Լեռ Կամսար. Կարմիր օրեր

Լեռ Կամսար. Կարմիր օրեր

newmag-ը ներկայացնում է մեծ երգիծաբանի համաներումից հետո վերանվանված օրագրերը՝ «Կարմիր ծիծաղ»-ը և «Կարմիր օրեր»-ը։ Լեռ Կամսարի ստեղծագործությունների առցանց շտեմարանը` granish.org կայքում:

Երգիծաբանն այս օրագրությունը սկսել էր 1925-ին, երբ հասկացել էր, որ խորհրդային մամուլի դռները փակ են ոչ կոմունիստական ճշմարտությունների առջև: Այլ այլախոհների հետ 1936-1940 թթ. նա ստրկական աշխատանքի էր քշված Վորկուտայի տայգաներ: Լեռ Կամսարի ձեռագրերը թաքցված են եղել հողում թաղված կճուճների մեջ, որոնք գրեթե ոչնչացել էին 1946 թվականի Երևանի ջրհեղեղի ժամանակ։ Գրողի տան արխիվում Բասարգեչարի (Վարդենիս) աքսորավայրում թղթին հանձնված օրագրությունը վերսկսվում է 1945-46 թվականներից։

Յոթ տարի է՝ աքսորէ վերադարձեր եմ, ու դեռ պետությունը չի արտօներ զիս գրելու: «Քիչ մըն ալ պետք է սպասել»,- կըսէ: Ես հույսս կտրեր եմ բոլորովին:

Ճիգ կթափեմ գրող չըլլալ, մեռնել որպէս գրող՝ չեմ կրնար: Ամբողջ 35 տարի գրելուս համար շատ դժվար կուգա։ Ես առաջ կկարծէի, թէ գրող ըլլալն է դժվարը, այժմ կտեսնեմ, որ չգրող ըլլալն ավելի ծանր է, քան գրող:

Ի՜նչ ընեմ… Հնար ըլլար՝ իմ գրական շնորհքս աժան ծախէի մէկի մը կամ ունակություննիս բեռնակրի մը հետ փոխանակէի:

Երբ աղէտի մը հետևանոք տունդ ձեռքէդ կերթա, մէջի ապրանքը կվաճառես, ինչ գին ալ վճարելու ըլլան… Ի՜նչ ըրի, Աստվա՜ծ, ի՞նչ հանցանք գործեցի, որ տասը տարի լռեցնելէ ետքը՝ կառաջարկեն այժմ մեռնել:

Մեռնել այն ժամանակ, երբ իրենք սաստիկ կարիք կզգան ինձ նման երգիծաբանի մը: Այն ժամանակ, երբ խորհրդային մամուլն գուն կգործէ ժպտալ իր էջերում ու չի հաջողեր:

Երկրորդ համաշխարհային պատերազմը ավարտվեց: Սովետական Միությունը հաղթեց Գերմանիային: Կսպասէի, որ մեր հաղթական կառավարությունը թևերը սոթտած լվացարանի տակ լավ մը լվացվէր, գար սեղանի շուրջը նստէր և հրամայէր, ինչ անուշ բան կա, սեղանին բերել… Կարծես պատերազմն դեռ չի վերջացած: Ավելին: Կարծես դեռ նո՜ր պիտի սկսի: Այնքան կնճռոտ է պետության ճակատը, այնքան անժպիտ է իր երեսը… Հիմա ի՜նչ ընեմ, Աստված, ի՜նչ ընեմ: Ես ինչպէ՞ս մեռնեմ, երբ անգամ հիվանդ չեմ: Ինչպէ՞ս չգրեմ, երբ միտքերը կհորդեն, կլեցվեն, ինչպէս հորթատված կովի մը ստինքները, ու ծծող չլինելու համար գետին կթափվի պտուկներէն իզուր:

Երեք տարի հեռավոր հյուսիսը տաժանակրության գացի այն պատճառով, որ միշտ պետական ապարատին թերությունը ծաղրեցի ու բնավ չգովեցի, չփափայեցի զիրենք: Բայց մի՞թէ հնար է, որ վիրաբույժը իր ածելիով ու սուր չանգալներով մասաժ կատարէ: Երգիծաբանն որ սկսէ ներբողել, հապա ո՞վ պիտի երգիծէ: Ըստ դատավորիս մեղադրանքի՝ եթէ ես կհարվածեմ ոչ թէ ուղղելու, այլ մեռցնելու համար, ինչո՞ւ 15 տարի թույլ տվիք ձեր թերթերում գրելու: Եթէ վատ բժիշկ էի, 1921 թվին ինչո՞ւ կանչեցիք ինձի Թավրիզէն, ինչո՞ւ ձեր վերքերը բացիք իմ առջև: Ես ընդմիշտ Թավրիզ կմնայի, դուք ալ կապրէիք հոս անսխալական… Այլապէս երգիծանքը տզրուկ է, նա կծծէ կեղտոտ արյունը միայն:

Փողոցին մէջ կպատահի ընթերցողս ու կըսէ.

