[ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ` ԳՐՔՈՒՄ ] Պատրիկ Զյուսքինդ. Օծանելիք

[ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ` ԳՐՔՈՒՄ ] Պատրիկ Զյուսքինդ. Օծանելիք

Գերմանացի հայտնի գրողի վեպը հայերեն լույս է տեսել առաջին անգամ: newmag-ը բացառիկ իրավունքով հրապարակում է գրքի նախաբանը: Թարգմանությունը գերմաներենից՝ Կարլեն Մատինյանի:

Առաջին շաբաթներին նա էլի մի քանի անգամ բարձրացավ գագաթ, որպեսզի հոտառությամբ զննի հորիզոնը: Բայց շուտով այն դարձավ ավելի շուտ հոգսաշատ սովորություն, քան անհրաժեշտություն, քանի որ նա ոչ մի անգամ սպառնացող որևէ հոտ չառավ: Եվ այդ ժամանակ նա դադարեց էքսկուրսիաները, ձգտում էր միայն այն բանին, որ պարզագույն գոյության համար անհրաժեշտ ամեն ինչն անելուց հետո որքան հնարավոր է շուտ վերադառնա իր դամբարանը: Քանզի այստեղ՝ դամբարանում էր նա թերևս ապրում: Դա նշանակում է, որ օրվա մեջ քսան ժամը նա լիակատար մթության մեջ ու լիակատար լռության մեջ նստում էր ձիու ծածկոցի վրա՝ քարե միջանցքի վերջում՝ թիկունքով հենվելով թափված հանքաքարերի կույտին, ուսերը խցկելով ժայռերի արանքը, ու բավականանում էր ինքն իրենով:

Լինում են մարդիկ, ովքեր միայնություն են փնտրում՝ մեղանչող մեղսագործներ, սրբեր կամ մարգարեներ: Նրանք գերադասում են հեռանալ անապատ, որտեղ սնվում են մարախով և վայրի մեղրով: Ոմանք նույնիսկ ապրում են քարանձավներում ու անապատային կղզիների կիրճերում կամ նստում են փոքր-ինչ ցուցադրական, վանդակների մեջ, ծառերից կախված կամ սյուներին ամրացված: Նրանք դա անում են հանուն այն բանի, որ մոտենան Աստծուն: Միայնությունը նրանց պետք է ցանկությունները մեռցնելու ու զղջալու համար: Նրանք վարվում են նման կերպ այն համոզմունքով, որ ապրում են աստվածահաճ կյանքով: Եվ կամ նրանք ամիսներով ու տարիներով սպասում են, որ միայնակության մեջ իրենց կտրվի ի վերուստ աստվածային հայտնությունը, որը նրանք արագ կտարածեն մարդկանց մեջ:

Դրա նման ոչինչ Գրենույի հետ տեղի չունեցավ: Աստծու մասին նա անգամ նվազագույն պատկերացում չուներ: Նա չէր զղջում և ոչ մի հայտնության ի վերուստ չէր սպասում: Նա մարդկանցից հեռացել էր միմիայն սեփական հաճույքի համար, միայն նրա համար, որպեսզի մոտ լիներ ինքն իրեն: Նա լողում էր սեփական՝ ոչնչի վրա ուշադրությունը չշեղող գոյության մեջ և դա համարում էր հրաշալի: Ինչպես դիակը՝ պառկում էր նա քարե դամբարանում՝ գրեթե չշնչելով, գրեթե չլսելով իր սրտի զարկերը, և ապրում էր, սակայն, այնպիսի ինտենսիվ ու այլասերված կյանքով, ինչպես աշխարհում ապրածներից և ոչ մեկը:

Այդ այլասերվածությունների ասպարեզը (իսկ այլ կերպ հնարավոր էլ չէր) նրա ներքին կայսրությունն էր, որտեղ նա ծննդյան օրվանից թաղում էր ուրվապատկերներն այն բոլոր հոտերի, որոնց ինչ-որ ժամանակ հանդիպել էր: Որպեսզի իրեն տրամադրի, նա սկզբում հիշողության մեջ սկզբից վերարտադրում էր դրանցից ամենավաղերը, ամենահեռավորները. թշնամական հեղձուցիչ գոլորշացումները տիկին Գայարի ննջասենյակում, գարշահոտը, որ փչում էր նրա ձեռքերի մաշկից, վանահայր Տերյեի քացախաթթվաշ շնչառությունը, ծծմայր Բյուսսիի քրտինքը, Անմեղների գերեզմանատան դիակային գարշահոտը, իր մոր մահացու հոտը: Եվ նա բավականություն էր ստանում նողկանքից ու ատելությունից, և նրա մազերը քաղցրալի սարսափից բիզ-բիզ էին կանգնում:

Երբեմն գարշանքների այդ ախորժաբեր նախուտեստը բավարար չէր լինում, և տաքանալու համար իրեն թույլ էր տալիս ոչ մեծ հոտառական շեղում Գրիմալի մոտ ու համտեսում էր հում, մսով պատված մորթիների ու դաբաղի խառնուրդների գարշահոտը կամ պատկերացնում էր վեց հարյուր հազար փարիզցիների մարդկային գոլորշացումները թեժ ամռան հեղձուցիչ, ճնշող տապի ժամանակ:

