The New Yorker. Վերջին լանչը կինոռեժիսոր Մայք Նիքոլսի հետ

The New Yorker. Վերջին լանչը կինոռեժիսոր Մայք Նիքոլսի հետ

Ինչպե՞ս տասնամյակներ անց հաջողակ կատակերգուն, բեմական ռեժիսորն ու ֆիլմարտադրողը հասավ իր կեսդարյա երազանքին:

Մայք Նիքոլսը մահացավ 83 տարեկանում: Մահը անդառնալի կորուստ է բոլոր նրանց համար, ովքեր ճանաչում և սիրում էին նրան: Նաև ինձ համար: Նա անկրկնելի էր: Ռուս էմիգրանտի և գեղեցկուհի գերմանուհու որդին ԱՄՆ ժամանեց 1939-ին: 7 տարեկան էր, անգլերեն չգիտեր, մազեր չուներ կապույտ հազի դեմ սխալ պատվաստման պատճառով: Նա պարուրված էր ինքնաքննադատության զգացումով:

«Ես զրո էի»,-ասաց նա ինձ, երբ 2000 թվականին հարցազրույց էի վերցնում: «Ես անհայտ երեխաների մեջ ամենահայտնին էի,-կատակում է իր տխուր մանկության մասին` հավելելով.-զարմանալի է՝ որքան երկար ձգվեց այդ ամենը»: Տասնամյակներ անցան, մինչև հաջողակ կատակերգուն, բեմական ռեժիսորն ու ֆիլմարտադրողը հասավ իր կեսդարյա երազանքին:

Իր կրթվածության և սուր մտքի շնորհիվ Նիքոլսը լույս սփռեց իր անհրապույր ժամանակների վրա: Իր հիանալի ֆիլմերի շնորհիվ նա բացահայտեց տաղանդավոր դերասաններ Դասթին Հոֆմանին «Շրջանավարտը», Մերիել Սթրիփին՝ «Սիլկվուդ», Ալ Պաչինոյին՝ «Հրեշտակներն Ամերիկայում», Ջոն Տրավոլտային՝ «Հիմնական գույներ», Ջեք Նիքոլսոնին՝ «Մարմնական մերձեցում» ֆիլմերում: Նիլ Սայմոնի հետ նախագծեց նաև կատակերգություններ, պահանջեց և ստացավ տոկոսներ հեղինակային հոնորարներից:

«Մայք Նիքոլսի նման հիանալի անձնավորության հետ երբեք չեմ աշխատել և գուցե չաշխատեմ էլ»,-ասել է Սայմոնը:

«Shall we Esca?»,-հարցրեց ինձ Մայքը սեպտեմբերին կայացած մեր հանդիպման ժամանակ: Տարվա մեջ մի քանի անգամ հանդիպում էինք 9-րդ պողոտայի մի ռեստորանում՝ զրուցելով շոու բիզնեսում կատարվող բաների մասին: Ամեն անգամ նա ավելի շուտ էր գալիս հանդիպման՝ տեղ զբաղեցնելով ռեստորանի վերջին սեղանի մոտ: Երբեք չէր խոսում իր խնդիրների մասին, սակայն արտաքին տեսքը մատնում էր, որ հիվանդ է: Կյանքի հանդեպ ունեցած սերը և զրուցելու պատրաստակամությունը չէր կորցրել:

Lahr-Mike-Nichols-1200

Նիքոլսը սիրում էր պատմություններ պատմել, և մտքի ճկունության և ուրիշներին ընդօրինակելու տաղանդի շնորհիվ նա հայտնի դարձավ «Նիքոլս և Մեյ» իմպրովիզ-կատակերգության մեջ, որն այն ժամանակ հայտնի էր ԱՄՆ-ում:Անգամ այս պահին, երբ գրում եմ այս տողերը, տեսնում եմ Մայքի կայծկլտացող աչքերը, ժպիտը, լսում եմ նրա ծիծաղը, որը սկսվում էր համեստ քրքիջից՝ ավարտվելով բարձր ալիքով:

Մեր վերջին լանչի ժամանակ, երբ վերջին անգամ էի տեսնում Մայքին, նա խոսեց իր և Մարլոն Բրանդոյի ընկերության մասին: «Հոլիվուդում մի ամբողջ գիշեր զրուցեցինք: Հարցրեցի, թե ինչ է զգացել՝ առաջին անգամ հայտնվելով Հոլիվուդում: Նա ծիծաղեց և ասաց, որ այնքան զբաղված է եղել փորձելով չխենթանալ, որ չի էլ նկատել շուրջը կատարվողը»:

Մենք թափառում էինք մեր զրույցում՝ խոսելով Նիլ Սայմոնի «Այգում՝ ոտաբոբիկ» ֆիլմում Նիքոլսի բրոդվեյյան դեբյուտի մասին. «Ես անմիջապես հասունացա և դարձա փորձառու»,-պատմեց Մայքը` հիշելով, որ փոփոխություն էր արել ներկայացման մեջ, որովհետև Ռոբերտ Ռեդֆորդը դժգոհել էր, որ Էլիզաբեթի խաղով 2-րդ պլան էր մղվել:

Մայքը հանդիսատեսի, դերասանների մասին պատմությունների մի մեծ շտեմարան էր: Նա տիրապետում էր պատմվածքներ պատմելու արվեստի նրբություններին: Նրա կյանքը փոթորկալից էր. չորս ամուսնալուծություններ էր ապրել, սակայն ունեցել էր նաև շատ երջանիկ օրեր: Միասին պլանավորել էինք գիրք գրել, սակայն այս ամառ նա ասաց, որ այդ հանձնարարության համար ո՛չ էներգիա և ո՛չ էլ բավարար հիշողություն չունի:

Տարիներ շարունակ խոսել ենք ներկայացումների, շոուների, դերասանների, ռեժիսորների և գրականության մասին, սակայն այդ օրը՝ ճաշն ավարտելուց հետո, նա խոսեց մի բանի մասին, որին երբեք չէր անդրադարձել և որի մասին երբեք չէր հիշատակել: Դա ապշեցրեց ինձ: Այն գրառեցի իմ նոթատետրում՝ որպես իմաստության մի կտոր, որը երբեք չեմ մոռանա. «Ես սայթաքում եմ, սակայն որոշել եմ ընկերանալ դրա հետ»: Բաժանվելիս թափահարեցի ձեռքս և ասացի. «Հաջորդ անգամ ես եմ հյուրասիրում»:

ՀԵՂԻՆԱԿ` ՋՈՆ ԼԱՐ

Գրել կարծիք