Խնդրում եմ եղիր նորմալ. Հայկ Քոչարյան

Խնդրում եմ եղիր նորմալ. Հայկ Քոչարյան

Առաջին լիամետրաժ ֆիլմի, Նյու Յորքի և Հայաստան վերադարձի մասին Քոչարյանի հետ խոսեցինք Մանհեթենում, 47-հարկանի շենքի պենտհաուզում:


«Ծագող հուսահատության խորաթափանց ուսումնասիրություն, որն առավել հատկանշական է գրեթե լուռ լինելով»,- գրել է New York Times-ը ռեժիսոր Հայկ Քոչարյանի «Please Be Normal» (Խնդրում եմ եղիր նորմալ) ֆիլմի մասին: Նյու Յորքում ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ մարտի 20-ին` նույն օրն ընդգրկվելով «Times Critics’ Pick» (Կինոքննադատների ընտրություն) բաժնում։
Քոչարյանը ծնվել է 1973-ին, Հայաստանում: Մեծանալով դերասանների ընտանիքում, Հայկն իր մասնագիտությունն ընտրել էր 18 տարեկանում: Նրա հայրը դերասան, ռեժիսոր Վլադիմիր Քոչարյանն է, մայրը` Սունդուկյանի անվան թատրոնի դերասան Կարինե Քոչարյանը: Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտում ուսումը սկսելուց հետո նա տեղափոխվեց Նյու Յորք և Բրուքլինի քոլեջում շարունակեց ռեժիսուրա ուսանել:
Իր կարիերան Քոչարյանը սկսել է լուսանկարչությամբ: Նյու Յորքում նա ունեցել է բազմաթիվ ցուցահանդեսներ, նաև Galerie Mourlot-ում, John Cohen և Robin Rice հանրային սրահներում: Հայկի լուսանկարներն արվել են Միացյալ Նահանգներում, Հայաստանում, Հնդկաստանում, Եթոֆպիայում և Նեպալում:
«Խնդրում եմ եղիր նորմալ» ֆիլմը Հայկի առաջին լիամետրաժ ռեժիսորական աշխատանքն է: Այն ներկայացված էր Manadnock միջազգային կինոփառատոնին, որտեղ արժանացավ «Հանդիսատեսի ընտրություն» մրցանակին: Ֆիլմը նաև մասնակցեց Հայաստանի «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնին` արժանանալով «Նուարդ» և ժյուրիի հատուկ մրցանակներին: 2014-ին ֆիլմը մրցույթից դուրս ցուցադրվել է Կաննի, Բեռլինի և American Film Market միջազգային փառատոներում:
«Խնդրում եմ եղիր նորմալ» ֆիլմը յուրահատուկ է, քանի որ գրվել է հատուկ երեք դերասանների համար` Օսկարի հավակնորդ, հանրահայտ Սեմ Վաթերսթոնի, նրա դուստր Էլիզաբեթ Վաթերսթոնի և ամուսնու` Լուիս Կանսելմի համար: Նրանք ֆիլմում մարմնավորել են հենց իրենց ընտանիքը: Ֆիլմի գաղափարը ծագել էր մոտ 4 տարի առաջ: Քոչարյանը վերջնականապես որոշում է սկսել նկարահանումները, երբ պատահաբար իմանում է, որ Էլիզաբեթը, որի մարմնավորած հերոսուհին ֆիլմում հղի է, երեխայի է սպասում:
Առաջին լիամետրաժ ֆիլմի, Նյու Յորքի և Հայաստան վերադարձի մասին Քոչարյանի հետ խոսեցինք Մանհեթենում, 47-հարկանի շենքի պենտհաուզում:

Լուսանկարչություն ու կինո
-Շատ կապակցված են երկու արվեստի տեսակները. երկուսն էլ բնականաբար վիզուալ արվեստներ են: Երկուսն էլ պատմություն են պատմում: Իմ մտածելակերպը լուսանկարչի է, այն զարգացել է հենց սկզբում: Լուսանկարչությունը և ֆիլմը միաժամանակ եմ սկսել: Ուղղակի կինոն ավելի բարդ արվեստ է, քան լուսանկարը: Ավելի շատ ժամանակ, դրամ և ինտելեկտ է պահանջում: Պետք է մի քիչ «մեծանաս», որ կարողանաս կինոյում ասելիքդ հղկել:

Նեպալի վանականները
-Նեպալում աշխատեցի բուդդիստ վանականների հետ, որոնց հետ ապրեցի մեկ ամիս: Ֆանտաստիկ աշխարհ է, որը տեսնելու հնարավորություն ունեն քչերը, մեծ ու գեղեցիկ աշխարհ է: Այնտեղ ինքդ քո մասին ավելի շատ բան ես սովորում, քան թե աշխարհի: Այդ բոլոր լուսանկարները գալիս են այստեղ` Նյու Յորք և ցուցահանդեսներ դառնում: Նեպալի ցուցահանդեսը մեծ լուսաբանում ստացավ:

Նյու Յորքը
-Նյու Յորք եկել եմ միայնակ, 18 տարեկանում: Ես միշտ երազել եմ Նյու Յորքում ապրել, Նյու Յորքում աշխատել: Երազանքս էր աշխատել որպես ռեժիսոր: Բնականաբար, ինչպես բոլոր մարդիկ, ովքեր գալիս են այստեղ, ես էլ տարբեր օրեր ապրեցի, բայց երջանիկ օրեր. չեմ ափսոսում: Ես այս քաղաքը պաշտում եմ, ես ինձ այս քաղաքում տանն եմ զգում: Իմ էությանը համապատասխանող քաղաք է: Քաղաքը նաև իր առանձին դերն է ունեցել «Խնդրում եմ եղիր նորմալ» ֆիլմում` իր աղմուկով, գույներով և ռիթմով:

«Խնդրում եմ եղիր նորմալ» ֆիլմի անվանումն ու քաստինգը
-Դերասաններին ես չգտա: Սա այն դեպքն էր, որ սցենարը գրված է` դերասաններին արդեն նկատի ունենալով: Շատ բախտավոր եմ, որ հնարավորություն ունեցա աշխատել այս տրամաչափի դերասանների հետ: Նրանք մարմնավորում էին հենց իրենց, որը շատ յուրահատուկ էներգիա ստեղծեց նկարահանման հրապարակում, և որը, կարծում եմ, արտահայտվում է ֆիլմում:
Ուզում էի մի վերնագիր դնել, որը հետաքրքրություն և հարց է առաջացնում: Ֆիլմի հերոսը փորձում է հասկանալ, թե ինչն է «նորմալ» իր կյանում, և այդ խնդիրը շատ բարդ է իր համար: Այդտեղից էլ վերնագիրը:

New York Times-ի անդրադարձը
-Շատ գոհ ենք, որ այդ որակի անդրադարձի արժանացանք: Յուրաքանչյուր ռեժիսոր, ով ֆիլմ է նկարում, ուզում է, որ իրեն ճիշտ հասկանան: Մենք ստացանք ուղղակի ֆանտաստիկ անդրադարձ. ոչ միայն դրական, այլև խորը:

Հայաստան` 20 տարի անց
-Ինձ համար շատ մեծ պատիվ էր ֆիլմը Հայաստանում ներկայացնելը: Սա ամերիկյան ֆիլմ է, ոչ ստանդարտ, ամերիկյան ֆիլմ: Ես ճիշտն ասած չգիտեի` ինչպես կընդունվի Հայաստանում: Շատ ջերմորեն ընդունվեց, և դա ինձ մեծ երջանկություն պարգևեց, որովհետև հասկացա, որ թեման ունիվերսալ է, ու յուրաքանչյուր անձնավորություն իրեն գտնում է այդ ֆիլմի մեջ: Սա իմ առաջին վերադարձն էր Հայաստան 20 տարվա մեջ: Ֆիլմով վերադառնալը, այդպիսի փառքի և ուշադրության արժանանալը շատ մեծ պատիվ է:

Ֆիլմի լռությունը
-Գլխավոր հերոսը լուռ է, որովհետև մի անելանելի դրության մեջ է: Մի կողմից ընտանիքի պատասխանատվությունն է, իսկ մյուս կողմից իր` արդեն անհնարին թվացող ռեժիսոր լինելու երազանքը: Եվ ֆիլմի լռությունը ստեղծում է ֆիլմի լարվածությունը: Իրականում ֆիլմը լուռ չէ, ֆիլմը ձայներ ունի, որոնք հերոսի ներքին և արտաքին աշխարհների սիմվոլներն են: Ֆիլմի մի հատվածում գրեթե 10 րոպե լռություն է: Երկմտում էինք` թողնե՞լ այդպես, թե՞ ոչ: Տարբեր փառատոների ժամանակ ուրախալի էր լսել ժյուրիից, որ հենց այդ 10 րոպեն որոշիչ դեր խաղաց մրցանակների արժանացնելու հարցում:

Ոճը
-Հետագայում իմ ոճը կպահպանվի, բայց անշուշտ կզարգանա: Սա իմ վիզուալ ձեռագիրն է, բայց ապագա ֆիլմերում երևի տեմպը շատ ավելի արագ կլինի: Որպես ռեժիսոր դու պետք է պատկերացում ունենաս, թե ինչ տեմպով է քո ֆիլմը շարժվելու, որովհետև ամեն ինչ դրանից է կախված: Սկսելուց առաջ դու պետք է տեմպի, կադրի, գույնի պատկերացում ունենաս, որպեսզի դերասանները պատկերացնեն, թե ինչ աշխարհ պետք է ստեղծեն հանդիսատեսի համար:

Նախագծեր
-Ես երաժշտությամբ եմ զբաղվում: Երաժշտությունն իմ կյանքի մեծ մասն է: Կիթառ եմ նվագում և երգեր եմ գրում: Հիմա աշխատում եմ նոր ալբոմի վրա, որը շուտով պատրաստ կլինի: Աշխատում եմ նոր ֆիլմի վրա, որը հուսով եմ այս տարվա վերջ կկարողանամ նկարահանել:

Հայկական կինո-հեռուստաարտադրություն
-Յուրաքանչյուր արտադրություն աճի պրոցես ունի: Սերիալները և ֆիլմերը, որոնք նկարահանվում են Հայաստանում, նույնպես: Ընդամենը 20 տարի առաջ մենք ո՛չ լույս ունեինք, ո՛չ էլ ապրելու միջոց: Հիմա արտադրություն է ստեղծվում, այդտեղ երիտասարդություն է գալիս ու սկսում աճել: Հայերը շատ տաղանդավոր ազգ են, և այդ տաղանդը միշտ եղել է և կա: Ուղղակի ֆիլմը թանկ արվեստ է:
Երբ գնացի Հայաստան, համաշխարհային որակի փառատոնի մասնակցեցի, շատ պրոֆեսիոնալներ կային: Ինտելեկտը, աշխարհայացքը, ամեն ինչ համաշխարհային մակարդակի էր: Ժամանակ է պետք, որպեսզի եղած թույլ կողմերն ամրանան: Ի տարբերություն ուրիշների` ես յուրաքանչյուր հայկական արտադրության մեջ, լինեն ֆիլմեր, թե սերիալներ, մեծ և շատ արագ զարգացում եմ տեսնում:

Հեղինակ՝ Դիանա Ասատրյան / ՆՅՈՒ ՅՈՐՔ

Գրել կարծիք