«Գյուրջիև» համույթը ելույթ է ունեցել Նիդեռլանդներում` նվիրված Ցեղասպանության 100-ամյակին

Այս փառատոնում ներկայացվում են համաշխարհային դասական և ժամանակակից արվեստի լավագույն նմուշները:

Levon Eskenian Photo by Jan Boeve

Նիդեռլանդներում ամեն տարի անցկացվում է «Հոլանդ փառատոն» խորագրով կատարողական արվեստների ամենահին և աշխարհի ամենահեղինակավոր փառատոնը, որն այս տարի ներկայացրել է Կոմիտասի երաժշտությունը՝ այն էլ մեծ շեշտադրումով, և լայն անդրադարձ կատարել Հայոց ցեղասպանության 100-ամյակին:

Փառատոնին այս տարի մասնակցության հրավեր է ստացել նաև «Գյուրջիև» ժողովրդական նվագարանների համույթը, որը նոր է վերադարձել Հոլանդիայից, որտեղ  ելույթ է ունեցել հայտնի «Մյուզիքգեբաու» և «Պոդիում Մոզաիկ» համերգասրահներում: Համույթի գեղարվեստական ղեկավար Լևոն Իսկենյանը հանդիսատեսի համար ներկայացրել է Կոմիտասի ստեղծագործական կյանքի և նրան նվիրված նոր նախագծի մանրամասները, որը կյանքի կկոչվի առաջիկայում:

Համերգի ընթացքում հնչել են Կոմիտասի դաշնամուրային ստեղծագործությունները՝ դաշնակահարուհի Լուսինե Գրիգորյանի կատարմամբ և «Գյուրջիև» համույթի կատարմամբ նույն ստեղծագործությունները հնչել են արդեն ժողովրդական նվագարանների համար Լևոն Իսկենյանի կատարած փոխադրումները:

«Գյուրջիև» համույթի երկու համերգներն անցկացվել են լեփ-լեցուն դահլիճներում և  ընդունվել մեծ ոգևորությամբ:  «Դե Բալի» սրահում տեղի է ունեցել նաև քննարկում՝ «Հիշողության արվեստը. Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելից» խորագրով, որի ընթացքում դասախոսությամբ հանդես է եկել Ամստերդամի համալսարանի Ցեղասպանության ուսումնասիրությունների և մարդաբանության պրոֆեսոր, դոկտոր Թոն Զվանը:

Discussion at De Balie Photo by Jan Boeve

Հայոց ցեղասպանության` իրենց գործունեության վրա ունեցած ազդեցության մասին խոսել են նաև նկարիչ և պոետ Գրիգոր Մոմջյանը և ռեժիսոր Թինա Բաստաջյանը: Կոմիտասի և Գյուրջիևի գործերի կատարմամբ ներկայացել է «Գյուրջիև» համույթի գեղարվեստական ղեկավար, դաշնակահար Լևոն Իսկենյանը:

Ավելացնենք, որ համույթը և դաշնակահարուհի Լուսինե Գրիգորյանը ելույթ են ունեցել նաև Բրյուսելի «Բոզար» համերգասրահում` այն նվիրելով Ցեղասպանության 100-ամյակին:

«Հոլանդ փառատոնին» «Գյուրջիև» անսամբլի մասնակցությունն իրականացվել է ՀՀ մշակույթի նախարարության և Նիդեռլանդներում ՀՀ դեսպանության աջակցությամբ:

 

Գրել կարծիք