[ «Ջազզվե». Պատմություն-5 ] «Ախր ո՞նց քնես ընկերոջդ հետ»

[ «Ջազզվե». Պատմություն-5 ] «Ախր ո՞նց քնես ընկերոջդ հետ»

Այն ինչ լսել եք ու մտապահել, այն ինչ ամեն անգամ «Ջազզվե» այցելելիս կարող եք տեսնել, մեր էջերում այդ պատմությունները դարձել են արձակ գործեր: Հերթական պատմությունը երկու մտերիմ ընկերների հարաբերությունների մասին է:

Ինչպես գրեթե ամեն օր, այդ երեկո նույնպես կինը և տղամարդը «Ջազզվե» սրճարանում  էին: Կինը «Ջազզվե»-ի շոկոլադով խմորեղենն էր ավարտում, իսկ տղամարդը սուրճ էր խմում, ծխում ու վերլուծում նախորդ օրը դիտած ֆիլմը:

Բան չունեմ ասելու,- ասում  էր տղամարդը,- լավ ֆիլմ էր, բայց ինձ դուր չեկավ հրեշի փոխաբերությունը: Էդ ընդհանրացումը, ֆիլմին հավելյալ իմաստ, «ուրիշ շերտ» հաղորդելու ճիգը ինձ խանգարում էին…

–  Հա՞:

Կինը` Անահիտը, մտքով ուրիշ տեղ էր: Ֆիլմի մասին տղամարդու դատողությունները սահում-անցնում  էին նրա ականջների կողքով: Ժամանակ առ ժամանակ նա արձագանքում էր ինչ-որ հարցով կամ ձայնարկությամբ, որպեսզի Մեսրոպը գլխի չընկնի, որ իր միտքը ուրիշ բանով է զբաղված: Բայց հանկարծ նրա մտազբաղ հայացքը փոխվեց, և դեմքին վճռականություն հայտնվեց:

– Լսիր, Մեսրո՛պ, մենք պետք է բաժանվենք:

Բաժանվե՞նք,– զարմացած հարցրեց Մեսրոպը:

Հա,- ասաց Անահիտը, ժպտաց, ապա ավելացրեց.- դե՛, հասկանում ես՝ ինչ եմ ասում: Լավ կլինի, որ մի որոշ ժամանակ չհանդիպենք: Ուզում եմ անձնական կյանքս… Դե՛, հասկացար…

Լավ,- ժպտաց Մեսրոպը,-  թող այդպես լինի, բայց քանի որ «բաժանվում» ենք, մեզ կարող ենք թույլ տալ մի-մի հատ էլ շոկոլադով խմորեղեն ուտելու շռայլությունը:

Անահիտը ծիծաղեց և գլխով հավանության նշան տվեց: Մեսրոպը ձեռքը բարձրացրեց և իրենց սեղանի մոտ հրավիրեց մատուցողուհուն:

Արդեն տասնհինգ տարի կլիներ, ինչ Անահիտը և Մեսրոպը անբաժան ընկերներ էին: Այդ ընթացքում Մեսրոպը հասցրել էր երկու անգամ ամուսնանալ և բաժանվել,  երեխա ունենալ, իսկ Անահիտը՝ երեք սիրեկան փոխել և կարճատև սիրային արկածներ ունենալ: Անփոփոխ էր մնում միայն նրանց ընկերությունը: Նրանք միասին էին աշխատում, միասին էին անցկացնում իրենց ազատ ժամանակը: Միասին գնում էին գրքերի շնորհանդեսների, թատրոն, կինո, ցուցահանդես, իսկ երբ տանն էին լինում, սրճարանում կամ աշխատավայրում կիսատ թողած զրույցը շարունակում էին հեռախոսով:

Աշխատակիցները, բարեկամները, ընկերները՝ բոլոր նրանք, ովքեր նրանց միասին տեսել էին, կարծում էին, թե նրանց միջև սիրային կապ կա: Ո՞ր կինը  կամ տղամարդը կմնար նրանց կողքին: Որոշ ժամանակ անց Մեսրոպի կինը կամ Անահիտի սիրեկանը սկսում էին նեղսրտել, ձանձրանալ, խանդել, և դա ավարտվում էր ապահարզանով:

Անահիտը տուն մտավ անկումային տրամադրությամբ և սառնարանի ամբողջ պարունակությունը խժռելու անզուսպ ցանկությամբ, բայց  սառնարանի դուռը բացելով՝   տեսավ, որ պատրաստի ոչինչ չկա:  «Եվ ի՞նչ ստացար,– ինքն իրեն հարց էր տալիս Անահիտը,- կորցրիր միակ ընկերոջդ, միակ մարդուն, որն իսկապես թանկ ու հարազատ է քեզ, որ միշտ կողքիդ է եղել…»

Պայուսակի միջից լսվեց հեռախոսի զանգի ձայնը: Անահիտը շտապեց դեպի պայուսակը. կարծում էր, որ Մեսրոպն է զանգում: Պարզվեց՝ քույրն է: Անահիտը անջատեց զանգի ձայնը: Ոչ մեկի հետ խոսելու ցանկություն չուներ և հատկապես քրոջ հետ, որովհետև հենց նա էր Անահիտի գլուխը մտցրել, թե Մեսրոպի հետ ընկերությունը խանգարում է կարգավորել իր անձնական կյանքը:

Անահիտը լոգանք ընդունեց, պառկեց անկողնուն և սկսեց արտասվել: «Բան չկա ասելու, լավ կարգավորեցիր անձնական կյանքդ»,- ինքն իրեն ծաղրում էր Անահիտը:

Մեսրոպը հեռախոսը ձեռքին ետ ու առաջ էր քայլում իր բնակարանում: Վերջապես Անահիտին զանգելու որոշումը ընդունելով՝ կանգնեց, թեև դեռ չէր պատկերացնում, թե ինչ է ասելու: Մտավ ստացված և ուղարկված զանգերի բաժինը: Հեռախոսազանգերի բաժնում միայն Անահիտի անունն էր: Գուցե իսկապես ճի՞շտ էին իր կանայք, Անահիտի սիրեկանները և, ի վերջո, Անահիտը, գուցե իսկապես իրենց ընկերության մեջ անառողջ մի բա՞ն կա, որն Անահիտին ու իրեն խանգարում է կազմակերպել իրենց անձնական կյանքը:

Մեսրոպը փլվեց բազմոցին ու ծխախոտ վառեց: Նա իրեն մեղավոր էր զգում, որ թեկուզ ակամա, բայց թույլ չի տվել, որ ընկերը կարգավորի իր անձնական կյանքը։ Հանուն Անահիտի նա շատ բան էր զոհել և պատրաստ էր էլի զոհողություններ անել, իսկ հիմա մտածում էր՝ գուցե պարտավոր էր հանուն ընկերության կազմակերպե՞լ նրա անձնական կյանքը ու այդպիսով՝ նաև իրենը, բայց Անահիտի հետ մարմնական մերձեցման միտքն անգամ նրան հրեշավոր էր թվում։ Մեսրոպն ընդհանրապես չէր պատկերացնում, թե ինչպես կարող է այդ առաջարկով մոտենալ Անահիտին կամ նման բան ակնարկել։  «Ախր ո՞նց քնես ընկերոջդ հետ»,- մտածում էր՝ ծխի քուլաներ արտաշնչելով։

Հաջորդ օրը՝ առավոտյան, նրանք հանդիպեցին խմբագրության խոհանոցում՝ սուրճի սեղանի շուրջ: Նրանք իրար հետ չխոսեցին: Անահիտը կարծում էր, որ Մեսրոպը նեղացել է իրենից և ամաչում էր նախորդ օրվա առաջարկի համար, իսկ Մեսրոպը չէր ուզում խախտել իրենց պայմանավորվածությունը: Նա համարում էր, որ եթե Անահիտն է առաջարկել դադարացնել իրենց շփումը, ապա Անահիտն էլ պետք է վերականգնի:

