Ռոբեր Գեդիգյանի վարպետության դասը. Թե ինչու մարդը չի կարող ապրել միայն իր անձի համար

Ռոբեր Գեդիգյանի վարպետության դասը. Թե ինչու մարդը չի կարող ապրել միայն իր անձի համար

«Խենթ պատմություն»-ը «Ոսկե ծիրան» Երևանի 12-րդ միջազգային կինոփառատոնի բացման ֆիլմն էր:

Ֆրանսիացի ռեժիսոր, դերասան, սցենարիստ և պրոդյուսեր Ռոբեր Գեդիգյանն այս պահին Փոքր թատրոնում հանդիպում է մի շարք կինոսերների, լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ և անցկացնում է սպասված վարպետության դաս:

Վերջին երեք տարում նկարահանված նրա ֆիլմերը ցուցադրվել են Հայաստանում, սակայն պարոն Գեդիգյանը ունի նկարահանած 19 ֆիլմ, որոնք նախատեսվում է մի օր ամբողջապես ներկայացվել հայ հանդիսատեսին:

newmag.am-ի հարցին, թե ինչ հատկանիշներ են հարկավոր լավ ռեժիսոր դառնալու համար և ո՞րն է այդ բանաձևը, պարոն Գեդիգյանը նշեց, որ մարդը և յուրաքանչյուր ռեժիսոր պետք է արտահայտվելու մեծ ցանկություն, պետք է ցանկություն ունենա խոսել մյուսների հետ:

«Պետք է արտահայտվել բոլոր հնարավոր միջոցներով, ֆիլմ այդ միջոցներից մեկն է: Երբ երիտասարդ էի, զբաղվում էի քաղաքականությամբ, հիմա ֆիլմն է իմ արտահայտման միջոցը: Մարդը չի կարող ապրել միայն իր անձի համար, պետք է ուրիշների մասին մտածել, երկխոսության բռնվել, հասկանալ այն աշխարհը, որում մենք ապրում ենք»,-ասաց Գեդիգյանը:

Թե ինչ է պետք կինո ստեղծելու համար, ռեժիսորն ունի մեկ պարզ պատասխան. «Պետք է ամեն օր թերթ կարդալ, ուսումնասիրել և ամեն օր կհանդիպեք պատմությւոնների, մեր այսօրվա հանդիպումն էլ կարող է դառնալ ֆիլմ»:

Ու՞մ է ընտրում հայտնի ռեժիսորը կամ ինչպե՞ս գտնել լավ դերասան: Ռոբեր Գեդիգյանը կիսվում է իր աշխատանքային գաղտնիքներով: «Ես աշխատել եմ թատրոնի թիմի հետ և 30 տարի շարունակ ես աշխատում եմ նույն դերասանների հետ, հատկապես դուք ճանաչում եք կնոջս: Դա մի ձև է, որը չեմ կարող խորհուրդ տալ բոլորին»,-անկեղծացավ ռեժիսորը և հավելեց, որ գրեթե բոլոր ֆիլմերում հիմնական կերպարները իր տարեկիցներն են ու դեռևս շարունակում է աշխատել իր երիտասարդ տարիներներին հայտնաբերած դերասանների հետ:

gedi

 

Ռոբեր Գեդիգյանը գլխավորում է «Ոսկե ծիրան»-ի միջազգային խաղարկային մրցույթի ժյուրին:

Գեդիգյանն արդեն 35 տարի է ստեղծագործում է կինոյի ասպարեզում և հաստատուն տեղ ունի իր սերնդի լավագույն ֆրանսիական կինոգործիչների շարքում: Նրա հեղինակած շուրջ երկու տասնյակ ֆիլմերը պատկանում են ամենատարբեր ժանրերի՝ կատակերգություններ, դրամաներ, պատմական ֆիլմեր և այլն: Անկախ ժանրից՝ բոլոր այս ֆիլմերում վառ փայլում է ռեժիսորի խորը հոգևոր աշխարհընկալումը և մարդասիրական վերաբերմունքն իր հերոսների նկատմամբ: Ֆրանսիացի կինոգետները Գեդիգյանին կոչել են «Մարսելի աշխատավոր դասի երգիչ»:

Ռոբեր Գեդիգյանը ծնվել է 1953 թվականին Ֆրանսիայի Մարսել քաղաքում՝ հայ հոր և գերմանուհի մոր ընտանիքում: Մինչ օրս ապրում է Մարսելում, որը նրա ֆիլմերի մշտական միջավայրն է: Ուսանել է Փարիզի համալսարանի սոցիալական գիտությունների բաժնում:

1980-ից կինոյի ասպարեզում է: Հիմնականում հայտնի էր իր սոցիալական ֆիլմերով, սակայն համաշխարհային ճանաչում ստացավ 1996 թվականին «Մարիուսն ու Ժանեթը» կատակերգության հաջողությունից հետո: Ֆիլմն արժանացել է Կաննի «Հատուկ հայացք» ծրագրի մրցանակին, «Դելյուկ», «Լյումիեր» մրցանակներին, ինչպես նաև Ժնևի, Ֆիգեյրա դա Ֆոսի (Պորտուգալիա), Հայֆայի (Իսրայել) միջազգային փառատոների Մեծ մրցանակին:

Գեդիգյանի ֆիլմերը մշտապես ընդգրկվում են եվրոպական հեղինակավոր՝ Կաննի, Բեռլինի Սան-Սեբաստյանի և այլ կինոփառատոների մրցութային ծրագրերում:

2001 թվականին Եվրոպական կինոակադեմիայի մրցանակաբաշխության ժամանակ Գեդիգյանն արժանացավ Կինոքննադատների միջազգային ասոցիացիայի (ՖԻՊՐԵՍՍԻ) մրցանակին «Քաղաքը հանգիստ է» կինոնկարի համար:

Մրցանակների է արժանացել ոչ միայն ռեժիսորը, այլև նրա դերասանական կազմը: «Մարիուսն ու Ժուլյետը» ֆիլմի դերասանուհի Արիան Ասկարիդը, ով նաև Գեդիգյանի կինն է, իր աշխատանքի համար պարգևատրվել է Ֆրանսիայում կինոոլորտի ամենապատվավոր՝ «Սեզար» մրցանակով: Նույն պարգևին է արժանացել Գեդիգյանի «Մարսյան դաշտի անցորդը» (2005) կինոնկարի գլխավոր դերակատար Միշել Բուքեն:

Մի շարք ֆիլմերում Գեդիգյանն անդրադարձել է հայկական թեմային: Այս տարվա Կաննի կինոփառատոնի հատուկ ցուցադրությունների շարքում ընդգրկվել էր Գեդիգյանի «Խենթ պատմություն» խաղարկային կինոնկարը, որը բարձրաձայնեց Հայոց ցեղասպանության թեման այդ կարևորագույն կինոհարթակում:

2006 թվականին Գեդիգյանն իր «Ուղևորություն դեպի Հայաստան» ֆիլմի համար արժանացել է «Ոսկե ծիրան» կինփառատոնի «Արծաթե ծիրան» հատուկ մրցանակին:

Գեդիգյանի «Խենթ պատմություն»-ը «Ոսկե ծիրան» Երևանի 12-րդ միջազգային կինոփառատոնի բացման ֆիլմն էր:

Գրել կարծիք