ՍԵՓԱԿԱՆ ՓՈՐՁՈՎ. Ժայռացատկ

ՍԵՓԱԿԱՆ ՓՈՐՁՈՎ. Ժայռացատկ

Տիգրան Զարեյանը հասցրել է մագլցել 32-հարկանի շենքի պատուհաններն ի վեր, լողալով կտրել-անցնել Սևանը արևելքից արևմուտք, այրվել հնոցում՝ 4000 C, չբացվող պարաշյուտով ընկնել 8000մ բարձրությունից. սեփական փորձով:

Կռահեցի՞ք՝ որտեղ եմ գտնվում: Իսկ եթե ավելի ուշադի՞ր նայեք: Սրանք այն լողափերն են, որոնք տեսել ենք միայն ամռանը, երբ մարդաշատ են, և պառկելու տեղ չկա: Այժմ խոր աշուն է, ու լողափերում մարդ չկա: Ավելին, այստեղ ամեն ինչ շատ տխուր է և լքված: Դժվար է պատկերացնել, որ Քոբուլեթիի 10-կիլոմետրանոց և օր ու գիշեր արթուն հանգստյան գոտին կարող է մի քանի օրում վերածվել անմարդաբնակ ափի:

Այժմ չկա հարյուրավոր սրճարաններից ու հազարավոր կրպակներից գոնե մեկը: Թախծոտ ու մի փոքր էլ տխուր թողնում եմ փոքրիկ գյուղաքաղաքն ու ճանապարհվում, ինչպես տեղացիներն են ասում, Կովկասի Մայամի: Բաթում կամ հազար ազգերի մայրաքաղաք: Այստեղ ապրում են հայեր, վրացիներ, թուրքեր, ղազախներ ու ադրբեջանցիներ: Վերջին 5-6 տարում փոխվել են քաղաքի դիմագծերը, ու այն այժմ նմանվում է եվրոպական փոքրիկ քաղաքներին:

newmag#4447

Երկու բան պետք է անեմ այստեղ. նախ՝ պետք է սովորեմ արագընթաց մոտորանավակ վարել ու դրանով պետք է հասնեմ Սարբի` հսկայական ժայռից ծով նետվելու համար: «Ցատկ ժայռից». այսպես է կոչվում սպորտաձևը, որը բազմաթիվ կյանքեր է խլել: Բայց մինչև այդ նախ հարկավոր է վարել տարածաշրջանի ամենաարագընթաց մոտորանավակը: Հենց սա պետք է վարեմ: Տերն ասում է, որ այն միակն է ոչ միայն Վրաստանում, այլ նաև տարածաշրջանում:



Դուրս ենք գալիս բաց ծով: Ալիքների վրայով 100 կմ/ժ արագությամբ սլացքը հավասարազոր է ցամաքով 300-ով ընթանալուն: Մոտորանավակի տերը ցույց է տալիս արագացման ու արգելակման սեղմակներն ու ղեկը հանձնում ինձ: Նման արագընթաց մոտորանավակով ընդհանրապես 30-40 րոպե է տևում Բաթումից Սարբի, սակայն, քանի որ ես փորձառու վարորդ չեմ, ճանապարհը կարողանում եմ անցնել մեկուկես ժամում: Մոտենում ենք ափին, ու նավի տերը խնդրում է, որ ղեկը զիջեմ իրեն: Ու բացի այդ՝ ասում է, որ լավ կամ հմուտ նավավարորդ դժվար դառնամ, որովհետև շատ արագ եմ արգելակում, ինչը չի կարելի:

Ահա այն ժայռը, որի գագաթից պետք է ցատկեմ: Մայրամուտը մոտ է, ու հարկավոր է շտապել, որ հասցնեմ մագլցել ժայռը: Եղանակը ցրտաշունչ է, ու մարդիկ բաճկոններով են: Բոլոր անցորդները խորհուրդ են տալիս չցատկել: Նախ՝ վտանգավոր բարձրություն է, ու բացի այդ` ծովի ջուրը սառն է: Չի բացառվում, որ ջրում հայտնվելուց հետո մկաններս ձգվեն, ու չկարողանամ լողալ: 25- 30 մետր բարձրությունն այնքան էլ քիչ չէ: Գուցե հեռվից պատկերն այլ է, բայց երբ կանգնած ես անդունդի եզրին, զգում ես մահվան ֆիզիկական ներկայությունը քեզնից վար:

newmag#47

Տեսնելով, որ փորձում եմ ցատկել, ժայռի մյուս կողմում հայտնված ծերուկ ձկնորսը մոտենում է ու սկսում քաջալերել: Ասում է` հարկավոր է կանգնել ժայռի պռնկին ու հնարավորին չափ հեռու նետվել` առափնյա քարերին չծեփվելու համար: Ոչ մի կերպ չեմ կարողանում վախը հաղթահարել: Ոտքերս կարծես գամվում են ժայռին, ու չեմ համարձակվում նետվել: Ու բացի այդ՝ ավելի է ցրտում: Սկսում եմ դողալ: Ամեն անգամ մոտենում եմ ժայռի ծայրին, ու թվում է, թե այս անգամ կստացվի, բայց ո՛չ: Նստում եմ շունչս տեղը բերելու ու հոգեբանական արգելքը հաղթահարելու համար: Մի քանի րոպե անց վերջին անգամ մոտենում եմ ժայռի եզրին, խորը շունչ քաշում ու ամբողջ ուժով նետվում առաջ:

Գրել կարծիք