[ «Ջազզվե». Պատմություն-6 ] «Ների՛ր ինձ, խնդրում եմ»

[ «Ջազզվե». Պատմություն-6 ] «Ների՛ր ինձ, խնդրում եմ»

Աննան ու Վռամը սիրում են իրար խելագարի պես, իսկ 12 տարվա համատեղ կյանքն ու մեկ քայլով հրաժեշտի որոշումը բաժանում է նրանց առհավետ:

Աննան այս կյանքում երկու սեր ուներ՝ կինոն և ռեժիսոր Վռամ Երանյանը։ Կինոն սիրում էր մասնագիտության բերումով, իսկ Վռամ Երանյանին՝ բախտի բերմամբ։ Ճիշտ է, երբեմն թվում էր նրան, որ ոչ թե բախտի բերմամբ, այլ ճակատագրի թելադրանքով է սիրում, սակայն միայն երբեմն: Հիմնականում Աննան երջանիկ էր և չէր պատկերացնում իր կյանքն առանց Վռամի ու կինոյի։

Նրանք ծանոթացել էին ՆՓԱԿ-ում կազմակերպվող կինոդիտումներին։ Այն ժամանակ Վռամը ռեժիսորական առաջին փորձերն էր անում, իսկ Աննան դեռ կինոգիտություն էր սովորում Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում։ Սկզբում պարզապես հանդիպում էին ՆՓԱԿ-ում, հետո սկսեցին քննարկել ֆիլմերը, որ դիտում էին: Մի օր էլ Վռամն ասաց. «Վաղը «Ոսկե ծիրանի» բացումն է, կգա՞ս՝ իրար հետ գնանք»։

Առաջին «Ոսկե ծիրանն» էր։ Աննան երբեք չի մոռանա ո՛չ բացման օրը, ո՛չ հաջորդող վեց օրերը։ Քաղաքում թևածում էր տոնը։ Կինոյի այնպիսի լեգենդներ էին ժամանել Հայաստան, որոնց նա հույս չուներ երբևէ տեսնել իր աչքով։ Ինքն ու Վռամը կանգնած էին կարմիր գորգը եզերող ցանկապատի մոտ և նայում էին, թե ինչպես են անվանի հյուրերը բարձր ծափահարությունների ներքո անցնում կարմիր գորգով։ Աննայի տեսքն այնքան տոնական էր ու փառատոնային, այնքան սազական այդ կարմիր գորգին, որ եթե հնչեր իր անունը, ու իրեն հրավիրեին անցնել կարմիր գորգի վրայով, ո՛չ ինքը կզարմանար, ո՛չ էլ որևէ մեկը։ Բայց ինքն ու Վռամը կարմիր գորգի վրա ոտք դրեցին միայն այն ժամանակ, երբ բոլոր անվանի հյուրերն անցել էին, լռել էր հաղորդավարի ձայնը, և հասարակ մահկանացուներին թույլ էր տրվել մտնել ներս:

Ու չնայած իրենց անունը չհնչեց, ծափեր չհնչեցին, և իրենք այդ ճանապարհն անցան բազմության հետ, մեկ է, Վռամի հետ կարմիր գորգով քայլելու մեջ երբևէ չապրած խորհրդավոր հպարտություն ու հաճույք կար։ Այդ հպարտությունն Աննան զգաց նաև կինոդահլիճի մուտքի մոտ, որտեղ խմբված մարդիկ փորձում էին համոզել հսկիչ կանանց, որ իրենց ներս թողնեն, իսկ սրանք կատաղի դիմադրություն էին ցույց տալիս՝ բղավելով, որ մուտքը միայն հրավիրատոմսերով է։ Գործը հասել էր քաշքշուկի ու փոխադարձ վիրավորանքների։ Իսկական պատերազմ էր հսկիչ կանանց ու դահլիճ ներխուժել ցանկացողների միջև։ Սակայն հսկիչ կնոջը մեկնած՝ Վռամի հրավիրատոմսը զորեց բացել այն դուռը, որն անտարբեր էր լայն զանգվածների պահանջի ու ցասման առջև։ Աննան երբեք չի մոռանա Համո Բեկնազարյանի «Նամուսը», որն առաջն անգամ էր դիտում, իրենցից մի ամբողջ դար ապրած մարդկանց խոշոր աչքերը, սերը, ցանկությունը…

