Ապագայի մարտաշունը՝ ռոբո՞տ

Ապագայի մարտաշունը՝ ռոբո՞տ

Չի հաչում և չի կծում՝ առաջին հայացքից անվնաս ռոբոտ-շունն անփոխարինելի օգնական է մարտական գործողություններում։

150210-boston-dynamics-jsw-950a_85f6603e079080d5464b15b59d74fb51Spot անունով չորքոտանին կարող է տեղ հասցնել զինվորների համար նախատեսված ծանր բեռը` ճարպկորեն անցնելով վտանգավոր տարածքներով:

Google-ի և Boston Dynamics-ի ներկայացրած ռոբոտ-շունը քայլում է, վազում, ցատկոտում և բարձրանում տարբեր թեքություններով: Երբ մարդը ոտքով հարվածում է նրան, արագաշարժ շունը չի ընկնում, կատարում է բարդ և արագ շարժումներ՝ հավասարակշռությունը պահպանելու համար։

Spot-ի հնարավորությունները մեծ են՝ բարձրանում է աստիճաններով, արագ տեղաշարժվում ոչ հարթ ճանապարհներով։  Google-ն անցած տարի էր գնել Պենտագոնի ամենամեծ մատակարար կառույցը՝ Boston Dynamicsը: Ընկերութունը զբաղվում է ռոբոտաշինական նախագծերով: Ենթադրվում է, որ մետաղե հսկան կարող է որոշակի աշխատանքների համար օգտագործվել մարդու համար վտանգավոր վայրերում:

Շան պտտվող, սենսորային գլուխն օգնում է կողմնորոշվել տարածքում: Հեղինակները խոստովանում են՝ այն ամենաճարպիկն է իր բոլոր կրտսեր եղբայրներից: Spot-ն իր նախորդի` WildCat ռոբոտի լրացված և նորացված տարբերակն է։ Ռոբոտ-շունը նախկինից թեթև է՝ 72.5կգ։ Ռոբոտն իր չորս ոտքերով ավելի արագ է տեղաշարժվում, քան մարդը։ Վերջավորություններին շարժում են հաղորդում հզոր հիդրավլիկ շարժիչները, որոնք սնվում են մարտկոցից։ Ռոբոտի հեղինակները չեն շտապում հարցազրույցներ տալ և ներկայացնել Spot-ի հիմնական առաքելությունը: Ամեն ինչ գաղտնի է պահվում, հաղորդվում են միայն կցկտուր տեղեկություններ: Հավանաբար, Boston Dynamics-ը ռազմական օպերացիաների մետաղական զինվոր է պատրաստում:

Boston Dynamics-ի հիմնադիր տնօրեն Մարկ Ռեյբերթը վստահեցրել է, որ Spot-ը կարող է հայտնվել այնպիսի տարածքներում, որոնք սովորական ռոբտների ու դրոնների համար անհասանելի են: Շունն առաջիկայում կզբաղվի փրկարարական և հետախուզական աշխատանքով:

Spot-ը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմերի ռազմական մեքենա։ Շատերը  պնդում են, որ այս ռոբոտի թեթև և արագ շարժումները նույնիսկ վախ են առաջացնում։ Ռոբոտն անընդհատ վերլուծում է իր դիրքը տարածության մեջ, օգտագործում բարդ հաշվարկներ՝ տարբեր իրադրություններում հավասարակշռությունը պահելու համար:

Գրել կարծիք