ՉԵՄՊԻՈՆ. Սթիվեն Ջերարդ. Լիվերպուլ, ով գա – գնա, նա` կմնա

ՉԵՄՊԻՈՆ. Սթիվեն Ջերարդ. Լիվերպուլ, ով գա – գնա, նա` կմնա

Սթիվեն Ջերարդը կարիերան ավարտելուց հետո էլ մնում է «Էնֆիլդում» ու շարունակում է մնալ լեգենդար թիմի խաղային խորհրդանիշներից մեկը:

Steven George Gerrard


Ստամբուլ, 2005: Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: «Միլանն» ու «Լիվերպուլն» այդ տարեթիվն ու պահը անջնջելի դարձրեցին: Երկու թիմերի ավագները` Պաոլո Մալդինին ու Սթիվեն Ջերարդը, խաղընկերներին ուղեկցեցին ստամբուլյան մարզադաշտի կենտրոն: Հիմնը հնչած է, տարբերանշանների խորհրդանշական փոխանակումը` կատարված: Սուլիչ, և ճակատամարտը սկսված է:

Առաջին խաղակեսից հետո Ստամբուլի կենտրոնական մարզադաշտը սկսեց դատարկվել, Մերսի գետի ափին տեղակայված քաղաքում էլ հիասթափված ֆուտբոլասերները հավանաբար անջատեցին հեռուստացույցը: Գոլեր` 1, 2, 3: Իտալացիները հենց առաջին խաղակեսում կարծես վերացնում էին հաղթողի մասին բոլոր կասկածները: Լիվերպուլցիներն ընդմիջման գնացին` պարտվելով 3-0 հաշվով:


Լիվերպուլի Այրոնսայդ թաղամասում մի փողոց կա: Անունը Հեփի է: Հենց այդ երջանիկ փողոցի տներից մեկում էլ 1980-ի մայիսի 30-ին ծնվեց Ջերարդների երկրորդ որդին` Սթիվենը: Հեփի սթրիթում մեծացած տղան ուզեր-չուզեր վարակվելու էր ֆուտբոլով: «Ֆուտբոլի հանդեպ սերը մեր թաղամասում կրոնական պաշտամունք էր: Մեր բոլորի երակներով լիվերպուլյան կարմիր արյուն է հոսում»:

Ջերարդները ամեն շաբաթ տղաների` Պոլի ու Սթիվի ձեռքը բռնում էին ու գնում «Էնֆիլդ»` լիվերպուլյան սրբավայր: «Էնֆիլդ» մարզադաշտը նրա առաջին սերն էր ու երկրորդ տունը: Արդեն մեկ տարի hաճախում էր «Լիվերպուլի» ակադեմիա: Պարապմունքներից հետո փողոցում էր փորձարկում դասերի ժամանակ սովորած հնարքները. «Մենք մի ամայի տարածք էինք գտել. այնտեղ ոչ ոք չէր գալիս, շուրջբոլորը թփուտներ էին ու աղբի կույտեր: Այդ աղբավայրը մեր «Էնֆիլդն» էր, «Գուդիսոնը» կամ «Ուեմբլին»: Մի խոսքով` դրախտ` երկրի վրա»:

Այդ գաղջ դրախտավայրում էլ կարող էր ավարտվել Սթիվեն Ջերարդի դեռ չսկսված կարիերան: Մի շաբաթ երեկո էր. բակի ընկերների հետ ֆուտբոլ էր խաղում: Մեկ էլ հայտնվեց թփերով պատված աղբակույտի մեջ:

steven-gerrard-wallpapers

«Գնդակը չէր երևում: Ես էլ որոշեցի ոտքով շոշափել ու գտնել: Ամբողջ ուժով հարվածեցի ու դժոխային ցավից ճչացի: Պատառաքաղը ծակել էր խաղակոշիկս ու խրվել ոտքիս մեջ, հասել էր ոսկորիս: Հիվանդանոցում ականջիս հասավ բժշկի ձայնը` ինֆեկցիա է անցել,  գուցե պետք լինի կտրել բութ մատը: Ես ասվածը ընկալեցի, երբ հայրիկիս բղավոցը լսեցի` ո´չ, Սթիվենը ֆուտբոլ է խաղում, չի կարելի ոչինչ հեռացնել»:

Հայրն անմիջապես զանգեց «Լիվերպուլի» ակադեմիայի տնօրենին: Սթիվեն Հայվը շտապեց հիվանդանոց` բժիշկներին արգելելու կործանել «Լիվերպուլի» ապագան. «Մի կողմից` մայրս էր ճչում, ու հայրս` բղավում, մյուս կողմից էլ՝ ակադեմիայի տնօրենն էր հոխորտում` գժվե՞լ եք, ոչ մի ամպուտացիա, փրկե՛ք տղայի ոտքը»:

Բժիշկները տեղի տվեցին: Սթիվենի ոտքից հանեցին պատառաքաղը, բայց չխոստացան, որ ամեն ինչ լավ կլինի: Մնում էր սպասել հրաշքի.