– Ա՜խ, ե՞րբ վերջապէս անգամ մըն ալ պիտի կարդանք քո ֆելիետոնները, ինչպէ՜ս ծարավի ենք գրվածքներիդ:

Ան ատեն դժվարությամբ թարկած ծխողի մը նման նորէն ծխախոտի տուփը կհանեմ ու պապիրոս մը կփաթտեմ «վերջին անգամ մը» ծխելու համար: Ես որպէս հորդաբուխ ստինքներով կով կապված եմ մի ծառի, իմ ընթերցողները սովահար հորթերու նման՝ մի այլ ծառի, ու պատկառելի հեռավորության վրա կմզզանք ու կգալարենք մեր ծառերու շուրջը…

Երկուշաբթի, 3

Պառկածս տեղ նորէն կանդրադառնամ Հայաստանի կառավարությանը ինձի տված պատասխանին: Կըսէ՝ քո աշխատակցության պէտք չունենք, վասնզի երգիծանքդ շատ սուր է: Այս տեսակ առարկություն կըլլա՞: Զարմացեր մնացեր եմ: Այդ նույնն է, թե սափրիչիդ ըսես՝ քուզո՛ւմ, ատ սուր ածելին վար դիր, փայտէ ածելիով զիս սափրէ, կվախնամ կո՜ր… Չէ՛, տարօրինակ է: Ճամբա՛ տվէք՝ անգամ մըն ալ զարմանամ, զարմանամ ու ապշեմ: Այո՛, ապշեմ ու ապուշ ալ մնամ…

Երեքշաբթի, 10

Խորհրդային բանաստեղծներու բերնին մէջ ոտանավորները կեռան, կփրփրեն, կթափեն. թուղթ չկա, որ վրան անցունեն։ Ինչո՞ւ չեն հայտարարեր. «Ով թուղթ ունի, բերի՝ ձրի ոտանավոր տանք»։ Միևնույն է, այն ոտանավորները, որոնք բնույթով քաղցր- մեղցր ներբողներ են, մինչև մյուս օրը չեն դիմանար. կքացխեն։

Հինգշաբթի, 12

Փաստ է արդէն, որ մուկերը մասսայաբար կթողուն Պետհրատին գրքերու պահեստը։ Խորհրդային գրողներու գիրքերը իրենց ատամներովը կարդալ- վերջացնելով՝ նոր գրքերու կսպասեն անձկավ, որը, սակայն, չկա թղթի սովին պատճառով։ Ես կենդանաբանությունէն քիչ գաղափար ունեմ և հատկապէս չեմ կրնար ըսել՝ մուկերը, ուտելով այդ գրքերը, թղթո՞վ կսնվէին, թէ՞ միջի մտքերով։ Եթէ մտքով, հոգ չէ, մտքերն հիմա ալ չեն պակսեր, իսկ եթէ թղթով, պիտի սպասեն, որ սովետա-ֆիննական առևտրական կապն ամրապնդի քիչ մը։ Անոնք, ճիշտ է, հաշտվեցան, բայց տակավին կռնակ կռնակի կպառկեն…

Շաբաթ, 14

Որպէսզի ճաշը աղէկ մարսվի, պէտք է ունենալ լրիվ ակռաներ ու մանր ծամել։ Անատամ մարդու կերածը մէկ դուռնով ներս կմտնէ, մյուսովը կելլէ՝ առանց օգուտ մը տալու օրգանիզմին։ Որպէսզի մի երկիր կարողանա քաղաքակրթական բարիքներէն օգուտ քաղել, պէտք է ըլլա հարուստ, խելացի ու առնվազն նորմալ։ Այս բարեմասնությունք չունեցող երկիր մը քաղաքակրթությունը մէկ կողմէն կմտնէ, մյուսէն դուրս կելլէ։ Քաղաքակրթական բարիքներէն մէկը օթոմոբիլն է՝ մեքենայացված այդ տրանսպորտը։ Երբ առտուն Երևանի փողոցը կելլես, հազարավոր ավտոներ, ոչ՛, տասը հազարական ավտոներ հևասպառ վեր ու վայր կսուրան, զուգահեռ կերթան ու օրական «տասնյակ մարդիկ» կմեռցունեն։

Բայց օրերով եթէ կանգ առնես-նայես, չես նկատի գէթ մէկ հատիկ մեքենա, որուն մէջ գէթ քանի մը մսխալ բեռ ըլլա։ Եթէ կտեսնես, որ ավտո մըն ալ հեռվէն կուգա ծանրաբեռնված, գիտցի՛ր, որ մէջը բանտարկյալ է։ Ահա խորհրդային միակ ապրանքն։ Ասիկա բեռնատար մեքենաներուն կվերաբերէր։

