Ռեյ Բրեդբերիի վերջին պատմվածքը. Հուղարկավորություն չորսի համար

Ռեյ Բրեդբերիի վերջին պատմվածքը. Հուղարկավորություն չորսի համար

Ամերիկյան նշանավոր ֆանտաստ գրող, ֆանտաստիկ ժանրի ստեղծագործությունների համար տրվող «Նեբյուլա» և «Հյուգո» գրական մրցանակների դափնեկիր, 800-ից ավելի գրական ստեղծագործություններ հեղինակի հայտնի պատմվածքը newmag-ը թարգմանել է հայերեն:

 Ներեցե՛ք,– ասաց Կարճլիկը,- բայց Դուք հանցագործի տեսք ունեք:

Լավ հագնված ջենտլմենը նայեց իր անբիծ ձեռնոցներին, փայլուն կոշիկներին, իր յոթանասունդոլարանոց վերարկուին, որն անփույթ գցել էր իր թևքին: Հետո նայեց Մալիգենին, որը հայտնի էր Կարճլիկ մականունով, և գերադասեց հեռանալ՝ արհամարհանքով շրջանցելով նրան:

Անշուշտ, ինտելեկտուալ հանցագործի,– շտապեց ավելացնել Կարճլիկը՝ չցանկանալով վիրավորել անծանոթին:Հասկանալի է, որ դա հանցագործի բարելավված տեսակն է:

Կարճլիկն ուշադիր զննում էր անծանոթի զգեստը:

Հրաշալի է, հրաշալի,– հետո հայացքն ուղղեց նրա խնամված եղունգներին:Լավ վարպետ ունեք:

Հերթը հասավ սանրվածքին.

Հրաշագեղ, երկար մազեր՝ հմտորեն կտրած և սանրածԱլեհեր գլուխ: Մաքուր օձիք: Փայլուն է

Կորե՛ք գրողի ծոցը,– նետեց ջենտլմենը:

Իսկ ես չեմ ուզում,- հակադարձեց Կարճլիկը:

Եթե չանհետանաք,– զգուշացրեց նրա զրուցակիցը, – ոստիկանություն կկանչեմ:

Դուք այդ մարդը չեք,- նկատեց Կարճլիկը:- Այնպես ասացիք՝ կկանչեմ, որ պարզ էր՝ ձայն եք տալու ցածր, ինտելիգենտին վայել հանդարտությամբ: Իրեն հարգող ո՞ր մի ոստիկանն ուշադրություն կդարձնի այդ ձայնին: Եթե ոստիկանի կարիք է զգացվել, ուրեմն պետք է բղավել: Իսկ Դուք, սը՛ր, ի վիճակի չեք բղավել: Դուք խուսափում եք վատ համբավից ու չեք ցանակա, որ Ձեր մասին խոսեն: Հաստատ տեսարան չեք սարքի: Ո՛չ, ո՛չ

Ջենտլմենի կանաչ, փոքրիկ աչքերը տարակուսանքից ավելի նեղացան: Նա 50 տարեկան կլիներ: Մի ձեռքով, որը ձեռնոցով էր, բռնել էր անթացուպը և հավանաբար մտածում էր՝ մի լավ չքոթակե՞լ Կարճլիկին: Բայց հանկարծ կարճ ծիծաղեց.

Կորի՛ր աչքիցս, կիսատպռա՛տ:

Միայն եթե խոստովանեք, որ հանցագործ եք:

Լավ, թող այդպես լինի. հանցագործ եմ: Վե՞րջ:

Կարճլիկը զարմացած թարթեց աչքերը:

Չէ՛: Այնքան էլ հետաքրքիր չի ստացվում: Բոլոր նրանք, որոնց հանդիպել եմ մինչև այժմ, չեն ցանկացել խոստովանել, որ հանցագործ են: Ու ես ստիպված եմ եղել խփել նրանց ծնկներին կամ կծել  ոտնաթաթերը: Հավատացե՛ք, շատ բարդ գործ է: Բայց Դուք ինձ համար նոր երևույթ եք: Մի մարդ, որն իրեն համարում է հաջողակ տականք: Շատ կուզեի Ձեզ բանտ նետել:

Իսկ դու պատրաստվում ես դա անե՞լ,- հարցրեց ալեհեր ջենտլմենը՝ դնելով մաքրամաքուր, գորշ գլխարկը և ծածկելով կոկիկ կտրած գորշավուն մազերը:

Կարճլիկը թոթվեց ուսերը.

Նույնիսկ չգիտեմ էլ: Դուք վատ մարդ եք: Բայց եթե որոշեք վերանայել կյանքի հանդեպ Ձեր վերաբերմունքը, մենք գուցե համաձայնության գանք:

Երևում էր, որ ջենտլմենը Կարճլիկից մի քիչ էր բարձր: Բայց ախր Կարճլիկը շատ կարճ էր: Երեկոյանում էր: Շուրջբոլորը՝ այգում, ծառեր էին, թփուտներ, նստարաններին մարդիկ էին նստած, արահետներով զբոսնում էին քաղաքականության թեմայով վեճերի սիրահարներ: Փողոցով սուրում էին դեղին տաքսիները, մայթերով քայլում էին անցորդները: Ոչ հեռվում կայծկլտում էին թատրոնի դեղնակարմիր նեոնային լույսերը, փայլփլում էին խանութների մեծ, քառանկյուն, լուսավոր ապակիները: Ջենտլմենը բարձրացրեց գլուխը.

