Ստեփանավանի աղջիկների փողային նվագախմբի բացառիկ պատմությունը և տխուր ավարտը

Ստեփանավանի աղջիկների փողային նվագախմբի բացառիկ պատմությունը և տխուր ավարտը

newmag-ի անդրադարձը 60-ականներին Մկրտիչ Ստեփանյանի ստեղծած՝ աղջիկների փողային նվագախմբին: Պատմում են ականատեսները:

Ստեփանավանն այսօր փոքրիկ գավառական ավան է՝ օրեցօր պակասող բնակչությամբ: Մինչդեռ 19-րդ դարի երկրորդ կեսին Ջալալօղլին Լոռվա մշակութային կենտրոնն էր: Հենց այստեղի դպրոցում է սովորել Հովհաննես Թումանյանը մինչև Թիֆլիս տեղափոխվելը: Նրա հուշերում ուշագրավ տեղեկություններ կան Ջալալօղլու մասին: Բացի կարմիր կղմինդրե տանիքներով, սպիտակ, կոկիկ տներից, որոնք զարդարում էին մշակված այգիներն ու գեղեցիկ ծաղկանոցները, այստեղ կար թատրոն, կային ժամանցի վայրեր, այսօրվա քաղաքային այգու տարածքը երեք անգամ գերազանցող զբոսայգի, որը ստեղծել էր ցարական բանակի գեներալ Լեսովոն: Նա էլ 1895 թվականին հիմնադրել էր Ջալալօղլու առաջին փողային նվագախումբը, որը Ստեփանավանում դրեց փողային երաժշտության չընդհատվող ավանդույթի հիմքը:

Ստեփանավանը միշտ ունեցել է փողային նվագախումբ, նույնիսկ Երկրորդ համաշխարհայինի տարիներին, երբ նվագախմբի ղեկավարը զորակոչվել է: Վաթսունականներին այստեղ ստեղծվել է ջազ բենդ: Նվագել են մշակույթի պալատում, հրապարակում, փողոցներում, գյուղերում, անգամ սարերում՝ անասնապահների համար: Մինչև 88-ի երկրաշարժը Ստեփանավանի քաղաքային զբոսայգու տաղավարում ամառային երեկոներին ելույթ էր ունենում փողային նվագախումբը: Սակայն ստեփանավանցիների հպարտության առարկան վաթսունականներին Մկրտիչ Ստեփանյանի ստեղծած՝ աղջիկների փողային նվագախումբն է, որը բացառիկ էր ոչ միայն Հայաստանում, այլև Խորհրդային միության տարածքում:

«Կարծես համընկան Գագարինի թռիչքն ու մեր նվագախմբի ստեղծումը,- պատմում է Մարգարիտա Պապյանը.- Գագարինի թռիչքից հետո դպրոցում տողան եղավ, և հայտարարեցին, որ դպրոցը նոր փողային գործիքներ է ստացել: Ասացին, որ աղջիկների նվագախումբ պիտի լինի, և ով ցանկանում է մասնակցել, թող մոտենա երաժշտության ուսուցչին: Դասամիջոցին գնացի դահլիճ, տեսա, որ շատ աղջիկներ են հավաքվել: Ընկեր Ստեփանյանը մեզ հարևան էր, Կամիր բանակի փողոցում էր ապրում, ես՝ Մարքսի: Ասաց. «Բոլոր գործիքներն արդեն զբաղված են. դու ամրակազմ աղջիկ ես երևում, քեզ մեծ գործիք եմ տալու»: Մինչև այդ ես տեսել էի փողային նվագախումբ: Մեր քաղաքում կար այդ ավանդույթը. քաղաքում բացօթյա կինոթատրոն ունեինք, ամեն երեկո նվագում էին այնտեղ: Պարահրապարակ կար, մարդիկ պարում էին: Բոլոր գործիքներին ծանոթ էի: Որ ասաց՝ մեծ գործիք, պատկերացրի մեծ թմբուկը, բայց երբ ցույց տվին գործիքս՝ բասը, հանգըստացա: Իմ գործիքն ավելի փոքր էր, քան ընկերուհունս: Ճիշտ է, էլի մեծ էր ինձ համար, պիտի գրկեի գործիքը. ձեռքերս չէին հասնում»:

erg

Հանրակրթական դպրոցի երաժշտության ուսուցիչը 1961-ին ստեղծեց փողային նվագախումբ, որի երաժիշտները 6-8-րդ դասարանների իր աշակերտուհիներն էին: Կարճ ժամանակահատվածում նա աղջիկներին սովորեցրեց նվագել և նվագախումբը հասցրեց ներկայանալի մակարդակի: Նվագախմբի մասին սկսեցին գրել համամիութենական թերթերը, նրանք սկսեցին շրջագայել Խորհրդային միության քաղաքներով: Նվագախումբը գործեց չորս տարի, այնուհետև աղջիկներն ավարտեցին դպրոցը, և յուրաքանչյուրը գնաց իր ճանապարհով:

«Ոչ ոք երաժիշտ չդարձավ,- ասում է Մկրտիչ Ստեփանյանի կինը` տիկին Լենան: Նա շատ բան չի կարողանում հիշել ո՛չ նվագախմբի, ո՛չ էլ ամուսնու աշխատանքային կյանքից:- Ամուսինս խանդոտ էր. ես շատ չէի շփվում մարդկանց հետ: Հիշում եմ միայն, որ Երևան էր տարել երեխեքին, թութ էին կերել, լուծ էին կպել, դեղատներն ընկած՝ դեղ էր փնտրում»:

Աղջիկներից միայն հինգն են այսօր ապրում հայրենի քաղաքում: Բոլորը բողոքում են վատ հիշողությունից, ճիգով են հետաքրքիր պատմություններ հիշում նվագախմբից:

Օվսաննա Մակասչյանը համեստորեն հորդորում է մյուս աղջիկներին խոսեցնել. ինքը միացել է նվագախմբին, երբ այն արդեն երկու տարի գոյություն ուներ. «Շրջագայության պիտի գնային, փոքր թմբուկ խփողը հիվանդացել էր, ինձ վերցրեցին, որովհետև երաժշտության մասին պատկերացում ունեի. պիոներպալատի խմբում մեներգչուհին էի, ակորդեոն էի նվագում, բալետի էի գնում»: Հետագայում բուժքրոջ մասնագիտությունն ընտրած տիկին Օվսաննան դըպրոցից հետո այլևս երբեք չի զբաղվել երաժշտությամբ. «Քառասունհինգ տարի է՝ ամուսնացել եմ. էլ ո՞վ կնվագի»:

Դիանա (Լիլյա) Ղուկասյանը նվագախմբի շեփորահարն է՝ առաջին ձայն: «Մկոն մեր երաժշտության դասատուն էր: Շեփոր նվագելով էր անցկացնում դասերը: Երբ երաժշտական լսողություն ունեցողների միջից ընտրեց ինձ, հայրս ասաց՝ աղջիկը շեփոր նվագի՞, ամոթ չի՞: Հետո, երբ սկսեցինք գործիքները տուն տանել, հորս մոտ նվագեցի, ասաց՝ ապրես, աղջի՛կ ջան»: Պատմում է, որ նվագախումբը դարձել էր Ստեփանավանի այցեքարտը:

Բոլոր հանդիսավոր նիստերը իրենք էին բացում, քաղաքի պատվավոր հյուրերին ընդունելիս և բոլոր տոներին պարտադիր նվագում էին: «Մեր դասընկերները մեզ հատուկ հարգանքով էին վերաբերվում: Մարդիկ ճանապարհ էին տալիս, ասում էին՝ տե՛ղ բացեք, նվագախըմբի տղաներն են անցնում: Հումոր էին անում: «Ճուտոն՝ կոմպոզիտոր». այս արտահայտությունը շատ ենք լսել: Երևանում պիոներական մեծ հավաք պիտի լիներ: Ստեփանավանից փողային նվագախումբ պիտի գնար: Մկոն ասեց՝ աղջիկներին կտանեմ: Ու անցանք Լենինի հրապարակով»:

Տիկին Դիանան չի կարողանում առանց հուզմունքի հիշել այս դրվագը, աչքերը լցվում են, իսկ թթի պատմությունը հիշեցնելուց հետո դեմքին մանկական չարաճճի հայացք է հայտնվում. «Ստեփանավանում թութ չկար, չէինք տեսել: Երևանում՝ գիշերօթիկի բակում, տեսանք, հարձակվեցինք վրան»:

Երաժշտությամբ հետո չի զբաղվել, մանկավարժ է դարձել: Բայց կյանքը կապել է պրոֆեսիոնալ շեփորահարի հետ՝ իր ուսուցչի մեկ այլ սանի: Ինչո՞ւ Մկոն չպահեց նվագախումբը, երբ աղջիկները դպրոցն ավարտեցին: Պատասխան չունի: «Չգիտեմ, մենք իրեն շատ էինք սիրում, շատ տաղանդավոր մարդ էր, երաժշտություն էր գրում փողային նվագախըմբերի համար, քառաձայն երգչախումբ էլ ուներ: Մեր ընկերն էր: Ես մինչև վերջ իր աշակերտն էի: Հիմա էլ գործիք տան՝ կնվագեմ»:

Կիմա Ստեփանյանը մեծ թմբուկն էր խփում: Պատմում է, որ նվագախմբում նվագել ցանկացողները շատ էին, Մկրտիչը ընտրեց ամենաշնորհալիներին. «Մտածեց՝ ինչ նորություն մտցնի, որ և՛ իր անունը շոշափվի, և՛ քաղաքի, որ մարդիկ ասեն՝ տեսե՛ք՝ ինչքան զարգացած քաղաք է Ստեփանավանը. աղջիկների նվագախումբ ունի: 63 թվականին մեզ տարան Երևան՝ փառատոնի. գիշերօթիկ դպրոցում էինք մնում,- տիկին Կիման ծիծաղում է,-այո՛, գիշերօթիկի բակում շատ թութ կար, շատերը լուծ կպան… Շրջաններից ուրիշ նվագախմբեր էլ կային, բոլորը տղաներ էին, զարմացած մեզ էին նայում, ասում էին՝ սրանք ի՞նչ գործ ունեն այստեղ: Հետո մարդկանց աչքը սովորեց, որ աղջիկներն էլ կարող են փողային գործիքներ նվագել: Տարբեր շրջաններ էինք գնում, տարբեր հանրապետություններ, ծանոթանում էինք երաժիշտների հետ, հետաքրքիր երեկոներ էինք անցկացնում»:

«Կոմսոմոլսկայա պրավդա»-ից, «Պրավդա»-ից, Մոսկվայի այլ հայտնի թերթերից գալիս էին՝ իրենց մասին գրելու, հարցազրույցներ էին անում, նկարում էին: Ցավոք, բոլոր արխիվային նյութերը կորան երկրաշարժի ժամանակ: Տիկին Կիման երկու օր մնացել է փլատակներում. «Ինձ փրկեցին, իսկ նկարներս չկարողացան փրկել. երկրաշարժը բոլոր նկարներս տարավ, ամբողջ անցյալս մնաց հողի տակ»:

Ալվարդ (Ֆլորա) Մանուկյանը բարիտոն է նվագել: «Ոնց որ իմ ձայնն է բարի, այդպես էլ գործիքս»,-ասում է: Տիկին Ալվարդը հիանալի է երգում: Ինքն էլ չգիտի՝ ինչու չշարունակեց երաժշտությամբ զբաղվել: Դպրոցից հետո ընդունվեց մանկավարժական ինստիտուտ, բայց երկու ամիս անց ամուսնացավ ու նվիրվեց ընտանիքին:

«Մարդիկ շատ լավ էին վերաբերվում, զարմանում էին, որ աղջիկները փողային գործիքներ են նվագում, ժպտում էին մեզ. դե՛, էն ժամանակ ուրիշ էր, ուրախ էինք ապրում»: Տիկին Ալվարդի աղջիկը՝ Լիան, հուշում է, որ Ղրիմում անցկացրած փառատոնի ժամանակ իր մայրն ու Կիման փոքրիկ սիրային արկած են ունեցել, ընկերացել են երկու երաժիշտ տղաների հետ՝ Ֆելիքսի ու Ալբերտի:

Փառատոնից հետո նամակներ են գրել իրար, բայց դպրոցն ավարտելուց հետո կապը կտրվել է: Այս ամառ Ստեփանավանում փողային գործիքների հանրապետական փառատոն եղավ, և նվագախմբի աղջիկներին հատուկ հրավիրեցին, մեծարեցին, նվերներ տվեցին: Տիկին Լիան ասում է, թե ընկերուհիները փառատոնին գնալուց առաջ հուզվել էին, շփոթվել, և Ալվարդը Կիմային հարցրել է. «Կարո՞ղ է Ալբերտն ու Ֆելիքսն էլ հանկարծ այնտեղ լինեն»: 

«Ես որ կարճահասակ էի, ներքևի ճյուղերից մի երկու հատ կերա, դե՛, խակ էր, ու ես էլ չբարձրացա ծառը, բայց մեր աղջիկները հաճույքով ուտում էին,- ժպտալով պատմում է Մարգարիտա Պապյանը:-Ես բաս ալտ էի նվագում: Դպրոցից հետո բախտ չեմ ունեցել այդ գործիքը վերցնելու ու նվագելու, թեպետ եթե այժըմ-յան մտածելակերպը ունենայի, երևի կշարունակեի: Ես տան միակ աղջիկն էի, մայրիկս էլ մեծ էր արդեն. չէի կարող նրան թողնել ու հանգիստ շրջել, իսկ երաժիշտը պիտի անընդհատ շրջագայության մեջ լինի»:

Մասնագիտությամբ քիմիկոս-տեխնոլոգ տիկին Մարգարիտան հերքում է, թե Ստեփանավանում նահապետական բարքեր են եղել. «Ստեփանավանը նահապետական չէր, միշտ առաջադեմ հայացքներ են ունեցել Ստեփանավանի մարդիկ: Այստեղ եղել է լավ թատրոն, զինվորական լավ նվագախումբ, լավ դերասաններ են մեզ մոտ եկել հյուրախաղերի: Մեր նվագախումբը շատ հանգիստ, սրտաբաց ընդունվեց»: Թեպետ երաժիշտ չդարձավ, բայց հետագայում աշխատում էր բաց չթողնել փողային նվագախմբերի ելույթները: Նվագախմբում անց-կացրած իր չորս տարիների մասին կարոտով է հիշում. «Անհոգ էի, ամեն բան հեշտ էր տրվում: Եթե հեշտ է տվում, ուրեմն ինչ-որ բան իր հունով է գնում: Խանգարող ոչինչ չկա, հաճելի է ամենը, դրա համար հեշտ է տրվում: Իմ կյանքի լավագույն տարիներն էին»:

Գրել կարծիք