Գնել Նալբանդյան. Եթե ուզում ես խելքդ չգցել, երբեմն խոսիր ինքդ քեզ հետ

Գնել Նալբանդյան. Եթե ուզում ես խելքդ չգցել, երբեմն խոսիր ինքդ քեզ հետ

newmag_ի գլխավոր խմբագիրը խորհում է ներհայեցման օգտակարության, դա չարաշահելու հետևանքների ու Հիմարների անկախ հանրապետությունում խելոքների դերի մասին:

Խելոք մարդու ասածից մի՛ վիրավորվիր, հիմարի խոսքից` նույնպես: Ընդհանրապես աշխատիր չվիրավորվել: Կարող ես ծանր տանել որևէ մեկի խիստ վերաբերմունքը քո հանդեպ, բայց նախքան վիրավորվելու որոշում կայացնելը մտածիր, թե ինչ ես անելու վիրավորվելուց անմիջապես հետո:

Միշտ կա առնվազն 9 տարբերակ:

Գուցե պատասխանես նույն կերպ: Գուցե` ավելի դաժան: Գուցե կուլ տաս` երբևէ վերադարձնելու ոխակալությամբ: Գուցե ներես անմիջապես, մոտենաս ու համբուրես քեզ կոպտողին: Գուցե հեռանաս նրանից ու հեռանաս ընդմիշտ: Գուցե քեզ դուր գա ստորացումը: Գուցե դա քեզ համար լավ դաս է: Գուցե անտարբերությունը լինի քո արձագանքը: Գուցե մտածես, թե այդ ամենը ռեալ չէ, թե ամեն ինչ կատարվում է ոչ թե քեզ հետ, այլ քո ֆեյքի:

Որ տարբերակն ուզում ես` ընտրիր, բայց հիշիր, որ մի օր ձեր դերերը կարող են փոխվել:

Եթե ուզում ես խելքդ չգցել, երբեմն խոսիր ինքդ քեզ հետ: Վստահիր քո իսկ մտքերին: Կանգնիր հայելու դիմաց և անկեղծ հարցեր տուր քո երկրորդ ես-ին: Եվ փորձիր անկեղծ պատասխաններ կորզել նրանից: Բայց դա արա առանձին, կատարյալ միայնության մեջ և առանց լույսն անջատելու, հակառակ դեպքում քեզ սխալ կհասկանան:

Փակվիր քո ննջարանում, կամ լոգարանում, կամ զուգարանում և սկսիր ամենապարզ հարցից. ո՞վ ես դու և ի՞նչ ես ուզում այս ունայն կյանքում:

Հարցը ձևակերպիր հստակ, առանց ներողամտության: Նայիր քո իսկ աչքերի մեջ, հայացքդ մի՛ փախցրու: Հարցրու այնքան, մինչև հոդաբաշխ պատասխան ստանաս: Բայց դա արա առանց բղավելու, առանց կոկորդ պատռելու, առանց բռնի ուժ գործադրելու, թե չէ` մտահոգ հարևանները գուցե միջամտեն:

Հիշիր. եթե ինքն իրեն խոսելը չլիներ, մարդ գուցե ընդհանրապես խելքը թռցներ:

gnel (2)

Բայց մի՛ չարաշահիր ներհայեցման այդ մեթոդը. գուցե մեթոդաբանական մի աննկատ սխալի պատճառով այլևս չկարողանաս դերից դուրս գալ:

Մարդիկ բաժանվում են երկու անհամաչափ խմբի. հիմարներ (գերակշիռ մեծամասնություն, որի մեջ քո բոլոր թշնամիներն են) և խելոքներ (ծանրակշիռ փոքրամասնություն, որի մեջ դու ես և քո կուռքերը):

Անուշադրության մատնված հիմարները երբեմն փոխում են պատմության ընթացքը, այո, սակայն Հիմարների համաշխարհային պատմությունն իր ընթացքը երբեք չի փոխում:

Խելոքները սովորաբար չեն սխալվում, քանի դեռ հարմար առիթ չկա: Հիմարները սխալվում են անառիթ, առանց որևէ հիմնավոր պատճառի. այդպես նրանց կյանքը դառնում է իմաստալից: Որպես հիմար ապրելը հեշտ է ու եկամտաբեր: Խելոքի կյանքը ձանձրալի է, բայց երկար չի տևում:

Խելոք կինը խելոք տղամարդուց տարբերվում է նրանով, որ խուսափում է հիմար կանանց հետ երկարատև կապերից:

Բայց ինչ էլ լինեք` հիմար, թե խելոք, ձեր երեխաները սիրելու են ձեզ: Եվ ներելու են ձեր թուլությունները: Եվ սիրելու են ձեր թերությունները: Եվ կրկնելու են ձեր անզուգական սխալները: Եվ դասեր չեն քաղելու: Չէ՞ որ նրանք ձե՛ր երեխաներն են:

Գրել կարծիք