Ամանորի 10 լավագույն ֆիլմերը

Ամանորի 10 լավագույն ֆիլմերը

Դեկտեմբերին, հատուկ որոշումով լինի, ակամա լինի, այս բոլոր ֆիլմերը վերանայելու ենք, քանի որ հենց այս կինոպատումներն են համարվում Նոր Տարվա լավագույն ֆիլմեր:

Նոր տարին ու Ծննդյան օրերը պիտի գունավոր լինեն: Գունավոր ու լուսավոր: Որպեսզի տարին բոլորելու ու կյանքի նոր դրվագ սկսելու պահը խորհրդանշական դառնա: Տոնածառին ամեն տարի նոր խաղալիք ենք ավելացնում, նվերները մինչև վերջ թաքուն ենք պահում հարազատներից, կարծես դեռ մի փոքր հույս ունենք, որ Ձմեռ պապին հավատում են ու սպասում: Ուղիղ կեսգիշերին թնդացնում ենք շամպայնի շիշը, ով ինչ երազանք գրի էր առել, մոխրացնում, լցնում է բաժակն ու կուլ տալիս գինու հետ: Ու, իհարկե, միացնում ենք հեռուստացույցը, ու էկրանից մեր տրամադրությունն իր լույսով ու գույներով է՛լ ավելի տոնական է դարձնում նորին գերազանցություն Կինոն: Դեկտեմբերին, հատուկ որոշումով լինի, ակամա լինի, այս բոլոր ֆիլմերը վերանայելու եմ: Միացե՛ք:

newmag555ԻՐԱԿԱՆ ՍԵՐ / («Love Actually»)2003, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Ֆրանսիա

Համեստություն չանեմ. շատ ֆիլմեր եմ դիտել, բայց չեմ հիշում որևէ մեկը, որտեղ պոզիտիվի ավելի մեծ խտացում լինի, քան «Իրական սեր»-ում: Մեծ աստղաբույլ, հրաշալի երաժշտական ձևավորում, մեկը մեկից անհավանական, բայց հոգեցունց պատմություններ, որոնց մասին մենք ամբողջ կյանքում երազում ենք, հանդիպելիս բաց չենք ուզում թողնել, բաց թողնելու դեպքում՝ ամուր կառչում հիշողությունների տեսքով:

Ֆիլմը կարելի է դիտել տասնյակ անգամներ, առանձին վերցրած կադրեր՝ հազարավոր: Երբեք չի հոգնեցնելու ու միշտ տոնական տրամադրություն է պարգևելու (սա գրելիս մտածում եմ՝ մի պահ դադար տամ, հարսանիքի դրվագը նայեմ):

 

скачанные файлыԲՐԻՋԻԹ ՋՈՆՍԻ ՕՐԱԳԻՐԸ/ («Bridget Jones’s Diary») 2001, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Իռլանդիա, Ֆրանսիա

Խոստովանե՛ք, որ շատ եք սիրում այս ֆիլմը: Ես սիրով խոստովանում եմ: Մի հասարակ աղջիկ Բրիջիթ Ջոնսի մասին երբեմննույնիսկ մանկամտության աստիճանի պարզ պատմությունը խաղում է հետդ երեխայի պես ու խուտուտ տալիս, չի թողնում, որ ժպիտը դեմքիցդ իջնի: Ի՜նչ լավ վարպետ պետք է լինես, որ ուրիշի դեպրեսիայի հիման վրա էսպիսի սքանչելի անտիդեպրեսանտ պատրաստես: Ընդ որում թմբլիկ Զելվեգերը, իմ անձնական կարծիքով, էստեղ շատ ավելի հմայիչ ու նվաղեցնող է, քան, օրինակ «Չիկագոյում»: Մանավանդ երբ ընտանեկան հավաքույթին ներկայանում է հռչակավոր «Փլեյբոյ» ամսագրի նապաստակի հագուստով:

 

aloneՏԱՆԸ ՄԵՆԱԿ/ («Home Alone») 1990, ԱՄՆ

Քրիս Քոլամբուսի այս գլուխգործոցն արդեն 25 տարեկան է: Այդքան էլ մեծացել է Մաքոլեյ Կալկինն ու դարձել անհամի մեկը: Իսկ մի ժամանակ նա ուշիմ ու հնարամիտ մանչուկ էր, որին իմ բոլոր տարեկիցները նախանձում էին: Պատահաբար ու շատ ծիծաղելի պատճառով Ծննդյան տոներին տանը մենակ մնացած երեխան այնքան սահուն է գալիս տուն ներխուժած կողոպտիչների հախից, որ երկուժամանոց ֆիլմնաչքիդ առաջ թռչում-անցնում է մի ակնթարթում: Հաջողությունից հետո մի քանի շարունակություններ էլ նկարվեցին, բայց, դե՛, այս մեկն այդպես էլ մնաց չգերազանցված: Ի դեպ, վաղուց չեմ դիտել, կարելի է վերանայել:

 

