Հոլիվուդը գրաված հայ կոստյումերը

Հոլիվուդը գրաված հայ կոստյումերը

Այստեղ դժվար է նրանց, ովքեր ապրում են միգրանտի հոգեբանությամբ:

baner

Միքայել Շարաֆյանը (Միկան) ապրում էր Երևանի գրեթե սրտում՝ Մաշտոցի պողոտայի վրա: Այդտեղ այժմ չաշխատող սուպերմարկետի չաշխատող պահեստ է: Իրենց պատուհանի առաջ փոքրիկ գազոնային հատված կար՝ ծառերով ու ծաղիկներով, այժմ այնտեղ բետոնե պատ է: 20 մետր այն կողմ էլ կրկին գազոնային հատված էր՝ հողամաս, որտեղ ես ու Միկան մեկ-մեկ սերմեր էինք ցանում՝ լոլիկի ու սոխի՝ չգիտեմ ինչու համար: Ինչևէ, այժմ այդտեղ երկաթբետոնյա ավտոտնակ է: Նա սիրահարված էր Մերիլին Մոնրոյին ու կարդում էր բարձրաշխարհիկ պարահանդեսների մասին: Հիշում եմ նույնիսկ, որ ժամանակին մի գիրք էր գրել՝ Մարիա Անտուանետա վերնագրով: Այդ մասին նույնիսկ ինքը չի հիշում:

Միկան Հայաստանը լքեց 2001-ին՝  գնալով ամերիկյան երազանքի հետևից: Այժմ նա աշխատում է Հոլիվուդում: Հոլիվուդի կոստյում-դիզայներների գիլդիայի միակ հայ անդամն է: Աշխատել է մեկ տասնյակից ավելի ֆիլմերում, այդ թվում հայ-ամերիկյան համատեղ արտադրության, նրանցից մեկում էլ՝ «Հարսնացուն Լաս-Վեգասից», պատահաբար առաջարկ է ստացել լինել դերասան, մեծ դժվարությամբ համաձայնել է և խաղացել գլխավոր դերերից մեկը: Նրա թեթև ձեռքով հոլիվուդյան տարբեր ստուդիաների 37 ֆիլմ ստացել է ոճային ու հագուստային կերպարանք:

-Հիշում ե՞ս , քո առաջին օրը, երբ գնացիր ԱՄՆ-ը: Ինչ էիր մտածում, ինչ էիր սպասում:

Միկա-Այո, ինչպես չեմ հիշում: 2001-ի հունիսի 10-ն էր: Ես, ծնողներս ու մեր շունը..դու կհիշես..Ջեսիկան…

-Ոնց չեմ հիշում, իմ շան անունն էլ էր Ջեսիկա , նրանք միմյանց ահավոր չէին սիրում…

Միկա...այո, մենք իջանք օդանավակայանում՝ Կալիֆորնիայում: Ես եկել էի մեծ նպատակներով ու մեծ երազանքներով: Առաջին մեկ ամիսը ընտանիքով ապրում էինք հյուրանոցում, հետո նոր տուն գտանք, տեղափոխվեցինք: Ես սկսեցի բացահայտել ԱՄՆ-ը ներսից. Գնացի Վաշինգտոն ու Նյու-Յորք: Այնուհետև ընդունվեցի ինստիտուտ:

-Դու այստեղ սովորել էիր Կոջոյանի դպրոցում՝ նկարիչ-քանդակագործ էիր: Փոխեցի՞ր մասնագիտացումդ:

Միկա-Այո, ես այստեղ ընդունվեցի  Fashion Institute of Design and Merchandising: Առաջին 2 տարին սովորեցի ֆեշն դիզայն, հետո արդեն՝ 3-րդ տարում, որպես մասնագիտացում ընտրեցի թատերական կոստյումների դիզայն ուղղությունը: Այդտեղ, ամեն տարի ընդամենը 5 ուսանող են վերցնում: Նրանցից մեկն էլ ես էի: Բայց ծնողներս, ի սկզբանե դեմ էին:  Կարծում էին, դա այնքան էլ լուրջ մասնագիտություն չէ: Ես ետ չկանգնեցի, դա ինձ շատ մոտ էր: Ես ասում եմ, որ ես քանդակում եմ՝ ուղղակի ոչ թե կավն ու քարը, այլ տարբեր կտորները:

-Հետո տեղի է ունեցել մի բան, որին անձամբ ես չեմ հավատում…

-Միկա-…հետո տեղի է ունեցել իմ ավարտական շոուն, որ ես պատրաստել էի Մոլենռուժի Կանկանի ոճով: Այնուհետև իմ շոուն ցուցադրվեց նաև 2009-ին Բարաք Օբամայի երդմնակալության ժամանակ: Իմ կարմիր զգեստը տպագրեցին նաև Washington Post-ում:

4

-Հերիք չէ Ամերիկա, մի հատ էլ Հոլիվուդ: Ախր, դա շատ դժվար է: Մրցակցությունը՝ մեծ, մասնագետները՝ շատը, պրոֆեսիոնալիզմը՝ բարձր: Ի՞նչ դժվարություններ ես հաղթահարել:

Միկա-Ես այժմ նաև դասավանդում եմ ու իմ ուսանողներին միշտ ասում եմ՝ նստեք առաջին կարգում: Միշտ պետք է նստել առաջին կարգում, որովհետև չգիտես, թե ում կհանդիպես, քեզ ով կնկատի ու ինչ կառաջարկի: Ես ինստիտուտում միշտ նստում էի առաջին կարգում: Հենց այդպես իմ դասախոսներից մեկը ինձ առաջարկեց դիմել դիզայներ Ալի Ռահիմիին, որն ուներ ատելյե՝ Mon Atelier: Տվեց համարը՝ ասաց զանգիր, գնա իր մոտ: Ես այնտեղ մոտ մեկ տարի ասիստենտ աշխատեցի, սովորեցի կտոր հարդուկել, կտոր կտրել, մատուցել: Թվում է, որ այստեղ ահավոր դժվար է, անհնար է, սակայն ամեն ինչ այդպես չէ: Կարևորը ունենաս մեծ ցանկություն, աշխատասիրություն ու նպատակասլացություն: Այդ դեպքում հնարավորություն ունես ամեն ինչի հասնելու:

-Բայց հազարավոր մարդիկ գնում են այդ երազանքի հետևից..

Միկա-Եթե տանը նստես, սպասես, քեզ ոչ մեկ չի զանգի ասի՝ Միկա արի աշխատիր: Դու պետք է սկսես ամենաներքևից: Սա մեծ երկիր է, միանգամից ամեն ինչի չես կարող հասնել: Այստեղ շատ կարևոր է, թե ով, ում հետ է շփվում, ով ում է ճանաչում: Պետք է շփվես, մտնես այդ «մաֆիայի» մեջ, եթե մտար տեմպ կհավաքես: Եթե չհասցնես, կուշանաս: Ես ինստիտուտն ավարտելուց հետո, միշտ կապ էի պահում համալսարանի կարիերայի խորհրդատուների հետ, միշտ զանգահարում էի նրանց, հարցնում էի ինչ աշխատանք կա, որտեղ կարող եմ փորձել:

-Օրինակ հանրահայտներից ու՞մ հետ ես աշխատել, Սպիլբերգ, Սկորսեզե..

Միկա -Պետք է աճես այսօրվա երիտասարդ ռեժիսորների հետ, քո հասակակիցների, քո ստատուսի ռեժիսորների հետ: Այժմ ես աշխատում եմ ոչ այնքան աշխարհահռչակ ռեժիսորների հետ, բայց նրանք են ապագա սպիլբերգերն ու սկորսեզեները: Այդ կարգի ռեժիսորների հետ չես կարող աշխատել, քանի որ նրանք ունեն իրենց ձևավորված թիմերը, պետք է սկսես քո տարիքակիցների հետ ու աճես նրանց հետ, դառնաս վաղվա օսկարակիրը:

-Ի՞նչ է սովորեցրել քեզ Միացյալ Նահանգները ու ի՞նչ է սովորեցրել քեզ դաժան Հոլիվուդը:

Միկա- Միացյալ Նահանգները մի շատ ֆենոմենալ հատկություն ունի, այն ռենգենի պես պատռում է բոլոր դիմակները: Շատ արագ պարզ է դառնում, թե ով, ով է, որպես մարդ, նույնիսկ որպես մասնագետ: ԱՄՆ-ում ու Հոլիվուդում սովորել եմ Ոչ ասել: Սա շատ կարևոր է, թե կյանքում, թե աշխատանքում: Օրինակ, Հայաստանում հաճախ մարդիկ ամաչում են ոչ ասել ու անում են բաներ, որոնք չեն ուզում կամ իրենց հարմար չէ, կամ շահավետ չէ: Ոչ ասել կարողանալը կարևոր է՝  ոչ միայն աշխատանքում, այլ նաև կյանքում: Այստեղ նաև սովորել եմ կյանքի նկատմամբ դրական տրամադրված լինել, բայց միաժամանակ չկորցնել զգոնությունը:

Ձախից՝ Պլասիդո Դոմինգոն, Միքայելը և Լոս Անջելոսի քաղաքապետը:
Ձախից՝ Պլասիդո Դոմինգոն, Միքայելը և Լոս Անջելոսի քաղաքապետը:

 

-Քո հայ լինելը օգնել, թե՞ խանգարել է քեզ:

Միկա-Նախ ասեմ, որ ես ԱՄՆ-ի քաղաքացիություն ունեմ: Հետո ասեմ, որ այստեղ մանավանդ, գործնականում ոչ մեկին չի հետաքրքրում, դու հայ ես, ուզբեկ, հրեա, թե իտալացի: Նրանք առաջին հերթին նայում են քո պորտֆոլիոյին, քո արած գործին: Եթե ոչ այնքան լուրջ, ապա նույնիսկ կարող եմ ասել, որ ինձ իմ ազգանունը՝ Շարաֆյան, օգնել է, քանի որ իրենց համար մի փոքր խորթ է, ինչը հեշտացնում է քեզ հիշելը:

Հաջորդը: Մարդիկ, որոնք անընդհատ որևէ բան են ուզում պետությունից, սպասում են, որ այն պետք է իրենց օգնի, տա որևէ բան: Ես միշտ հիշում եմ Քենեդու խոսքերը՝ «Մի մտածեք, թե ինչ կարող է ձեզ տալ պետությունը, մտածեք դուք ինչ կարող եք տալ պետությանը»: Ես իմ գործն եմ անում, աշխատում եմ, կատարելագործում եմ ինձ, չեմ նստում տեղս:

-Լավ, շատ լրջացավ խոսակցությունը: Մերիլին Մոնրոյին կրկին սիրահարված ե՞ս: Գնացիր, տեսար, հանգստացա՞ր:

Միկա-Չեմ կարող ասել, որ սիրահարված եմ, բայց այո, Մերիլին Մոնրոն, ինձ ծանոթացրել է ամերիկյան մշակույթին, ամերիկյան երաժշտությանը, գեղեցկության որոշ չափանիշներին.. Այո, կարելի է ասել ես քայլել եմ այն բոլոր տեղերով, որտեղ նա եղել է: Առաջին տեղերից մեկը որ այցելել եմ եղել է Մերիլին Մոնրոյի ակումբը, ես նրա ակումբի անդամ եմ: Հանդիպել են նրա լուսանկարչի հետ, նրա մազերը՝ առաջին շեկ ներկող ոճաբանի հետ: Նաև հանդիպել եմ Ջազում միայն աղջիկներն են ֆիլմում նրա գործընկերոջը՝ Տոնի Կյորտիսին, Ջենթլմենները կարևորում են կանանց ֆիլմում նրա խաղընկերուհու՝ Ջեյն Րասելի հետ: Ճիշտն ասած, նրանց ամաչել եմ հարցնել Մերիլին Մոնրոյի մասին, քանի որ նրանք էլ աշխարհահռչակ մարդիկ են ու մի տեսակ կլիներ, որ սկսեի հարցեր տալ Մերիլինից: Առհասարկ այստեղ շփվել եմ բազմաթիվ աշխարհահռչակ դեմքերի հետ, ինչպես ասենք Սոֆի Լորենը, Բարբրա Սթրեյզընդը, Միշել Լեգրանը, իսկ Պլասիդո Դոմինգոյի համար երկու պորտրետ եմ արել, որոնք, որքան գիտեմ, նա փակցրել է իր բնակարանի պատերին:

-Դու նաև մասնակցել ես երկու հայ-ամերիկյան ֆիլմերի արտադրության, մի տեղ որպես կինոդիզայներ, մեկ այլ տեղ՝ որպես դերասան («Հարսնացուն Վեգասից»): Այդպես նաև մի քանի անգամ եկել ես ետ՝ Երևան: Որտե՞ղ ես սիրում լինել Երևանում:

Միկա-Մենք մինչ այդ խոսում էինք մեր բակի մասին, որտեղ այժմ ավտոտնակներ են: Իհարկե, տեսել եմ ու շատ տխուր է, մի տեսակ մանկական հիշողություններս կարծես կորած են, երբ տեսնում ես, որ քո տունը չկա՝ խանութ է: Երևանը շատ է փոխվել, բայց գուցե դա էլ զարգացում է՝ you never know:  Այնուամենայնիվ մինչև հիմա շատ հարազատ են ու շատ եմ սիրում գնալ իմ երկու դպրոցները՝ Չարենցի ու Կոջոյանի անվան: Այդտեղ բազմաթիվ հիշողություններ են արթնանում, նոստալգիայի մեջ եմ ընկնում: Ամեն դեպքում, ես կարծում եմ, որ քաղաքը՝ մարդիկ են, երբ չկան մարդիկ, չկա այդ միջավայրը, քաղաքն էլ կորցնում է իր դեմքը ու մթնոլորտը:

 

 

 

 

 

 

Գրել կարծիք