Նրանց տարօրինակ պահվածքը չվրիպեց աշխատակիցների և ընկերների աչքից: Նրանք, ովքեր մինչև այդ մյուսներին համոզում էին, թե Անահիտի ու Մեսրոպի միջև սիրային կապ չկա, քանի որ սիրային կապը չի կարող այդքան երկարատև ու առանց գժտությունների լինել, այժմ եզրակացրեցին, որ նրանց միջև, այնուամենայնիվ, սիրային կապ կար։

«Ջազզվե»-ում նույնպես զգացվում էր Անահիտի ու Մեսրոպի բացակայությունը։ Ընկերները ամեն օր, երբեմն օրվա մեջ մի քանի անգամ այցելում էին սրճարան, և  այդ սովորությունից ունեին նույնպիսի կախվածություն, ինչպես իրենց ընկերությունից։ Բայց հիմա երկուսն էլ գիտակցաբար շրջանցում էին «Ջազզվե»-ն, որովհետև այն իրենց ընկերության մասն էր, և մտնել այնտեղ նշանակում էր ցանկանալ վերականգնել անցյալը։

Անահիտի ու Մեսրոպի բաժանումից ութ օր էր անցել: Այդ օրերի ընթացքում նրանք շփվել էին միայն աշխատանքի բերումով, երբ ինչ-որ բան ճշտելու կարիք էր լինում: Ութերորդ  օրը Անահիտն իր հոդվածը սովորականից շուտ ավարտեց: Նա անշտապ հագավ վերարկուն և քայլեց դեպի դուռը: Դռան մոտ կանգնեց, նայեց Մեսրոպի կողմը: Նա սևեռուն հայացքով նայում էր իր համակարգչին, ասես չէր էլ նկատել, որ ինքը գնում է:

«Ջազզվե»-ի մոտով անցնելիս կանգ առավ: Հիշեց, թե ինչքան շատ ժամանակ են անցկացրել ինքն ու Մեսրոպն այնտեղ: Եթե աշխատանքից հետո «Ջազզվե» չէին մտնում, երկար չէին զրուցում, օրվա վերջում կիսատության, թերիության զգացում էր ունենում, ասես ինչ-որ շատ կարևոր բան պիտի աներ ու չի արել: Փորձեց մտաբերել, թե եղե՞լ է մի դեպք, որ առանց Մեսրոպի մտնի «Ջազզվե»: Չկարողացավ: «Բայց մի քիչ շա՞տ չի, որ ընկերոջդ կորցնես ու «Ջազվե»-ից էլ զրկվես»,- մտածեց ու մտավ սրճարան։ Քայլեց դեպի անկյունում դրված սեղանը, որի մոտ հաճախ էին նստում:

Երբ հայացքը մենյուից բարձրացրեց, տեսավ անվստահ քայլերով իրեն մոտեցող Մեսրոպին: Մի շաբաթ շարունակ հոգու վրա ծանրացած ճնշող զգացողությունը չքացավ: Ժպտաց Մեսրոպի անվստահ քայլվածքի վրա ու ձեռքով նշան արեց, որ ավելի արագ մոտենա: Մեսրոպի դեմքին նույնպես ժպիտ հայտնվեց:

Գիտե՞ս, թե ինչ էի մտածում էսօր,– Անահիտի դիմաց նստելով՝ ասաց Մեսրոպը այնպես, կարծես չէր եղել մի շաբաթ առաջվա խոսակցությունը, չէր եղել որոշ ժամանակ չշփվելու որոշումը,- էդ ֆիլմը պետք ա նորից նայել, հնարավոր ա` ես սխալ տպավորություն եմ ստացել…

Այդ օրը Անահիտն ու Մեսրոպը սովորականից երկար նստեցին սրճարանում: Երբ սրճարանից դուրս էին գալիս, երկուսի մոտ էլ նույն՝ լիարժեքության զգացում էր:

Գրել կարծիք