Untitled-1

Բայց կան այս թվով և անգամ կրկնակի շատ մարդատար, փայլուն, պատվական արտաքինով, շքեղաշուք ավտոներ։ Ավտոներ, որոց մէջ մեծ երկրի մը դեսպան կամ դիվանագիտական կորպուս նստած կենթադրես, որը կսուրա՝ սկսվող աշխարհավեր պատերազմի սկսումն կանխելու։ Բայց ո՛չ։ Այդ ավտոները կուսակցական բարձր խավին առտուն պաշտոնատուն կտանեն, ապա կերթան սովխոզ- կոլխոզ՝ թարմ մթերք բերելու այդ դասի նույն օրվա խոհանոցին, հետո այդ նույն դասի կանանց ու երեխաներուն պտույտի կտանեն քաղաքէն դուրս, հետո ալ, երբ ճաշը պատրաստ է, մեքենավարը կերթա՝ իր տէրը պաշտոնատնէն վերադարձնելու, որը, «սոցիալիզմ կառուցելէն» հոգնած, անհամբեր մեքենայի կսպասէ։ Ճաշէն վերջ այս բարձր խավի կոմունիստն անգամ մը կկարդա այն աղջիկներու և կնիկներու ցանկը, որոց հետ նույն օրը հեռախոսով տեսակցություն էր նշանակել։

Հետճաշյա մեքենաներու երթևեկը նվիրված է այս դասու մարդկանց, կանանց ու արբունքի հասած զավակներու սիրային տենչը մարելու մինչև մյուս օր լուսաբաց։

Այս այն ժամանակ, երբ չքավոր ժողովուրդին մեռյալն տախտի վրա կմնա, ու մէկ հատիկ ավտո չի տրամադրվեր անտեր մեռելը իր վերջնական հանգիստը փոխադրելու:

Քաղաքակրթական երկրորդ բարիքն է հեռախոսը։ Հեռախոսը մեզ մոտ կգործածվի նախ՝ սիրային վիզիտներ կարգի բերելու, իրար անլուր հիշոցներով հայհոյելու (որովհետև մեծ մասամբ վայրի և դեմքերնին կորսնցուցած գյուղացիք են), և մէկ ալ պահեստապետները կապ կպահպանեն իրենց տուներու հետ, որ պատրաստություն տեսնեն գողացված ապրանքն «յուրացնելու»։

Կուլտուրական երրորդ բարիքը թուղթն է։ Թուղթին վրա ժողովուրդ մը կանմահացնէ իր միտքն ու հոգին միաժամանակ, և ապագա պատմագրեր, հենվելով անոնց վրա, կորոշեն տվյալ ազգին խարակտերը։

Խորհրդային կառավարությունը Ֆինլանդիայի հետ կբանակցի՝ թուղթ ստանալու։ Բայց ինչի՞ համար է թուղթը մի երկրի, ուր միտք գոյություն չունի… Թուղթը մեզ մոտ կգործածվի առաջ ու առաջ Ստալինին ներբող գրելու։ Ներբողներ՝ այնքան կրկնված ու շաբլոն, որ հեշտությամբ Ֆինլանդիան կրնար արդեն տպված, պարաստ արտահանելու այդ ներբողները։ Անկէ վերջ թուղթը կգործածվի օրդեր պարտաստելու։ Օրդեր կոշիկի, վարտիքի… նավթի … կոստյումի, յուղի, պանրի, շաքարի, լոբիի, վերմակի, դոշակի, քացախի, գինու… և բոլոր «գոյական անուններու»՝ առանց նկատի առնելու՝ այդ առարկան գոյություն ունի՞, թե՞ոչ։

Հետո թուղթը կգործածվի բանտարկյալներու կողմէ դիմումներ գրելու, որոց ազատության դէպք, սակայն, ցայսօր տեսնող չէ եղեր, և որոնք կերթան վարչական մարմիններու սադիստական ծարավը մեղմելու իրենց անհույս աղերսներով ու երկրպագումներով։ Թուղթ կգործածվի խորհրդային ապարատներու միջև գրավոր կապ պահպանելու։ Այդ ապարատներ, որք ծովու ավազի կնմանեն, իրարմէ պաշտոնապէս բան մը կխնդրեն ու պաշտոնական գրավոր մերժում կստանան «կից» գրություններով։ Թուղթով կկազմվեն կոլխոզներում «սատկած» անասուններու «ակտերը», բայց այնքանով, որ պակսեր է այդ անասուններու թիվը, այնքանով, բարեբախտաբար, սկսեր է թուղթին խնայողությունը այդ ասպարեզում։

Գրել կարծիք