917XEqmxPiL._SL1500_ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ/ («A Christmas Carol») 2009, ԱՄՆ

Ռոբերտ Զեմեկիսի այս անիմացիոն ֆիլմը, կրկին իմ անձնական կարծիքով, Չարլզ Դիկենսի հանրահայտ վիպակի լավագույն էկրանավորումնէ: Այս պատմությունը ժլատագույն արարած Էբենեզեր Սքրուջի մասին է, որ մի տոնական գիշերվա ընթացքում կատարյալ մաքրագործման է ենթարկվում՝ իր վարքին ուրիշի հայացքով դիտելու հնարավորություն ստանալով: Երազում կարելի է տեսնել, թե մարդիկ ինչ են քո մասին մտածում, խոսում, կամ քո տված որ գնահատականն ու վերաբերմունքն է անարդարացի եղել՝ այս կամ այն ճակատագիրը խեղելով: Նախատոնական լավ զբաղմունք՝ երկուսը մեկում. դիտել հրաշալի ֆիլմ ու մտածել Նոր տարին մաքուր էջով սկսելու մասին:

 

newmag555555ՉԱՐԼԻՆ ԵՎ ՇՈԿՈԼԱԴԻ ՖԱԲՐԻԿԱՆ/ («Charlie and the Chocolate Factory»)2005, ԱՄՆ

Ռոալդ Դալի համանուն վիպակն ավելի հայտնի չէ, քան Դիկենսինը, գուցե ուսուցողական նյութն էլ ավելի պրիմիտիվ է մատուցված, բայց էկրանավորումը՝ Թիմ Բարթոնի կատարմամբ, հրաշալի է ստացվել: Իհարկե, ճաշակին ընկեր չկա, բայց այս ֆիլմնում ոճային հակումներին համապատասխանեց, դառնում է ամենասիրելիներից մեկը: Եղի՛ր ահա այսպիսին, ու ամեն բան լավ կլինի. դժվար է պատկերացնել ավելի զուլալ ուղերձ երեխաներին, բայց այն փաթեթավորումը, որով մատուցվում է այդ ուղերձը, հիացմունքի է արժանի: Էստեղ ամեն ինչ քաղցր է, նույնիսկ Ջոնի Դեփը՝ Վիլի Վոնկայի դերում:

 

 

220px-MerryChristmasfilmPoster3ՈՒՐԱԽ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ/ («Joyeux Noël»)2005, Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Բելգիա, Ռումինիա, Նորվեգիա

Իրական փաստեր են: Առաջին աշխարհամարտի ժամանակ՝ Սուրբ ծննդյան տոներին, շոտլանդացի հոգևորականը, ֆրանսիացի լեյտենանտը, գերմանացի տենորն ու նրա կինը մտերմանում են պատերազմող կողմերի խրամատների արանքում: Շատ հեղինակներ են օգտագործել այս սյուժետային հնարքը` թշնամացած մարդկանց հանգամանքների բերումով մի միջավայրում հավաքելը և ուսումնասիրելը, թե նրանց հարաբերություններն ինչպես են փոխվում անսովոր պայմաններում: Բայց Քրիստիան Կարիոնը դա առանձնապես հրաշալի է անում, շատ հուզիչ ու տպավորիչ: Ֆիլմը նույնիսկ առաջադրվել էր «Օսկարի»՝ որպես լավագույն օտարալեզու ֆիլմ:

 

newmag51115ԿՈՐԱԾ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ/ («Lost Christmas»)2011, Մեծ Բրիտանիա

Սուրբ ծննդյան նախօրեին Մանչեսթերում խորհրդավոր ու տարօրինակ մի մարդ է հայտնվում: Ո՛չ անունն է հիշում, ո՛չ էլ գիտի, թե որտեղ է գտնվում ու ինչու: Աստիճանաբար պարզում ենք, որ այս մարդը մի հրաշալի ունակություն ունի. ընդամենը ձեռքի հպումով կարողանում է անսխալ կռահել, թե ինչ են կորցրել մարդիկ, ու նրանց օգնում է գտնել կորցրածը: Բայց հասկանում ենք, չէ՞, որ ամեն կորցրած հետ չես բերի: Մանավանդ գլխավոր հերոսի՝ փոքրիկ Գուսի ծնողներին, որոնք մեկ տարի առաջ զոհվել են ավտովթարից: Շատ հուզիչ պատմություն է, տխուր ու միաժամանակ բարի, ակամա կաթող արցունքն էլ ժպիտից անբաժան է լինում:

 

 

Its_A_Wonderful_Life_Movie_PosterԱՅՍ ՀԻԱՆԱԼԻ ԿՅԱՆՔԸ/ («It’s a Wonderful Life»)1946, ԱՄՆ

