առիթը չկար: Հակառակը, այդ պահին ինչ-որ տարօրինակ բան զգացի՝ վախի նման: Հետո պարզվեց, որ իմ այդ զգացողությունն անհիմն չէր: Օֆիկ տոտայի մոնոելույթը կոմեդիայից փոխվեց դրամայի, որն էլ աստիճանաբար ինձ համար պիտի դառնար ողբերգություն: Մայրս ակամա կանգնած տեղից երկու քայլ ետ գնաց ու հենվեց շենքի պատին, ձեռքն էլ դրեց փորին ու տնքաց: Երևի պատճառը ես էի, որովհետև լարված էի: Եթե ասեմ` Օֆիկ տոտան վատն էր, սուտ կլինի: Լավն էր` բարի, մարդամոտ, հումորով, բայց այդ օրը թե ի՜նչ սատանա էր մտել մեջը… Հարցական նշանի կերպարանք ընդունած Օֆիկ տոտան իր ցցված փորը ներս քաշեց` ընդունելով նախկին տեսքը: Տեսքն էլ նման էր չուչխելիի` նիհար ու բոյով: Տեսնելով մորս ուրախ տրամադրությունը՝ նա, իր ներկայացրած ելույթից ոգևորված, ասաց. «Էսքան էրեխեք ունես, Աստված պահի, էս մեկը ինչի՞դ ա պետք, գնա՛, աբո՛րտ արա, պրծի՛, տարիքդ առած կնիկ ես, ամոթ ա»: Բա՛, ո՛չ ավել, ո՛չ պակաս… Դե՛, հիմա պատկերացրե՛ք իմ վիճակը. չձևավորված, անպաշտպան մի էակ, որը ոչ մի հնարավորություն չուներ աշխարհի ականջին գոռալու. «Մա՛րդ Աստծո, էս ի՜նչ անաստված խորհուրդ ես տալիս»: Ես զգացի, թե ինչպես իմ ներսում հոսող դեռևս չպնդացած արյունը խփեց գլխիս: Բա որ ինսո՞ւլտ ստանայի:

Գտնվելով նախակաթվածային վիճակում՝ իմ մեջ ինքնապաշտպանության ցանկություն առաջացավ: Բա մի հնարվորություն չունենայի՞, ոտքս արգանդից դուրս հանեի ու մորս դիմաց կանգնած Օֆիկ տոտայի երկար ոտքի երկար թաթի երկար ու անճոռնի բութ մատին հարվածեի, որ իմանար, թե ինչ բան է ցավ պատճառելը: Բայց սատանան իր գործն արեց, և մայրս անաստված խորհուրդը լսելուց հետո զգաստացավ: Սատանան էլ մեջը մտած Օֆիկ տոտան, «Ամոթ ա, ամոթ» ասելով, հրամանը կատարած զինվորի նման շրջվեց ու մտավ առաջին հարկի իրենց տունը: Մայրս չհասկացավ, թե ինչպես միտքը պղտորվեց, և սիրտն էլ սկսեց անկանոն աշխատել: Պատին անշարժ հենված մարմինը քարացել էր, ուզեց շարժվել` չկարողացավ: Ձեռքերը ետ տարավ ու, մի կերպ իրեն հրելով, առաջ շարժվեց, հետո ձախ թեքվեց` դեպի աստիճանները, մի պահ կանգնեց ու, ոտքերի տակ նայելով, դանդաղ իջավ: Դուռը բաց էր: Մեր տան դուռը միշտ էլ բաց է եղել: Մտավ ներս, զարմացավ, որ տանը մարդ չկա: Դե՛, որտեղի՞ց լինեին, երբ հայրս առավոտ կանուխ գնացել էր աշխատանքի, եղբայրս ծառայում էր բանակում, մյուսը չգիտես որտեղ թրև էր գալիս, քույրս դպրոցում էր, մյուսն էլ` մանկապարտեզում: Հետո, իհարկե, հիշեց: Մոտեցավ սեղանին, քաշեց աթոռն ու նստեց: Ձեռքը դրեց փորին և նուրբ շարժումներով սկսեց շոյել: Առաջին անգամ զգացի նրա ձեռքի ջերմությունը, իսկ շարժումն իմ առանցքի շուրջ նման էր արևի շուրջ պտտվող երկրագնդին, դանդաղ ու համաչափ: Բայց դա դեռ ոչինչ չէր նշանակում, քանի որ ինձնից ազատվելու գաղափարը կարծես հասնում էր գագաթնակետին: Շեքսպիրի «Համլետի» «լինել, թե չլինել»-ն այդ պահին ինձ համար դառնում էր արդիական: Հետևում էի նրա ձեռքի շարժումներին, ուզում էի հպվել և ուշքի բերել, բայց ո՞նց: Ընդամենը կարող էի հետևել խղճի ու սատանայի պայքարին: Է՛հ, չծնված էակները որտեղի՞ց ունենան ապրելու իրավունք: Այդ նրա՛նք ունեն` ծնվածները: Ժամանակը՝ իբրև դատավոր, հրապարակեց դատավճիռը. մեղադրող կողմը` սատանան, իրավացի է. պտուղը դատապարտվում է ոչնչացման` աբորտի միջոցով: Զգացի, թե ինչպես ճերմակեցին չգոյացած մազերս, ինչպես կնճռոտվեց դեմքս, չձևավորված ծերացա, չծնված պիտի մեռնեմ: Որոշվեց` դատավճիռն ի կատար ածել երկու օր հետո: Դա իմ ապրած փոքր ժամանակահատվածի ամենամեծ հարվածն էր, ամենամեծ ցավը, ու ես տեղնուտեղը կորցրի գիտակցությունս: Ոնց որ թե կոմայի մեջ ընկա:

Պահարանի դռան ճռռոցից ուշքի եկա: Կարծես ինչ-որ սուր բանով հետույքս ծակեցին:

Տեսնեմ` մայրս պահարանի սպիտակեղենի արանքում ինչ-որ բան է փնտրում: Ձեռքը խցկեց խորքերն ու այնտեղից հանեց փողերը: Իմ ցավը թողած՝ ուրախացա, որ գաղտնարանի տեղն իմացա: Գումարի մի մասը վերցրեց, մնացածը ծալեց ու նորից դրեց խորքում: Սպիտակեղենն էլ ուղղեց, որ չզգացվի, թե էնտեղ ձեռք է մտել:

Պարզվեց՝ երկու օր էի գիտակցությունս կորցրել, և հիմա չեմ կարող նկարագրել, թե այդ օրերին մայրս ինչ ապրումներ է ունեցել: Ենթադրում եմ, որ հեշտ չի եղել:

Իր մեջ բոլոր հարցերը ճշտած և հաղթահարած մայրս դուրս եկավ տնից, ոտքը դրեց առաջին աստիճանին, զգաց, որ դժվարությամբ է բարձրանում: Մի տեսակ ծանրացել էր. երևի իմ գոյությունն արդեն ծանր բեռ էր մորս համար: Իսկ երբ ոտքը դրեց երկրորդ աստիճանին, նրան թվաց, թե հունցած խմորի վրա կանգնեց: Քանի տարի պադվալում էր ապրում, բայց նման զգացողություն չէր ունեցել, մանավանդ որ տարիներ շարունակ հարևան բակից դույլերով ջուր էր կրում ու կրում: Ստիպված՝ ձեռքերը հենեց ծնկներին և ուժ տալով հասավ վերևի աստիճանին՝ մայթին հավասար: Գլուխը բարձրացրեց ու հանդիպեց շողացող արևին: Այդ օրն արևը տարօրինակ ձևով էր լուսավորում. այնքան վառ էր, որ ճառագայթները սրի նման մխրճվեցին մորս աչքերի մեջ՝ խավարելով Աստծո պարգևած լույսը:

«Տե՜ր Աստված, էս ի՞նչ եղավ»,- ինքն իրեն հարց տվեց մայրս: Ոչինչ չէր տեսնում, չհասկացավ, որ Վերևից զգուշացնում են իրեն: Շատ փոքրիկ հույս ծնվեց իմ մեջ, որ մենակ չեմ, որ լույս ու ջերմություն պարգևող արևն ինձ հետ է, և մենք մի թիմից ենք: Մորս աչքերի խավարը դանդաղ անհետացավ, իր տեղը զիջեց լույսին, և նրա առջև բացվեց Կազարմի թաղը: Բացվեց, ու մայրս զարմացավ՝ փողոցում ոչ մի շունչ չկար: Նույնիսկ թաղի շներն ու կատուներն էին չքվել: Վերջապես հավաքեց ուժերը՝ ճանապարհ բռնելով դեպի կանգառ: Դատարկ փողոցով անցնելիս չգիտես որտեղից բարևեց Օֆիկ տոտան, հարևան շենքի Օսկի բաբոն, ջհուդ Յաշան, թաղի ֆուտբոլ խաղացող երեխաները, ռուսների հայաթի Կոլյան, որն իրեն կոտորում էր, որ շան բերանից փայտի կտորը հանի: Ոչ մեկին չպատասխանեց, որովհետև չէր լսում ու չէր տեսնում: Ինքն իր մեջ էր, չէր զգում, որ Կազարմի թաղը, Հավլաբարը, Թիֆլիսը շարունակում են ապրել իրենց բնորոշ կյանքով: Հասկացա, որ մորս համար աշխարհը կարծես դատարկ է ու անիմաստ: Խղճացի նրան: Նկատեցի, որ նույնիսկ ձեռքը չէր դնում փորին: Գուցե վախենում էր, որ դրանից հետո իր մեջ մի բան կկատարվեր, և դա կստիպեր հրաժարվել այդ չարաբաստիկ մտքից:

Չգիտեմ:

Թաղի նեղ փողոցներով հասանք Հավլաբարի շուկայի՝ նախկին քարվանսարայի մոտ: Շատ չանցած՝ արդեն կանգառում էինք: Այնտեղ սպասող մարդկանց միացանք նաև մենք: Եվ հենց էդտեղ տեսա մեր առջևով անցնող տարբեր տեսակի մեքենաներ, հեծանիվներ, սայլ, որին լծված ձին էնքան հոգնած էր ու հյուծված, որ էշի տպավորություն էր թողնում: Հետո զանգի ձայն լսեցի, և գետինը մարդկանց ոտքերի տակ սկսեց դղրդալ: Այդպես առաջին անգամ տեսա պատուհաններով և երկու կողմից դռներով, շարժվող ու գալարվող, փայտե շենքի նման մի բան: Եվ եթե մեր կողքին կանգնած երեխան չգոռար՝ տրամվայը, մա՛մ, տրամվայը, գլխի ընկնողը չէի, թե դա ինչ է: Այդ գալարվող փայտե «շենքը», ընթացքը դանդաղեցնելով, մոտենում էր կանգառին: Դռներից կախված մարդիկ մինչև կանգառ հասնելը ընթացքից թռնում էին: Հետաքրքրությունս ավելի աճեց, երբ նկատեցի տղամարդկանց վերաբերմունքը կանանց և երեխաների հանդեպ. առաջ էին թողնում, որ բարձրանան: Հաճելի բան էր. ուրախացա: Մենք էլ արժանացանք նույն վերաբերմունքին: Բայց մայրս ո՛չ զգաց, ո՛չ էլ նկատեց. ինքն իր հետ էր, իր խնդրի հետ: Խնդիր, որ ծանրացել էր կրծքի տակ, խնդիր, որ լուծված էր ու բեկման ենթակա չէր: Շատ կարճ տևեց հաճույքս, որ վայելում էի տրամվայում. մայրս այնքան լարված էր, որ ստիպեց վերադառնալ դառն իրականություն: Իսկ գուցե Օֆիկ տոտայի առաջա՞րկն է ճիշտ. ի՞նչ իմանաս՝ ծնվելուց հետո քեզ ինչեր են սպասում:

Եսի՞մ: Ամեն դեպքում պետք է ծնվես, ապրես, որ հասկանաս՝ ճիշտը որն է: Եվ ես սկսեցի ագահաբար հետևել տրամվայում կանգնածներին, իրար հրմշտողներին, նստածներին, ժպտացողին ու լացողին, խոսողին ու լսողին, ահելին ու ջահելին: Բոլորին: Հասկացա, որ այդ պահին իմ աշխարհը տրամվայն է՝ իր բոլոր ուղևորներով, իսկ վարորդը դարձել էր իմ տրամվայ-աշխարհի աստվածը: Նա էր որոշում յուրաքանչյուրիս ճակատագիրը՝ ամեն մեկին հասցնելով իր կանգառը: Կանգառից կանգառ մոտենում էր իմ չծնվելը, մահը, չծնված մահը: Չեմ հասկանում՝ ոնց կարելի է չծնված մեռնել: Ո՞նց… Խրվել էի այդ անհասկանալի «ո՞նց» բառի խորքերը, մեկ էլ հանկարծ նկատեցի մորս դիմաց կանգնած մի երիտասարդի:

Երիտասարդը մի տեսակ լարված էր, նայում էր շուրջը, կարծես ինչ-որ մեկին էր փնտրում: Տեսնեմ` ձեռքը դանդաղ մտցրեց մորս գրպանը և սկսեց երկու մատով շարժումներ անել: Հեչ ինձ դուր չեկավ, չէի ուզում, որ նրա ձեռքը դիպչեր մորս, նրա դարդ ու ցավին, նրա աշխարհին: Շատ շփոթված էի, չգիտեի՝ ինչ անել. անհանգիստ շարժումներով մորս սթափեցնե՞մ, թե՞ էդ երիտասարդի ձեռքին խփեմ: Չստացվեց ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը… Անօգնական հետևում էի երիտասարդի շարժումներին, տեսնում էի՝ ոնց էր անհետանում մորս գրպանի պարունակությունը՝ մեր տան ճռռացող պահարանում պահ տված գումարի մի մասը: Տրամվայի վարորդը կանգնեցրեց գալարվող փայտե իմ աշխարհը՝ մեզ հասցնելով իմ վերջին կանգառը: Ա՜խ, երանի՜ երկրագունդը լիներ հարթ, ուղիղ, ու վարորդն էլ տրամվայը վարեր դեպի անսահմանություն աստղերի և մոլորակների միջով, առանց կանգառի: Ի՜նչ լավ կլիներ, չէ՞: Բայց երկրագունդը կլոր է, և բոլորս, միևնույնն է, անպայման հասնելու ենք մեր կանգառին: Ուզենք թե չուզենք:

Երիտասարդը, մեզ ու մի քանի ուղևորների հրմշտելով, շշից դուրս թռնող խցանի նման իջավ տրամվայից: Մենք էլ իջանք: Մայթին կանգնած՝ մայրս այս ու այն կողմ էր նայում, իսկ ես տեսնում էի, թե ոնց է երիտասարդն արագ-արագ, գրեթե վազելով, անհետանում իմ տեսադաշտից: Հարցուփորձ անելով մոտեցանք մի անշուք երկհարկանի շենքի, որը դառնալու էր իմ վերջին հանգրվանը: Ներս մտանք. աջ կողմում՝ պատուհանից ներս, նստած էր սպիտակխալաթավոր էսսե մի կին: Առաջին անգամ էի տեսնում սպիտակ խալաթով կնոջ: Ընդհանրապես առաջին անգամ տեսած ամեն ինչն էլ հետաքրքիր է: Բայց այս դեպքում ի՞նչ մի հետաքրքիր բան կար ինձ համար: Սպիտակ խալաթով կինը պատասխանեց մորս հարցին և, ձեռքը հանելով պատուհանից, մատնացույց արեց դեպի վեր գնացող աստիճանները: Նորից աստիճաններ, նորից բարձրանալ… Մայրս հիշեց, թե ինչ դժվարությամբ էր բարձրանում մեր տան աստիճաններով: Իսկ հիմա ավելի դժվար էր, ավելի էր ծանրացել: Շունչը կտրվում էր, մարմինը հուզմունքից, թե վախից սառը քրտինք էր արտադրում: Երկրորդ հարկի միջանցքում կանգնեց, նայեց ձախ, նայեց աջ, մոռացավ, թե որ կողմ պետք է գնա, չնայած առաջին հարկի սպիտակ խալաթով կինը լավ էլ բացատրել էր: Բայց ի՞նչ օգուտ. մոռացել էր: Ուզեց մոտենալ որևէ մեկին, հարցնել, բայց չմոտեցավ, որովհետև պարզ տեսնում էր դռների ցուցանակները, կարող էր կարդալ ու գտնել: Բայց Թիֆլիսում ապրող իմ խեղճուկրակ մշեցի Փառանձեմը կարդալ չգիտեր ու ամաչում էր իր անգրագիտությունից: Հո չէ՞ր կարող ամեն պատահածի բացատրել, թե ինչքան դժվար է եղել այն տարիներին դպրոց հաճախելը, երբ իրենց գյուղը պաշարված էր թուրքերով, զուլում էր: Շվարած կանգնած էր, մեկ էլ կողքով հղի կին անցավ, ու մայրս անմիջապես հետևեց նրան ու հասավ ճիշտ իր ուզած բժշկի առանձնասենյակին:

Դռան մոտ կանայք էին հավաքված. մի քանիսը հղի էին: Հարցրեց` ով է վերջինը, և նստեց ազատ աթոռին: Ահագին հուզված էր, վախեցած: Չէ՞ որ առաջին անգամ դա պետք է աներ, և սպիտակ խալաթով ինչ-որ մեկը դառնալու էր հանցագործության մասնակիցը՝ այսպես ասած դահիճը: Հոգին տակնուվրա էր լինում, չէր համարձակվում ինքն իրեն հարց տալ, թե ինչու է եկել, ինչ մեղք է գործել իր ներսում ապրող գոյը: Հետո հիշեց իր առաջնեկին: Երբ լույս աշխարհ եկավ, դժվար էր, բայց հաճելի: Հիշեց երկրորդին, երրորդին… ութերորդին: Հիշեց, և աչքերը խոնավացան: Նեղվեց, ամաչելով նայեց շուրջը կանգնած կանանց: Սովորության համաձայն՝ զգեստի թևամիջից հանեց թաշկինակը: Չէր սիրում ձեռքի պայուսակ կամ ռեդիկյուլ բռնել: Թաշկինակը մոտեցրեց աչքերին և մի կերպ զսպեց ժայթքող հուզմունքը: Կուտակված ապրումները ներս գցեց, ու միայն ես տեսա ու զգացի այդ արհավիրքը, կայծակն ու որոտը, երբ արցունքները դարձան հորդառատ անձրև, երակներում հոսող արյունը դուրս եկավ իր ափերից, ներաշխարհը մատնվեց աղետի հորձանքի: Աղետն ուր որ էր ողբերգության էր վերածվելու, եթե մայրս իր ուսի վրա չզգար մի ձեռք, որը թեթևակի հարվածում էր. «Քա՛լբատոնո, քա՛լբատոնո, վա՞տ եք զգում, ջուր բերե՞մ»: Գլուխը բարձրացրեց, բայց աչքերի խոնավությունից շուրջը մշուշապատված էր: Հետո տեսավ… Տեսավ դիմացը կանգնած, հրեշտակի դեմքով երիտասարդ աղջկան: Մայրս նայեց նրա երկնագույն աչքերին ու ժպտաց: Նկատեց, որ հրեշտակ աղջիկը հղի է: Մայրս ձախ ձեռքով գրկեց նրա մեջքը, գլուխը դրեց նրա փորին, հրեշտակ աղջիկն էլ ձեռքը դրեց մորս արդեն ճերմակող գլխին: Վայրկյաններ տևած այդ տեսարանից սիրտս խփեց: Սիրտս վկայեց, որ այս հրեշտակ աղջիկը կարող է դառնալ իմ գաղափարակիցը: Կապտաչյա հրեշտակը ձեռքը ետ քաշեց, շրջվեց ու քայլերն ուղղեց դեպի բժշկի առանձնասենյակ: Դուռը բացեց, և ներսի պատուհանից շողացող արևի ճառագայթներն իրենց գիրկն առան հրեշտակ աղջկան, և նա ձուլվեց ճառագայթներին, ու ինքն էլ դարձավ արևի լույս: Դուռը ներսից փակվեց` թողնելով մի լուսավոր կետ՝ բանալու անցքը, և բանալու անցքից ճառագվող լույսը ճիշտ և ճիշտ ընկավ մորս կրծքի տակ՝ ինձ վրա: Արևն իր լույսով ինձ վրա կնքեց բանալու անցքի պատկերը:

Մայրս սթափվեց, վերադարձավ դաժան իրականություն: Ինքն իրեն գտավ անշուք, հույս չներշնչող միջանցքում, որը միայն տհաճ զգացումներ էր ծնում: Ձեռքի թաշկինակը, ըստ սովորության, չխցկեց զգեստի թևամեջը, այլ մտցրեց գրպանը: Կարծես ինչ-որ մեկն իրեն հուշեց, որ այդպես վարվի: Ուր որ էր իր հերթը հասնում էր: Մոտենում էր նաև իմ՝ չձևավորված, լույս աշխարհ չեկած, կյանք չճանաչած արարածիս, չէ՛, կիսաարարածիս չկայացած կյանքի վերջին րոպեն: Մայրս ցնցվեց: Իր ներսում կայծակին համազոր հարված զգաց: Ես էլ զգացի, բայց չհասկացա` ինչն էր պատճառը: Զարմացավ մայրս, խառնվեց իրար, սիրտը սկսեց արագ-արագ խփել, սրտի հարվածներից մի քանիսն էլ մեկումեջ դիպչում էին գլխիս, կարծես բզզում էին` չթողնելով, որ հրաժեշտ տամ այն անկյունին, բույնին, արգանդին, որտեղից թույլ է տրվում ծնվել, ծնվել միայն մեկ անգամ, որովհետև երկրորդ անգամ չեն ծնվում:

Իհարկե, գլխի ընկա, հասկացա նրա լարվածության պատճառը: Շփոթվել էր: Փնտրում էր գրպանից անհետացած փողը, որը վճարելու էր մահապատիժս իրականացնող բժիշկ-դահճին: Փնտրում էր այն փողը, որ հայրս իր ազնիվ քրտինքով վաստակում և տալիս էր մորս, իսկ նա թաքցնում էր ճռռացող պահարանի սպիտակեղենի արանքում` բոլորի աչքից հեռու: Փնտրում էր այն փողը, որ թռցրել էր տրամվայի մեջ մորս դիմաց կանգնած երիտասարդը` երևի իր վայելքների համար, աջ ու ձախ ցփնելու համար: Փնտրում էր իմ գլխագինը: Այդպես էլ չգտնելով գրպանից անհետացած փողը` չգիտես ինչու սկսեց բարձրաձայն խոսել: Կարծես ինչ-որ մեկի առաջ արդարանար. «Ախր լավ հիշում եմ՝ էդ անտեր փողը դրեցի ջեբս: Լավ, բա ի՞նչ եղավ, ո՞ր գրողի ծոցը կորավ: Ախր ջեբս դնելու խասիաթ չունեմ: Էդ փողը, ոսկեղենը, դակումենտները, դիփ էդ տեսակ բաները դնում եմ ծոցս, էս անտերների արանքը: Ախր ո՞ր սատանեն ասեց` դի՛ր ջեբդ: Տե՜ր Աստված, էս ի՞նչ օյին էկավ գլխիս: Բա հիմա առանց փողի ո՞նց մտնեմ բժշկի մոտ»: «Է՛, ոնց ուզում ես, մտի՛»,- զսպելով ուրախությունս` մտածեցի ես: Եվ Դուք, Թիֆլիսում ապրող խեղճուկրակ մշեցի՛ Փառանձեմ, դատարկ գրպանով մտնելու եք հարգարժան բժշկի մո՞տ: Բնավ հարիր չէ քառասունն անց հղի կնոջը: Հո խայտառա՞կ չեք, ինչպե՞ս կարելի է: Եվ այսպես՝ մենք ընկանք երկու իրար հակասող տրամադրությունների գիրկը: Մայրս չգիտես որ «գրողի ծոցն» անհետացած գումարի պատճառով մտահոգված ու անհանգիստ էր, իսկ ես երջանիկ ապուշի նման ուրախ էի:

Զգաստացանք, երբ բացվեց բժշկի առանձնասենյակի դուռը: Ներսից՝ ճառագայթների միջից, վերադարձավ հրեշտակ աղջիկը: Մոտեցավ և կանգնեց մեր դիմաց: Իր ջինջ, անմիջական հայացքն ու հաճելի ժպիտը փաթիլների նման ձյունեց մեզ վրա՝ որպես երկնքից թափվող մանանա: Կարծես հայտնվեց, որ ավարտին հասցնի իր առաքելությունը. մորս մեջ արթնացնի մայրական բնազդը: Ներքին ձայնս հուշում էր, որ ճակատագրական շրջադարձ է կատարվելու, որ Աստծո ողորմածությամբ հանդիպելով հրեշտակ աղջկան՝ մորս ալեկոծ ներաշխարհը խաղաղվելու է: Եվ լույսով բարուրված հրեշտակ աղջիկը, կատարելով իր առաքելությունը, ինչպես հայտնվեց, այդպես էլ անհետացավ: Մայրս սևեռված հայացքով նայում էր անհետացող հրեշտակ աղջկան, կարծես ուզում էր ետ կանչել նրան, որպեսզի մեկ վայրկյան էլ վայելի նրա ներկայությունը: Ասեմ, որ մորիցս պակասն էլ ես չէի, նույնիսկ ավելի մեծ էր ցանկությունս. զգացի, թե ոնց չպնդացած արյունս շաղախվեց անհասկանալի, անծանոթ, նախկինում չապրած մի զգացմունքի, որը խախտեց սաղմնային վիճակում գտնվող փոքրիկ իմ սրտի համաչափ աշխատանքը: Այդ անծանոթ երևույթն արթնացնում էր հաճելի զգացումներ, ստիպում էր կարոտել հեռացող հրեշտակ աղջկան:

Երազ տեսածի պես արթնացած՝ իմ խեղճուկրակ, Թիֆլիսում ապրող մշեցի Փառանձեմը նորից հայտնվեց այդ անշուք երկհարկանի շենքի երկրորդ հարկի միջանցքում: Նստել ու շփոթահար նայում էր շուրջը և չէր կարողանում հասկանալ, թե ինչու է եկել այդտեղ, ինչն է իր այդտեղ հասնելու պատճառը: Հանկարծ հարևան սենյակից ծծկեր մանկան լաց լսվեց: Մայրս գլուխը թեքեց դեպի լացի ձայնն ու զգաստացավ: Կարծես ապտակեցին: Ցավից սթափվեց և, ամաչելով ծծկեր երեխայից, ամոթխած նորահարսի նման գլուխը կախեց: Հայացքն ընկավ կրծքի տակ ցցված փոքրիկ փորին: Նայում էր և ուզում էր հասկանալ, թե իր ներսում ապրող արարածն ինչ հանցանք է գործել, որ դատապարտվել է մահապատժի: Հիմա ո՞նց հասկացնեմ նրան, որ մեղքն իմը չի, ես ընդամենն իրենց՝ էն գիշերվա սիրո պտուղն եմ և որ ծնվելու իրավունք ունեմ բնության բոլոր օրենքներով: Նրա գերլարված վիճակն ինձ հանգիստ չէր տալիս: Այնպիսի տպավորություն ունեի, որ կարծես աշխարհի ստեղծումից մինչև օրս մարդկության վիշտն ու ցավը խտացել են այդ երկու օրվա մեջ և փորձում են գտնել փրկության գաղտնագիրը:

Մայրս մտազբաղ շարունակում էր նայել իր փորին` չկասկածելով, որ հետևում եմ նրա հայացքին: Հուրախություն ինձ՝ նրա ներսում արդեն լուսաբաց էր նկատվում, որը դեռ լիովին չէր ազատագրվել հեռացող խավարից: Եթե իմ խեղճուկրակ Փառանձեմը լիներ գրագետ և հասկանար «էվրիկա» բառի իմաստը, համոզված եմ, որ կգոռար. «Է՜վրիկա», որովհետև նրա միտքը փայլատակեց: Իրեն բնորոշ միամիտ պարզությամբ ասաց. «Է՛հ, ամեն մարդ իր ղսմաթն ունի: Էս չծնված էրեխեն էլ իր փայ ղսմաթն ունի: Աստված ուզում ա, որ էս էրեխեն ծնվի, ուրեմն պիտի ծնվի: Ճակատագիր ա, ճիշտն էս ա»: Երկու օրվա երկարուձիգ ապրումներից հետո հասկացավ, որ իր հետ կատարվածը պատահականություն չէր, որ ղեկավարվում էր Վերևից, և որ Ճշմարիտը Նա է: Եվ որպեսզի վերջնականապես հրաժարվի ինձնից ազատվելու ցանկությունից, նա պիտի իր ուղեղից հանի սատանայի ներկայությունը: Իսկ եթե չստացվի, մենք կդառնանք նրա զոհը:

Մայրս հասկացավ որ իր կրծքի տակ ծանրություն պատճառողը հարազատ պտուղը չէ, այլ ինքը` սատանան: Թեթևակի ոգևորված` միտքս ու հոգիս ուղղեցի մորս` ճշմարտությունը վերականգնելու մտադրությամբ: Եվ այդպես դատավճիռը բողոքարկվեց. Բարձրյալը կպատժի միս ու արյուն չունեցող, բայց ահռելի ծանրություն պատճառող սատանային, է՛ն սատանային, որ մեր շենքի առաջին հարկի Օֆիկ տոտայի խորհրդով հայտնվեց մորս մտքում:

Այդ անշուք երկհարկանի շենքի միջանցքում նստած՝ նա լայն բացեց ոտքերը, ձեռքերով հենվեց ծնկներին, աչքերը փակեց և խորը շունչ քաշեց: Նրա մարմինը աստիճանաբար ջերմանում էր: Գործում էին ուղեղի բոլոր ծալքերը, որոնք ղեկավարում էին մարմնի բոլոր օրգանները, նույնիսկ բջիջները: Ես էլ էի փորձում օգտագործել իմ հնարավորությունները եթե ոչ ֆիզիկապես, ապա գոնե մտքով ու ցանկությամբ: Եվ մենք միաժամանակ սկսեցինք գրոհել: Հարձակումն անսպասելի էր սատանայի համար: Նա համոզված էր, որ դարձել է դրության տերը և կարողացել է գրավել նաև մորս սիրտը: Իսկ ես նրա համար վտանգավոր չեմ, ինձ քիչ ժամանակ է մնացել, որ հրաժեշտ տամ այն կյանքին, որ լույս աշխարհը պատրաստվում էր պարգևել ինձ: Քանի որ չափազանց ինքնավստահ էր, չէր զգացել մորս ներսում սկսված պայքարը` հանուն հոգու և մտքի մաքրության: Հետո նկատեց, որ սկսում է փոքրանալ և, մինչև հասկացավ գլխին եկածը, ավելի ու ավելի փոքրացավ: Տեսնում էի, որ անհետանում է, հետն էլ մտածում էի, որ մարդու ամենազորեղ զենքը կամքն է ու ցանկությունը: Թիֆլիսում ապրող խեղճուկրակ մշեցի Փառանձեմը վերջապես կարողացավ իր մեջ արգելակել ինձնից ազատվելու ցանկությունը: Ահա այսպես ես ազատվեցի անկոչ հյուրից ու վերագտա հարազատ ժամանակավոր կացարանս:

Վերհիշելով Շեքսպիրի «Համլետի» «Լինե՞լ, թե՞ չլինել»-ը, շատ պարզ հասկացա, որ վտանգն անցած է, և որ տհաճ պատմության վերջակետը դրվեց: Իհարկե, լինել:

Թիֆլիսում ապրող մշեցի Փառանձեմը վերադարձավ իր առաքելությանը՝ շարունակելով մնալ երեխայի սպասող կին, որը մոտ ապագայում դառնալու էր իններորդ երեխայի մայր: Հաղթանակը ճաշակած՝ վեր կացավ աթոռից և ուղղվեց դեպի աստիճանները: Ճիշտ այդ պահին մենք անպատմելի տեսարանի վկա դարձանք: Միջանցքի բոլոր դռները միաժամանակ բացվեցին, և պատուհաններից ներս լցված արևի ճառագայթները լուսավորեցին միջանցքը: Բժիշկներն ու բուժաշխատողները ոգևորված ողջունում էին մեզ արդար որոշման համար և ուղեկցում ուրախ ծափերով:

Հենց դուրս եկանք շենքից, աշխարհն իր լույսով գրկեց ժպտացող մորս՝ նրա մեջ տեսնելով երազած Մուշը և, իհարկե, Թիֆլիսը, Թիֆլիսի մեջ՝ Հավլաբարը, Հավլաբարի մեջ՝ Կազարմի թաղը, Կազարմի թաղի մեջ՝ «պադվալը», որտեղ ընտանիքի բոլոր անդամներն անհամբեր սպասում էին իններորդ երեխային:

Եվ ես առաջին անգամ ինձ ապահով ու երջանիկ զգացի:

Եվ ես առաջին անգամ զգացի արցունքներ, որ լցվեցին աչքերս:

Եվ ես առաջին անգամ մորս կրծքի տակ առավոտյան արթնացող մարդու նման շարժեցի ձեռքերս ու ոտքերս:

Իսկ մայրս, գրկելով փորը, համարյա բղավեց.

– Վա՜խ, էրեխեն խաղաց…

 

Պատմվածքը գրված է զգացողության փաստերի հիման վրա:

newmag #48

Գրել կարծիք