«Голос»-ի հայկական ձայնը. Մարգարիտա և Արծվիկ

«Голос»-ի հայկական ձայնը. Մարգարիտա և Արծվիկ

«Голос»-ի «ամենաձայնավոր» հայուհիները՝ Մարգարիտան և Արծվիկը newmag-ին պատմել են նախագծի անդրկուլիսյան թոհուբոհի, սեփական վախերի, կարիերայում վերելքների ու անկումների և սպասվող պրեմիերաների մասին:

Ռուսական «Ձայնի» ամենահայտնի և «ամենաձայնավոր» հայուհիները՝ Մարգարիտա Պոզոյանը և Արծվիկ Հարությունյանը, դեռ իրենց տեղն են որոնում շոու-բիզնեսի ռուսական շուկայում: Եվ դա անում են՝ ձգտելով վերադառնալ իրենց արմատներին:

cover

Ռիտան ու Արծվիկը գլխի են ընկել, որ ռուսական էստրադայում հաղթանակներ տոնելու համար պետք է ոչ թե նմանվել հազարավոր մրցակիցներին, այլ հակառակը՝ խիստ տարբերվել նրանցից: Ընդ որում՝ տարբերվել և՛ թուխ մաշկով, և՝ հայկական դետալներով, և՛ էթնիկ առանձնահատկություններով: Նրանք վերջերս Երևանում էին՝ նոր տեսահոլովակի նկարահանումների համար:

Մարգարիտա Պոզոյան

Նա այնքան լուսավոր է, որ կարող է կուրացնել իր դրական աուրայով: Նրան ուղղակի մի ակնթարթ էր պետք: Խորը ներաշխարհով ու յուրահատուկ ձայն. Մարգարիտա Պոզոյանը գերազանցիկ է ամեն ինչում: Նրա պրոֆեսիոնալ վոկալը գնահատում են ոչ միայն երկրպագուները, այլ նաև երգարվեստի ամենախիստ գիտակները:

pozoyantexek

Մարգոն ինչ իրեն հիշում է, երգում է: 13 տարեկանում արդեն «Бахмутская звездочка» մրցույթում Գրան պրի է ստանում: Հաջորդ տարի տաղանդավոր աղջնակը հաղթում է «Отчий дом» լիրիկական երգի հեռուստատեսային փառատոն-մրցույթում: Կարիերայի սկզբում ևս մեկ կարևոր մրցանակ էլ Մարգոն նվաճում է 2001-ին:

Արիշատա բեմական անվամբ դառնում է համառուսական երիտասարդական դելֆյան խաղերի ոսկե մեդալակիր: Այդ և հաջորդած հաղթանակները նրան այլընտրանք չեն թողնում. երգչուհի դառնալու որոշումը կայացած էր.

margo-2«Ես փորձում եմ թելադրված ոչ մի ձևաչափի չհարմարվել, որովհետև այդ դեպքում ես կփոխեմ ինքս ինձ: Ֆորմատային երաժշտությունն այն չէ, ինչ ես եմ սիրում, ինչ ես եմ լսում ու կատարում: Ինձ համար կարևոր է, որ ինքս ինձ հարմարավետ զգամ, որ արտաքին ներխուժում չլինի, որ իմ ներքինը ընդունի այն, ինչ անում եմ»:

Դպրոցը ոսկե մեդալով ավարտելուց հետո Մարգոն ընդունվում է Մոսկվայի ժամանակակից արվեստի ինստիտուտ: Ընդունող հանձնաժողովը միաձայն որոշում է նրան հնարավորություն տալ ուսումը շարունակել երկրորդ կուրսից: Ուսանողական տարիներին սկսում է գրել հեղինակային երգեր: 2008-ին ստեղծվում է «Jazz Parking» նախագիծը:

Արիշատան դառնում է առաջին անդամներից մեկը: 2012-ին սկսվում է ռուսական «Ձայնը» նախագծի առաջին եթերաշրջանը. «Նման
նախագծերը կյանքդ բաժանում են առաջ-ի և հետո-ի: Այդպես եղավ նաև ինձ հետ: Կույր լսումների ժամանակ կատարեցի իմ սիրելի երգչուհու` Ուիթնի Հյուսթոնի «I Will Always Love You» երգը:
Թվում էր` ամեն ինչ կարգին է, դժվարություն պետք է չլիներ: Բայց հաշվի չէի առել ամենից կարևորը` հուզմունքը»:

Մարգոն, Ուիթնի Հյուսթոնի իր մեկնաբանմամբ, ժյուրիի անդամներին ստիպեց շրջվել ու ոտքի կանգնել: Դիմա Բիլանը ափսոսեց, որ Ուիթնին ողջ չէ և չի կարող լսել Մարգոյին: Մարգարիտա Պոզոյանը 4-րդ տեղը զբաղեցրեց «Ձայնում»:

«Ուսուցչի»` Դիմա Բիլանի և Մարգոյի համագործակցությունը շարունակվում է նախագծից դուրս. «Մենք նոր երգ ունենք: Բիլանի տարեդարձի համերգին առաջին անգամ հնչեց: Կարծում եմ` տեսահոլովակ էլ կլինի շուտով: Այդպիսի խոսակցություններ կան: Երգն առաջիկա ձայնասկավառակում էլ տեղ կգտնի»:

Արծվիկ Հարությունյան

Հիշվող, վառ արտաքին, ռուսական հնչողության համար էկզոտիկ ծաղկի անուն հիշեցնող անուն, ժամանակակից մեգապոլիսի ռիթմին անսովոր ճշտապահություն և զինաթափող անկեղծություն: Արծվիկ Հարությունյանի ձայնը սկզբում շոկ է առաջացնում, հետո կլանում ամբողջությամբ և ընդմիշտ:

 

artsviktexekanq1

Դեռ մանկապարտեզում էին նկատել Արծվիկի ձայնային տվյալները: Բայց երգելու նրա տաղանդը երկար ժամանակ այդպես էլ մնաց միայն ծանոթների ու հարազատների համար: Արծվիկը մինչև հիմա պայքարում է բեմական վախի դեմ.

«Պետք է ինչ-որ կերպ հաղթահարել, որովհետև երգել շատ եմ ուզում: Հիմա էլ ամեն անգամ՝ ելույթից առաջ, անհանգստանում եմ, հուզվում: Բայց, փառք Աստծո, ոչ այնպես, ինչպես նախկինում»:

1992-ն այն տարին էր, որ Արծվիկը հասկացավ՝ իր ապագան երաժշտության հետ է շաղկապված: Այդ տարի էկրան բարձրացավ «Թիկնապահ» ֆիլմը: Արծվիկն ուղղակի սիրահարվեց Ուիթնի Հյուսթոնին: Բայց մաթեմատիկական թեքումով դպրոցում սովորող աղջկա համար երաժշտական կարիերայի մասին խոսք անգամ լինել չէր կարող :

artsvik-1Հետո ընդունվեց Մոսկվայի պետական մանկավարժական համալսարան: Մանկավարժ-հոգեբանի որակավորումը այդպես էլ մնաց դիպլոմում: 2012-ի տարեմուտին Արծվիկը երազանք է պահում` զբաղվել միայն երգեցողությամբ: «Jazz Parking»-ի մշտական այցելուից շուտով դառնում է մշտական անդամ. «Նախկինում մի քանի տարի գնում էի, լսում, նայում: Մի օր էլ առաջարկեցին երգել: Մարգոյի հետ բեմ դուրս եկա. միասին այդքան սարսափելի չէր: Այդպես էլ հայտնվեցինք «Jazz Parking»-ում»:

Ռուսական «Ձայնը» նրա համար ծանոթ վայր էր: Քչերը գիտեն, որ առաջին եթերաշրջանում Արծվիկը նախագծին մասնակցում էր որպես բեք վոկալ: Բայց մասնակից լինելն այլ բան է: 2013-ին` երկրորդ եթերաշրջանում, Արծվիկի ձայնը ամենաբարձրը հնչեց.

