Կիթառի փառատոնին կմասնակցեն հայտնի կիթառահարներ

Փառատոնի հյուրերն է հանրաճանաչ դասական կիթառահար, միջազգային մրցույթների դափնեկիր Դավիթ Դյակովը:

playing_guitar-wallpaper-800x600

Հուլիսի 6-ից 24-ը կկայանա Երևանյան միջազգային կիթառի առաջին փառատոնը:

Երևանի Կիթառահարների ասոցիացիայից տեղեկացնում են, որ փառատոնի նպատակն է միջազգային մակարդակի բարձրացնել Հայաստանում դասական կիթառի արվեստը: Փառատոնը հնարավորություն է տալիս հայ դասական կիթառահարներին ծանոթանալ մեր ժամանակների դասական կիթառի միջազգային դպրոցին: Հայ երիտասարդ տաղանդավոր դասական կիթառահարները հնարավորություն կունենան ունկնդրել և դասեր վերցնել այսօրվա առաջադեմ միջազգային ճանաչում ունեցող կիթառահար-պրոֆեսորների մոտ:

Փառատոնի շրջանակներում տեղի կունենան բազմաթիվ համերգներ և վարպետության դասեր Երևանի առաջնակարգ դահլիճներում: Փառատոնի հյուրերն են հանրաճանաչ դասական կիթառահար, միջազգային մրցույթների դափնեկիր Դավիթ Դյակովը (Գերմանիա/Բուլղարիա), Մոսկվայի «Կիթառի Վիրտուոզներ» միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավար, ռուսաստանի Գնեսինի անվան երաժշտական ակադեմիայի և Մոսկվայի մշակույթի պետական համալսարանի պրոֆեսոր, միջազգային մրցույթների դափնեկիր Արտյոմ Դերվոեդը (Ռուսաստան), հայտնի կոմպոզիտոր-կիթառահար, Նայմեգենի պետական համալսարանի պրոֆեսոր Ռոլֆ Ստրավերը (Նիդերլանդներ):

Փառատոնի շրջանակներում տեղի կունենան բազմաթիվ միջազգային և հայկական պրեմիերաներ: Տեղի կունենա նաև Ռոլֆ Ստրավերի «Stimmen der Vergangenheit» («Ձայներ անցյալից») կամերային ստեղծագործության միջազգային պրեմիերան, որը նվիրված է Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին՝ գրված հատուկ Ժորա Սարգսյանի համար:

Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա Կամերային երաժշտության տանը հուլիսի 6-ին, ելույթ կունենա Երևանի միջազգային կիթառի փառատոնի գեղարվեստական ղեկավար, Երևանի Կիթառահարների Ասոցիացիայի նախագահ, Գերմանիայի Վուպպերտալի Կիթառահարների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ, միջազգային մրցույթների դափնեկիր Ժորա Սարգսյանը (Հայաստան/Գերմանիա) և միջազգային մրցույթների դափնեկիր Դավիթ Դյակովը (Գերմանիա/Բուլղարիա):

Փառատոնի կազմակերպիչն է Երևանի Կիթառահարների ասոցիացիան Գերմանիայի Վուպպերտալի Կիթառահարների միջազգային ասոցիացիայի հետ համատեղ: Փառատոնի գործընկերներն են «Փյունիկ» համահայկական հիմնադրամը և «ԵրազԱրտ» հիմնադրամը:

 

Գրել կարծիք