Ծիծաղաթերապիայի անհավանական ուժը

Ծիծաղաթերապիայի անհավանական ուժը

Քրիստոնյան դեպրեսիվ չի լինում: Եթե ուզում ես լինել դեպրեսիվ, ապա Քրիստոսին պետք է փակես պահարանում եւ լինես դեպրեսիվ:

A young blond girl child having fun laughing playing with hundreds of colorful plastic balls

Յոթ օրով մեր երկրում է աշխարհահռչակ բժիշկ-ծաղրածու Պետչ Ադամսը: Ավելի քան չորս տասնամյակ առաջ նա Միացյալ Նահանգներում հիմնել է «Բարի առողջության ինստիտուտը» եւ փորձում է մարդկանց հիվանդություններից ազատել ծիծաղի միջոցով: Բացի դա, բժիշկ Ադամսը ծաղրածուի հագուստով իր թիմի հետ, շրջում է երկրից երկիր ու ներկայացումներ տալիս հիվանդանոցներում: Նա համոզված է, որ ծիծաղը օգնում է հաղթահարել նույիսկ քաղցկեղը: Ծիծաղող մարդու օրգանիզմում ավելանում են այսպես կոչված ՙզինվոր-բջիջները՚, որոնք էլ ոչնչացնում են քաղցկեղի բջիջները:

Ռոբին Ուլյամսի մարմնավորած «Բժիշկ Ադամսը» ֆիլմը Իրական Պետչ Ադամսի սրտով չէ: Նա համարում է, որ Հոլիվուդը պրիմիտիվ է նկարահանել ու այդ ֆիլմը իր մասին չէ:

– Ի սկզբանե ես հիասթափված եմ: Խայտառակություն: Մի ֆիլմ, որտեղ խաղաղությունն ու արդարադատությունը ընդգծված չէ, չէր կարող իմ ֆիլմը լինել: Այսօր մոլորակի վրա հոգատարության սովի պատճառով այս պրիմիտիվ ֆիլմը նման տարածում ունեցավ, – ասել է Պետչ Ադամսը:

Հայաստանը 80-րդ երկիրն է, որտեղ IDEA հիմնադրամի հրավերով այցելում է սիրո հեղափոխության հիմնադիրն իր թիմով: Ադամսը թեև չի ընդունում ծիծաղի թերապիա արտահայտությունը, բայց հենց նա է բժշկության մեջ հիմնադրել ծիծաղով մարդկանց բուժելու մեթոդը: Նա ուսումնասիրել է բոլոր բժշկական համալսարանները: Նկատել է , որ բուհերում մարդկանց կարեկցանք չեն դասավանդում: Մինչդեռ բժշկի համար գլխավորը հիվանդին սիրելն է:

Պետչ Ադամսի բնորոշմամբ` ԱՄՆ-ում ու ամբողջ աշխարհում դեղագործական ընկերությունների բիզնեսը ամենալկտի բիզնեսն է: «Դեպրեսիա» հիվանդությունն, օրինակ, իրականում գոյություն չունի: Այն հորինել են դեղագործները, որ հաբեր վաճառեն մարդկանց:

– Դեպրեսիան սիրո բացակայությունն է: Եթե ընկեր ունես եւ ցանկանում ես լինել դեպրեսիվ, պետք է ընկերոջդ փակես պահարանում ու վայելես դեպրեսիադ: Նույնը կարելի է ասել կրոնի մասին: Գիտեմ, որ Հայաստանը հիմնավոր քրիստոնեական երկիր է: Քրիստոնյան դեպրեսիվ չի լինում: Եթե ուզում ես լինել դեպրեսիվ, ապա Քրիստոսին պետք է փակես պահարանում եւ լինես դեպրեսիվ:

Ադամսի կարծիքով, դեպրեսիվ հասարակությունը մարդկանց կառավարելու լավագույն ձևն է: Երջանիկ մարդուն դժվար է կառավարել: Հենց այդ պատճառով բոլոր երկրների իշխանությունները մարդկանց դժբախտ են դարձնում եւ դրան նպաստում են հեռուստատեսությունն ու ինտերնետը:

Ադամսը նորագույն տեխնոլոգիաներին չի տիրապետում ու հեռուստացույց չի նայում, համոզված է՝ հեռուստացույցի պատճառով երկրում ապրում են հիմար մարդիկ: Կարդում է գրքեր՝ կյանքը փոխելու համար:

Մեկ տարվա ընթացքում Ադամսն իր թիմով 9 երկիր է այցելում ու դասախոսություններ կարդում: Ամեն տարի նա հանդես է գալիս 40-50 համալսարաններում, հանդիսատեսը աշխարհի առաջատար ընկերությունների ղեկավարներն են: Ստացված հասույթով Ադամսը ֆինանսավորում է 70-ականներին հիմնադրած իր անվճար հիվանդանոցը:

Գրել կարծիք