Խանջյան 50. Երկուսին՝ մեկ հասցե

Խանջյան 50. Երկուսին՝ մեկ հասցե

Ինչո՞ւ էին տարիներ առաջ փոստատարները այս հասցեի պատճառով հաճախ շփոթում կենտրոնին ու տանն ուղարկված նամակները:

Քաղաքապետարանի աշխատակիցների անփութության կամ թյուրիմացության արդյունքում Խանջյան 50 հասցեն 2 կառույցի է պատկանում: Հասցեն չզիջեցին ո՛չ «Թեքեյան կենտրոն» հիմնադրամը, ո՛չ էլ Շախմատի տունը:

Շախմատի տունը մայրաքաղաքի ամենակարևոր կառույցներից մեկն է դարձել: Աշխատակիցները պնդում են, որ Օղակաձև այգու տարածքում առաջինն իրենց շենքն է կառուցվել, հետևաբար հասցեն էլ իրենցն է: Շախմատի հայ արքայի՝ Տիգրան Պետրոսյանի հաջողությունները ստիպեցին ավելի լուրջ վերաբերվել շախմատին ու նպաստեցին հանրապետությունում դրա զարգացմանը:

Շախմատասերները մի տեղում հավաքվելու կարիք ունեին, ու Շախմատի տունը կառուցվեց Գետառի ձախափնյա շամբուտներում կուտակված բարաքների տեղում, որտեղ մի ժամանակ ապրում էր Սվո Ռաֆը: Տիգրան Պետրոսյանի՝ աշխարհի 9-րդ չեմպիոն հռչակվելուց հետո սկսվեց կառուցումը: շախմատի հսկան 1967-ին ծանոթացավ շինության մակետին ու ինքն էլ դրեց Շախմատի տան հիմնաքարը: Ճարտարապետներն էին Ժենյա Մեշչերյակովան ու Ռազմիկ Մանուկյանը:

Շենքն անսովոր եռանկյունու տեսք ունի, որը շախմատային նավակ է հիշեցնում: Դրա ճակատային մասում պղնձե 7 շախմատային ֆիգուրներ են: Շենքը տուն տարձավ բոլոր շախմատասերների համար, ֆիգուրները խաղատախտակի վրա են՝ միշտ պատրաստ նոր խաղի:

shaxmat

Հայաստանի անկախացումից հետո սփյուռքահայերը սկսեցին ներդրումները հայրենիքում: Առաջին մեծ ներդրումնանգլահայերինն էր 1993-ին: Վաղուց էին ուզում հայ համայնքի համար հասարակական կենտրոն ստեղծել, անկախությունից հետո որոշեցին միության շենքը Հայաստանում կառուցել:

1947-ին Լիբանանում հիմնված Թեքեյան մշակութային միության 50-ամյակի առիթով կառուցեցին «Թեքեյան կենտրոնը», որը հետո հիմնադրամի վերածվեց: Հասցեի մասին հատուկ չէին մտածել, ուզում էին, որ քաղաքի կենտրոնում լինի՝ մարդկանց համար ճանաչելի վայրում: Քաղաքապետարանն առաջարկեց Օղակաձև այգու տարածքը:

«Թեքեյան կենտրոնի» տեղում Խորհրդային միության տարիներին «Կռունկ» ռեստորանն էր: Ժամանակի ամենահայտնի ռեստորաններից մեկում երիտասարդները ջազ լսելու էին հավաքվում: Հետո այստեղ «Արարատ» ֆուտբոլային ակումբն էր: «Կռունկի» ճարտարապետը Օլեգ Շոկարյովն էր. հենց նրան էլ խնդրեցին ձևափոխել շենքը:

teqeyan

«Կռունկը» 2-հարկանի էր, շենքին ավելացվեց 2 մասնաշենք: Հիմա էլ շենքին նայելիս թվում է, թե երկհարկանի է, բայց առաջին մասնաշենքը 5-հարկանի է, երկրորդը` 2, երրորդն էլ` 4: Նախագծի մոդեռնիստական լուծումների համար ճարտարապետը ստացավ քաղաքապետարանի շքանշանը («Հանրային լավագույն կառույց»):

Հիմնադրամում պահպանել են քանդակագործ Արտո Չաքմաքչյանի բարձրաքանդակները: Նրա քանդակների մեծ մասը ոչնչացվել էր Խորհրդային միության ժամանակ, նրան էլ աքսորել էին այլախոհության համար: Հիմնադրամնայսօր կրթական ու մշակութային ծրագրեր է իրականացնում, հովանավորում է հանրապետության 5 դպրոցների, որոնք կրում են Թեքեյանի անունը:

Կառույցը նաև առաջին բիզնես կենտրոնն էր: Այսօր էլ այստեղ գործում են տեղական ու միջազգային կազմակերպություններ: Թեքեյանցիները սնահավատ չեն ու իրենց հաջողությունը չեն կապում թվերի հետ, ուրախ են, որ հիմնադրամի շնորհիվ հասցեն նույնքան ճանաչված է, որքան հռչակավոր «Կռունկը»` Խորհրդային միության տարիներին:

Գրել կարծիք