Երաժշտական Հայաստանի ցնցող հաջողությունները եւ նոր պայմանավորվածությունները` Կաննում

Երաժշտական Հայաստանի ցնցող հաջողությունները եւ նոր պայմանավորվածությունները` Կաննում

21-րդ դարում Հայաստանի երաժշտական ճիչը, որի վերջին հնչյունից հետո դահլիճում քար լռություն էր, իսկ հետո՝ ծափերի պայթյուն:

12068_b

Հայկական պատվիրակությունը դեռ չէր եկել, երբ արդեն քաղաքի գլխավոր պողոտան մասնակիցներին դիմավորում էր պատվո երկրի՝ Հայաստանի եռագույնով: Հայկական ներկայությունն ազդարարում էր Պալե դե Ֆեստիվալի գլխավոր մուտքի գլխավոր պաստառը, որի վրա և որի ստորոտին անմոռուկներ էին: Արարողակարգի համաձայն, բացումը սկսում է երեկոյան ընդունելությամբ: Մանուշակագույն գորգով, անմոռուկներով և հայկական պարով:

Սա Կառլտոն ամենահայտնի և ամենահին հյուրանոցն է: Հենց այստեղ տեղի ունեցավ երեկոյան ընդունելությունը, որտեղ նախագահ Սարգսյանը հանդիպեց երաժշտական աշխարհում ամենահեղինակավոր կազմակերպությունների ղեկավարների հետ։ Աշխարհում երրորդ ամենամեծ Գերմանական երաժշտական արդյունաբերության դաշնային ասոցիացիայի գործադիր տնօրեն Ֆլորիան Դրուկեն առաջարկեց Նախագահին Կոմիտասի ժառանգության հիման վրա համատեղ նոր ծրագրեր ու նախագծեր իրականացնել, Մոնտրո ջազի միջազգային փառատոնի գլխավոր տնօրենն առաջարկել է փառատոնի մասնաճյուղը բացել Հայաստանում, Sacem աշխարհի երկրորդ ամենամեծ երաժշտական ասոցիացիայի գլխավոր տնօրեն Ժան Նոել Թրոնքը կազմակերպության 90-ամյակի առթիվ հաջորդ տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ Հայաստանում իրականացնել հեղինակային իրավունքին նվիրված մեծ կոնֆերանս: Ամերիկյան Ուարներ Մյուսիք ընկերության փոխնախագահ Սեյմուր Սթեյնը, ով փառատոնին մասնակցում է հիմնադրման օրվանից՝ 1966 թվականից, Հայկական երաժշտությանը ծանոթ է առաջին ձեռքից:

– Նախ՝ ես Կալիֆոռնիայից եմ, հետևաբար, գիտեմ հայերին, բայց չգիտեի, որ հայկական ժամանակակից երաժշտությունը և կատարողներն այսքան բարձր որակի են, – անկեղծացել է Warner Music ընկերության փոխնախագահ Սեյմուր Սթեյնը:

12087_b

Իսկ հայ երաժիշտներն ամենուր էին՝ Դորիանսը ծովափին էր, Վարուժան Ոսկանյանն ու ընկերները՝ ներսում, «Կատուները»՝ Կառլտոնի սրահում, «Հովերը»՝ եկեղեցում, դասական երաժշտությունը՝ Դե Բյուսի համերգասրահում: Հետաքրքրական է, որ նոր պայմանավորվածություններ ձեռք էր բերում հայկական ամբողջ պատվիրակությունը՝ Նախագահից մինչև երգահաններ ու կատարողներ:

Այն, ինչ հնարավոր էր կենդանի կատարմամբ, ներկայացավ ամբողջությամբ, ժառանգությունն ու հարուստ անցյալն արդեն հայկական տաղավարում էր: Հայաստանը ներկայացված էր Երաժշտության հայկական էլեմենտները հայեցակարգով, խորհրդանիշը ՆՈՒՌՆ էր՝ պատկերված չորս տարբեր գույներով, որ խորհրդանշում է հողը, օդը, ջուրը և կրակը:Մեր երկրի մասնակցությունը պարունակում է մեկ գլխավոր ուղերձ:

– Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի 4 հիմնական ուղղությունների մեկը Վերածնունդն էր: Մասնակցելով ՄԻԴԵՄ-ին՝ մենք ցանկանում ենք ներկայանալ ոչ թե ցեղասպանության զոհ-ազգ, այլ որպես վերածնված ժողովուրդը, – նշել է Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

12062_b

Վերածնված ժողովրդի զավակ են և աշխարհասփյուռ հայության մի մաս երգչուհի Ռոզի Արմենն ու կինոռեժիսոր Ռոբեր Գեդիգյանը, որոնց հենց Կաննում Նախագահը «Պատվո շքանշանով» պարգևատրեց՝ հայրենիք-սփյուռք մշակութային կապերի ամրապնդելու համար: Գալա-ընթրիքին, որի ժամանակ եղավ պարգևատրումը, գլխավոր թեման հայկական երաժշտությունն էր և Ֆրանսիան՝ նրանք, ովքեր խորհրդանշում էին երկու երկրների մշակութային սինթեզը և ներկա էին հենց ընթրիքի՝ Ազնավուրը, Ռոզի Արմենը, Ալեն Թերզյանը, Ալեքսանդր Սիրանոսյանը և Գեդիգյանները։

ՄԻԴԵՄ-ի օրերին Կանն այցելեց աշխարհահռչակ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին, որի «Կորած Դրախտ» օպերայի ադաջիոն կատարեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբ՝ փառատոնի վերջին օրը: Նախօրեին էլ Պենդերցկու ստեղծագործությունը կատարել էր «Հովեր» երգչախումբը: Կաննում հնչեց Կոմիտաս, Սպենդիարյան, Խաչատրյան: Թերևս առաջին անգամ՝ միասին, Ֆրանսիա էին ժամանել նաև հայ ժամանակակիցները՝ Հովհաննես Չեքիջյանը, Ռոբերտ Ամիրխանյանը, Արամ Սաթյանը և Արթուր Գրիգորյանը։

12085_b

Հայաստանը ոչ միայն ներկայանալու պոտենցիալ և մարդկային ներուժ ունի, այլև կարող է և պարտավոր է մասնակցել միջազգային գլխավոր ձևաչափերին՝ սա ըստ ՄԻԴԵՄ-ի կազմակերպիչներին, ովքեր գիտեն և լսել են բազմաթիվ երկրների:

ՄԻԴԵՄ գլխավոր ներկայացուցիչ Կոռնելիա Մաչը անկեղծացել է՝ ՄԻԴԵՄ-ում իսկապես զարմացած են հայկական երաժշտությամբ, ընդ որում բոլոր ուղղություններով՝ դասական, ջազ, ազգային: Նա շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ հրաշալի օրերի համար: ՄԻԴԵՄ փառատոնի նախագահ Փոլ Զիլկը ֆենոմենալ է համարում այն, որ ՄԻԴԵՄ-ի ամբողջ համայնքը կարողացավ զգալ հայկական երաժշտության համն ու հոտը: Շառլ Ազնավուրն, ամփոփելով եռօրյա փառատոնի մեր երկրի մասնակցությունը, նկատել է՝ այն ինչ կատարվեց, անհրաժեշտ էր:

12056_b

Սա 21-րդ դարում Հայաստանի երաժշտական ճիչն էր՝ կատարված ակադեմիական ճշգրտությամբ, երաժշտական տաղանդով ու զարմանալի էներգիայով, որի վերջին հնչյունից հետո դահլիճը քարացած լռեց, հետո նոր պայթեց ծափերով:

Գրել կարծիք