Ինչպես ազատվել թիթեղատուփերից

Ինչպես ազատվել թիթեղատուփերից

Ամեն ինչ թողնել ու տեղափոխվե՞լ, թե՞ մնալ տանն ու սեփական ձեռքերով լավացնել սեփական քաղաքն ու շրջապատը` օգտագործելով տեսածը:

Չգիտեմ՝ մյուս ազգերը այսպիսի տարածված ձևակերպում ունե՞ն, թե՞ ոչ, բայց ուրիշ երկրում հայտնվելով՝ շատ հայերից եմ լսել նույն հարցը՝ էստեղ կապրեի՞ր…

… Խոտի մեջ թաքնված երկաթգծով տրամվայն այնքան անձայն անցավ, որ չխանգարեց թռչունների ծլվլոցին: Տպավորություն է, որ քաղաքը ոչ թե կանաչապատված է, այլ կառուցված է անտառում… Մաքուր օդ է, գեղեցիկ է ու խաղաղ. զգայարաններս իրենց գործն են անում, իսկ ուղեղս միայն երազանքների պատառիկներ է պտտում: Քայլում եմ եվրոպական շքեղ քաղաքով, ենթագիտակցորեն համեմատում ու փորձում պատասխանել՝ կուզե՞մ արդյոք այս՝ թիթիզ ամսագրերում տեսած սիրուն տան պատուհանի մյուս կողմում լինել. արթնանանալ, սիրել, զբոսնել, աշխատել ու շփվել այստեղ, ինչպես ֆիլմերում ու ուրիշ քաղաքում:

Հենց այդ ժամանակ միտքս ճյուղավորվում է. հարցերը, ինչպես ցուցահանդես լցվող չինացի զբոսաշրջիկները, իրար հետևից լցվում են գլուխս.

  • ինչո՞ւ եմ ես նախանձում էս քաղաքի բնակիչներին,
  • ինչո՞ւ իմ քաղաքն էդպիսին չի,
  • ինչո՞ւ էս քաղաքում չեմ ապրում,
  • ամեն ինչ թողնել ու տեղափոխվե՞լ,
  • թե՞ մնալ տանն ու սեփական ձեռքերով լավացնել սեփական քաղաքն ու շրջապատը` օգտագործելով տեսածը.
  • իսկ ի՞նչ կլինի, եթե տարբեր քաղաքներով թափառեմ այնքան, մինչև դրանք բոլորը իմը դառնան…

Բայց երբ շուրջս այսքան գեղեցիկ է, ուղեղս չի ուզում տանջվել, խուսափում է պատասխաններից: Նման հարցերի պատասխանները բազմապատկման աղյուսակի պես պարզ են թվում, բայց ես դրանց առաջ ինձ զգում եմ առաջինդասարանցի: Ինձ արդարացնելու համար մտածում եմ՝ երևի ամեն մեկն այս հարցերի համար պատասխանի ի´ր տարբերակն ունի՝ ամեն մեկը իր ապացույցներով, զգացողությամբ ու տերմիններով… Օրինակ՝ արտագաղթ։



Պարզ ու ակնհայտ թվացող հարցերի իմ մշուշոտ ու սուշիի ափսեի պես տափակ պատասխանները մի տեսակ չարացնում են ինձ. գուցե դա ավելին չտեսնելու-չհասկանալու անկարողությունից է:

Դեռ մի կես ժամ ունեմ այս օտար քաղաքում քայլելու համար։ Ժպտում եմ հեծանվորդի հայացքին ի պատասխան, բայց տխրելու օբյեկտ եմ փնտրում: Ուզում եմ մտնել հեռախոսիս մեջ ու ինչ-որ անիմաստ թարմացումներ անել, միայն թե ազատվեմ տպավորութունից, թե ոտքերիցս պահածոների դատարկ մետաղե բանկաներ են կապել: Ախր այնքա՜ն գեղեցիկ է այս քաղաքը, ու այնքա՜ն բարեկիրթ են դրա բնակիչները…

… Օգնության են գալիս «Instagram»-ն ու հույսը, որ ինչ-որ մեկը բարի կհեգնի դրանք like-ով։ Ավելին, մի օր ինչ-որ ցուցասրահում մեծ տպագրությամբ կցուցադրվի այդ ֆոտոն, որը հենց նոր արեցի։

Ապագայում, երբ լրագրողներ հավաքվեն իմ երևանյան ֆոտոցուցահանդեսին, ու երբ մի խճճված ու պաթետիկ հարց տան` շամպայնը կում անելով որպես հնարավորին չափ պարզ պատասխան ստանալու նախանշան, կասեմ հետևյալը.

– Գիտե՞ք, ես շատ երկրներում ու քաղաքներում եմ եղել: Դրանք, ինչպես մարդիկ, տարբեր են՝ ամեն մեկն իր յուրահատկություններով ու նմանություններով… Ու ինչպես մարդկանց, մեկին սիրում ես, մյուսի կողքով՝ ուղղակի անցնում, երրորդի դեմքն էլ չես ուզում տեսնել։ Քաղաքների դեպքում, ինչպես մարդկանց հետ շփվելիս, սերը գուցե բթանա, տհաճությունը հետաքրքրություն դառնա… Ի՞նչ իմանամ՝ ում կսիրեմ, ում հետ կընկերանամ, ումից կխուսափեմ։ «Էստեղ կապրեի՞ր» հարցն էլ նույնն է, թե սիրելի կին ունեցող տղամարդուն հարցնեն՝ փողոցով անցնող այս գեղեցկուհուն կսիրեի՞ր…

Էսպես առկախված ու սուշիի ամանի պես տափակ թվացող տեքստերով կպատասխանեմ լրագրողներին:

Բայց փաստորեն ապագա ցուցահանդեսի ֆոյեում ապագայի լրագրողներին տալիք այս ապագա պատասխանով ուղեղս գտավ հարցի լուծումը: Գուցե մաքուր օդից էր, թռչունների ծլվլոցից ու նրանից, որ նոր քաղաքում քայլելիս, ինչպես ինչ-որ մեկի՝ նոր մարդու հետ շփվելիս, անկախ ամեն ինչից, ավելի իմաստնանում ես…

Գրել կարծիք