Եվ այդ ժամանակ հանկարծ, հենց դրանում էր վարժության իմաստը, կուտակված ատելությունը գինարբուքային հզորությամբ մղում էր դուրս: Ինչպես ամպրոպը՝ այն հավաքվում էր այդ հոտերի վերևում, որոնք համարձակվել էին անպատվել իր պայծառափայլ քիթը: Ինչպես կարկուտը ցորենի դաշտի վրա՝ նա հարձակվում էր այդ գարշելիության վրա, ինչպես մրրիկը՝ այն վեր էր ածում դիմափոշու և խեղդում հորդառատ ջրի կողմից մաքրված ահռելի թորած ջրի մեջ: Այդ աստիճան արդար էր նրա ցասումը: Այդ աստիճան արդար էր նրա վրեժը: Օ՜: Ինչպիսի՜ վեհ ակնթարթ: Գրենույը՝ այդ փոքրիկ մարդը, գրգռվածությունից դողում էր, նրա մարմինը ջղաձգորեն սեղմվում էր քաղցրավուն հաճույքի մեջ ու գալարվում այնպես, որ ինչ-որ մի պահ նա բախվում էր հանքարանի բովանցքի առաստաղին, հետո դանդաղ թուլանում էր ու մնում պառկած, դատարկված ու խորապես բավարարված: Բոլոր գարշելի հոտերի ժայթքման այս գործողությունը իրոք չափից դուրս հաճելի էր, չափից դուրս… Նրա երևակայական համաշխարհային թատրոնի սցենարում այդ համարը կարծես ամենասիրվածն էր, քանի որ պատճառում էր արդարացված հյուծվածության հրաշալի զգացում, որը լինում է միայն իրապես մեծ, հերոսական արարքներից հետո:

Այժմ նա իրավունք ուներ որոշ ժամանակ հանգստանալ: Նա ձգվում էր իր քարե մահճի մեջ ֆիզիկապես այնքան, որքան բավականացնում էր տեղը այդ հանքարանի բովանցքում: Սակայն ներքուստ իր հոգու մաքուր ավլած տարածքում նա հարմարավետ ձգվում էր ողջ հասակով մեկ ու տրվում նրբաճաշակ բուրմունքների մասին քաղցր երազանքներին: Օրինակ՝ նա իր հոտառության մեջ վերստեղծում էր գարնանային մարգագետինների հաճելի քամու թեթև շունչը, մայիսյան տաք քամին, որը խաղում էր հաճարենու կանաչ թփերի մեջ, ծովից փչող մեղմիկ քամին՝ տտիպ՝ ինչպես թեթևակի աղիացրած նուշը:

Նա վեր էր կենում երեկոյին մոտ, այսպես ասած՝ երեկոյին մոտ, քանի որ, իհարկե, չկար ոչ երեկո, կամ առավոտ, կամ կեսօր, չկար ոչ խավար, ոչ լույս, և չկային ոչ գարնանային մարգագետիններ, ոչ հաճարենու կանաչ թփեր… Ընդհանրապես Գրենույի ներքին տիեզերային տարածքում չկային որևէ իրեր, այլ կային միայն իրերի բուրմունքներ: (Հենց այդ պատճառով էլ միակ հավասարազոր, բայց և միակ հնարավոր խոսելաոճն այդ տիեզերային տարածքի մասին նույնն է, ինչ բնապատկերի մասին խոսելը, քանզի մեր լեզուն պիտանի չէ նկարագրելու այն աշխարհը, որն ընկալում է հոտառությունը): Այսպիսով, Գրենույի հոգում եկավ երեկոն, առաջացավ հոգեվիճակ ու ակնթարթ, որը նման է հարավում հետճաշյա հանգստին, երբ կեսօրի թմրությունը հետզհետե իջնում է բնապատկերից ու սառեցված կյանքը պատրաստ է կրկին սկսվել: Նրբաճաշակ բուրմունքների թշնամին՝ ցասման կրակով բոցավառվելը, նահանջեց, դևերի գարշակույտը ոչնչացվեց: Մարտի ներքին դաշտերը՝ հարթ ու փափուկ, տրվել էին արթնացման ծուլոտ հանգստին ու սպասում էին, որ իրենց վրա կիջնի տիրոջ կամքը:

Եվ Գրենույը վեր կացավ, ինչպես արդեն ասվեց, ու իր վրայից թոթափեց քունը: Նա ոտքի ելավ, ներքին մեծ Գրենույը, նա վեր էր խոյանում՝ ինչպես հսկան, իր ողջ փայլով ու հրաշալիությամբ, հիացուցիչ էր նրան նայելը (մի փոքր ափսոս էր, որ ոչ ոք չէր տեսնում նրան), ու աչքի անցկացրեց իր տիրույթները՝ հպարտ ու ամբարտավան:

Այո: Սա ի՛ր թագավորությունն էր: Անկրկնելի գրենույյան կայսրությունը: Նրա՝ անկրկնելի Գրենույի կողմից ստեղծված, հնազանդեցված և ամայացված, քանդված ու կրկին նրա քմահաճությամբ կառուցված, նրա կողմից անչափելի աստիճան լայնացված ու հրե սրով ցանկացած ոտնձգությունից պաշտպանված: Այստեղ նշանակություն չուներ ոչինչ, բացի նրա կամքից՝ մեծ, հրաշալի, անկրկնելի Գրենույի կամքից: Եվ այն բանից հետո, երբ ոչնչացվեցին, իսպառ այրվեցին անցյալի աղտեղության ժանտահոտությունները, նա ցանկանում էր, որ իր կայսրությունը բուրմունք արձակի: Եվ նա իշխանաբար քայլում էր հերկած խոպանի վրայով ու տարատեսակ բուրմունքներ էր ցանում, մի տեղ՝ շռայլորեն, մի տեղ՝ ժլատորեն, անսահման լայնատարած պլանտացիաներում և փոքրիկ խիստ անձնական թմբերում, սերմերը շաղ տալով բռերով կամ մեկիկ-մեկիկ հանձնելով, աննկատ տեղերում: Իր կայսրության ամենահեռավոր գավառներն էր ներթափանցում Մեծն Գրենույը, անխոնջ այգեպանը, և շուտով չմնաց մի անկյուն, որտեղ նա գցած չլիներ բուրմունքի սերմը:

Եվ երբ նա տեսնում էր, որ դա լավ է, և որ ողջ երկիրը ներծծված է իր աստվածային գրենույյան սերմով, Մեծն Գրենույը երկնքից գինու սպիրտի անձրև բերեց դրանց վրա՝ թեթև ու մշտական, և սերմերը աճում էին՝ ուրախացնելով նրա սիրտը: Տնկադաշտերում ծածանվում էին փարթամ ծիլերը, և աննկատ այգիներում հյութով էին լցնում ցողունները: Կոկոններն ուղղակի պայթում էին՝ շտապելով պատյաններից դուրս թողնել ծաղիկները:

Այդ ժամանակ Մեծն Գրենույն անձրևին կարգադրեց դադարել: Եվ անձրևը դադարեց: Իսկ Գրենույն արևի երկրին ուղարկեց իր ժպիտները, ու ի պատասխան դրա՝ միլիոնավոր շքեղ ծաղիկներ միասնական պոռթկման մեջ բացվեցին՝ կայսրության մի ծայրից մյուսը փռվելով ինչպես համատարած պայծառ գորգ, որը հյուսված էր թանկարժեք բուրմունքների անթիվ-անհամար սրվակներից: Եվ Մեծն Գրենույը տեսավ, որ դա լավ է, շատ, շատ լավ է: Եվ նա փչեց երկրի վրա իր շնչառության քամին: Եվ այդ շոյանքի տակ ծաղիկներն արձակում էին իրենց անթիվ-անհամար բուրմունքները, խառնում դրանք մեկի մեջ, որը մշտապես փոփոխվում էր բոլոր նրբերանգներով, բայց և այնպես՝ մնալով միասնական բազմերանգ բուրմունքի մշտական փոփոխականության մեջ, խնկարկելով ի փառս նրա՝ Մեծ, Միակ, Հրաշալի Գրենույի, և բազմելով ոսկե բուրումնալից ամպե գահին՝ նա կրկին իր մեջ էր ներքաշում նրա բուրմունքը, և զոհի հոտը հաճելի էր նրան: Եվ Նա իջնում էր բարձունքից, որպեսզի բազմիցս փառաբանի իր արարումը, իսկ արարումը շնորհակալություն էր հայտնում նրան ցնծությամբ հիացմունքով և բուրումնավետության նորանոր պայթյուններով: Այդ ընթացքում մոտենում էր երեկոն, ու բուրմունքներն ավելի ու ավելի լայն էին տարածվում՝ միախառնվելով գիշերվա կապույտի հետ ու վերաճելով որպես ավելի ու ավելի ֆանտաստիկ նախանշաններ: Սպասվում էր բուրմունքների իսկական պարահանդեսային գիշեր ադամանդների հոտ ունեցող հսկայական հրավառությամբ:

Սակայն Մեծն Գրենույը որոշակի հոգնածություն զգաց, հորանջեց ու ասաց.

– Ահա, ես արարեցի մեծ գործ և լիովին գոհ եմ: Բայց, ինչպես և ցանկացած կատարյալ բան, այն սկսում է ձանձրացնել: Ես ցանկանում եմ հեռանալ ու այս՝ գործերով հարուստ օրն ավարտել իմ սրտի խորքային բջիջներին ուրախություն մատուցելով:

Այսպես էր խոսում Մեծն Գրենույը, և այն ժամանակ, երբ հասարակ հոտավետ ժողովուրդը ներքևում ուրախ հրճվում էր ու պարում, նա, իջնելով ոսկե ամպի վրայից, լայն բացված թևերով ճախրում էր իր հոգու գիշերային երկրի վրայով դեպի տուն՝ իր սիրտը:

Գրել կարծիք