«Ոսկե ծիրանի» հաջորդ օրերին իր և Վռամի հարաբերություները զարգանում էին սրընթաց կերպով։ Վեց օր՝ առավոտից մինչև ուշ երեկո, ինքն ու Վռամը միասին էին։ Բոլոր ֆիլմերի համար Վռամը չէր կարողացել հրավիրատոմս ճարել, և այդ օրերի ընթացքում ստացվեց նաև այնպես, որ իրենք էլ բախումներ ունեցան հսկիչ կանանց հետ։ Հսկիչներին խաբելով, նրանց ուշադրությունը շեղելով, զանազան այլ հնարքներով գաղտագողի դահլիճ սողոսկելը, տրոփող սրտով մթության մեջ ազատ նստարան գտնելը, այդքան երկար մութ դահլիճում էկրանի թրթռացող լույսի տակ կողք կողքի նստելը, բազուկներով երբեմն հպվելը, միմյանց մարմինների հոտը զգալը, ֆիլմերի ընդմիջումներին «Ջազզվեում» նստելը, սրճելը, փառատոնային օրվա ավարտից հետո գիշերային թափառումները փողոցներով, ընկերների հետ խմելը… Այդ ամենը չէր կարող անհետևանք անցնել։ Սակայն նրանց տեսանկյունից ճիշտ կլինի օգտագործել «ապարդյուն» և «արդյունք» բառերը, քանի որ այդ արդյունքին նրանք երկուսով ձգտում էին վեց օր շարունակ… «Ոսկե ծրանի» փակման օրը ընկերներից մեկի տանը Աննան տրվեց Վռամին։

Հաջորդ՝ երկրորդ «Ոսկե ծիրանին» Աննան ու Վռամը ձեռք ձեռքի տված անցան կարմիր գորգի վրայով։ Վռամի նկարած ֆիլմը ընդգրկել էին փառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագիր։ Աննան իր հերթին մի հոյակապ գրախոսություն էր գրել ֆիլմի մասին, որով տրվեց նրա կինոգիտական կարիերայի մեկնարկը։ Այդ տարի նրանց հրավիրեցին հյուրասիրության, որը փառատոնի տնօրինությունը կազմակերպել էր օտարերկրյա և հայ կինոգործիչների համար։ Հրաշալի երեկո էր հրաշալի մարդկանց հետ, որոնցից փչում էր ազատության շունչը։ Սակայն այդ տարի Աննան արձանագրեց նաև, որ անցած տարվա համեմատ քիչ ֆիլմեր էին նայել և ավելի շատ դեսերտներ փորձել «Ջազզվե» սրճարանում։ Եվ դա բնական էր, որովհետև կինոթատրոնի շենքում գտնվող սրճարանում ազատ ժամանակ հայտնաբերելու դեպքում ոտը կախ էին գցում անվանի ռեժիսորները, համաշխարհային մեծության աստղերը, որոնց հետ շփվելը կամ որոնց պարզապես կողքի սեղանից հետևելը նույնպիսի հաճույք էր, ինչպես նրանց ֆիլմերը դիտելը։

Աննայի ու Վռամի սերը հասունանում էր գինու պես դանդաղ, Աննայի հարաբերություններն իր ծնողների հետ թթվում ու քացախանում էին։ Հայրն ու մայրը սկզբում ուրախացան, որ իրենց աղջիկը լավ ընկեր ունի՝ լավ ընտանքից, որ իրենց սպասում են ուրախալի իրադարձություններ՝ նշան, պսակ, թոռների ծնունդ։ Բայց շուտով տեսան, որ Վռամն ու Աննան չեն շտապում մոտեցնել այդ իրադարձություները, և Աննայի հայրական տանը սկսվեցին տհաճ խոսակցություները։

– Ինչո՞ւ էդ տղան չի գալիս, խնդրում ինձնից քո ձեռքը մեր հայկական ադաթով,– նեղսրտում էր հայրը։

Մայրն աննրբանկատ դատողություններ էր անում, վիրավորական հարցեր տալիս։ Միայն այն, որ այդ հարցերը տալիս էր մայրը, բավական էր, որ ինքը երբեք դրանք չտա Վռամին։ Արդարացումները, որ նա բերում էր իր ծնողների համար, իրեն հիմնավոր ու բավարար էին թվում։ Եվ որքան ծնողները փորձում էին իրեն պոկել Վռամից, այնքան նա ավելի ամուր էր կառչում նրանից։

Սակայն այն պահից, երբ ծնողները հաշտվեցին իրականության հետ ու դադարեցին անհանգստացնել Աննային, այդ հարցերը սկսեցին նրա´ն տանջել: Իսկ տեղի ունեցավ դա տասներկու տարի անց, երբ Աննան դարձավ երեսունյոթ տարեկան։ Նա հանկարծ շրջվեց ու նայեց իր ապրած կյանքին. կինո, բոհեմ, հետաքրքիր, ազատամիտ մարդիկ, գրողներ, նկարիչներ, արշավներ, նկարահանումներ, ուղևորություններ, հաճելի մթնոլորտում անկացրած բազմաթիվ ժամեր, օրեր, տարիներ, բայց… Ոչ մի էական գործ, ոչ մի մնայուն բան՝ ո՛չ աշխատանքի մեջ, ո՛չ անձնական կյանքում։