«Վիրահատությունից 5 շաբաթ անց բժիշկը բացեց վիրակապս ու ասաց` ա՜յ թե հաջողակն ես, դե´, փորձի՛ր հաջողակ ֆուտբոլիստ չդառնալ»:

Ոչ մի մերսիսայդցի չի մոռանա 1989-ի ապրիլի 15-ը: Անգլիայի գավաթի «Նոթինգհեմ Ֆորեսթ»- «Լիվերպուլ» կիսաեզրափակիչին մեկնած լիվերպուլցի երկրպագուներից 96-ն այդ օրը տուն չվերադարձան «Շենքլիից»: Հանդիպումը 6-րդ րոպեին ընդհատվեց: «Լիվերպուլի» երկրպագուների համար նախատեսված սեկցիայում հրմշտոց էր: Տրիբունայի այդ հատվածը վթարային էր: Փլուզվեց ծանրությունից. «Երբ այդ օրը լսեցինք, որ խաղի ժամանակ ինչ-որ բան է եղել, բոլորս հավաքվեցինք հեռուստացույցի առաջ: 9 տարեկան էի, շատ բան չէի հասկանում, միայն սահմռկեցուցիչ կադրերն էի նայում: Այդ գիշեր մղձավանջից աչք չփակեցի, միայն լուսադեմին քնեցի: Այն էլ առավոտ շուտ տան դուռը թակեցին»:


Անդրե Աղասի. Պատմության ամենահեղափոխական թենիսիստը

Ժոզե Մոուրինիո. Եվրոպայի ֆուտբոլի ամենակատաղած մարզիչն` այլ մոլորակից


Պապիկն էր: Տարօրինակ այց էր: Նա հարևանությամբ էր ապրում և այդ ժամին հյուր գալու սովորություն չուներ: Ընտանիքը քնաթաթախ հավաքվեց հյուրասենյակում: Հասկանալի էր, որ Հիլսբորոն հենց այնպես չի անցել Ջերարդների կողքով: 9-ամյա Սթիվիի պապիկը կիսաձայն գուժեց` Ջոն Պոլը նույնպես փլուզման զոհ է դարձել: Զարմիկը Սթիվից մեկ տարով մեծ էր. «Ամեն անգամ, երբ ժամանում եմ Էնֆիլդ, դանդաղեցնում եմ մեքենայի ընթացքը, որպեսզի հավասարվեմ «Շենքլիի» դարպասներին` Հիլսբորոյի ողբերգության զոհերի հուշաքարին: Կարդում եմ հուշատախտակի վրա գրված անունները, հայացքս կանգ է առնում մեկի վրա` Ջոն Պոլ Գիլհուլի, 10 տարեկան, Հիլսբորոյի ամենաերիտասարդ զոհը»:

Ջոն Պոլը պաշտում էր «Լիվերպուլը»: Այդ օրը նրա մայրը տոմս էր գնել որդու համար: Մի ազգական խոստացել էր փոքրիկին տանել՝ իր կուռքերին տեսնելու:

Ֆրանսիացի Ժերար Ուլիեն 1998-ին եկավ Մերսիսայդ ու լիվերպուլցիներին ծանոթացրեց «Էնֆիլդի» պատերի տակ մեծացած Սթիվեն Ջերարդի հետ: Սթիվի Ջին նոյեմբերի 29-ին առաջին անգամ խաղաց առաջին թիմի հետ. «Չեմ կարող նկարագրել` ինչ էի զգում այդ պահին: Փշաքաղվել էի ամբողջ մարմնով: Գնդակը մի քանի անգամ ինձ էլ բաժին հասավ. չգիտեի` ինչ պետք է անեմ»: Այդ օրից Սթիվենը չհեռացավ «Լիվերպուլի» հիմնական թիմից:

Հաջորդ` 1999-2000 մրցաշրջանում, Ուլիեն Ջերարդին Ռեդնապի հետ կանգնեցրեց կիսապաշտպանության գծին: Ժերար Ուլիեն 2003-ին վերջին մրցաշրջանն անցկացրեց մերսիսայդյան թիմում: Բայց գնալուց առաջ չմոռացավ ավագի թևկապը հանձնել Սթիվեն Ջերարդին. «Կան ֆուտբոլիստներ, կա Սթիվեն Ջերարդ: Սթիվին հենց «Լիվերպուլն» է, որ կա: Քաղաքի ու քաղաքի ֆուտբոլի խորհրդանիշն է: Ջերարդն օժտված է ոչ միայն ֆուտբոլային տաղանդով, այլ նաև մարդկային բարձր որակներով: Ավագ լինելու համար ֆուտբոլիստ լինելը քիչ է, նախ պետք է մարդ լինել»:

Մայքլ Օուենը հետո ինքնակենսագրականում գրեց, որ թեթևացած շունչ քաշեց, երբ Սթիվենը դարձավ ավագ: Ուսերից պատասխանատվության ծանր բեռն ընկավ: Իսկ Սթիվենը, այդ մրցաշրջանից սկսած, բացվեց վարդի պես: Կարմիր թիմում հաղթանակների սկիզբը դրված էր:

Ջերարդ-«Լիվերպուլ» սիրավեպը 2004-ին կարող էր ընդհատվել: Լոնդոնի ազնվականներին գնեց Ռոման Աբրամովիչն ու աչք դրեց մերսիսայդցիների Կարմիր ասպետի վրա: Սթիվենը երկմտեց: Բայց այդ ժամանակ «Լիվերպուլ» ժամանեց բարի դեմքով իմաստուն իսպանացին` Ռաֆայել Բենիտեսը. «Մենք «Լիվերպուլում» ծանրություն բարձրացնելու մարզումների հատուկ ծրագիր ենք մշակելու Ջերարդի համար: Առաջիկայում շատ հաղթական գավաթներ է բարձրացնելու նա: Մենք նրա շուրջը հաջողակ թիմ ենք ձևավորելու: Ես ուզում եմ, որ նա դառնա ամենատիտղոսավոր ավագը «Լիվերպուլի» պատմության մեջ»:

Մեծ Բրիտանիայի թագուհին 2006-ին Ջերարդին շնորհեց Բրիտանական կայսրության ասպետի կոչում:

Անգլիայի հյուսիս-արևմուտքում` Մերսի գետի ափին գտնվող Լիվերպուլը նավահանգստային քաղաք է: Մեծությամբ 4-րդն է Անգլիայում: Լիվերպուլցիներին հաճախ ասում են սկաուզերներ` scousers՝ տեղական կարտոֆիլային ռագուի անունով: Սկաուզ են ասում նաև լիվերպուլյան բարբառն ու հնչերանգը: Սկաուզյան լիվերպուլցիների քաղաքը մեկ էլ հայտնի է որպես Բիթլների հայրենիք: Բայց լիվերպուլյան փաբերում, այգիներում ու քաղաքի սրբավայր «Էնֆիլդի» պատերի տակ լսվում է «You Never Walk Alone»-ը: Այն ամենևին էլ լիվերպուլցի հայտնի բզեզների ռեպերտուարից չէ:

«Լիվերպուլ» ակումբի հիմնը «Կարուսել» մյուզիքլից է: Գրել է Ռոջեր Համելսթեյնը 1945-ին: Մեղեդին բրիտանական ստադիոններում հայտնվեց 1963-ին, երբ երգը կատարեց «Gerry & The Pacemakers» խումբը: Հենց այդ տարի էլ ակումբի ղեկավարությունը պաշտոնապես որոշեց՝ «Լիվերպուլը» երբեք մենակ չի քայլի. «Իմ քաղաքում մայրերը երեխաների համար օրորոցային են երգում. «You never, never walk alone»: Ամեն անգամ՝ «Էնֆիլդ» ոտք դնելիս, շշնջում եմ` չեմ թողնի, որ մենակ քայլես, իմ «Լիվերպուլ»:

promo247426502

2008 թ. դեկտեմբերի 29-ին լիվերպուլցիներն արթնացան ու թերթերի գլխագրերին չհավատացին. ձերբակալվել է «Լիվերպուլի» ավագ Սթիվեն Ջերարդը: «Նյուքասլի» հետ արտագնա խաղի էին մեկնել: Հիանալի հանդիպում անցկացրեցին Կարմիրները: 5-1 հաշվով ջախջախեցին տանտերերին: Երկու գոլ էլ Սթիվին խփեց. «Խաղից հետո ընկերներով որոշեցինք բար գնալ` հաղթանակը նշելու: Մի քիչ խմեցինք, բայց չէինք հարբել. արդեն ուզում էինք դուրս գալ, մեկ էլ մի մարդ տնկվեց մեր դիմաց, հայտարարեց, թե 89-ի Հիլսբորոն պետք է կրկնվեր մեզ հետ: Չի կարելի լիվերպուլցու մոտ նման բան ասել, հասկանո՞ւմ եք»:

Տղամարդուն տեղափոխեցին հիվանդանոց: Քիթն էր կոտրվել, կյանքին վտանգ չէր սպառնում: Սթիվենին ու ընկերներին էլ Սուսպորի ոստիկանները ուղեկցեցին բաժին: Մեկ օր պահեցին, հետո գրավով բաց թողեցին.

«Լավ արեցինք` մռութը ջարդեցինք: Հասնում էր դրան»:

Ստամբուլ, 2005: Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: Առաջին խաղակեսից հետո իտալացիները կարծես վերջ էին դրել հաղթողի մասին բոլոր խոսակցություններին: Մերսիսայդցիներն ընդմիջումից հետո խաղադաշտ դուրս եկան վերափոխված: Ռաֆայել Բենիտեսը հանդերձարանում բառ չէր ասել: Նայել էր Սթիվենին, ձեռքը դրել ուսին: Սթիվենն արդեն գիտեր` ինչ անել: Չեմպիոնների լիգայի եզրափակիչն էր, գրողը տանի, ու «Լիվերպուլը» պարտվում էր: Սթիվին Անգլիայի միակ հույսն էր. «Սկսեցի երգել մեր երգը. «Երբ գնում ես փոթորկի միջով, քայլի՛ր` գլուխդ վեր: Երբ անցնում ես խավարի միջով` քայլի՛ր` գլուխդ վեր: Փոթորկից հետո երկինքն է շողում՝ քայլի՛ր` գլուխդ վեր: Առա՛ջ` քամու տակ ու անձրևի տակ: Եվ հույսը սրտում՝ առա՛ջ անդադրում: Ու երբեք մենակ չես անցնի ճամփադ»:

«Լիվերպուլը» երկրորդ խաղակեսում պատասխան 3 գնդակ խփեց «Միլանին»: Հետխաղյա 11-մետրանոցներում էլ հաստատակամ մերսիսայդցիները չվրիպեցին: Սթիվեն Ջերարդն այդ օրը դարձավ ամենաերիտասարդ երկրորդ ավագը Դիդիե Դեշամից հետո, որը գլխավերևում պահեց չեմպիոնների լիգայի գավաթը:

2005-ի «Միլան»-«Լիվերպուլ» ստամբուլյան եզրափակիչը ֆուտբոլի պատմության ամենագեղեցիկ մրցավեճն էր: Այդ օրը Սթիվենն ու ընկերներն ապացուցեցին` անհնարինը հնարավոր է: Սթիվեն Ջերարդը «Լիվերպուլ» ակումբի պատմության մեջ մտավ որպես մեծ տրիումֆատոր: Կարմիրների ամենագեղեցիկ հաղթանակներն առանց իրենց ասպետի չէին լինի, և ամենադժվար պահերն առանց նրա շատ ավելի ծանր կլինեին: Զիդանը նրա մասին գրել է. «Մեսին ու Ռոնալդուն հանրային ուշադրության կենտրոնում են: Նրանք են համարվում աշխարհի լավագույն ֆուտբոլիստները: Բայց քանի դեռ կա Սթիվեն Ջերարդ, նա է լավագույնը լավագույնների մեջ»:

steven-gerrard_BGS

Յուրաքանչյուր թիմ ունենում է իր հերոսը. նա տեղացի է լինում, դառնում է անփոխարինելի և մնում հավատարիմ առաջնորդ: «Լիվերպուլում» ֆուտբոլիստները գալիս ու գնում են, բայց Սթիվեն Ջերարդը կարիերան ավարտելուց հետո էլ մնում է «Էնֆիլդում»: Ու հենց այդ պատճառով էլ նա իր ճամփան երբեք չի անցնի միայնակ:

Գրել կարծիք