Ցանցարձակում. ինտերնետը` TV հեղաշրջման հարթակ

Ցանցարձակում. ինտերնետը` TV հեղաշրջման հարթակ

Այն, ինչ արվում է ինտերնետ TV հարթակում, պարզապես կարելի է հեղափոխություն անվանել։

Internet-TVԱնընդհատ հայտնվող ու չքացող լրատվական և անհատական կայքերը, ֆեյսբուքյան էջերը բացել են մեր մեդիայի հնարավորությունները, ազատագրել են նախկինում խիստ կաղապարված ու կարծրատիպային ոճավորումների մեջ ամփոփված լրագրությունը և լրագրողական պահպանողական մտածելակերպը, երբ հաճախ լավագույն հոդվածը համարվում էր գեղեցկախոսությունն ու գեղեցկագրությունը` համեմված համարձակախոսության որոշակի չափաբաժնով։  Ուրախ եմ, որ նոր սերնդի լրագրողները հաղթահարել են այդ կարծրատիպը։

Լրագրողական միտքն իսկապես ազատագրվել է իշխանություններից վախեցած կամ սեփականատիրական տարբեր շահեր ներկայացնող խմբագրի զսպող գրչից։ Որքան էլ քննադատենք այդ կայքերը՝ նկատի ունենալով դրանցում հայտնվող հրապարակումների որակը, մի բան ակնհայտ է. արագընթաց լրատվության՝ «այս պահին», «հենց հիմա», «հրատապ» հոսքերը կոտրել են տպագիր մամուլի ու ավանդական հեռարձակման վերահսկողության կապանքները։

Այն, ինչ արվում է ինտերնետ TV հարթակում, պարզապես կարելի է հեղափոխություն անվանել։ Տարիներ առաջ, երբ ես սկսեցի ինտերնետ TV-ի առաջին փորձերը, մարդիկ թերահավատ էին։ Ասում էին՝ ո՞վ է նայելու, ինչո՞ւ պետք է այդ դանդաղ բացվող էջում տեսանյութ դիտեն, երբ կարելի է նստել հեռուստացույցի առջև և առանց ջանք գործադրելու դիտել ցանկացած հաղորդում։ Ես հակաճառում էի, ասում էի՝ այսօր դանդաղ է՝ հինգ տարի հետո շատ արագ է լինելու, և տարբերություն չի լինելու։ Եվ հետո, երբ կա հետաքրքիր հաղորդում, ինչո՞ւ պետք է այն մատուցել միայն կարդալու և լսելու համար:

Չպետք է սահմանափակել լրատվություն սպառող մարդու հնարավորությունները։ Մարդ ուզում է նաև տեսնել, թե ինչ է հաղորդում «Ազատություն»-ը։ «Ազատություն TV»-ի YouTube-ի ալիքը ամեն ամիս 3 միլիոն մարդ է դիտում։ Ես տեսնում եմ նաև, որ մեծ առաջընթաց են արձանագրում տեղական ինտերնետ TV հեռարձակողները, օրինակ` «Սիվիլնեթ»-ը, 1in.am-ը, A1plus-ը և մյուսները։ Այսօր երիտասարդ մարդկանց մեծ մասը օրն անցկացնում է համակարգչի առջև կամ աչքերը հառած սմարթֆոնին։ Մյուս կողմից, մենք տեսնում ենք նաև նոր սերնդի հեռուստատեսության՝ այսպես կոչված սմարթ TV-ների լայն տարածումը։ Սմարթ TV-ն ներկայացնում է միանգամայն նոր միտում,  TV հեռարձակման սերտաճում ինտերնետ TV-ի հետ, երբ ծրագրային բովանդակությունը ընտրում է ոչ թե հեռարձակողը, այլ անհատ հեռուստադիտողը։ Ցանկացած սմարթ TV-ով այսօր կարելի է դիտել ինտերնետ TV հեռարձակողների ծրագրերը, նաև «Ազատություն TV»-ի լրատվական ծրագրերը։