Տասներկու տարեկան. ճիշտ «Ոսկե ծիրանի» տարիքին էր իրենց սերը։ Տասներկու տարի Վռամը նրա կողքին էր… Չէ՛, տասներկու տարի էր, ինչ ինքն էր Վռամի կողքին ու պտտվում էր նրա շուրջը արբանյակի պես։ Նա այնքան էր ծնողներին ասել, որ ընտանիքն ու երեխան բնավ ամենակարևորը չեն կնոջ կյանքում, որ սկսել էր հավատալ դրան։ Հիմա էլ այդպես էր կարծում։ Հերքել դա կնշանակեր ժխտել ապրած կյանքը։ Սակայն նա նաև միշտ համարել էր, որ հարաբերությունները պետք է նպաստեն մարդկանց հոգևոր աճին, մղեն սխրանքների և հաջողություն բերեն։ Մինչդեռ երբ նայում էր իրենց հարաբերություններին, զգում էր, որ դրանք իրեն ոչինչ չեն տվել, ոչնչի չեն մղել և շատ բաներից հետ են գցել։

Բնականաբար, Աննայի ու Վռամի՝ ամբողջությամբ կինոյի վրա խարսխված սիրո մեջ «Ոսկե ծիրանը» առանցքային դեր ուներ: Տարվա ընթացքում լինում էին նաև այլ կինոփառատոներ ու կինոյին առնչվող միջոցառումներ, ցուցադրություններ և քննարկումներ, բայց «Ոսկե ծիրանը» յուրատեսակ հաշվետվության պահ էր, երբ իրենք ստուգում էին իրենց ձեռքբերումները և իրենց սիրո վիճակը։ Վռամն ամեն տարի ներկայացնում էր առնվազն մի աշխատանք, մինչդեռ Աննան զգում էր, որ իր մասնագիտական ասպարեզում առաջընթաց չի արձանագրել։ Մի կողմից` գրախոսությունը չի կարող նույնքան նշանակալից լինել, որքան ստեղծագործությունը, որի մասին այն խոսում է։ Մյուս կողմից՝ Աննան զգում էր, որ թերանում է աշխատասիրության առումով։ Նա բավարար ժամանակ չէր հատկացնում ընթերցանությանն ու ինքնակրթությանը, պարզապես որովհետև չուներ այդ ժամանակը։ Նրա ժամանակը ամբողջությամբ պատկանում էր Վռամին ու բոհեմին։ Եվ այդպես տարեցտարի մարդիկ մոռացան, որ Աննան կինոքննադատ է, սկսեցին վերաբերվել նրան որպես կինոռեժիսոր Վռամ Երանյանի մտերմուհու ու մուսայի։ Չի կարելի ասել, թե այդ դերը Աննային շատ տհաճ էր, բայց նա կցանկանար մուսայից ավելին լինել։

Որքան գեղեցիկ, եթերային ու վեհ էր Աննայի ու Վռամի սերը, այնքան ավելի կենցաղային ու ստորաքարշ մտքեր էին աճում այդ սիրո նկուղում։ Աննան հաճախ իրեն բռնում էր այն մտքի վրա, որ Վռամի հաջողություններն իրեն չեն երջանկացնում առաջվա պես, հակառակը, տխրեցնում են։ Ամեն մի նոր հաջողությամբ Վռամն ասես հեռանում էր իրենից։ Իսկ ինքը, անվերջ նրա շուրջ պտտվելով, ասես փորձում էր հասնել հետևից, բռնել, կառչել։

12-րդ «Ոսկե ծիրանի» վեցերորդ օրն էր։ Աննան տխուր նստած էր «Ջազզվեում»։ Այդ տարի ոչ մի ֆիլմ չէր նայել։ Ամեն օր եկել, նստել էր «Ջազզվեում», շփվել ընկերների հետ, նայել հայտնիներին, սպասել Վռամին։ Բացման օրը Վռամը մենակ գնաց բացումից հետո կազմակերպված բանկետին՝ պատճառաբանելով, թե կազմակերպիչները միայն մի հոգու հրավիրատոմս են տվել։ Սակայն Աննան հիմնավոր կասկածներ ուներ, որ մենակ այս դեպքում նշանակում է ոչ թե անպայմանորեն մենակ, այլ պարզապես առանց իրեն։ Կանացի ամենատես աչքը մտերմության նշաններ էր նկատել Վռամի ու նրա վերջին ֆիլմում նկարահանվող երիտասարդ դերասանուհու միջև։ Աննան չէր ուզում մտածել այդ մասին. դա նրան որքան ցավոտ, նույնքան էլ կանխատեսելի էր թվում։

