Օրնելա Մուտի. Հայաստանում ավելի շատ հուզվեցի, քան որևէ այլ երկրում

Օրնելա Մուտի. Հայաստանում ավելի շատ հուզվեցի, քան որևէ այլ երկրում

newmag-ի անդրադարձը Ոսկե Ծիրանի գլխավոր հյուրի մասին: Ի՞նչն ամենից շատ հավանեց Օրնելա Մուտին, ինչո՞ւ խոստացավ կրկին վերադառնալ Երևան և ինչպե՞ս է այժմ շփվում Չելենտանոյի հետ:

mutti1

Հայաստանում նրան ճանաչում են որպես «կամակոր» Չելենտանոյին սանձահարած կնոջ: «Ոսկե ծիրանի» բացման արարողությանը հատուկ հյուրին հենց այդպես էլ հարգեցին՝ էկրանին ցուցադրեցին Մուտիի ֆիլմերից վերցրած կադրեր՝ Ադրիանո Չելենտանոյի երգերի ուղեկցությամբ: Օրնելան քաղաքավարի ժպտաց, ու ոչ ոք չնկատեց՝ ինչպես բաց կապույտ աչքերը մթնեցին:

Հայաստանում քչերը գիտեն՝ բոլոր տղամարդկանցից, որոնք ցավ ու տառապանք են պատճառել Մուտիին, ամենամեծ չափաբաժինը Ադրիանո Չելենտանոյին է պատկանում:

Հռոմի գեղարվեստական քոլեջի ուսանողները 1967-ին իրար հերթ չէին տալիս 12-ամյա մերկ բնորդուհու գեղեցկությունը նկարելու համար: Ֆրանչեսկա Ռոմենա Ռիվելին ստիպված էր դասերը բաց թողնել ու տհաճությամբ ցուցադրել իր մարմնի գեղեցկությունը: Պետք էր օրվա հաց վաստակել: Հայրը մահացել էր դժբախտ պատահարից: Մայրը հուսահատ էր: Ավագ քույրը ապարդյուն փորձում էր դերասանուհի դառնալ, ու Ֆրանչեսկան էր միայն փորձում տան համար գումար վաստակել. «Չեմ ամաչում նրանից, ինչ արել եմ: Համենայն դեպս, դա ավելի լավ էր, քան գողություն անելը»:

2

Կինոյում Օրնելա Մուտին հայտնվեց պատահաբար: Քույրը` Կլաուդիան, խնդրեց իրեն ուղեկցել նոր ֆիլմի քասթինգի: Նկարահանման հրապարակում ռեժիսոր Դամիանո Դամիանին նկատեց 14-ամյա Ֆրանչեսկային և կարծեց, թե աղջիկը 18 տարեկան է: Ֆրանչեսկա Ռիվելին «Ամենագեղեցիկ կինը» դարձավ մի պայմանով. անունը պետք է փոխեր: Դամիանին նրան անվանակոչեց Օրնելա Մուտի. «Օրնելան հանրությանն է. ինչ անում է՝ մարդկանց երջանկացնելու համար է անում: Ֆրանչեսկան միայն ընտանիքին ու հարազատներին է պատկանում: Իրականում նրանց միջև տարբերություն չկա: Իրականում ես միշտ նույնն եմ»:

1970-ին էկրան բարձրացած «Ամենագեղեցիկ կինը» համաշխարհային սենսացիա չդարձավ, բայց Օրնելային ֆինանսական կայունություն ապահովեց: Մուտիին սկսեցին նկարել քիչ բյուջեով էրոտիկ ֆիլմերում. «Ես այլ ելք չունեի: Բացի այդ` հիմա կարող եմ հպարտությամբ ասել` իտալական կինոյի առաջին կինն եմ, որը համարձակվեց մերկանալ ամբողջովին»:

Էրոտիկ ժանրից նրան դուրս բերեց առաջին խաղընկերը: Ալեսիո Օրանոն խենթի պես սիրահարվել էր: Օրնելան ամուսնության առաջարկությունն ընդունեց միայն այն ժամանակ, երբ իմացավ, որ հղի է: Օռասսիոն լավ ամուսին դուրս եկավ, բայց նրանց ընտանեկան կյանքը կարճ տևեց: Հետագայում Մուտին խոստովանեց. «Նա ինձ համար բավարար համակրելի տղամարդ չէր»:


Տես նաև`


Ի տարբերություն անձնականի` կարիերայում ամեն ինչ աճ էր ապրում: Մուտին 1974-ին հայտնվեց Վինչենցինիի «Ժողովրդական սիրավեպում», իսկ երկու տարի անց նա Մարկո Ֆերերի սկանդալային «Վերջին կինն» էր. «Այդ ֆիլմերը մեծ հաջողություն ունեցան: Կինոքննադատները ստիպված էին խոստովանել` բացի գեղեցկությունից՝ ես նաև տաղանդավոր եմ»:

4

Օրնելան ազատվեց կինոէրոտիկայի կապանքներից ու իտալական երգի խուլիգանի պատճառով հայտնվեց ամբողջ Իտալիայի ուշադրության կենտրոնում: 1980-ին մեծ էկրան բարձացավ Օրնելա Մուտիի և Ադրիանո Չելենտանոյի համատեղ առաջին աշխատանքը` «Կամակոր տղամարդու սանձահարումը» կատակերգությունը: Մեկ տարի անց նրանք նորից միասին էին «Խենթ սիրահարված» ֆիլմում: Նկարահանման հրապարակից դուրս էլ Օրնելան խենթորեն սիրահարված էր Ադրիանոյին: Երկուսն էլ ամուսնացած էին: Բայց երկուսից միայն մեկը բաժանվեց ու սպասեց, որ մյուսն էլ դա անի հանուն իրեն: Չարեց: Չելենտանոն նախընտրեց փոքրիկ սիրավեպով էլ ավարտել հարաբերությունները ու վերադարձավ կնոջ մոտ:

Օրնելան այլևս ոչ մի տղամարդու չվստահեց սիրտը. «Կարող ես լինել աշխարհի ամենագեղեցիկ կինը, բայց դա ոչ մի նշանակություն չունի, երբ կորցնում ես սերը, կիրքը…»:

1

Հայաստանում նրա տրամադրությունը փչացրեցին միայն Չելենտանոյի մասին հարցերն ու հիշեցումները: Օրնելան ըմբռնումով մոտեցավ: Չնեղացավ: Հակառակը, շատ սիրեց մեր երկիրը. «Հայաստանը կախարդական է ոչ թե որովհետև գեղեցիկ է, այլ որովհետև հոգևոր է»: Վարդավառի ջուրը, Երևանի օդը, հայկական կոնյակն ու ծիրանը, որի կորիզը խոստացավ տուն տանել և իր բակում ծիրանենի տնկել, իտալախոս հայերը, հայ տղամարդկանց ջենթլմենությունը…

Օրնելա Մուտիի հայկական հիշողությունները շատ են. «Ես շատ եմ ճանապարհորդում աշխարհում և լավ ընդունելության եմ արժանանում: Բայց Հայաստանում ավելի շատ հուզվեցի, քան որևէ այլ երկրում: Այստեղ կա խորհուրդ, դաստիարակություն, հարգանք և սեր, որ ինձ ցույց տվեցիք: Շնորհակալություն»:

Հայաստանից Օրնելա Մուտին տարավ ջերմությունը, Հայաստանին թողեց իր կանացիությունը:

3

Գրել կարծիք