ՉԵՄՊԻՈՆ. «Բարսելոնայի» ժպտացող Կախարդը` Ռոնալդինիո

ՉԵՄՊԻՈՆ. «Բարսելոնայի» ժպտացող Կախարդը` Ռոնալդինիո

Ռոնալդինիոն ինքը հեղինակեց իր սենսացիան: Անկեղծ խոստովանեց` խաղից առաջ անպայման պետք է սեքսով զբաղվի:

Փողոցն այն տեղն է, որտեղ լեգենդներ են մեծանում: Ռոնալդո դե Ասիս Մորեյրան ծնվել ու մեծացել է բրազիլական Պորտու Ալեգրիում, վազվզել ավազների մեջ ու ֆուտբոլային հնարքներ սովորել փողոցներում: Մորեյրա ընտանիքը ֆուտբոլային էր: Ռոնալդինիոյի հայրը և ավագ եղբայրը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ էին:

Եթե ես ֆուտբոլիստ չդառնայի, հաստատ երգիչ էի լինելու:

Մեկ տարի էր, ինչ Ռոնալդինիոն հաճախում էր պրոֆեսիոնալ մանկապատանեկան ֆուտբոլի դպրոց, երբ հայրը հեռացավ կյանքից: Խուան Մորեյրան սրտի կաթվածից հանկարծամահ եղավ լողավազանում. «7 տարեկան էի. հայրս կանչեց մոտը, նստեցրեց ծնկին ու ասաց` տղա՛ս, ազնի՛վ եղիր կյանքում, ուղղամիտ ու ճշտախո՛ս եղիր, քո ֆուտբոլը պետք է տարբերվի մյուսների խաղից, քո խաղացած ֆուտբոլի կատարելությունը պետք է պարզության մեջ լինի»:

9

Հոր մահից հետո Ռոնալդինիոյի ավագ եղբոր կարիերան էլ ավարտվեց` դեռ չսկսված: Վնասվածքից հետո չկարողացավ ուժ գտնել ու վերականգնել մարզավիճակը: Փոխարենը տան փոքրը սկսեց մեծավարի ֆուտբոլ խաղալ: 13 տարեկանում էր՝ մեկ խաղում 23 գոլ խփեց, ու բոլոր տեսախցիկներն ուղղվեցին Բրազիլիայի նոր փոքրիկ տաղանդի կողմը:

«Երբ բակում խաղում էինք, բոլորից փոքր էի, տանն էլ կրտսերն էի, այդ պատճառով անվանս ավելացրեցին «-ինիո» փաղաքշական վերջածանցը: Ու երբ եկա ազգային հավաքական, այստեղ էլ մեծը Ռոնալդոն էր. կրկին մնացի փոքրի դերում: Այդպես էլ ամրագրվեց անունս` Ռոնալդինիո»:

4
Պատանի Ռոնալդինիոն 1997-ին ընդգրկվեց Բրազիլիայի՝ մինչև 17 տարեկանների հավաքական ու այդ տարիքային խմբում Եգիպտոսում դարձավ աշխարհի չեմպիոն: Նույն տարում էլ բրազիլական գրանդ «Գրեմիոն» պաշտոնական առաջարկ արեց հրաշամանուկ Ռոնիին: Կոպա լիբերտա դորեսի նոր մրցաշրջանը «Գրեմիոն» սկսեց Ռոնիի ֆանտաստիկ ֆուտբոլով: Շատ չուշացավ նաև ազգային ընտրանին համալրելու առաջարկը: Մեքսիկայի կոնֆեդերացիաների գավաթում Բրազիլիայի հավաքականը աշխարհին ներկայացրեց նորաթուխ վունդերկինդին: Այդ մրցաշարում Ռոնալդինիոն նվաճեց առաջին միջազգային տիտղոսները` «Ոսկե խաղակոշիկն» ու մրցաշարի լավագույն ռմբարկուի կոչումը:

8
Լատինաամերիկյան հավատալիք կա՝ երբ Բրազիլիայում ֆուտբոլիստը հասունանում է, պետք է կտրի-անցնի օվկիանոսը: 2001-ին Ռոնալդինիոյի դուռը թակեցին փարիզցիները: Մեծ երազանքներով ու լայն ժպիտով Ռոնալդո դե Ասիս Մորեյրան իրերը հավաքեց ու գնաց՝ «Պարի Սեն-Ժերմենի» գույները պաշտպանելու: «Կարծես քաղաքակըրթության կենտրոնում հայտնված Մաուգլի լինեի»: Փարիզյան կյանքի մեկ տարին ամեն ինչ տեղը գցեց: Ռոնին հարմարվեց, սովորեց ու զգաց, որ «ՊՍԺ»-ն արդեն նեղ է իր համար: Փրկությունը 2002-ի աշխարհի առաջնությունն էր: Ճապոնիա: «Յոկոհամա» մարզադաշտ: Գերմանա-բրազիլական եզրափակիչ: 2-0: Բրազիլիան աշխարհի հնգակի չեմպիոն էր:

«Երազանք էր, հասկանո՞ւմ եք: Երազանք էր խաղալ այն մարդկանց հետ, որոնցից սովորել եմ, որոնցով հիացել ու որոնց պաշտել եմ: Ես նրանց կողքին էի, նրանց հետ աշխարհի չեմպիոն էի դարձել»:

2003-ին «Ռեալն» ու «Բարսելոնան» սկսեցին, սովորության համաձայն, իրար կոկորդ կրծել համաշխարհային ֆուտբոլի այն ժամանակվա մեգաաստղերի համար: Տրանսֆերի էին հանվել «Մանչեսթեր յունայթեդից» Դեյվիդ Բեքհեմը և «Պարի Սեն-Ժերմենից» Ռոնալդինիոն: Բեքսն ու Ռոնին հայտնվեցին բարիկադի հակառակ կողմերում: 2003-ի հուլիսի 21-ի այդ օրը «Կամպ Նոու»-ում 25 հազար երկրպագուներ էին հավաքվել: «Բարսայի» ղեկավարությունը ներկայացնում էր թիմի նոր ֆուտբոլիստին: Ռոնալդինիոն էր:

6
«Բարսելոնան» 1999-ից հետո տիտղոս չէր նվաճել: Եկավ Ռոնին: Ժպտաց ու կախարդեց համաշխարհային ֆուտբոլը: 2004-2008 թվականների ընթացքում բրազիլացի գաուչոն վերաձևեց ու նորովի իմաստավորեց համաշխարհային ֆուտբոլը: Ռոնալդինիոյի թատերական խաղը տեղավորվում էր Ֆրանկ Ռայկարդի հարձակողական խաղի տրամաբանության մեջ: Տիկի-տակա, և 2005-2006 մրցաշրջանում «Բարսան» երկար ընդմիջումից հետո չեմպիոնների լիգայի գավաթը Ռոնիի օգնությամբ բերեց կատալոնական մայրաքաղաք:

2008-ին, ինչպես 5 տարի առաջ, տրանսֆերում էին Ռոնին ու Բեքսը: Հուլիսի 15-ին նրանց ուղիները այս անգամ չբաժանվեցին: Ռոնլադինիոն 21 միլիոն եվրոյով տեղափոխվեց «Միլան»: Վարձակալությամբ «Միլան» եկավ նաև Դեյվիդ Բեքհեմը: Ռոնալդինիոյի միլանյան ֆուտբոլը փայլուն էր, բայց ոչ այնպես կուրացնող, ինչպես բարսելոնյան Ռոնիինը: Երկու տարի խաղաց «Միլանում» ու որոշեց` տուն գնալու ժամանակն է:

«Հասկանում էի, որ հաջողության գնացքն արդեն անցել է: Մնացել է հայտնիության ստվերը»: Ռոնալդինիոն 2011-ին տեղափոխվեց Ռիո դե Ժանեյրոյի «Ֆլամենգո»: Հենց առաջին մրցաշրջանում երկրի չեմպիոնը դարձավ: 2014-ի սեպտեմբերի 5-ին 34-ամյա ժպտերես գաուչոն 2 տարվա պայմանագիր կնքեց մեքսիկական «Կերետարո» ակումբի հետ:

Barcelone/FC Seville- Liga
Ոչ մի սպորտսմենի կարիերա չի ավարտվում առանց սկանդալի: Ռոնալդինիոն ինքը հեղինակեց իր սենսացիան: Անկեղծ խոստովանեց` խաղից առաջ անպայման պետք է սեքսով զբաղվի. «Այդպես էլ չհասկացա՝ մարդիկ ինչու դժգոհ մնացին իմ սեքսուալ ակտիվությունից: Բայց չէ՞ որ դրա շնորհիվ էի նրանց գեղեցիկ ֆուտբոլ պարգևում»: Բազմաթիվ սիրավեպերից և ոչ մեկն էլ չօրինականացվեց:

Բրազիլացի պարուհի Ժանայնա Մենդեսը Ռոնալդինիոյին որդի պարգեվեց 2005-ին: Ռոնին տղային հոր անունը տվեց` Խոան: Նույնիսկ երեխայի ծնունդը Ռոնալդինիոյին չստիպեց հրաժարվել անձնական ազատությունից. «Ես չափից դուրս խենթ եմ ամուսնացած լինելու համար: Գուցե մի օր ամուսնանամ, երբ բաժանվեմ իմ իրական սիրուց` ֆուտբոլից»: Խաղադաշտից դուրս Ռոնալդինիոն մեկ այլ կիրք էլ ունի: Երաժշտությունը:

3
«Եթե ֆուտբոլիստ չդառնայի, հաստատ երգիչ էի լինելու: Մարդիկ հարցնում են` ինչո՞ւ ես այդքան ժպտում: Չգիտեն, որ մըտքումս անընդհատ երաժշտություն է պտտվում»: Սեքսով, թե երգով՝ Ռոնալդո դե Ասիս Մորեյրա ֆուտբոլային Կախարդը աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է:

 

 

Գրել կարծիք