«Ասացին` գնա՛, անպայման փորձի՛ր, դու պետք է այնտեղ լինես: Հետո` ընտրական փուլ, լսումներ, և մնացածն արդեն հայտնի է»:

Առաջին եթերը չավարտված` Արծվիկի հեռախոսը բառացիորեն պայթեց.«Ինձ զանգում էր ամբողջ Հայաստանը, բոլոր հարազատներս ու ընկերներս: Անգամ հայտնվեցին մարդիկ, որոնց մասին ես բոլորովին մոռացել էի` հեռու բարեկամներ, դասընկերներ և ուսուցիչներ»:

Արծվիկ Հարությունյանը հայտնվեց Պելագեայի խմբում: Հասավ մինչև դուելների փուլ: Պելագեան երկու հայերի մեջ նախապատվությունը տվեց Անդրեյ Դավիդյանին. «Կարծում եմ՝ նույնիսկ եթե չլիներ նախագիծը, ես կգնայի դեպի իմ նպատակը: Ուղղակի «Ձայնն» արագացրեց դա: Այդքան տարի ստվերում եմ եղել: Ինձ համար կարևոր էր ինքս ինձ ապացուցելը, որ կարող եմ, որ ես կամ, երգում եմ, երգչուհի եմ»:

Կյանքը փոխվեց ոչ թե «Ձայնից», այլ անվանափոխությունից հետո: Ռուսական բեմը գրոհով վերցնելուց առաջ «Ձայնի» հայուհիները վերադարձան հայկական արմատներին: Սովորաբար հայերը ռուսական շոու -բիզնեսում թաքցնում են իրենց յան-ը: Մարգոն ու Աստղիկը ընտրեցին բարդ ուղին:

Արծվիկին, օրինակ, դպրոցում, համալսարանում, նախկին աշխատավայրում Անյա անունով էին ճանաչում. «Ես միշտ էլ տանը, մտերիմների համար Արծվիկ եմ եղել: Անյա դարձա, քանի որ դպրոցում չէին կարողանում անունս ճիշտ արտասանել: Բայց աշխատանքի վայրում մի քանի Անյա կար: Որոշեցի նորից լինել Արծվիկ: Սիրում եմ իմ անունը: Տատիկիս պատվին են դրել: Եվ հենց ես նորից դարձա Արծվիկ, կյանքս անմիջապես փոխվեց: Նկատի ունեմ ՝ երգչուհու կարիերայի իմաստով: Ուղղակի ես ինքս իմ առաջ առաջադրանք եմ դրել. երբեք կյանքում չեմ ամաչի, չեմ վախենա և իմ Հարությունյանը մինչև վերջ առաջ կտանեմ: Կընդունեն, չեն ընդունի` մեկ է ինձ համար»:

artsvikmargo

Մարգարիտա Պոզոյանը Արիշատա բեմական կեղծանունն ընտրել էր վաղուց՝ ընկերների խորհրդով: Նա 2009-ին Ռուսաստանի «Եվրատեսիլի» նախնական փուլն այդ անունով էր հաղթահարել: Բայց երբ եկավ «Ձայնի» ժամը, Մարգոն ցանկացավ ընդգծել հայությունը. «Ուզում էի, որ ինձ ճանաչեն հենց որպես Մարգարիտա Պոզոյան, որ իմանային՝ ես հայուհի եմ, հայկական ազգանուն եմ կրում: Գունավոր լինզաներ էի կրում. անգամ դրանք հանեցի, որ ինձ ընդունեն, ինչպիսին կամ` հայկական: Ուզում էի անկեղծ լինել»:

Աղջիկները Երևանում էին իրենց զուգերգի տեսահոլովակը նկարահանելու համար: «Сестра по духу» երգը երկլեզու է՝ հայերեն և ռուսերեն: «Ռուսաստանում ենք ապրում, բայց մեր արմատները Հայաստանում են,- ասում են Մարգոն ու Արծվիկը.-ուզում էինք ընդգծել թե՛ մեկը, թե՛ մյուսը: Մարդիկ սպասում են այս տեսահոլովակի թողարկմանը»:

Երաժշտությունը գրել է Մարգարիտա Պոզոյանը, խոսքը Եկատերինա Ֆարմակովսկայայինն է, հայերեն տեքստի հեղինակն էլ Սոսի Խանիկյանն է: Մարգոն ու Արծվիկը երևանյան համերգի մասին են մտածում, բայց մինչև այդ մի բան հաստատ է. սեպտեմբերի 21-ին նրանք «Jazz Parking»-ի հետ համերգային ծրագրով կլինեն Երևանում:

Գրել կարծիք