Դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն ներկա կլինի «Ռեքվիեմի» արցախյան պրեմիերային

Դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն ներկա կլինի «Ռեքվիեմի» արցախյան պրեմիերային

Ջանլուկա Մարչիանոն այն 4 դիրիժորներից մեկն է, ովքեր 2015թ. ապրիլի 24-ին ղեկավարել են «24/04» համաշխարհային նվագախմբի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը ոգեկոչող համերգը։

Maestro

Իտալացի անվանի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն սեպտեմբերի 1-ին ներկա կլինի Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունենալիք Ջուզեպե Վերդիի «Ռեքվիեմի» արցախյան պրեմիերային: Ջանլուկա Մարչիանոն Արցախ է ժամանում ՀՀ առաջին տիկնոջ հրավերով։ Մաեստրոն մեծապես կարևորում է «Ռեքվիեմի» արցախյան պրեմիերան, քանի որ մշակութային այդ միջոցառմանը բոլորին կհամախմբի համաշխարհային լեզուն՝ երաժշտությունը՝ աշխարհին խաղաղության կոչ անելով։

Ջանլուկա Մարչիանոն նշում է, որ Արցախ այցելելով՝ մտավախություն չունի, թե հայտնվելու Ադրբեջանի սև ցուցակում։ «Սեպտեմբերի 1-ին կայանալիք նախագիծը մշակույթի միջոցով խոսում է խաղաղության մասին, և շատ ուրախ եմ մասը կազմել այդ միջոցառման։ Ինձ չեն կարող հետ կանգնեցնել ինչ-որ քաղաքական հարցեր։ Սա հենց այնպիսի մշակութային ծրագիր է, որը կոչ է անում բացել սահմանները, ապրել խաղաղությամբ, և ոչ մի արտիստ, կարծում եմ՝ նման միջոցառումներից հետ չի կանգնի»,- նշում է մաեստրոն։

Ջանլուկա Մարչիանոն այն 4 դիրիժորներից մեկն է, ովքեր 2015թ. ապրիլի 24-ին ղեկավարել են «24/04» համաշխարհային նվագախմբի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը ոգեկոչող համերգը։ Լրագրողների հերցին՝ չի՞ անհանգստանում արդյոք խնդիրներ ունենալ Թուրքիայի հետ, հրավերներ չստանալ այդ երկրից, դիրիժորն ընդգծում է, որ ինքը կմտահոգվեր, եթե ֆինանսական հարցերն ու կարիերան դասեր ավելի վեր, քան մարդկային հարաբերություններն ու գեղարվեստական արժեքները. «Քանի որ ես նման դիրքորոշում չունեմ, չեմ վախեցել ելույթ ունենալ Ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող համերգին, լինելու եմ նաև Ղարաբաղում: Եթե որևէ երկիր ինձ հետ խնդիր ունի, քանի որ ես՝ որպես արտիստ, կողմ եմ խաղաղությանը, ապա դա տվյալ պետության խնդիրն է և ոչ թե իմ»։

Ջանլուկա Մարչիանոն նշեց նաև, որ նոյեմբերի 14-ին Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում հանդես է գալու Երևանում՝ ներկայացնելով Մալերի 1-ին սիմֆոնիան։ Նա նաև նկատում է, որ ծանոթ է հայ կոմպոզիտորների ստեղծագործություններին և ներկայացրել է դրանցից մի քանիսը։ «Երազանքս է կատարել Արամ Խաչատրյանի 2-րդ սիմֆոնիան։ Իմ պլաններում է կատարել հայ կոմպոզիտորների գործերը ոչ միայն Հայաստանում, այլև դրսում»,- ասաց Ջանլուկա Մարչիանոն։

Գրել կարծիք