Ավանդական, անալոգային հեռարձակողները փաթեթավորում են սովորաբար հանրային կարևորություն ներկայացնող իրադարձությունը, ամփոփում այն հեռուստատեսային էկրանին, արկղի մեջ։ Գրաքննության բացակայության դեպքում հեռուստաալիքը հեռուստադիտողին հնարավորություն է տալիս ուղիղ հետևել իրադարձությանը, բայց նույնիսկ այդ դեպքում դիտակետը հաճախ անշարժ է լինում, սահմանափակում է իրադարձությանը, իրադարձության մասնակիցներին հետևելու հնարավորությունները։

Դրան հակառակ՝ ինտերնետ TV-ն անընդհատ շարժվող, իրադարձության հետ քայլող մեդիա է։ Տեսախցիկի շարժունակությունն անսահմանափակ է։ Այն կարող է քայլել, բարձրանալ, մագլցել, իջնել, հետևել իրադարձության ընթացքին, մասնակիցներին, իրադարձության ականատեսներին։

Ինտերնետ TV-ն դիտողին փոխադրում է իրադարձության վայր, հնարավորություն է տալիս շփվել հազարավոր այլ մարդկանց հետ, որոնք նույնպես դիտում են ուղիղ, մեկնաբանում են, կարծիք են հայտնում այդ իրադարձության մասին։ Հենց սա է մեդիահեղափոխության առանցքը ՝ ոչ միայն հեռարձակողի և դիտողի միջև ինտերակտիվ կապի ստեղծում, այլ նաև դիտողների միջև փոխադարձ կենդանի կապի ապահովում, միմյանց հետ զրուցելու, հարաբերվելու հնարավորություն։ Հաճախ տեսնում եմ, որ մեր ինտերնետ TV հեռարձակողները փակում են զրուցարանը, չաթը։ Դա շատ սխալ քայլ է։ Պետք է բացել զրուցարանի բոլոր հնարավորությունները և ռեսուրսներ տրամադրել վիրավորանք պարունակող մեկնաբանությունները հանելու նպատակով։ Չպետք է վախենալ դիտողից, պետք է աշխատել ամեն գնով պահել նրան կայքում։

Ինտերնետ TV-ն մեդիայի այն տեսակն է, որը կարել է համարել մասնակցային։ Ավանդական հեռուստաէկրանը հետադարձ կապի հնարավորություն չի տալիս և ամենակարևորը՝ հեռուստադիտողներին հնարավորություն չի տալիս շփվել միմյանց հետ։ Այլ բան է ինտերնետ TV-ն։  Ինտերնետ TV-ի էկրանի հարևանությամբ բացվում է այսպես կոչված չաթը, կամ եթե հայերեն ասենք՝ զրուցարանը, որտեղ մարդիկ հարյուրավոր մեկնաբանություններ են թողնում և իսկապես դառնում իրադարձության մասնակից։

Մենք չգիտենք, թե ուր կարող են տանել ինտերնետ TV-ի հնարավորությունները, բայց ակնհայտ է, որ դիտողի հետ շփվելն ու հարաբերվելը, դիտողների միջև կապ ստեղծելը այն ուղին է, որը անսահման հնարավորություններ է բացում մեդիայի առջև։ «Ազատություն TV»-ն այս առումով շատ մեծ քայլեր է կատարել Հայաստանում, և մեզ այժմ հետևում են այլ կայքեր, նաև ոչ ընդդիմադիր հայտնի հեռարձակողներ։ Մենք զգում ենք մեր մրցակիցների շունչը։ Մենք չենք մրցում տեղական լրատվամիջոցների հետ, բայց նրանք մրցում են մեզ հետ։ Դա մեզ շատ է ուրախացնում, դա նշանակում է, որ մենք նպաստում ենք Հայաստանի մեդիադաշտի զարգացմանը։

 

Հեղինակ՝ Հրայր Թամրազյան (Չեխիա)

Գրել կարծիք