Կարեն Արայան. Իմ համար տհաճ է Անժելային հիշելը

Կարեն Արայան. Իմ համար տհաճ է Անժելային հիշելը

Կարեն Արայանը՝ Անժելա Սարգսյանի սեքս սկանդալի տղամարդ հերոսը պատմում է բանտային օրերի, փոխվել-չփոխվելու, խցի կանոնների ու առաջիկա պլանների մասին կամ, թե ինչու էր Անժելայի մասին խոսում միշտ երրորդ դեմքով՝ առանց անունը տալու:

Կարեն Արայանը առաջին սեքս հերոսն է կամ հայկական սեքս սկանդալի առաջին հայտնի հայ տղամարդը: Փակ, արխաիկ հասարակություններում էրոտիկան միշտ ինտիմ է կամ անանուն: Ավելի շուտ՝ անանուն, որովհետև որևէ մեկը չի խոստովանի, որ երբևէ այցելել է պոռնո կայք, առավել ևս հրապարակավ չի խոսի իր սեռական ցանկությունների մասին:

Կարեն Արայանը հայտնվեց այնպիսի մի սկանդալում, որի շնորհիվ նա դարձավ առաջին հայ տղամարդը, որը հայտնի է դերասանուհի Անժելա Սարգսյանի հետ մերկ լուսանկարներով:

karenarayana-texekanq

Սկանդալի մանրամասները գուցե շատերը չգիտեն, բայց ընդհանուր առմամբ տեղյակ են. Կարեն Արայանին ձերբակալեցին ու դատապարտեցին այն բանի համար, որ ինտերնետում տարածվեցին Անժելա Սարգսյանի լուսանկարները: Այստեղ էականն այն է, որ դատապարտեցին «ընտանեկան կյանքի գաղտնիքը բացահայտելու» համար: Այսինքն՝ Անժելայի և նրա ամուսնու լուսանկարները տարածելու համար: Կարենը պնդում է, որ լուսանկարներում ոչ թե Անժելայի ամուսինն է, այլ ինքը: Դատական վեճը հենց այս դրվագի շուրջ էր:

Դատարանը Կարենին դատապարտեց 3,5 տարվա ազատազրկման: Սա շոկ էր նրա ընտանիքի և հատկապես իր համար: 26 տարեկանում դժվար է հասկանալ` ինչպես ստացվեց, որ հայկական հեռուստատեսային աշխարհում և շոու բիզնեսում իսկական մաչոյի համբավ ունեցողը հանկարծ դատապարտվում է մի բանի համար, որը չէր եղել մինչև այդ և դժվար էլ լինի առաջիկայում: Ու ամենակարևորը` ինչո՞ւ լուսանկարները հայտնվեցին հենց այդ ժամանակ, ինչո՞ւ հենց ինքը:

Բանտից դուրս գալուց հետո իր առաջին հարցազրույցին Կարենը եկել էր իր մայրիկի հետ: Ես սպասում էի, որ նա վրդովված կխոսի դավադրության մասին կամ գոնե կարտասանի «գլխիս սարքեցին» արտահայտությունը: Մինչդեռ ավելի հանգիստ էր ու հավասարակշռված: Ավելին, հարցազրույցի գլխավոր պայմանն էր չխոսել Անժելայի մասին: Այն, իհարկե, խախտվեց:

karen-2

– Ձեր ձայնը մի ՞շտ է այսպես խռպոտ եղել:

– Հա՛, սա իմ ձայնն է, կապ չունի բերդի հետ:

– Հե՞շտ էր գաղութից հետո վերադառնալ սովորական կյանքին, ընտանիքին:

– Ես այնտեղի հետ չէի մերվել, որ իմը դառնար: Դրա համար վերադառնալու խնդիր չկա: Ընդամենը եթե փոփոխություն կա, կարող է լինել առողջական, ուրիշ ոչ մի բան:

– Իսկ կա՞ առողջական փոփոխություն:

– Բնականաբար, արևի երես չէի տեսնում:

– Հեռախոսազրույցի ժամանակ ասացիք, որ քիչ ժամանակ ունեք: Ինչո՞վ եք զբաղված:

– Պատրաստվում եմ մեկնել երկրից. գործնական հրավեր եմ ստացել: Այդ իսկ պատճառով չեմ հասցնում շատերի հետ հանդիպել:

– Եթե գաղտնիք չէ, ի՞նչ նպատակով եք մեկնում:

– Ստեղծագործական նպատակով:

– Երկիրը հայտնի՞ է:

– Իտալիա: Իսկ իմ գնալը ինքնաբերաբար է ստացվել, ես ոչ մի բան չեմ պլանավորել:

– Ի՞նչ պլաններ ունեք:

– Այս ընթացքում նկարել եմ, հիմնականում՝ գրաֆիկա ու գեղանկարչություն: Պլանավորում եմ կազմակերպել ցուցահանդես: Մտածում էի՝ ամռանը, բայց մեկնումս կարող է որոշ ժամանակ հետաձգել այն: Իմ հաշվարկով աշնանը ցուցահանդես կբացեմ: Իսկ հետագայի մասին ոչ մի բան դեռ չեմ պլանավորել: Գնամ, գամ՝ կպլանավորեմ:

karen-3

ՎՃՌԻՑ ՀԵՏՈ ԵՎ ԳԱՂՈՒԹՈՒՄ

Կալանավորի կենսակերպի ու դատապարտյալի հոգեբանության մասին Կարենն ավելին գիտի, քան բարձրաձայնում է: Քրեակատարողական հիմնարկներում ամեն ինչ (գուցե աննշան տարբերությամբ) հասարակության պես է՝ և՛ վատը, և՛ լավը: Փոխված միջավայրի ու անփոփոխ կարգերի մասին Կարենը լռում է. ամեն ինչ մնաց փշալարերից այն կողմ ու ազատության սահմանին: Քրեական հեղինակությունների թեման փակ է ճիշտ բերդի դարպասների պես` մի քանի փականներով: Կարենը նախընտրում է խոսել վերաբերմունքի մասին:

– Բոլորին նայում են ինչ-որ մի աչքով, ոչ էլ ինչ-որ զիջելու տեղ կա, այսինքն` վաղաժամկետ ազատում: Այդ ամեն ինչը ազդում է: Բանտի կյանքը ինչպես եղել է, նույնն էլ մնում է:

Քրեական հիմնարկների բարքերը գուցե այնքան էլ սարսափելի չեն, որքան պայմանները: Կարենն արձանագրում է այն, ինչ տեսել է, զգացել: Նա ապրել է հատուկ կյանքով ու դիմադրել դժվարություններին: Քնում են, սնվում ու նստում հերթափոխով: Դատապարտյալներն իրենց սարսափելի կենցաղը նկարագրելիս երբեմն վերածում են անեկդոտի.

– 8 հոգու համար նախատեսված խցում 17 հոգի են ամենաքիչը մնում: Դեպք գիտեմ, որ 24 հոգով են եղել: Դա նման է երթուղային տաքսու. կանգնած ես, որ պիտի հասնես ինչ-որ տեղ, բայց այստեղ չես հասնում: Դու քո հիգիենան պահպանում ես, պարզապես ստիպված դառնում ես մի քանի հոգու դայակ. սա այսպես չի կամ այսպես ավելի մաքուր է, այսպես ավելի լավ է:

Դատապարտյալների ներքին բարքերը գուցե անքննելի են, սակայն Կարենի համար օրենքի գերակայությունն այդպես էլ անկատար է: Ազատազրկման տարիներին համոզվեց, որ երբեմն ավելի հեշտ գործում է չգրված նպատակահարմարությունը, քան գրված օրենքը.

– Օրենքի ուժը միայն ի վնաս քեզ է, հօգուտ դատապարտյալի որևէ բան մինչև այսօր չեմ տեսել: Դրվածքն է՝ օրինակելի պահել ես քեզ, ոչ մի չեպե, ոչ մի տույժ և… վաղաժամկետ արձակում: Չկա նման բան: Չէ՛, չէ՛: Պատճառաբանությունը մեկն է. նպատակահարմար չէ: Թե ում նպատակն է և ում պետք է հարմար լինի, չես հասկանում: Եթե ինչ-որ մեկը դատվել է պատահարի պատճառով, խելոք նստել է, ոչինչ չի արել, գալիս է վաղաժամկետ ազատելու ժամանակը` մերժում են առանց պատճառի: Նպատակահարմար չէ: Մտածում ես, որ հաջորդ անգամ երևի կթողնեն: 3 ամիսը մեկ վաղաժամկետ ազատ արձակում է հասնում: Մյուսի հերթն է հասնում, ու նույն բանը: Հարցնում են` ուղղվե՞լ ես: Ի՞նչս ուղղվի, ավարիա եմ տվել, ի՞նչն ուղղվի:

Քրեակատարողականները համարվում են պատիժը կրելու վայրեր, որտեղ մարդիկ մեկուսի քննում են իրենց ճակատագիրն ու հետևություններ անում: Կարենի եզրահանգումները գուցե բացահայտումներ են: Բերդի պատերի ներսում ժամանակը շատ է, տարածությունը՝ քիչ, ու սա էլ ստիպում է կենտրոնանալ մեկ զբաղմունքի` հիշողության վրա.

– Ժամանակ ունես, գիրք ես կարդում ավելի շատ, քան դուրսը, բայց միտքդ հիվանդ է, լարված ես, նյարդային ես, չես կարող պատկերացնել՝ ոնց ես ներում: Եթե պայմանները թույլ տան, հանգիստ լինես, հանգիստ էլ կմտածես՝ ա՛յ, սրան ներեմ, բայց պայմանները թույլ չեն տալիս: Այսինքն՝ նյարդայնացած ժամանակ ո՞վ է մտածում ներելու մասին: Այդ լարված վիճակում չես կարող ինչ-որ նորմալ բան մտածել:

karen-1

ԱՆԺԵԼԱՅԻ ՄԱՍԻՆ` ԵՐՐՈՐԴ ԴԵՄՔՈՎ

Դեպքից, ազատազրկումից տարիներ անց Կարենի համար 2011-ը փակ էջ է: Զրույցի ընթացքում այդ մասին ո՛չ կատակեց, ո՛չ էլ կատակ հասկացավ: Անժելայի մասին խոսում էր միշտ երրորդ դեմքով՝ առանց անունը տալու:

– Ճիշտն ասած` սկզբնական շրջանում ամաչում էի դուրս գալ սեյնակիցս: Մտածում էի, թե որքան մարդ է նայել էդ վիդեոն: Չնայած հայրս չի էլ նայել այդ վիդեոն: Բայց ինձ թվում էր, որ բոլորը նայել են, շոկային վիճակում էի: Ես արդեն մոռացել եմ այն բոլոր թեմաները, որոնք կապված են ինձ հետ: Իմ համար տհաճ է հիշելը: Ամենահեշտն այն է, որ ասեմ` ներում եմ, ու անցնեմ առաջ, հակառակ դեպքում չեմ կարողանա ապրել:

Գրել կարծիք