Նյուրնբերգյան դատավարություն. Ոճիրները վաղեմության ժամկետ չունեն

Նյուրնբերգյան դատավարություն. Ոճիրները վաղեմության ժամկետ չունեն

Ե՞րբ և ինչո՞ւ հանցագործների մարմիններն այրեցին ու մոխիրը օդանավից տարածեցին Իսար գետի ալիքների վրա:

1946 թվական, հոկտեմբերի 1-ին ավարտվեց արդարադատության համաշխարհային պատմության ամենաքաղաքական ու ամենափաստարկված դատավարությունը: Այն փոխեց համաշխարհային արյունարբուների ճակատագիրը և կոտրեց միջազգային անպատժելիության միֆը: Աշխարհը շունչ քաշեց: Ֆաշիստական Գերմանիայի ղեկավարների վճիռը կայացված է: Արևելյան Եվրոպայում մահ սփռող գերմանական տիրակալները դատապարտվեցին մահվան: Կախաղան ու բանտարկություն: Նյուրնբերգում ճոճվում էին մահվան ճոպանները: Նյուրնբերգ: Առաջին հայացքից` սովորական քաղաք Գերմանիայում: Պեգնից գետի երկու ափերին սփռված այս բնակավայրը Բավարիայի երկրորդ գոհարն է: Մյունխենից հետո:

Ասում են` ժայռերի վրա կառուցված ամրոցի պատվին է քաղաքը կոչվել Նյուրնբերգ. բառի մի մասը ժայռ է նշանակում, մյուսը ամրոցի անունն է: Ծագումնաբանական այս վերլուծությունը, սակայն, 1945 թվականի նոյեմբերի 20-ից այլևս ակտուալ չէ: Աշխարհը Նյուրնբերգը գիտի ու ճանաչում է որպես նացիստական Գերմանիայի պարագլուխների դատաստանավայր:

1943 թվականի նոյեմբերի 1-ին Խորհրդային միության, Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի գլխավոր դիվանագետները մոսկովյան ժողովի ժամանակ ստորագրեցին մի գաղտնի փաստաթուղթ: Դա պետք է դառնար աշխարհը ցնցած դատավարության մեկնարկային կետը: Հիտլերյան Գերմանիայի ղեկավարներին պատասխանատվության ենթարկելու դեկլարացիան պատմական փաստաթուղթ էր` Ռուզվելտի, Ստալինի և Չերչիլի ստորագրությամբ: Նոյեմբերի 2-ին այն հրապարակվեց «Պրավդա» թերթում: Գերմանիայի ղեկավար կազմը մեղադրվում էր աշխարհի դեմ գործած հանցանքների համար: Նացիստական Գերմանիայի ոճիրն ուներ իր նախատիպը: Այս հանցաձևերից միայն մեկի հեղինակային իրավունքն էր պատկանում հիտլերյան վարչակազմին՝ գազով խեղդամահ անելը: Մնացած բոլոր հանցատեսակները բազմիցս կիրառել էր Օսմանյան կայսրությունը (թեև թուրքերը գազախեղդման նախօրինակն էլ էին տվել` հայերին եկեղեցիներում ծխախեղդ անելով): Հայերի Նյուրնբերգը, սակայն, այդպես էլ չիրականացավ: Ազգերի լիգայի անդամ պետությունները բավարարվեցին դատապարտող հայտարարություններով: Օսմանյան պետությունը խուսափեց միջազգային դատաստանից:

1

1945 թվականի օգոստոսի 29-ին հրապարակվեց գլխավոր հանցագործների առաջին ցուցակը: 24 անուն՝ քաղաքական, ռազմական ու գաղափարական գործիչներ: Առաջին դեպքն էր պատմության մեջ, որ դատն անցկացնում էին համաշխարհային ուժերը: Եվ առաջին անգամ էր, որ մեղադրվում էր մի ամբողջ երկրի կառավարություն: Նոյեմբերի 20, ժ. 10:00: Միջազգային զինվորական դատարանը սկսում է աշխատանքը: Յուրաքանչյուր երկիր դատարան ուղարկեց իր մեղադրող կողմին: Գլխավոր մեղադրյալը Հերման Գյորինգն էր: Հիտլերից հետո երկրորդ մարդն էր: Կառավարող օղակների իսկական կոլեկցիոներ: Նա 3-րդ ռեյխի գլխավոր որսորդն ու անտառապահն էր, Պրուսիայի փոխվարչապետը, ավիացիոն նախարարն ու մարշալը: Խաղն ավարտված էր, բայց անգամ սեփական ձերբակալությունից հետո նա չէր ուզում խոստովանել դա: Մեղադրյալները կանգնեցին դատարանի առջև, բայց շարունակում էին հերքել իրենց մեղքը: Ամբաստանյալի աթոռին նստած միայն մեկ հանցագործ իրեն մեղավոր ճանաչեց` Ալբերտ Շպեերը: Նա ոչ միայն Հիտլերի պլանների գլխավոր ճարտարապետն էր, այլև երկրի ռազմական արդյունաբերության նախարարը:

Նյուրնբերգյան արդարադատության խորհուրդը ցանկանում էր դատարանի առջև տեսնել նաև պրոպագանդայի նախարար Պաուլ Գեբելսին, ներքին գործերի նախարար Հենրիխ Հիմլերին, գաղտնի ոստիկանության ղեկավար Հենրիխ Մյուլերին, ֆյուրերի անձնական քարտուղար Մարտին Բորմանին և, իհարկե, գլխավոր չարագործին` Ադոլֆ Հիտլերին: Հայտնի էր, որ Գեբելսն ու Հիմլերն ինքնասպան են եղել, բայց ո՞ւր էին մյուսները: Պաշտոնական վարկածով` Հիտլերն ու կինը՝ Եվա Բրաունը, իրենց կյանքի հետ հաշիվները մաքրեցին 1945 թվականի ապրիլի 30-ին. ինքնասպան եղան բունկերում: Մեկ այլ վարկածով նրանք փախան Իսպանիա, այնուհետև՝ Արգենտինա: Իսկ որտե՞ղ էին Մյուլերն ու Բորմանը: Կա վարկած, որ Մյուլերը նույնպես թաքստոց էր գտել Լատինական Ամերիկայում: Հենրիխ Մյուլերը միակ մարդն էր աշխարհում, որի մահը գրանցվել էր, և որի մահից հետո նրան ձերբակալության օրդեր էին ուղարկել: Մարտին Բորմանը 45 թվականի ապրիլին Հիտլերի հետ գտնվել է բունկերում: Քանի որ այդպես էլ ի հայտ չեկան ապացույցներ՝ Բորմանի ողջ կամ մահացած լինելու մասին, դատարանը նրան մահվան դատապարտեց: 1973 թվականի ապրիլի 11 ին Արևմտյան Գերմանիայի դատախազությունը հաստատեց, որ Բորմանը մահացել է 1945-ի մայիսին: Նյուրնբերգյան դատարանը նրան մահացած ճանաչեց, սակայն կասկածը, որ նա ողջ է, մնաց: Եվ միայն տասնամյակներ անց՝ 1998 թվականին, Բորմանի որդու ԴՆԹ անալիզը հաստատեց, որ 45 թվականին գտնված աճյունը Բորմանինն է:
Համաշխարհային մասշտաբի առաջին դատական պրոցեսը ձգվեց 1 տարի: 1946 թվականի հոկտեմբերի 1-ին՝ վերջին՝ 403-րդ դատական նիստի ժամանակ, հրապարակվեց հրեշավոր հանցանքների ակունքներում կանգնած ֆաշիստների դատավճիռը: Նացիստական Գերմանիայի գաղափարական ու զինվորական առաջամարտիկները կանգնեցին կախաղանի առջև: Գլխավոր ամբաստանյալը չապրեց մինչև վճռի իրագործումը: Գյորինգը մահացավ Հաննիբալի պես. թույն խմեց:

2

Մահվան դատավճիռն իրագործվեց 46 թվականի հոկտեմբերի 16-ի գիշերը: Երեք սև կախաղաններից օգտագործեցին միայն երկուսը: Կախում էին հերթով: Հաջորդ դատապարտյալին բերում էին այն ժամանակ, երբ նախորդը ցնցվում էր`մահվան ճոպանից կախ: Բոլոր դիակները վերջում մեկտեղեցին ու լուսանկարեցին, որ 200-ից ավելի լրագրողներն ու բոլորը համոզվեին, որ ոճրագործները, իրոք, մահացած են: Հանցագործների մարմիններն այրեցին ու մոխիրը օդանավից տարածեցին Իսար գետի ալիքների վրա, որպեսզի ոչինչ երբեք չհիշեցնի նրանց մասին:

Համաշխարհային մասշտաբի ոճիրները վաղեմության ժամկետ չունեն ճիշտ այնպես, ինչպես հայոց ցեղասպանությունը: Օսմանյան կայսրության սրի տակով անցած ժողովուրդը դեռ սպասում է իր Նյուրնբերգյան դատավարությանը: Համաշխարհային ֆեմիդան, հաշվի առնելով Նյուրնբերգյան պատմական նախադեպը, կարող է հայկական հարցի թղթածրարը տեղափոխել միջազգային դատարան: Բայց այս դեպքում ոչ թե հետմահու մահվան դատապարտել մարդասպաններին, այլ նրանց ժառանգներին պարտադրել ճանաչել և փոխհատուցել: Հայոց ցեղասպանության առջև աչքերը փակած աշխարհը ցույց տվեց, որ արդարադատությունը վրա է հասնում այն պահին, երբ գլուխ է բարձրացնում համամարդկային շահը:

Հեղինակ՝ Արփի Հարությունյան

 

Գրել կարծիք