[ «Ջազզվե». Պատմություն-2 ] Ապուշ, դարձի՛ր Մաքս

[ «Ջազզվե». Պատմություն-2 ] Ապուշ, դարձի՛ր Մաքս

Այն ինչ լսել եք ու մտապահել, այն ինչ ամեն անգամ «Ջազզվե» այցելելիս կարող եք տեսնել, մեր էջերում այդ պատմությունները դարձել են արձակ գործեր:

Սերիալների հանրաճանաչ դերասանը, որ թատերական նեղ շրջանակներում հայտնի էր շեքսպիրյան հերոսների իր ինքնատիպ մեկնաբանությամբ, «Ջազզվե» սրճարանում նստած, վիսկիի երկրորդ բաժակն էր չորացնում և թատերական հանդիսավորությամբ սիգար ծխում: Սեղանը, որի մոտ նստած էր դերասանը, սրահի կենտրոնական մասում էր, բոլոր կողմերից տեսանելի, և դերասանը «հանդիսատեսի» պակաս չուներ:

«Տառապանքի հաճույքը» սերիալում կանանց սիրելիի ու սրտակերի դեր խաղացող դերասանը ուշադրության պակաս չուներ. խանութում, փողոցում կամ շուկայում միշտ էլ գտնվում էին մի քանի տասնյակ կանայք, որոնք սիրալիր ժպտում էին, հիացած ողջունում, զեղչեր անում կամ հուշում, թե «Տառապանքի հաճույք»-ում ում հետ իր կյանքը կապի դերասանի` Մամիկոն Արտաշեսյանի մարմնավորած հերոսը` Մաքսը:

Բայց տնային տնեսուհիների ու շուկայի վաճառողուհիների ուշադրությունը բավարարվածության փոխարեն տհաճություն էր պատճառում նրան: Այդ պատճառով Մամիկոնը հրաժարվել էր երեկոյան զբոսանքներից, հազվադեպ էր փողոց դուրս գալիս, խանութ կամ շուկա էր գնում ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Իսկ երբ, այնուամենայնիվ, ստիպված էր լինում տնից դուրս գալ, փորձում էր սահմանափակել իր շփումները իգական սեռի ներկայացուցիչների հետ:

Մինչև սերիալներում նկարահանվելը մեծագույն հաճույքով էր գնումներ անում շուկայում, բավականություն էր ստանում յուրաքանչուր ապրանքի գինը իջեցնելուց, բավարարվածության մեծ զգացում էր ունենում, երբ ինչ-որ մեկը ճանաչում էր իրեն, իսկ հիմա, ճիշտ հակառակը, սակարկելն իմաստ չուներ, որովհետև վաճառողուհիները անմիջապես առաջարկում էին «ձրի» վերցնել ապրանքը, իսկ բավականություն պատճառում էր այն հատուկենտ մադկանց հետ շփումը, որոնք իր մեջ Մաքսին չէին տեսնում:

Հե՛յ, Մա՛քս,- շուկայի ծայրից կանչում էր վաճառողուհին,- արի լավ ապրանք տամ, մենակ թե Ինգային չնեղացնես, թե չէ հաջորդ անգամ շուկա մտար` ձեռքիցս չես պրծնի:

Եվ ամբողջ շուկան հռհռում էր:

Մաքս, Մաքս, Մաքս… Մամիկոնը ատում էր Մաքսին և նրա անունը: Ինչո՞ւ Մաքս, ինչո՞ւ ոչ Գեղամ, Վարդան կամ թեկուզ հենց Մամիկոն: Եվ ինչո՞ւ «Տառապանքի հաճույքը»: Մի վերնագիր, որ գուցե կարող էր առանց երգիծանքի ընկալվել սեռագարի մասին պատմող հոգեբանական թրիլերի պարագայում, բայց ոչ մի կերպ՝ սենտիմենտալ հեռուստատեսային սերիալի:

Այն ժամանակից, ինչ սկսեց նկարահանվել այդ անիծյալ Մաքսի դերում, իր անձնական կյանքը փլուզվեց: Ավերջանալի նկարահանումներին, իր ջղագրգիռ վիճակին չդիմանալով՝ հեռացավ ընկերուհին՝ իրեն դատապարտելով մենության: Սերիալում ծանրաբեռնվածության պատճառով թատրոնի նոր ներկայացումներում սկսեցին միայն էպիզոդիկ դերեր տալ, այն էլ միայն նրա համար, որ իր անունը օգտագործեն սերիալներ նայող հանդիսատեսին թատրոն բերելու համար: Իսկ սերիալի գործողությունների զարգացման հետ որքան ավելի սիրելի էր դառնում Մաքսը, որքան ավելի մեծ հաջողություն էր նա ունենում կանանց շրջանում, այնքան ավելի միայնակ, դատարկ ու ձախողված էր իրեն զգում Մամիկոն Արտաշեսյանը:

«Ջազզվե»-ում ուրիշ էր: «Ջազզվե»-ում նա էժան սերիալների հանրահայտ դերասան չէր, շոու բիզնեսի ներկայացուցիչ չէր, այլ արվեստագետ, շեքսպիրյան դրամաների դերասան, արտիստիկ խառնվածքով վառ անհատականություն և քաղաքային բոհեմի ներկայացուցիչ:

Մամիկոնը փոքր կումերով խմում էր վիսկին և հետաքրքրությամբ զննում սրահի ծանոթ ու հարազատ հարդարանքը: Նրա հայացքը կանգ առավ կողքի սեղանի մոտ նստած գեղեցկադեմ կնոջ վրա: Խոշոր, սև աչքեր, երկար մազեր, չափավոր, նրբաճաշակ դիմահարդարանք, որը ընդգծում էր կնոջ դիմագծերի գեղեցկությունը: Եվ վերջապես՝ սև զուգագուլպաների մեջ պարփակված սլացիկ ոտքեր: Թվաց` կինը փորձում էր որսալ իր հայացքը: Մամիկոնի մարմնով հուզմունքի մի ալիք անցավ: Հիմա նա այդ Մաքսին, այդ ողորմելի խեղկատակին ցույց կտա, թե ինչի է ընդունակ: Նրանց հայացքները հանդիպեցին: Կինը ժպտաց, Մամիկոնը ժպիտով պատասխանեց: Մինչ նա մտմտում էր, թե ինչպես մոտենա կնոջը, կինը, պայուսակը վերցնելով, բարձրացավ նստած տեղից և ժպտալով մոտեցավ Մամիկոնի սեղանին:

Բարև՛ Ձեզ, կարելի՞ է Ձեզ հետ նկարվել,– հարցրեց կինը:

Իհարկե,- անակնկալի եկավ և մի փոքր շփոթվեց Մամիկոնը:

Պայուսակից հանեց հեռախոսը և, մոտենալով Մամիկոնին, կինը կքանստեց այնքան, մինչև հավասարվեց նրան ու «սելֆի» արեց: Կնոջ օծանելիքի բույրը, մարմնի հպումը իր մարմնին նորից խլրտոց գցեցին Մամիկոնի հոգու մեջ: Մամիկոնը առաջարկեց նստել և ինչ-որ բան խմել միասին: Կինը համաձայնեց: Մամիկոնը ձեռքը մեկնեց. «Մամիկոն»: Կինը նրբորեն բռնեց նրա ձեռքը. «Ինգա»: Մամիկոնը ծիծաղեց՝ հուսալով, թե կինը կատակում է, որովհետև անհավատալի էր, որ այդպիսի շքեղ կինը սերիալ է նայում, բայց անմիջապես գլխի ընկավ, որ կնոջ անունը իսկապես Ինգա է, և Ինգան սելֆի է արել ոչ թե իր, այլ Մաքսի հետ: Ինգայի «Ֆեյսբուքի» էջում հավանաբար քիչ հետո կհայտնվի իրենց լուսանկարը` «Ինգան և Մաքսը» տափակ մեկնաբանությամբ ու ժպիտներով: Պետք էր խլել Ինգային Մաքսից, պետք էր ցույց տալ, թե ինչ ոչնչություն է Մաքսը իր համեմատ:

Ինգան ասաց, որ ոչ մի սերիա բաց չի թողնում «Տառապանքի հաճուքը» սերիալից և որ այն նայում է միմիայն Մաքսի, այսինքն՝ Մամիկոնի խաղի համար: Մամիկոնը ասաց, որ իրականում ինքը ամաչում է այդ սերիալում խաղալու, Մաքսին մարմնավորելու համար: Սկսեց ծաղրել սերիալի սցենարը, դերասանական խաղը, ռեժիսորական աշխատանքը: Բայց հանկարծ նկատեց, որ սերիալի ու Մաքսի հասցեին հնչած ամեն քննադատության հետ Ինգան ավելի է լրջանում, և նրա դեմքին հիասթափության նշաններ են հայտնվում:

Անհրաժեշտ էր փոխել խոսակցության թեման, մոռացության մատնել Մաքսին: Թատրոնում իր խաղը տեսե՞լ է Ինգան: Ո՞չ: Ուրեմն ինքը հրավիրում է հաջորդ իսկ երեկոյան Շեքսպիրի «Մակբեթը» նայելու, որտեղ ինքը Մակբեթի դերն է խաղում: Պայմանավորվեցի՞նք: Շատ լավ: Ինգան սիրո՞ւմ է Շեքսպիրի սոնետները:

Մամիկոնը բռնեց Ինգայի ձեռքը և սկսեց արտասանել Շեքսպիրի սոնետը.

Կարիք կա՞ արդյոք քեզ համեմատել ամռան օրվա հետ,

Օ՜ , դու ավելի չնաշխարհիկ ես, շա՜տ ավելի մեղմ:

Հողմերը վայրագ կոտրում են գարնան վարդը բուրավետ,

Եվ վաղանցի՜կ է չքնաղ ամառվա ժամանակը սեղմ…

Ինգան հմայված լսում էր: Երբ Մամիկոնը ավարտեց, Ինգան ասաց.

Դուք այնքա՜ն նման եք Ձեր մարմնավորած հերոսին: Հավանաբար դրանից է, որ այդքան հարուստ ու վառ կերպար եք կերտել: Մաքսը միաժամանակ այդքան արտիստիկ է և այդքան բնական:

Մամիկոնը բաց թողեց Ինգայի ձեռքը: Հուսահատ մի կատաղություն սկսեց խմորվել նրա մեջ: Նա հազիվ զսպեց իրեն, որ ամենահետին բառերով չհայհոյի Ինգային: Մամիկոնը վիսկիի մի մեծ կում արեց: Ինգան ներողություն խնդրեց և, տեղից բարձրանալով, քայլեց դեպի զուգարան: Մամիկոնը հայացքով հետևեց նրան: Ետևից նա նույնքան գեղեցիկ ու գայթակղիչ էր: «Մամիկո՛ն, եթե երջանիկ լինելու համար պետք է Մաքս դառնաս, ուրեմն, ա՜յ ապուշ, դարձի՛ր»,- մտածեց Մամիկոնը:

Հեղինակ՝ Համբարձում Համբարձումյան

Գրել կարծիք