Իսկական տոնական ամերիկյան ֆիլմ՝ բնորոշ հեփի էնդով: Բոլոր ժամանակների լավագույն 50 ֆիլմերի մեջ է IMDb վարկանիշով: Բազմաթիվ խնդիրներից հոգնած Ջորջ Բեյլին` փոքրիկ, հորինված քաղաքի մի բնակիչ, որոշում է Ծննդյան տոներից առաջ ինքնասպանություն գործել: Ամբողջ կյանքում չարչարվել է, ապրել ազնիվ, օգնել եղբորը, եղել հավատարիմ ամուսին, պայքարել քաղաքի բարօրության համար՝ անձնազոհություն ցուցաբերելով: Ու ահա հոգնել է: Կամրջին կանգնած՝ պատրաստվում է նետվել ցած, ու էլի բարի սիրտը խանգարում է. սկզբում փրկում է իր պես նետվել պատրաստվող մեկին: Սա էլ, պարզվում է, նրա պահապան հրեշտակն է ու մի առաքելություն ունի. հուսալքվածին ցույց տալ, թե որքան հիանալի բան է կյանքը:

 

newmag1155ԿԱՌՆԱՎԱԼԱՅԻՆ ԳԻՇԵՐ/ («Карнавальная ночь»)1956, ԽՍՀՄ

Էլդար Ռյազանովը կատակում էր` եթե ուզում ես իմանալ, թե քանի տարեկան է քո ընտրյալը, հարցրո՛ւ նրան՝ քանի անգամ է դիտել «Կառնավալային գիշերը»: Ֆիլմը երկու տարուց կդառնա 60 տարեկան, տեքստ արտասանող դերասաններից ողջ է մնացել միայն Վլադիմիր Զելդինը (ծաղրածու Տոպի դերակատարը): Բայց ֆիլմում հնչած երգերը, կերպարները, թևավոր խոսքեր դարձած արտահայտությունները մինչև հիմա շարունակում են սիրելի մնալ բոլոր սերունդների համար: Դժվար է պատկերացնել, որ սա Ռյազանովի դեբյուտն էր մեծ կինոյում, ու նրան ոչ ոք իրականում լուրջ չէր վերաբերվում: Պատմում են, որ ռեժիսորը մի անգամ, մտնելով նկարահանման հրապարակ, լսել է օպերատորի ձայնը. «Մոտո՛ր, նկարում ենք»: Ձայն չի հանել, բայց հետո արգելել է երևակել ժապավենի այդ հատվածը՝ դրանով ցույց տալով, թե ով է տանտերը: Ռեժիսորին ու նրա ստեղծած ֆիլմին լուրջ չէր վերաբերվում նաև «Մոսֆիլմը»: Որոշ դրվագների դիտումից հետո արձագանքը, որը մինչև հիմա էլ պահվում է «Մոսֆիլմի» արխիվներում, այսպիսին է եղել. «Ֆիլմը տապալվելու է, անհույս է: Դերասաններին փոխելն ուշ է, իսկ ռեժիսորին վռնդելը՝ անիմաստ: Մնում է արագ վերջացնել ու մոռանալ այս մղձավանջը»:

newmag2255ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԵԳՆԱՆՔԸ ԿԱՄ ԲԱՂՆԻՔԴ ԱՆՈՒՇ/ («Ирония судьбы, или С легком паром!»)1975, ԽՍՀՄ

Իր առաջին տոնական ֆիլմից 19 տարի անց Ռյազանովը պիտի նկարեր մի նոր տոնական մելոդրամա, որը պետք է դառնար խորհրդային բոլոր ընտանիքների ամենասիրելի ֆիլմը: Եղե՞լ է որևէ դեկտեմբերի 31, որ գոնե մեկ-երկու ալիքով այս ֆիլմը ցույց տված չլինեն: Ամեն անգամ ֆիլմը դիտում ենք կարծես առաջին անգամ ու նորից ի մի բերում այն ամենը, ինչ արդեն գիտենք վաղուց ու բոլորին պատմել ենք. իսկ դուք գիտե՞ք, որ Բարբարա Բրիլսկայի փոխարեն երգում է Ալլա Պուգաչովան, խոսում է Վալենտինա Տալիզինան: Կամ որ ֆիլմը նկարահանվել է մարտին, գրեթե ձյուն չի եղել, ու ստեղծագործական կազմը դիմել է խորամանկության. բամբակ, պենոպլաստ ու թղթի կտորներ են օգտագործել: Ու այդպես շարունակ: Բայց հետաքրքիրն այն է, որ ուշագրավ փաստերի շարքն ամեն տարի թարմանում է: Օրինակ՝ ինձ համար բացահայտում էր, որ ֆիլմը նկարահանվել է իրական դեպքերի հիման վրա: Կոմպոզիտոր Նիկիտա Բոգոսլովսկին 60-ականներին իր հարբած ընկերոջը գնացքով ուղարկել է Կիև: Այս պատմությունը լսելով՝ Էմիլ Բրագինսկին և Ռյազանովը մի պիես են գրում, որ երկար տարիներ ֆուրոր է անում երկրի թատրոններում, վերջում էլ հաջողությամբ տեղափոխվում կինո և հեռուստաէկրան:

 

Գրել կարծիք