The New Yorker. Արմսթրոնգի սուտը՝ հաղթողներ և պարտվողներ

The New Yorker. Արմսթրոնգի սուտը՝ հաղթողներ և պարտվողներ

Աշխարհի ամենամեծ մարզիկներից մեկը դարձավ մի տեսակ հրեշ, որը սնվում է իր սեփական մարմնից:

Լանս Արմսթրոնգը ինչ-որ իմաստով ամերիկյան ծանոթ կերպար է: Վայելչակազմ տղամարդ` ուժեղ, կանոնավոր դիմագծերով, պատրաստի ժպիտով և բարեկազմ մարմնով: Նրա կյանքը խորտակվել է, քանի որ ստիպված է եղել հաղթել ամեն ոլորտում, լինի անձնական, թե մասնագիտական:

Արմսթրոնգը ստել է այնքան, մինչև այլևս անհնար էր ստելը, և Ջիբնիի ֆիլմն անսպասելիորեն հայտնվում է այդ պահին:

«Տուր դը Ֆրանս»-ի յոթ մրցանակների դափնեկիր, մարմնական քաջության աշխարհահռչակ օրինակ Արմսթրոնգը, կռիվ տալով դոպինգ օգտագործելու անհամար մեղադրանքների դեմ, 2005-ին թոշակի անցավ:

Բայց 2009-ին փորձեց վերադառնալ: Նպատակն էր ապացուցել, որ ինքը «մաքուր» էր: Նա ուզում էր արժեքավորել նախկինում վաստակած կոչումները` նվաճելով նորերը: Որոշվել էր, որ Ջիբնին, որը սովորաբար համարվում էր թերահավատ ազատամիտ ռեժիսոր («Էնրոն. սենյակի ամենախելացի տղաները» և «Տաքսի դեպի մութ կողմը»), պետք է դրական ֆիլմ նկարի ամերիկացի հերոսի մասին: 2009-ի «Տուր դը Ֆրանս»-ի ժամանակ տեսախցիկով միացավ Արմսթրոնգի թիմին: Այնուամենայնիվ, Արմսթրոնգը երրորդ տեղը գրավեց:

Եվ 2010-ին նոր մեղադրանքներ հնչեցին նրա հասցեին: Անհանգստացած՝ նա վերջապես անցյալ հունվարին Օփրա Ուինֆրիին խոստովանեց, որ 90-ականներից սկսած՝ դոպինգ էր օգտագործում: Այնուհետև Ջիբնին վերադասավորեց իր տեսանյութը և իրեն էլ ներառեց` որպես ինքնախոստովանող քավության նոխազի: «Արմսթրոնգի սուտը» կարող է անընդհատ շարունակվել, որովհետև Ջիբնին, ինչպես մյուսները, չի կարողանում հավատալ դրան:

Նորից ու նորից բարոյական հստակություն է փնտրում Արմսթրոնգի մեջ (մոռանանք խղճի խայթը), բայց հեծանվորդը նայում է Ջիբնիին (և մեզ) այնպես, ասես ինքը հիմար է: Նրա վերաբերմունքն է` չե՞ք հասկանում:

lance-armstrong-1

Մենք չենք հասկանում այն երևույթը, որ հաղթողներն ամեն ինչ անում են հաղթելու համար: Ջիբնին հարցազրույց է վերցրել Արմսթրոնգի նախկին թիմակիցներից, որոնք ասում են, որ 90-ականներին շատ հեծանվորդներ դոպինգ էին օգտագործում, և նրանք պետք է կրկնեին մյուսների արարքը, որպեսզի կարողանային մնալ մրցակցության մեջ:

«Տուր դը Ֆրանս»-ի նման մրցաշարը հիմնականում «տառապանք» է. երեք շաբաթ տևողությամբ արշավ Ալպերով և այլ բարդ տեղանքներով:

Դոպինգը մեծացնում է արյան մեջ թթվածնի քանակը` հետաձգելով այն պահը, երբ մկաններն ուժասպառ են լինում և հանձնվում:

Արմսթրոնգը ուրիշների պես ընդունել է տեստոստերոն և էրիթրոպոյետին: Բացի դրանից՝ անընդհատ թարմացրել է արյունը` դոպինգ պարունակող արյունն իր հետ տանելով տարբեր մրցաշարերի և պետք եղած ժամանակ հետ ներարկելով իր սպառված համակարգի մեջ: (Ջիբնին ենթադրում է, որ լեռներում մրցելուց հետո արյուն է բաց թողել): Աշխարհի ամենամեծ մարզիկներից մեկը դարձավ մի տեսակ հրեշ, որը սնվում է իր սեփական մարմնից: Ըստ Արմսթրոնգի՝ հաջողությունը բերում է իր սեփական օրհնությունը, արդարացումը և փոխհատուցումը:

Վերջիվերջո, հիշեցնում է Ջիբնիին՝ իր հաղթանակները և անձնական պատմությունը հսկայական ուշադրություն և փող բերեցին հեծանվային աշխարհին. մրցակիցներ, հեծանվային ընկերություններ, հեծանիվ արտադրողներ, լրատվամիջոցներով լուսաբանում: Բազմաթիվ մարդիկ շահեցին նրա հաղթանակներից: Այնուամենայնիվ, մեր տեսանկյունից դժվար է գերագնահատել նրա ցինիզմը:

Nike Sportswear And Lance Armstrong Launches "Stages"

Ջիբնիի ֆիլմի ամենադառը մասերը նախկին թիմակիցների հարցազրույցներն են, որոնց բռնել են դոպինգ ընդունելիս, և Արմսթրոնգը, որը դեռ պաշտոնապես մաքուր է, տգեղ ձևով դավաճանում է նրանց: Այս մարդիկ ընտրեցին անկումը: Մրցույթում նրանք բառացիորեն ծածկեցին նրան` պաշտպանելով քամու դիմադրությունից և վարելով նրա մոտ, որպեսզի վերջին վայրկյանին կարողանա պոկվել խմբից և հաղթել: Իր մասնագիտական կյանքի մեծ մասն Արմսթրոնգն ապրել է մյուսների ստեղծած ապահով տարածքներում:

Ջիբնին չի կարողանում շատ խոսք քաշել նրանից. նրա խոստովանությունները նույնքան կարճ, մեղկ ու խուսափողական են, որքան ստերը: Նրա մեջ ամենից աշխույժն արտահայտված է արհամարհանքը «սրիկաների» նկատմամբ, այսինքն` ցանկացած մեկի, որը նրան պատասխանատվության է ենթարկել որևէ բանի համար: Ֆիլմում, բացի Արմսթրոնգից, ամենանկատելի անձանցից է նաև Բեթսի Անդրյուն, որի ամուսինը` հեծանվորդ Ֆրենկի Անդրյուն, Արմսթրոնգի թիմակիցն ու զոհն էր:

Նա ճշմարտությունն Արմսթրոնգի մասին պատմեց դատարանում և խուսափեց իրարանցումից, երբ Արմսթրոնգը և նրա աջակիցները հարձակվեցին նրա վրա: Ջիբնիի տեսախցիկի առաջ նա և՛ հանդուգն է, և՛ ափսոսում է: Արմսթրոնգի` իշխելու կատաղի պահանջը վախ և հավատարմություն էր առաջացրել: Բեթսի Անդրյուն կարծես դրանով նման է նրան:

Հեղինակ` Դեյվիդ Դենբի

 

Գրել կարծիք