ՉԵՄՊԻՈՆ. Իկեր Կասիլաս. Մադրիդի սուրբը

ՉԵՄՊԻՈՆ. Իկեր Կասիլաս. Մադրիդի սուրբը

Աշխարհի թիվ 1 դարպասապահի՝ Իկեր Կասիլիասի մասին՝ ամեն ինչ տեղին փոխանցումներով:

2012-ի դեկտեմբերի 22-ին «Ռեալի» տարեվերջյան հանդիպումն էր «Մալագայի» հետ: «Ռեալի» սուպերմենը դարպասին կանգնած չէր: Իկերը վերջին 10 տարվա ընթացքում առաջին անգամ պահեստայինների նստարանից է հետևում խաղին: Ժոզե Մոուրինիո. «Եվ ի՞նչ. ե՛ս եմ որոշողը։ Այդպես էր պետք, այդպես էլ արել եմ: Իմ ղեկավարած թիմում, ինձնից բացի, մշտականի կարգավիճակ ուրիշ ոչ ոք չի կարող ունենալ»:

Պարոն Յուրահատուկի էքսպերիմենտը վատ ավարտ ունեցավ: «Ռեալը» 3-2 հաշվով պարտվեց «Մալագային»: Հաջորդ խաղը «Ռեալը» նորից սկսեց առանց Իկերի: Բայց Ադանը այդ խաղում հեռացվեց, Ժոզեն ստիպված էր նայել Իկերի կողմը: Փոխարինում: Մադրիդիստները հանգստացած շունչ քաշեցին. Իկերն իր դարպասի առջև է: Մոուրինիոյին ներեց ու վերապրեց: Եկավ Պապա Կարլոն։ Իկերը նոր պատերազմ սկսեց նոր մարզչի հետ….

iker casillas

1981 թվականի գարունն էր. անձրևոտ եղանակ էր: Կասիլաս-Ֆերնանդես ընտանիքը սպասում էր առաջնեկին: Մարի Կարմենը դուստր էր ցանկանում, Խոսե Լուիսը՝ որդի:

Մի առավոտ Մարի Կարմենը գնաց մանկական խանութ: Աչքն ընկավ փոքրիկի կոշիկներին: Տղայի համար էր: Գնեց: Վաճառողն էլ համոզեց. «Տիկի՛ն, որդի եք ունենալու, և նա ֆուտբոլիստ է դառնալու»: Մարի Կարմենը տխրեց ու շտապ դուրս եկավ խանութից: «Տղա՞, այն էլ ֆուտբոլի՞ստ»: Չէ՛, ինքն աղջիկ է ունենալու, որը ֆուտբոլ չի սիրելու իր պես:

Առաջնեկի անունը վաղուց էին որոշել: Եթե աղջիկ ծնվեր, անվանելու էին Իկերն, տղա՝ նույն անվան արական տարբերակը՝ Իկեր:

Իկեր՝ իսպանացիների ամենասիրելի անունն է, նշանակում է «ավետաբեր»:

1981-ի մայիսի 20-ին Մարի Կարմենն ու Խոսե Լուիսը լսեցին անդրանիկ որդու ծննդյան ավետիսը:

Կասիլաս-Ֆերնանդես ընտանիքում ամենաերջանիկը Խոսե Լուիսն էր: Հենց Իկերը սկսեց քայլել, ոտքը գնդակին մեկնեց:

Ու կիրակի չէր լինում, որ «Խուան Միրո» դպրոցի խաղահրապարակում հայր ու տղա ֆուտբոլ չխաղային: Իկերը դարպասից այն կողմ չէր գնում։ Որոշված էր՝ Կասիլասը դարպասապահ է դառնալու և ամենահուսալին ու ամենանվիրվածն է լինելու:

«Մի զույգ ձեռնոց ունեի. հորաքույրս էր նվիրել։ Ամառձմեռ դարպասապահի այդ ձեռնոցներով էի շրջում: Դպրոց գնալիս էլ առանց լացելու չէի բաժանվում իմ ձեռնոցներից»:

1990-ի սեպտեմբերին Իկերին «Ռեալի» ակադեմիայից փորձաշրջանի հրավեր ուղարկեցին: Իրեն դրսևորեց ամենալավ կողմերով, տուն եկավ ու հեռախոսից այն կողմ չգնաց:

«Երբ ավարտվեցին փորձնական խաղերը, «Ռեալում» ասացին, որ կզանգեն: Ամիսներ անցան այդ դժոխային սպասման մեջ: «Ռեալից» զանգը հնչեց 1991-ի հունվարի 12-ին: Ասացին, որ ես դեռ շատ փոքր եմ, չեն կարող ինձ ընդունել: Խոստացան մի քանի ամսից նորից կանչել փորձաշրջանի:

Փակվեցի սենյակումս ու մի լավ լացեցի»:

Այդպես էլ եղավ. մի քանի ամսից «Ռեալից» նորից զանգեցին: Իկերին հրավիրեցին Trofeo Social: Արքայական ակումբի մանկապատանեկան ակադեմիան էր: Կասիլասն անցավ «Ռեալի» բոլոր փոքր ու մեծ թիմերով ու 1998-1999 մրցաշրջանում հասավ առաջին կազմ՝ իսկական «Ռեալ»: Նրան թույլ տվեցին չորեքշաբթի և ուրբաթ օրերին մարզվել սերուցքայինների աստղերի հետ:8

«Մոստոլեսում մեր տունը հեռու էր «Ռեալի» մարզաբազայից: 3 տրանսպորտ էի փոխում. ավտոբուսով հասնում էի կայարան, հետո գնացքով՝ Մադրիդ ու մետրոյով՝ մարզաբազա: Ուժասպառ անող ճանապարհ էր: Բայց ես երազանքիս հետևից էի գնում. պետք լիներ՝ «Ռեալ» տանող ճանապարհին օդանավ էլ կբարձրանայի, նավ էլ կնստեի»:

Իկերը «Ռեալի» հիմնական կազմի հետ առաջին անգամ օդանավ բարձրացավ և երկրից դուրս եկավ 1999-ին: Լոս բլանկոները մեկնեցին Տոկիո՝ միջմայրցամաքային գավաթի ետևից: Իկեր Կասիլասը թիմին միացավ որպես երրորդ պահեստային դարպասապահ: Եզրափակիչը «Վասկո դա Գամայի» հետ էր:

2000-ի մայիսի 24-ն էր: Ֆրանսիական «Ստադ դե Ֆրանսում» չեմպիոնների լիգայի եզրափակիչն էր:Խաղադաշտում երկու իսպանական գրանդներն էին՝ «Ռեալն» ու «Վալենսիան»: Չեմպիոնների լիգայի պատմության մեջ առաջին անգամ էր, որ ֆինալում էին հայտնվել նույն երկիրը ներկայացնող երկու թիմեր: Արքայականների առաջին գոլը Մորիենտեսը խփեց: Չղջիկներին հետո անհանգստացրեց Մաքմանամանը: Վերջակետը դրեց Ռաուլը: «Ռեալը» 2000-ին դարձավ Եվրոպայի չեմպիոն: Իկերը եվրոպական գլխավոր մրցաշարի հաղթողի տիտղոսը նվաճած ամենաերիտասարդ դարպասապահն էր:

«Ծնունդիցս 4 օր էր անցել, բայց իմ ամենակարևոր նվերն էր: Երբեք չեմ մոռանա՝ հանդերձարանում Ռաուլը մոտեցավ, ձեռքը դրեց ուսիս ու ասաց՝ սա էլ քեզ նվեր, փոքրի՛կ»:

Ֆերնանդո Իերո. «Շատ անճաշակն էր պստոն: Դպրոցական ժակետ էր հագնում ու մարզական կոշիկներ, տաբատի ու վերնաշապիկի մասին հիշել չեմ էլ ուզում»։

Իկեր Կասիլաս. «Ճանապարհի վրա շատ էի ժամանակ ու փող ծախսում, մինչև հասնում էի Բերնաբեու: Մի օր Իերոն իմացավ, որ մետրոյով, գնացքով ու ավտոբուսով եմ տուն հասնելու, գրպանից 5000 պեսետ հանեց, ասաց՝ տաքսիով կգնաս, պստո՛: Չէի ուզում վերցնել, ստիպեց։ Բայց տաքսիով չգնացի։ Փողը պահեցի, որ «Ռեալի» հավաքույթների համար նորմալ շոր գնեմ: Թե չէ հոգիս հանում էին»:

Real Madrid's goalkeeper Casillas celebrates his team's second goal against Barcelona during their Spanish Supercup first leg soccer match in Madrid

Կասիլասը նոր կոստյումը հագավ 2002-ի մայիսին՝ չեմպիոնների լիգայի եզրափակիչից հետո, արդեն որպես լիարժեք տրիումֆատոր: Չեմպիոնների լիգայից մադրիդցիները տուն վերադարձան թե չէ, Կասիլասը նորից մեկնեց: Այս անգամ ազգային հավաքականի հետ՝ 2002-ի մունդիալին: Այդ առաջնությունից Իկերը վերադարձավ ավելի փորձառու ու սեփական ուժերին ավելի վստահ ֆուտբոլիստ, ինչն էլ ցուցադրեց «Եվրո-2004»-ին: Եվրոպայի այդ առաջնության ժամանակ Կասիլասն ընդամենը 4 գոլ բաց թողեց: «Եվրո-2008»-ին Իսպանիայի դարպասն արդեն անմատչելի էր: 2010, աշխարհի առաջնություն, Հարավաֆրիկյան Հանրապետություն: Իսպանացիները սկսեցին Շվեյցարիայից ու հենց սկզբում պարտվեցին:

Հավաքականի 1-ին համարին անտիհերոս ճանաչեցին: Կասիլասին մեղադրեցին անուշադրության ու սիրահարվածության մեջ:

Սառա Կարբոներոն ուղիղ եթերում մեկնաբանում էր աշխարհի առաջնությունը: Գուցե Սառան էր պատճառը, որ Կասիլիասը 2010-ի աշխարհի առաջնությանը ֆանտաստիկ խաղ ցուցադրեց: Շվեյցարիայից հետո մի անգամ էլ Չիլիից գնդակ բաց թողեց, ու վերջ: Եզրափակիչ: Իսպանիա-Հոլանդիա: Գոլ՝ Անդրես Ինիեստա: Եվրոպայի չեմպիոն Իսպանիան նաև աշխարհի չեմպիոն է: Ուրախությունը Սան Իկերը չկարողացավ զսպել: Իրենից հարցազրույց վերցնող ընկերուհուն ուղիղ եթերում անսպասելի համբուրեց: Ճանաչվեց առաջնության լավագույն դարպասապահը, «Ոսկե ձեռնոց» մրցանակը ստացավ և գեղեցկուհի Սառայի ձեռքը բռնեց ու տուն տարավ:

«Սուրբ» անվանումը իսպանացիները նրան հենց սկզբից տվեցին: 2002-ի՝ Իռլանդիայի դեմ հերոսական խաղից հետո: Թվաց՝ Մադրիդի սրբությանը ոչ ոք չի դիպչի: Բայց միայն թվաց:

«Թվում է՝ հենց ճակատագիրս է իմ դեմ Անվստահություն, վնասվածք, նորից անվստահություն»:

2013-ը սկսեց Ժոզե Մոուրինիոյի հետ խորացված հակամարտությամբ ու անսապսելի վնասվածքով: Գրեթե 8 ամիս տևեց ապաքինումը: Ամռանը Պարոն Յուրահատուկը գնաց։ Եկավ Պապա Կարլոն, ու ամեն ինչ նորից սկսվեց: Անչելոտին որոշեց, որ Իկերը «Ռեալի» դարպասը կպաշտպանի միայն չեմպիոնների լիգայի խաղերում: Լա Լիգայում իտալացին նախապատվությունը տվեց երկրորդ դարպասապահ Դիեգո Լոպեսին:

Կարլո Անչելոտի. «Իմ ղեկավարած «Ռեալում» ֆավորիտներ չկան: Եթե ֆուտբոլիստը լավ մարզավիճակում չէ, ով ուզում է լինի, թեկուզ Հիսուս, կդառնա պահեստային»:

Ամեն ինչ այնքան վատ չէր լինի, եթե Սերխիո Ռամոսը մի քիչ նուրբ լիներ: Սեպտեմբերին սերուցքայինները Ստամբուլ մեկնեցին՝ «Գալաթասարայի» դեմ չեմպիոնների լիգայի առաջին հանդիպումն անցկացնելու: Իկերը հունվարի 24-ից հետո առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ, ու չար բախտը թիմակցի տեսքով փորձանք բերեց գլխին: Ռամոսի հետ բախումը ճակատագրական էր։

twisp-100712-06.ss_full

Մադրիդցիները Իկերին մոռացան ու թուրքերին հաղթեցին 6-1 հաշվով: Իսկ Ռամոսը «Թվիթերում» գրեց. «Ինչ-որ մեկը կցանկանար ինձ սպանե՞լ»: Իսկ «Ռեալում» ու նրա պատերից դուրս սկսեցին խոսել՝ Իկերը հեռանում է, Իկերին կծախեն, Իկերին կգնեն: Իկերը կմնա՞: Ինչո՞ւ, ինչպե՞ս, ե՞րբ:

«Ես չեմ պատրաստվում հեռանալ «Մադրիդից»: Ես կվերանվաճեմ իմ տեղը: Ես հավատում եմ»:

Ու նա «Սանտյագո Բերնաբեուին» նորից շարունակում է ստիպել երկրպագել իրեն: Ահա թե ինչպես. կատվի թռիչք է կատարում, գնդակը մատների ծայրով դուրս է բերում, բառացիորեն հրաշքով փրկում է թագավորական թիմը, գլուխը խոնարհում ու թաքուն հպարտությամբ լսում. «Muchas gracias, San Iker»:

 

 

Գրել կարծիք