Նորաձևության արհեստական շնչառությունը

Նորաձևության արհեստական շնչառությունը

Լսելով հնչեղ անուն՝ մենք ենթագիտակցորեն վերհիշում ենք այն ամենը, ինչ կապված է դրա հետ։

Մի քանի տարի առաջ Փարիզի նորաձևության շաբաթի ընթացքում, հաջորդ սերնդի հավաքածուների ցուցադրությունից բացի, կատարվեց ևս մեկ շատ կարևոր բան. «Louis Vuitton» ապրանքանիշի դիզայներ Մարկ Ջեյքոբսի պայմանագիրը չերկարացվեց, և դադարեցվեց ավելի քան 16 տարվա պատմություն ունեցող համագործակցությունը։ Այս միտումը բավական տարածվեց վերջին տասնամյակի ընթացքում։ Նորաձևությունն այն ոլորտն է, որտեղ անունը շատ թանկ է, և այսօր հաճախ շատ ավելի հեշտ է գնել և կրկին հնչեցնել հայտնի անունը, քան ստեղծել նորը։ Հնարավոր է՝ հենց այդ պատճառով մեկը մյուսի հետևից վերաբացվեցին մի քանի լեգենդար նորաձևության տներ։ «Louis Vuitton» ապրանքանիշի վերածնունդը fashion ռեինկարնացիայի ամենավառ օրինակներից է։

Մարկ Ջեյքոբս

«Louis Vuitton»-ը 20-րդ դարի սկզբին թողարկում էր լյուքս դասի ճամպրուկներ ու պայուսակներ և տասնամյակներ շարունակ հայտնի էր հենց դրանով։ Նոր հազարամյակում երկու մարդկանց՝ սեփականատեր Բեռնար Առնոյի և դիզայներ Մարկ Ջեյքոբսի տաղանդի շնորհիվ այն դարձավ գլխավոր fashion ապրանքանիշներից մեկը, որն արդեն թողարկում է ոչ միայն պայուսակներ, այլև հագուստ։ Ժամանակակից նորաձևության աշխարհում այս բանաձևը դարձել է շատ տարածված՝ անուն ունեցող ապրանքանիշ՝ գումարած տաղանդավոր դիզայներ: Այսպես վերածնվեցին «Burberry»-ն, «Gucci»-ն, «Balmain»-ը… Եղան նաև ոչ այնքան հաջողված ռեինկարնացիաներ, օրինակ՝ «Vionnet»-ը։

Էլզա Սկիապարելի

Արդեն ո՜րերորդ տարին խոսվում է նորաձևության ամենամեծ լեգենդներից մեկի՝ Էլզա Սկիապարելիի նորաձևության տան վերաբացման մասին, և թերևս հաջորդ գարնանը մենք վերջապես կտեսնենք առաջին prêt-a-porter հավաքածուն։ Վերջերս հայտարարվեց ևս մի լեգենդար նորաձևության տան՝ «Jean Pattu»-ի վերաբացման մասին։ 20-ական թվականների լեգենդը փակ էր ավելի քան 25 տարի։ Ավանդույթներ ունեցող նորաձևության տները, բացի հնչեղ անունից, ունեն մեկ այլ շատ կարևոր առավելություն։ Խոսքը արխիվների մասին է, որոնք որոշ դեպքերում իսկական գանձեր են: Այն, ինչ 20-րդ դարի սկզբին ստեղծում էին կուտյուրիեները, դարձել է ժամանակակից նորաձևության հիմքը։ Կերպարները, տեխնոլոգիաները, գաղափարները, որոնք կարող են օգտակար լինել 21-րդ դարում, հաճախ փոշու հաստ շերտի տակ պահվում են լեգենդար նորաձևության տների արխիվներում։ Այժմյան դիզայներներն անվերջ ոգեշնչվում են, եթե կուզեք, կրկնօրինակում են իրենց «նախահայրերին»:

Կրիստոբալ Բալենսիագա

Հայտնի նորաձևության տների դիզայներները մեծ խնամքով և հարգանքով են վերաբերվում այն գանձարանին, որը հայտնվել է նրանց ձեռքում: Նրանք պարբերաբար վերակերտում են դասական զգեստները, կերպարները և հավաքածուները։ Դիզայներների մեկ այլ շերտ ստեղծում է 21-րդ դարի հագուստ՝ գրեթե ուշադրություն չդարձնելով նորաձևության տան ավանդույթներին և պարզապես օգտագործելով հնչեղ անունը։ Անձամբ ինձ համար այս տարբերակն այնքան էլ ընդունելի չէ: Չէ՞ որ լսելով հնչեղ անուն՝ մենք ենթագիտակցորեն վերհիշում ենք այն ամենը, ինչ կապված է դրա հետ։ Ակնհայտ է, որ այս միտումը դեռ զարգացում է ունենալու: Համոզված եմ, որ Բեռնար Առնոն դեռ առիթ կունենա գնելու և տաղանդավոր դիզայներների միջոցով նոր շունչ հաղորդելու հայտնի նորաձևության տներին, իսկ մենք հետաքրքրությամբ կհետևենք նորաձևության անվի հերթական պտույտին և կհիանանք վերածնված արխիվային զգեստներով։]

Հեղինակ՝ Արմեն Գալյան

newmag #45

Գրել կարծիք