Բաժանվելուց առաջ Վռամն ու Աննան պայմանավորվել էին հանդիպել հաջորդ օրը՝ առավոտյան, «Ջազզվեում»։ Աննան հաջորդ օրը եկել ու նստել էր սրճարանում, մինչև օրվա ավարտը սպասել Վռամին։ Այդ օրն այնքան էր սուրճ խմել, որ գիշերը վատացավ, ինչպես ալկոհոլային թունավորման դեպքում է լինում։ Հաջորդ օրը՝ առավոտյան, Աննան նորից գնաց «Ջազզվե» ու նորից սպասեց մինչև երեկո՝ աչքը կինոթատրոնի դռանը, որ նկատի Վռամին։ Հույս ուներ, որ գոնե իր իսկ ֆիլմի ցուցադրությանը կգա, բայց չեկավ։ Աննայի զանգերին չէր պատասխանում, միայն մի անգամ շփոթի մեջ ասաց. «Շատ զբաղված եմ, հենց ազատվեմ, կզանգեմ քեզ»։

Ամեն ինչ այնքան պարզունակ էր ու գռեհիկ, որ Աննան պարզապես զզվում էր Վռամից, զզվում էր իր անցյալից, այդ տափակ մարդուն նվիրած իր տարիներից։ Զարմանում էր, որ նախկինում Վռամի տաղանդի մասին մեծ կարծիքի էր։ Տաղանդավոր մարդը պիտի կարողանա գեղեցիկ ու ինքնատիպ ձևով բաժանվել։

Աննան իրեն զգում էր, ինչպես մի նավ՝ նավաբեկությունից հետո։ Կյանքը տանուլ տված խաղամոլի պես։ Ու էլի այս տեսակ կերպարներ էին հառնում նրա մտապատկերում ամեն անգամ, երբ մտածում էր ինքն իր մասին։ Նա զգում էր, որ իրեն ցավ է պատճառում ոչ միայն Վռամի մասին մտածելը, այլև կինոյի, և աշխատում էր չմտածել։ Իհարկե, գիտեր, թե այս տարի ինչ հայտնիներ էին գալու փառատոնին, բայց դա նրան չէր հուզում։ «Որ հայտնի են, ի՞նչ,- մտածում էր,- ի՞նչ գիտենք, թե քանի հոգու կյանք են կերել, քանիսին են ոչնչացրել իրենց կյանքում»։ «Ջազզվեում»՝ կողքի սեղանին, աստղաբույլ էր նստած։ Աննան նրանց նայում էր անթաքույց քամահրանքով։ Աննան քիչ- քիչ հեռանում էր այդ ամենց՝ կինոյից, բոհեմից, կյանքից…

Արդեն մեխանիկորեն, առանց սպասման նայում էր կինոթատրոնի դռանը, երբ անծանոթ տղամարդը քաշեց աթոռն ու ինչ-որ բան հարցրեց։ Տղամարդն անգլերեն էր խոսում, բայց այդ պատճառով չէր, որ Աննան ուշ գլխի ընկավ՝ ինչ է ասում։ Նա մտքերով այլ տեղ էր, և սկզբում թվաց, թե աթոռն է պետք տղամարդուն՝ կողքի սեղանին միանալու համար։ Աննան գլխով համաձայնության նշան արեց և շատ զարմացավ, երբ տղամարդը նստեց իր դիմաց։ Օտարերկրացի տղամարդը սկզբում ճշտեց՝ խոսո՞ւմ է արդյոք Աննան անգլերեն, ապա երկար և ուշադիր նայեց նրա աչքերի մեջ ու ժպտաց։

– Վեց օր է՝ նայում եմ Ձեզ,– ասաց տղամարդը։

Աննան նրան նայում էր վերացած հայացքով՝ փորձելով կռահել ազգությունը, և մտածում, որ եվրոպացիները բոլորը նման են իրար։ Հավանաբար նրանք էլ մեզ են նմանեցնում, ասենք, վրացիներին, թուրքերին, քրդերին։

– Դուք շատ յուրօրինակ արտաքին ունեք,- ասաց տղամարդը,– և շատ յուրօրինակ դիմախաղ։ Լավ, ասեմ՝ ինչու եմ Ձեզ անհանգստացնում։ Անունս Լարս է, կինոռեժիսոր եմ։ Կուզեի նկարահանել Ձեզ։

