Ֆիննական արև. Արտասովոր ու տպավորիչ Հելսինկի

Ֆիննական արև. Արտասովոր ու տպավորիչ Հելսինկի

Դավիթ Դավթյանի տպավորությունները. Հելսինկիում տեսածի ու զարմացածի մասին:

– Kitooos.

Սա այն բառն է, որ հաճախ կլսես ֆիններից. նրանք շնորհակալություն են հայտնում անգամ այն ժամանակ, երբ բարևում ես, ժպտում ես: Երբ ոտք դրեցի Հելսինկի, զարմացա. տաքսու վարորդները կանգնած էին անշարժ, չէին մոտենում ու մեքենա առաջարկում: Ավելի զարմացա, երբ նրանց մեքենաները տեսա: Վերջին դասի ամենաշքեղ արտադրության մոբիլները ծառայում են որպես տարրական փոխադրամիջոց: Ֆինները վարում են կիսաթանկ մեքենա` առանց ճոխ մակնիշների: Երթևեկությունը խաղաղ է, ազդանշան երբեք չես լսի, «Նիվա»-ներ չկան, ձայնարկիչի ձայնը կողքի մեքենան չի լսի: Կարգուկանոնով ու առանց արագություն գերազանցելու՝ քաղաքացիները աշխատանքի են գնում ու վերադառնում:

Ապշեցի, երբ վարորդն ինձ խնդրեց ամրագոտին ձգել, երբ ետևում էի նստած, հետո պատմեց, որ իրենց մոտ խիստ է. իրավապահները հետևում են:

Ավտոտեսուչները: Նրանք այդպես էլ չերևացին. չեն շրջում, խախտումները ֆիքսում են տեսախցիկները: Մեքենա վարում են քչերը, ընդ որում մեծ մասը կանայք են: Նախընտրելի փոխադրամիջոցը հեծանիվն է, մանավանդ ուսանողների համար: Պետք է նրանց կայանատեղին տեսնել: Ընդ որում մարդիկ գիտեն, որ մայթին քայլելիս պետք է ձախ կողմով անցնել, մի մասը հեծանիվի համար է:

Օուլուի փողոցները մաքուր են, բայց մաքրված չեն: Սկանդինավներում եղանակը խոնավ է, օդը` սառը, անտառները` խիտ ու անաղարտ: Ֆինն ընկերս անկեղծացավ. այստեղ մեքենան չեն լվանում, կարիք չկա:

newmag 52 primt

Օուլուն Ֆինլանդիայի ոչ մեծ քաղաքներից է` ասկետիկ կենցաղով, միանման տներով ու զբաղված բնակչությամբ: Բոլորը գիտեն` երբ ինչով են զբաղվելու՝ րոպեի ճշտությամբ: Նրանք արթնանում են նախօրեին հստակեցրած ժամով, ապրում են գրաֆիկով ու գիշերում են` ունենալով հաջորդ օրվա ժամանակացույցը:

Մենք ապրում էինք Օուլուի արվարձանում մի ընտանիքի հետ: Ամուսինը երեկոյան ճաշից հետո հրավիրում էր սուրճի ու ներկայացնում վաղվա օրակարգը: Արթնանում ենք 07.36-ին, լոգանք ընդունում 8 րոպե, 6 րոպե հագնվում, նախաճաշում 10 րոպե և ուղիղ 08.00-ին դուրս ենք գալիս: Այդպես էլ լինում էր:

Տուոմո Վիպոլան բարկանում էր, երբ մեզնից որևէ մեկը մեկ րոպե անգամ ուշանում էր:

Սա նրանց կյանքն է ամեն օր ու ընդմիշտ: Երկրորդ օրը Տուոմոն ինձ տարավ՝ ֆուտբոլ դիտելու: Քաղաքների թիմերի միջև ընկերական խաղ էր, մարզադաշտը՝ կիսով չափ լիքը: Բոլորը հանդիպումը դիտում էին լուռ, առանց վանկարկումների, ուրախանալու ու զայրանալու: Ինձ համար տարօրինակ էր դա: Գոլային պահերին ես բղավում էի, ծափահարում ու հայհոյում: Հայերեն: Ամբողջ մարզադաշտում միայն ես էի ոգևորված նրանց քաղաքային թիմի խաղով: Ֆինները ֆուտբոլը դիտում էին անշարժ, անխռով, անթարթ հայացքով, ասես մտովի ուրիշ տեղ լինեին: Իմ աղմկոտ ներկայությունը ոչինչ չփոխեց նրանց հավասարակշռված կյանքում:

Ֆինները հագնվում են խայտաբղետ, ով ինչպես ցանկանում է: Բոլորը պիրսինգներ ունեն մարմնի տարբեր հատվածներում, մանավանդ աղջիկները. տղաները նախընտրում են բեղ-մորուք կամ ընչացք պահել` անսովոր ձևավորումներով: Ծխում են աղջիկները, բայց ոչ սովորական սիգարետներ: Նրանք գնում են տոպրակով թութուն, փաթաթում թղթի մեջ ու ծխում. երևի նրանից է, որ ծխախոտը թանկ է: Ընդ որում ծխախոտ գնելու համար ID քարտ է անհրաժեշտ, այլապես արգելվում է:

Արգելվում է նաև ցանկացած շինության ներսում ծխել. միայն դրսում ու ծխարաններում:

Մուրացկաններ չկան, ամեն դեպքում քաղաքի կենտրոնական փողոցներում նրանց չհանդիպեցի, բոլորը միատեսակ մարդիկ են. հագուստի ու պահվածքի տարբերություն չես նկատի, բոլորը կարծես նույն տնից լինեն:

Արձաններ գրեթե չկան, քիչ են, թանգարանում էլ ներկայացված են ոչ թե հին մետաղադրամներ կամ գործիքներ, այլ արձաններ` արջի, եղնիկի ու ֆինն առևտրականի:

newmag 52-3 primt

Ֆինլանդիայում շներ չկան, սակայն շատ են թափառական եղնիկները: Նրանք ամենուր են ու անվնաս. ավելի հաճախ փողոցներում են, մեքենաներին ողջունելով զբոսնում են ու առանց վախի շրջում. այնտեղ նրանց շատ են սիրում:

Ֆինլանդիայի զարդը Լապլանդիայում է: Սանտան` իր մեծ դղյակով, մեքենաներով ու օգնականներով: Նստած է սենյակում, ողջունում է զբոսաշրջիկներին, հարցուփորձ անում, հետո՝ անցնում աշխատանքի. նամակները պետք է կարդա ու նվերները պարկը լցնի: Եկամտաբեր գործ է:

Գրել կարծիք