House of Cards: Փոփ մշակո՞ւյթ, թե՞ հայելի

House of Cards: Փոփ մշակո՞ւյթ, թե՞ հայելի

Ի՞նչ ճանապարհով է ձեռք բերվում այդ իշխանությունը՝ Մաքիավելիի «նպատակն արդարացնում է միջոցները» հայտնի սկզբունքո՞վ, թե՞ Աստծո պատվիրաններով:

House of Cards«Քաղաքականությունը որոշում է, թե ում ձեռքում է իշխանությո՛ւնը, այլ ոչ թե ճշմարտությունը». իր մի հոդվածում գրել է հայտնի տնտեսագետ և հրապարակախոս Փոլ Կրուգմանը: Դժվար է չհամաձայնել այդ տեսակետի առաջին մասի հետ, քանի որ քաղաքականությամբ զբաղվելու հիմնական նպատակը աներկբա պետք է լինի իշխանության հասնելը: Սակայն պնդման երկրոդ մասը վիճելի է: Հարցն այն է, թե ինչ ճանապարհով է ձեռք բերվում այդ իշխանությունը՝ Մաքիավելիի «նպատակն արդարացնում է միջոցները» հայտնի սկզբունքո՞վ, թե՞ Աստծո պատվիրաններով: Սա էլ արդեն չափազանց սուբյեկտիվ է, և քաղաքական գործչի ընտրությունն է և իր խղճի թելադրանքը:

Քաղաքականության մեջ ճշմարտության բացակայության ստերեոտիպն ընկած է վերջին շրջանում չափազանց պոպուլյար դարձած House of Cards քաղաքական հեռուստասերիալի հիմքում: Հեռուստաշոուի հայտնի լինելը, որի ունկնդիր է նաև նախագահ Օբաման, թերևս կապված է այն հարցի հետ, թե որքա՞ն իրատեսական է այս քաղաքական դրաման, և մի՞թե այդքան «կեղտոտ» է այս ոլորտը: Որոշ մարդկանց համար այն նույնիսկ դարձել է քաղաքական կյանքի մասին պատկերացում կազմելու «ձեռնարկ»:

Երբ սկսում ես մտածել, թե այս ամենն իրոք կարող է իրոք արտացոլել իրականությունը, սարսափում ես, քանի որ սերիալի գլխավոր հերոս, քաղաքական գործիչ Ֆրենք Անդրվուդի համար չկան արժեքային, մարդասիրական կամ էթիկական նորմեր և սահմանափակումներ` իր նպատակին հասնելու ճանապարհին: Հերոսը չի խորշում դառնալ մարդասպան, լինել կոռուպցիոներ, ցինիկ և բարոյալքված անձնավորություն:

Անժխտելի է, որ Անդրվուդի կերպարն իրոք գոյություն ունի վաշինգտոնյան քաղաքական օլիմպոսում: Սակայն մի՞թե այդ կերպարը միակն է քաղաքական կյանքում: Հուսամ` ոչ: Չկան իդեալական գործիչներ, սակայն կան արժեքներ, իդեալներ և սկզբունքներ, որոնք սահմանազատում են չարը բարուց, սպիտակը` սևից, բարոյականն՝ անբարոյականից:  Օրինակ՝ իր նախագահության օրոք Բիլ Քլինթոնը, որին դժվար կլինի դասել սրբերի շարքին, հրաժարվեց ռմբակոծել այն վայրը, որտե գտնվում էր ահաբեկիչ Օսամա բեն Լադենը, քանի որ անմեղ զոհեր էլ շատ կլինեին: Եվ նման օրինակներ շատ են միջազգային քաղաքական կյանքում:

Քաղաքական գործիչ լինելն ի վերջո մասնագիտություն է: Հասարակական ակտիվիստը և քաղաքական գործիչը համատեղելի չեն, թեև փոխկապակցված են և կարող են փոխվել տեղերով: Սակայն գոնե ԱՄՆ-ում նրանք հստակ տարանջատված են: Եվ ինչպես յուրաքանչյուր ոլորտում, այնպես էլ այստեղ կան գիշատիչներ և զոհեր, «մաքուրներ» և »կեղտոտներ», ուժեղներ և թույլեր, խարդախներ և ճշմարտության ջատագովներ, իդեալիստներ և սառնասիրտ նյութապաշտեր: Ո՞ր ճանապարհն ընտրել. «ճաշակի հարց է»:

Իրականում այս դրաման քաղաքական զարգացումների ընդամենը մեկ սցենար է, և դա բնական է, քանի որ անգամ բազմասերիանոց շուուի շրջանակում դժվար է ընդգրկել ամբողջ քաղաքականությունն իր բոլոր դրսևորումներով: Դա այն սցենարն է, որ քաղաքական իշխանությունը քայլ առ քայլ կենտրոնանում է քաղաքական մեկ սուբյեկտի ձեռքում, և դա արտացոված է հեռուստասերիալում: Արտացոլված են նաև քաղաքական իշխանության կոնսոլիդացիայի արատավոր մեխանիզմները: Սակայն դրանք նույնպես միակը չեն:  House of Cards հեռուստասերիալը վավերագրական ֆիլմ չէ, այլ ընդամենը հետաքրքիր հեռուստաշոու, որն, իրոք, արժե դիտել՝ հատկապես հաշվի առնելով տաղանդավոր դերասանների փայլուն խաղը:

Գրել կարծիք