– Ես դերասանուհի չեմ,– ասաց Աննան։

– Ինձ չի հետաքրքրում Ձեր կրթությունը. ես տեսնում եմ Ձեր դեմքը, և դա բավական է,- ասաց տղամարդը.- եթե Ձեզ հետաքրքրում է առաջարկը, վաղը՝ ժամը տասներկուսին, լանչի եմ հրավիրում «Գոլդեն թյուլիպ» հյուրանոց, որպեսզի պրոդյուսերի հետ քննարկենք պայմանները։ Դա շատ ժամանակ չի խլի։

Ապա տղամարդը ոտքի ելավ, սեղանին դրեց իր այցեքարտը և, քաղաքավարի հրաժեշտ տալով, հեռացավ։

Թեպետ այցեքարտի վրա սևով սպիտակին գրված էր՝ Լարս ֆոն Տրիեր, բայց Աննան չէր հավատում տեսածին։ Մյուս կողմից՝ նա ճանաչում էր Լարսին, մեղմ է ասված՝ ճանաչում էր: Լարսն իր ամենասիրելի ռեժիսորն էր, և, գրողը տանի, նա ֆոն Տրիերն էր։ Իսկ միանգամից չճանաչեց, որովհետև չէր սպասում տեսնել նրան «Ջազզվեում»։ Պաշտոնապես հայտարարված հայտնի հյուրերի ցանկում Լարս ֆոն Տրիերը չկար. հնարավոր չէր, որ Աննան անուշադրության մատներ այդ փաստը։ Ճիշտ է, նրա մտքով անցավ, որ գուցե այդ մարդը Լարսի նմանակն է և այցելում է այն երկրները, որտեղ կինոփառատոներ են լինում, և կինոսիրող աղջիկներին ներկայանում է որպես Լարս։ Սակայն նրան ավելի անհավանական թվաց, որ ինչ-որ մեկը կարող է այդքան փող ծախսել, գալ, հասնել այստեղ՝ իր նման մեկին ստերով սնելու և ինչի՞ համար, անկողին քարշ տալո՞ւ։ Աննայի մտքով անցավ նաև, որ այդ ամենը իրեն միայն թվացել է շատ սուրճ խմելու արդյունքում։ Բայց սեղանի վրա դրված էր միանգամայն շոշափելի այցեքարտը՝ վրան գրված՝ Լարս ֆոն Տրիեր։ Աննան արագ թաքցրեց այցեքարտը, ինչպես կթաքցներ լոտոյի տոմսը, որով հենց նոր ավտոմեքենա է շահել։ Ճիտ կլիներ, որ ընդհանրապես գնար այդտեղից, որովհետև լոտոյի տոմսը կարող են նաև պայուսակով թռցնել։ Նա հաշիվը խնդրեց և պատրաստվում էր դուրս գալ «Ջազզվեից», երբ մոտեցավ Վռամը։

Վռամի դեմքին իրար էին խառնված երկու հակադիր զգացումներ՝ դժգոհության և մեղքի զգացումը։ Նա սկսեց արդարանալ, ինչ-որ պատմություն պատմել, վթարներ ու պատահարներ վկայակոչել, բայց Աննան անընդունակ էր հասկանալու, թե ինչ է ասում Վռամը։ Մեկ ուզում էր պատմել իր ստացած առաջարկի մասին, ցույց տալ այցեքարտը, քննարկել Վռամի հետ, հետո հասկացավ, որ այլևս դա անհնար է։ Նա անխոս կանգնեց, որ հեռանա։ Վռամը փորձեց ուղեկցել, բայց Աննան կտրուկ էր.

– Չարժե։

– Ների՛ր ինձ, խնդրում եմ,– ասաց Վռամը՝ մեղմիկ գրկելով Աննային։

Անան ազատվեց Վռամի թևերի կապանքներից ու նրան նայեց մի հայացքով, որ լի էր երախտագիտությամբ, ինչը Վռամին թվաց իրավիճակին անհամարժեք։

– Շնորհակալ եմ,- ասաց Աննան,- տասներկու անմոռանալի «Ոսկե ծիրան»-ի համար։ Մաղթում եմ քեզ երջանկություն։

Աննան շրջվեց ու դուրս եկավ՝ Վռամին թողնելով կանգնած «Ջազզվեում»՝ դարակներին դրված հին գրքերի, արդուկների, բաժակակալների՝ ամեն բան տեսած ու ամեն բան լռելյայն հասկացող հայացքների ներքո։

Գրել կարծիք