«Ոսկե ծիրան»-ի պատվավոր հյուրերն ու Հարություն Խաչատրյանի երկու մրցանակները

Երևան կժամանի նաև ֆրանսիացի դերասան և ռեժիսոր Պատրիկ Շենեն:

11412319_1125564217460429_4723062063911172877_n

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային 12-րդ կինոփառատոնը չի ունենա պատվավոր հյուրերի պակաս:

Երևան կժամանեն համաշխարհային կինոյի աստղեր Օռնելլա Մուտին և Նաստասյա Կինսկին: Հիմնականում եվրոպական ֆիլմերով հայտնի իտալուհի Օռնելլա Մուտին հանդես է եկել Գերմանական նոր կինոյի հայրերից մեկի` Ֆոլքեր Շլյոնդորֆի «Սվանիսերը» ֆիլմում (1982), նկարահանվել է նաև նշանավոր իտալացի ռեժիսորներ Մարկո Ֆերրերի և Դինո Րիզիի ժապավեններում: Հայ հանդիսատեսին Մուտին առավելապես ծանոթ է «Կամակոր մարդու սանձահարումը» կատակերգական ֆիլմից, որտեղ նրա խաղընկերն է Ադրիանո Չելենտանոն:

«Ոսկե ծիրան»-ի շրջանակներում տեղի կունենա Օռնելլա Մուտիի «Սվանիսերը» կինոնկարի Երևանյան պրեմիերան:

Նաստասյա Կինսկիին` մեծատաղանդ դերասան Կլաուս Կինսկիի դստերը, համաշխարհային ճանաչում բերեց Ալբերտո Լատուադայի «Եղիր, ինչպես կաս» կինոնկարը, ապա Ռոման Պոլանսկու «Ոսկե գլոբուսի» մրցանակակիր «Թես» ֆիլմը (1979): Կինսկիի մասնակցությամբ առավել հայտնի ֆիլմերից է նաև Վիմ Վենդերսի Կաննի մրցանակիր «Փարիզ, Թեքսաս»-ը:

«Ոսկե ծիրան»-ի այս տարվա հետահայաց ցուցադրությունների ծրագիրը նվիրված է Նաստասյա Կինսկիի ֆիլմերին:

Երևան կժամանի նաև ֆրանսիացի դերասան և ռեժիսոր Պատրիկ Շենեն: Փառատոնի շրջանակներում տեղի կունենա նրա մասնակցությամբ Ստեֆան Բրիզեի «Ես սիրվելու համար չեմ այստեղ» ֆիլմի պրեմիերան:

Ասուլիսի ժամանակ «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի տնօրեն Հարություն Խաչատրյանը մանրամասնեց վերջերս կայացած Մոսկվայի կինոփառատոնի շրջանակներում իրականացված «Այլևս երբեք»` Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ծրագրի և իր ստացած երկու մրցանակների մասին:

Մոսկվայի 37-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի է ունեցել հունիսի 19-ից 26-ը: ՀՀ ժողովրդական արտիստ, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը Մոսկվայի ՄԿՓ-ում հանդես է եկել որպես վավերագրական ֆիլմերի միջազգային մրցույթային ժյուրիի պատվավոր անդամ:

Փառատոնի շրջանակներում հունիսի 25-ին «Իլյուզիոն» հեղինակավոր կինոթատրոնում տեղի է ունեցել ռեժիսորի 60-ամյա հոբելյանին նվիրված ստեղծագործական երեկոն, որի ընթացքում կայացել է հանդիպում Հարություն Խաչատրյանի հետ և նրա լիամետրաժ դեբյուտի՝ «Քամին ունայնության» (1989) ֆիլմի ցուցադրությունը: Երեկոյի անակնկալներից էին ռեժիսորին հանձնված երկու մրցանակները: Մոսկվայի միջազգային կինոփառատոնը ռեժիսորին հանձնել է մրցանակ կինոարվեստի և հայ-ռուսական մշակութային համագործակցության գործում ունեցած մեծ ավանդի համար: Ռուս կինոգետների և կինոքննադատների գիլդիան Հարություն Խաչատրյանին իր հերթին պարգևատրել է հեղինակավոր «Փիղ» մրցանակով` համաշխարհային կինոյում ունեցած մեծ ավանդի և միջազգային կինոփառատոնի՝ «Ոսկե ծիրան»-ի հիմնադրման համար:

Ցուցադրության ժամանակ երեկոյի հյուրերը և կինոքննադատները հիացմունքով են ընդունել դեռևս 26 տարի առաջ ժամանակակից աշխարհի ներքին իրադրությունը զգացած և ժապավենին հանձնած ռեժիսորի «Քամին ունայնության» ֆիլմը:

«Քամին ունայնության» ֆիլմի կերպարները, որոնց ռեժիսորը հետևել և պարբերաբար նկարահանել է շուրջ 25 տարի, հանդիսանում են նրա «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» հեղինակային կինոշարքի առանձին հերոսները:

Գրել կարծիք