– Դու արտասովոր մարդ ես,- ասաց նա:– Ինչ-որ բան կա քո մեջ, որ ինձ դուր է գալիս:

– Տարօրինակ է: Շատերը սկզբից ևեթ զզվում են ինձնից: 

– Սուրճ խմե՞նք,- առաջարկեց ջենտլմենը:- Էրլ Լայոշ: Փաստաբան եմ: Ուզում եմ հասկանալ, թե ինչն է քեզ հետաքրքրում կյանքում:

– Ես սիրում եմ վատություն անել մարդկանց: Կարող ենք նաև մի քիչ զրուցել… Ու ես կորոշեմ՝ Ձեզ բանտ նստեցնե՞մ, թե՞ ոչ: Լա՞վ:

– Լավ, լավ,- համաձայնեց Լայոշը:

Նրանք համաչափ քայլքով դուրս եկան այգուց:

Ափսեի ոստրեներն աչքով էին անում Կարճլիկին: Նա էլ ուշադիր ուսումնասիրում էր իր նրբահամ ազգակիցներին: Լայոշը հմտորեն էր գործածում դանակն ու պատառաքաղը: Նրբագույն մասնիկների էր բաժանում ոստրեները, դրանք վարժ բռնում էր պատառաքաղով, ուտում էր անշտապ՝ դանդաղ ծամելով, և հանդարտ գլխով էր անում Կարճլիկին, որն իր բաժինն ուղղակի կուլ էր տալիս, ինչպես ադիբուդին են բռերով խփշտում: Տպավորություն էր, կարծես սեղանի մոտ աղբաճզմող մեքենա է աշխատում:

rey-ners

 

Ոստիկանական կրծքանշան ունե՞ս,- հարցրեց փաստաբանը:

– Վերնաշապիկիս տակ միայն իմ սիրտն է,- տխուր քրթմնջաց Կարճլիկը:- Մարզային դատախազն ինձ շրջանակի մեջ դրեց ու ցուցադրության դրեց բրածո կաթնասունների թանգարանում: Մասնավոր խուզարկուների… ենթատեսակների սրահում: Մի քանի տարի առաջ էր:

Լայոշը նոր ոստրե դրեց իր ափսեին և սկսեց սառնասրտորեն և մեծագույն բծախնդրությամբ մասնատել այն՝ դանակով բաժանելով գրեթե մոլեկուլների:

– Ես քո մասին լսել եմ… Կարճլիկ: Քեզ այդպես են կոչում, չէ՞: Այո՛, այո՛: Քեզ Կարճլիկ են կոչում: Դու մարդկանց հունից հանում ես: Այժմ դա անելու որևէ իրավունք չուես, բայց հանցագործներին հանգիստ չես տալիս: Մի դեպք հիշեցի. կարծեմ քո եղբայրը՝ նույնպես ոստիկան, տարիներ առաջ մորթվեց Սան Ֆրանցիսկոյում: Ու դա ինչ-որ ձևով ազդեց քո հոգեկան վիճակի վրա: Դու հաճելի մարդ ես, բայց քեզ կասկածելի թվացող անձանց հետապնդելու մոլուցքով ես տառապում:

Լայոշն իր մաս-մաքուր ափսեի մեջ խաչեց դանակն ու պատառաքաղը և մարմնով առաջ եկավ զրույցը շարունակելու համար:

– Ենթադրենք՝ դու չես ցանկանում միանգամից երեք հանցագործ բռնել: Ոչ թե մեկին կամ երկուսին, այլ երեքին: Հաշվի՛ր…

Նա Կարճլիկի քթի տակ տնկեց իր երեք մատները, որոնց եղունգների լաքը մի պահ փայլատակեց:

Երեքին…- գրգռված հոգոց հանեց Կարճլիկը:- Դե՛, մի՛ ձգեք, ասե՛ք, Մա՛կդաֆ:

Լայոշը մատների մեջ պտտեցնում էր ջրով բաժակը:

– Բնականաբար, չես ստանա այդ երեքին, քանի դեռ թույլ չես տա, որ ազատորեն ու անվնաս հեռանամ:

– Հենց դրանից էլ վախենում էի,– ցնցված արտաբերեց Կարճլիկը:– Երեքը` մեկի փոխարեն: Վատ չէ: Բայց ես գերադասում եմ չորսին: Բայց սկզբում ես նույնիսկ այդ երեքին չեմ պահանջի: Մենք նախ պետք է ավարտենք մեր բառախաղը:- Նա կծեց շրթունքը:- Գործարքը կկայանա, թեև ուժ կունենա սահմանափակ ժամանակահատվածում:

Լայոշը խոժոռվեց: Կարճլիկը շտապ-շտապ վրա բերեց.

– Կարող եմ միայն խոստանալ, որ Ձեզ ձեռք չեմ տա երեք… Լավ, թող լինի չորս… Առաջիկա չորս տարում:

Լայոշը բարյացակամորեն ժպտաց:

– Բայց նախ պետք է տաք հանցագործների անունները: Ցածրակարգ հարբեցողներ ու խեղճուկրակ լրագրողներ ինձ պետք չեն:

– Երաշխավորում եմ,– ասաց Լայոշը:- Տղաներն առաջնակարգ են, մինչև ուղնուծուծը հանցագործներ: Քելվին Դրամ՝ հոլիվուդյան հայտնի դերասան, Ուլիամ Մեկսիլ՝ հույս ունի եկող գարուն դառնալ մարզային դատախազ, Ջոուի Մարսոնս՝ նժույգների քաջ գիտակ և ձիարշավում խաղադրույքների հայտնի մասնագետ:

– Աստվա՜ծ իմ,- բացականչեց Կարճլիկը,- հավատս չի գալիս: Արա՛գ, պարո՛ն Լայոշ, գնացի՛նք:

Գրել կարծիք